Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրեշատակացույց միաբանության մեջ և սուրբ մենաստանում, որ սուրբ առաքյալների հովանու ներքո էր, տեր Գրիգորի հայրապետության, Թորոսի որդի Լևոնի Կիլիկիտյի երկրում թագավորելու, Ղազարի վանքի սուրբ միաբանության տեր Աբրահամի եպիսկոպոսության, նետողների ազգի Ղարբանդ խանի կայսերական բռնակալության ժամանակ, որ (խանը) չար մարդ էր և քրիստոնյաներին ատող, խաբված շեյխերի դյութական կախարդներից, իրենց գործակից սատանայի միջոցով չար մտադրություն մեջտեղ հանելով՝ սկսեցին մարտնչել Քրիստոսի անհաղթելի վեմի դեմ և հրովարտակ հանեցին իրենց տիրակալության տակ գտնվող բոլոր երկրներում քրիստոնյաների մասին, որ կամ դառնան Մահմեդի մոլար դավանությանը և կամ ամեն մարդ ութ դահեկան գլխահարկ տա և թուք ու ապտակ ստանա երեսին, մորուքը փետի և իբրև Քրիստոսի համար նախատինք աջ ուսին մի սև կարկատան կարի։ Եվ չար պաշտոնյաները իբրև արյունարբու գազան հարձակվեցին բոլոր քրիստոնյաների վրա բոլոր քաղաքներում, գավառներում, վանքերում և ամեն տեղերում։ Հետախուզում էին՝ սարսափեցնելով բոլորին, քանզի մահաբեր հրովարտակի մեջ դրված էր․ «Ժամ չօրհնել, եկեղեցի չմտնել և ոչ էլ մանուկներ մկրտել։ Կամենում էին միանգամից վերացնել քրիստոնյաների ողջ կրոնը։ Իսկ Քրիստոսի բանավոր հոտերը (քրիստոնյաները) քրիստոնեական հավատի վրա անխախտ մնացին՝ խրախուսվելով տերունական պատվերով, որ ասում է․ «Երանի ձեզ, երբ նախատեն ձեզ և դատապարտեն[1] Պահանջված բոլոր հարկերը տվին, հոժարությամբ հանձն առան նախատինքները, տանջանքները երկնավոր հույսի համար և Քրիստոսի թեթև լուծը աջ ուսի վրա։ Իսկ անօրեն ու ամբարիշտ Ղարաբանդա խանը երբ տեսավ, թե դրանով չկարողացավ հաղթել Քրիստոսի բանավոր հոտին, այլ հարվածներ ավելացրեց քրիստոնյաների վրա՝ կամ բոլորին ներքինացնել, կամ մի աչքը հանել, կամ ընդունել Մահմեդի պիղծ դավանությունը: Լսում ենք, թե շատերը մեռան այս հարվածից Քրիստոսի

  1. Մատթ. Ե 11: