Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթողիկոսության աթոռին հետամուտ հոգևորականների գզվռտոցն ու չար արարքները, կաթողիկոսների փախուստը Էջմիածնից։

Սրանց զուգահեռ մի շարք գլուխներում Առաքել Դավրիժեցին հիշատակում ու պատմում է այն հոգևորականների մասին, որոնք կրթական լայն գործունեություն են ծավալում, իրենց աշակերտներին քրիստոնեական գրականությունից բացի ուսուցանում են փիլիսոփայական գրքեր՝ Արիստոտել, Պլատոն, Պորփյուր և այլն։ Անկման հետ նաև վերելքի շունչ է առաջանում երկրում։ Այս առումով ուշագրավ են երկի ԻԱ, ԻԳ, ԻԵ, ԻԶ, ԻԹ գլուխները։

Այստեղ են ընկած ԻԷ, ԻԸ գլուխները, որոնք այլ տեղում պետք է լինեին։ Առաջինը Անդրեաս երեցի նահատակության պատմությունն է, որի սխրանքը արժեր, որ պատմության նյութ դառնար։ Նա կնգում է պատանի աշակերտներին, որ տգեղ երևան և շահի առևանգման ու պղծության զոհ չդաոնան։ Եվ շահը, այս բանը իմանալով, Անդրեասին սրախողխող է անել տալիս։ Անդրեասը զոհվում է, բայց մի տասնյակ, գուցե և ավելի հայ աշակերտներ ազատվում են պիղծ անարգանքից ու կորստից։ Անդրեաս երեցի նահատակության պատմությունը շատ է հուզել սերունդներին։ Մուրացանը մշակել է իբրև գեղարվեստական գրվածք «Անդրեաս Երեց» խորագրով։

Սրա համեմատությամբ մյուս նահատակությունները, որ այնքան ոգևորությամբ պատմում է Դավրիժեցին, զուտ կրոնական մոլեռանդության արդյունք են (տես գլուխ ԽԵ, ԽԶ, ԽԷ, ԽԸ)։ Մի նահատակության պատմություն էլ շարադրված է ԺԴ գլխում, որն ունի հասարակական ու ազգային նշանակություն. ծեր քահանայի բռնի մահմեդականացման այն պատմությունն է, որ Հովհաննես Թումանյանը մշակել և ստեղծել է հրաշակերտ «Թագավորն ու չարչին»։

Շահ-Աբասի բռնագաղթից և հատկասպես 1639 թվականի Իրանա-թուրքական հաշտությունից հետո սկսվում է մի խաղաղ շինարարական, ստեղծագործական և մտավոր զարգացման աշխուժացում։ Հայ ժողովուրդը ամեն ահավոր ժամանակներում, երբ կանգնած է լինում ստույգ ու հավաստի կործանման շեմին, ուժեր է հավաքում ապրելու, զարգանալու, մտավոր ու շինարարական նոր եռանդ մեջտեղ բերելու ոչ միայն հարատևելու, այլև իր կործանված մշակույթը վերականգնելու ու զարգացնելու համար։ 17-րդ դարում Հայաստանի ողջ տարածքի վրա հիմնվում կամ վերանորոգվում են վանքեր և իբրև կանոն դրանց կից բացվում են դպրոցներ, որոնց մասին Դավրիժեցին շատ մանրամասն է խոսում։ Նա հատկապես նշում է Սյունիքի Մեծ անապատի ու Բաղեշի դպրոցների մասին։ Դպրոցներ են բացվում և մտավոր շարժում է առաջանում նաև գաղթօջախներում։ Խաչատուր Կեչառեցին և Սիմեոն Ջուղայեցին դպրոց են բացում Նոր Ջուղայում տարագրված հայության մեջ ուսումն ու գրականությունը տարածելու համար, այնտեղ էլ ձեռագրեր են գրվում և նկարազարդվում։

Դավրիժեցին հրաշալի ծանոթ է հայ գրականությանը և գրական մշակներին։ Զաքարիա Սարկավագը, որ անձամբ ծանոթ է եղել նրան, գրում է, որ վերջինս տեղյակ էր բոլոր պատմագիրներին, և իսկապես

5