Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժով արկակոծեց երեսունութ օր․ դեկտեմբերի տասնչորսի ուրբաթ օրը գրավեց Բաղդադ քաղաքը և դարձավ եկավ Ամիդ։ Դարձյալ սույն թվականին Փիլիպոս կաթողիկոսը Շահսեֆի թագավորից խնդրեց Լուսավորչի աջը և Սպահանից հանելով բերեց Սուրբ Էջմիածին։

1088 (1639) թվի հունիսի երկուսին՝ հոգեգալստյան կիրակի, սուլթան Մուրադը վերադարձավ ու Պոլիս մտավ մեծ փառքով։ 1089 (1640) թվին Սուրբ Սարգսի շաբաթվա հինգշաբթի օրը սուլթան Մուրադը մեռավ և տեղը թագավոր նստեց նրա եղբայր սուլթան Իբրահիմը։ 1090 (1641) թվի փետրվար ամսի հինգի ուրբաթ օրը Թավրիզ քաղաքում սարսափելի երկրաշարժ եղավ, և սրա շրջակա գավառներում բազմաթիվ տներ ու շինվածքներ կործանվեցին, շատ մարդիկ հողի տակ մնացին, և Շամղազան, և Ուստաշագրտ պալատները փլվեցին։ Երկու ամիս մի օրում հինգ-վեց անգամ երկրաշարժ էր լինում։ Դրանից հետո տասնհինգ, քսան, երեսուն օրը մի անգամ էր երկրաշարժ լինում։ Այսպես տևեց մինչև հինգ ամիս, ապա աստծու ողորմածությամբ դադարեց։ Դարձյալ սույն թվին ռուսները եկան, Ղազախի բերդը գրավեցին և օսմանցիներից շատ մարդիկ կոտորեցին։

1091 (1642) թվի մայիս ամսի երեքին մեռավ պարսից Շահսեֆի թագավորը։ Դարձյալ նույն թվի մայիսի վեցին Շահսեֆի թագավորի փոխարեն նրա տեղը թագավոր դրին նույնի որդի Շահ-Աբաս Երկրորդին։ 1092 (1643) թվին օսմանցիները պատերազմով ռուսներից ետ առան (Ղ)Ազախ քաղաքը։ Դարձյալ նույն թվականին Արարատյան երկիրը մորեխ եկավ։ 1092 թվին, սուլթան Իբրահիմի թագավորության օրոք օսմանցիները ճանապարհորդություն ելան ծովով և հայտարարեցին, թե գնում են Մալթա կղզի․ խաբս տալով, գնացին Կրետե կղզի, որ վենետիկցիների ձեռքում էր, և հեշտությամբ գրավեցին այն, որովհետև կղզու բնակիչները համաձայն էին օսմանցիների գրավմանը։ 1095 (1646) թվի ապրիլ ամսի երկուսի ավագ ուրբաթ գիշերը լույս ավագ շաբաթ օրը սաստիկ երկրաշարժ եղավ Վան քաղաքում և իր երկրամասում։ Քաղաքի պարսպի կեսը փլվեց, շատ եկեղեցիներ, մզկիթներ ու բազմաթիվ շինվածքներ