Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ, մեղա ասաց, արձակվեց բանադրանքի կապանքներից և, նրանից ընդունելով եպիսկոպոսական իշխանություն, գնաց Լվով քաղաքը՝ իր տեղը։ Դարձյալ նույն թվին Հնդկաստանի թագավոր Շահիջանը յոթ հարյուր հազար278 մարդ ուղարկեց Ղանդահարի վրա. Ովրզանկել փաշազնին, Սայդուլե խանին զորապետներ նշանակեց, որոնք գնացին, երկուսուկես ամիս նստեցին. քսան հազար զինվորներ ընկան՝ չհաշված բանակի բեռնատարները, առևտրականները, սևագործները279։

1102 (1653) թվին Փիլիպոս կաթողիկոսը դուրս եկավ Պոլսից և մեծ փառքով եկավ, հասավ Էջմիածին` իր աթոռը։ Դարձյալ սույն թվին Դարիշուքուրը յոթ հարյուր հազար մարդկանցով եկավ Ղանդահարի վրա, երեք ամիս նստեց, հարձակվեց, երեսուն հազար մարդ զոհվեց, չկարողացավ գրավել, ետ դարձավ։

1103 (1654) թվին Էջմիածնի զանգակատան հիմքը դրին և սկսեցին շինել։ Դարձյալ նույն թվի օգոստոս ամսի երկուսի չորեքշաբթի օրը` լուսնի երեսունին, երբ արեգակը Առյուծ կենդանակերպում էր, օրվա կեսը անցել էր, արեգակի երեք մասը խավարեց, և երկնքի աստղերը երևացին, ինչպես գիշերը։

1104 (1655) թվի մարտ ամսի քսանհինգին աղուհացքի հինգերորդ կիրակի Էջմիածնում վախճանվեց տեր Փիլիպոս կաթողիկոսը. տարան թաղեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մեջ։ Դարձյալ սույն թվի ապրիլ ամսի ութի ծաղկազարդի տոնին Ջուղայեցի Հակոբ վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս։ Դարձյալ նույն թվականին Բաղեշի տերը` Ավդալ խանը բարկացավ և կամենում էր ջալալի լինել. Վանի Մալաք Մահմադ փաշան մեծ զորքով եկավ Բաղեշ քաղաքը։ Ավդալ խանին փախցրին, նրա տեղը խան դարձրին նույնի Դիագին անունով որդուն։ Մի տարի հետո Ավդալ խանը եկավ, խորամանկությամբ սպանեց իր Դիագին որդուն և կրկին ինքը խան նստեց։ Դարձյալ սույն թվին դաշտեցի հայերին Սպահանի քաղաքամիջից հանեցին և Շահ-Աբաս Երկրորդի հրամանով քաղաքի ծայրամասերում բնակեցրին։

1105 թվին երևանցի և այլ հայերի Սպահանի