Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեմն տալիս էր, երբեմն չէր տալիս։ Երբեմն չտալով ապստամբվում էր նրանից և բերդի վրա ավազակներ էր ուղարկում՝ պատճառը բերդի զորքերի վրա դնելով Մուրադ թագավորին էր հայտնում, և նրանից իրեն շնորհվում էր կատարված վնասը։

Երբ սուլթան Մահմեդը թագավորեց, իր ապստամբական մտադրությունը այսպես դրսևորեց՝ հարկերը չտվեց, ավազակները չափազանց շատացրեց, սրան ավելացրած՝ ինքը զորաժողով արեց, հարձակվեց Գորի բերդի վրա, և ութ ամիս նեղ դրության մեջ դնելով նրանց, գրավեց այն։ Քանդելով բերդի քարերը հրամայեց այլազգիների թիկունքով տանել Կուր գետը թափել և ապա տղամարդկանց սրակոտոր արեց, իսկ նրանց կանանց ու զավակներին իբրև ավար բաժանեց իր վրաց զորքին։ Սրանից թուրք ազգը սրտով խորապես խոցվեց, իսկ Մահմեդ խոնդկարը չափազանց բարկանալով ցասումով բռնվեց և տագնապալից հրաման տվեց Ֆահրադի տեղը և իշխանությունը հանձնել ներքինի Ջաֆարին, որ Թավրիզում էր, և ուղարկեց Սիմոնի վրա առնելու օթմանական ու իսմայլական գնդի անարգանքի ու արյան վրեժը։ Եվ երբ թագավորից թույլտվություն ստացավ այս երկրորդ վայրագ ամորձատ Ջաֆարը, շատ խրոխտացավ և պատգամավորներ ուղարկեց իր իշխանության կողմերը, իսկ ինքը Թավրիզից ելավ եկավ Այրարատ։ Այստեղ նրա մոտ հավաքվեցին բոլոր զորակոչվածները։ Նաև սուրհանդակներ ուղարկեց հեռավոր գյուղեր ու քաղաքներ, որ ուտելիքներ բերեն իրենց և ձիերին, ճանապարհային անցատեղեր պատրաստ են իրենց համար։ Նաև քսան հազար մարդկանց խառնեց բոլոր երկրների հայերի, տաճիկների ռամիկների հետ, որոնք հետները պետք է ունենային կողովներ, թիեր, տապարներ, կացիններ, բահեր, փայտատներ, տների հիմքերի համար բրիչներ։ Նաև ժողովրդից խստագույն հարկեր առավ իրենց օրենքից դուրս։

Ապա ելավ, մեծ երկյուղով գնաց, քանզի վաղուց ի վեր շատ անգամ փորձել էին Սիմոնի քաջության և նրա հնարիմաց պատերազմների մեջ և նրանից պարտված ամոթալից դեմքով ետ էին դարձել։ Իսկ այժմ, երբ հասան բաց երկիր նույնը մտածելով՝ վախենում էին, ուստի երեք օր