Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց կարիքների համար անհրաժեշտ պետքերը` իրեր, ուտելիք, ըմպելիք և իրենց հետ առնելով իրենց մերձավորներից ոմանց` կրոնավոր ու աշխարհիկ մարդիկ, ու սրանց հետ ելան, գնացին Գեղարդի ձորը և մտնելով քարանձավային մի այր՝ դադարեցին։ Որովհետև Գեղարդի ձորում շատ հին ժամանակներից կան փորած այրեր ու ամրոցներ։ Ամիրգունա խանը այս լսելով առավ իր հետ եղած զորամասը ու եկավ Գեղարդի ձորը և ինքը եկավ կանգնեց եպիսկոպոսների գտնված այրի դիմաց, դեպի այրը բարձր ձայն տալով խոսում էր նրանց հետ խաղաղությամբ, որպեսզի գան թագավորի հրամանին հնազանդվեն։ Իսկ նրանք անարգանքի, հայհոյանքի, անպատվության տգեղ խոսքեր էին այնտեղից ձայնելով ասում խանին։ Նաև քար ու նետ արձակեցին դեպի խանը: Իսկ երբ խանը տեսավ, որ խաղաղությամբ թագավորի հրամանին հնազանդության չեն գալիս, այնժամ հրամայեց իր զորամասին, ինչ որ կարող են անել, թող անեն։ Խանի զորականներից քարագնաց մարդիկ ելան լեռան գագաթը, որտեղ քարայրն էր և բռնելով քարաժայռերից հնարավոր ընթացքով իջան քարայրի մուտքի կողմը։ Քարագնաց տաճիկներից մեկը կանգնեց քարայրի մուտքի կողմը, որտեղ Մանվել եպիսկոպոսն էր, և նայելով ներս տեսավ եպիսկոպոսին նստած։ Եվ տաճիկների լեզվով նախ ողջույն տվեց եպիսկոպոսին, իսկ եպիսկոպոսը չկարողացավ պատասխանել, այլ ապշեց մնաց, իսկ տաճիկը սրտով ու գործով արիացավ, մտավ քարայրը և իսկույն մեջքը կապած կարճ սուրը դուրս քաշեց, զարկեց, այնտեղ սպանեց եպիսկոպոսին և գլուխը կտրելով ցած դրեց քսանի առջև։ Ապա պարսից զորքի այլ զինվորներ ևս սրտապնդվելով շտապ բարձրացան քարայր, եպիսկոպոսի մյուս ընկերներին ևս բռնեցին, իջեցրին ցած խանի առջև. բոլորին հենց այդտեղ սպանեցին։ Ապա նույն ձորը մանրակրկիտ հետախուզեցին, որոնեցին ու բոլոր փախածներին, որոնք քարերի խոռոչներում ու ծակերում թաքնված էին, ամենին գտան, նրանց ունեցվածքը կողոպտեցին, նրանցից ոմանց կոտորեցին, ոմանց թողնելով կենդանի տարան խառնեցին ժողովրդի բուն հավաքի չվերթին։

Արդ` հենց այստեղ հայտնի եղավ աստծո արդար դատաստանը