Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կործանվեցին և անթիվ մարդկանց տակովն արին: Վարագա վանքի եկեղեցիները ավերվեցին: Ութ օր երկիրը շարժման մեջ մնաց, ինչպես նավը ջրի երեսին, ապա հանդարտվեց, բայց չորս օրը, հինգ օրը, տասն օրը մեկ մի անգամ շարժվում էր: Այդպես մնաց մինչև որ հունիս ամիսը վերջացավ: Ապա աստծու ողորմացությամբ երկիրը հաստատուն դարձավ: Դարձյալ սույն թվին օսմանցիները սուլթան Իբրահիմին թագավորությունից տապալեցին, հետո սպանեցին և նրա տեղը հուլիս ամսի քսանյոթին թագավոր դրին նույնի որդի սուլթան Մահմեդին: Դարձյալ նույն թվին Շահ-Աբաս Երկրորդը գնաց Ղանդահար քաղաքի վրա և գրավեց այն, ապա Աֆղանիստանը սրի քաշեց: Դարձյալ նույն թվին պարսից զորքերը, որ Թիֆլիս քաղաքում էին, զորաժողով արին, գնացին, Կախեթի տեր վրաց Թամրազ թագավորի վրա: Կռվի մեջ Թամրազի որդին, որի անունը Դավիթ էր և որը թագավորության ժառանգորդն էր, սպանվեց: Պարսիկները Դավթի գլուխը, սրա հետ նաև դրոշակը, որ խաչվառն էր, առան, գլուխը ցցեցին ձողի վրա, իսկ խաչը գլխիվայր կախեցին դրոշակից և այդպես Թիֆլիս քաղաքից մինչև Սպահան տարան իրենց Շահ-Աբաս Երկրորդ թագավորի առջև: Պարսից բոլոր քաղաքներում մեծ ցնծությամբ ուրախություն էին անում, իսկ քրիստոնյաները մեծ սուգի ու տխրության մեջ էին, որովհետև քրիստոնյաների թագավորությունը կործանվեց:

1100 (1651) թվին Սուրբ Էջմիածնի Փիլիպոս կաթողիկոսը գնաց Երուսաղեմ, բայց մի կլոր տարի Հոռոմստանի քաղաքում շրջեց և 1101 (1652) թվի տարեմուտին մուտք գործեց Երուսաղեմ: Սուրբ Հակոբի ներսը գույնզգույն քարերով ու զարդասալերով[1] պատեց և ավագ բեմը բարձրացրեց, քանի որ չափազանց ցածր էր: 1101 թվականին Փիլիպոս կաթողիկոսը Երուսաղեմից ելավ և գնաց Պոլիս, այնտեղ մնաց մեկ տարի, քաղաքի եկեղեցիների պարտքը վճարեց, որ հասնում էր երեսուն հազար ղուռուշի, և բազմաթիվ ճիշտ կարգեր հաստատեց այնտեղ: Դարձյալ նույն թվին Լվով քաղաքի Նիկոլ եպիսկոպոսը եկավ Պոլիս Փիլիպոս կաթողիկոսի

  1. Բնագրում՝ մուտախիլ, վստահ չենք, թե ճիշտ ենք թարգմանել: