Էջ:Arakel of Tabriz, History.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կշտամբեց։ Իսկ Սաբեթայի հետևողները ըմբոստանալով ընդդիմացան այն խախամին և վրան հարձակվեցին հայհոյանքներով ու անարգանքներով. կամենում էին ոտքերի տակ գցել։ Շատ ու շատ վիրավորական խոսքեր ասացին նրան և իրենց ժողովի կողմից նզովեցին ու դուրս արին։ Իսկ այն խախամը կսկծալի սրտով, զայրացած հրեաների կուրության ու արարքների վրա, այդպիսի սաստիկ զայրագին սրտով գնաց մահմեդականների մոտ, ուրացավ հրեությունը և դավանությամբ դարձավ մահմեդական։ Սաստիկ զայրագին սրտով ամբաստանում է հրեաներին ու Սաբեթային, իսկ մահմեդական իշխանները նրա ամբաստանությունը հայտնում են տեղապահին [գայմագամին]։ Այս ամբաստանության վրա, որ խախամը արեց հրեաների ու Սաբեթայի մասին, առավել ավելի մեծ ամբաստանություն Սաբեթայի վերաբերյալ արեց Մահմուդ անունով մի շեյխ, որ բնակվում էր Բողազում։ Սա մշտապես տեսնում էր հրեաների համարձակությունը, որ գնում գալիս էին Սաբեթայի մոտ, նաև այն փառքն ու պատիվը, որ կանանցով ու սիրելիներով հանգիստ ապրում էր։ Նա գնաց ղադիի մոտ և հայտնեց Սաբեթայի հանգամանքները և մեծամեծ տաճիկներ բերեց, վկա կանգնեցրեց, ամբաստանագիր և խնդրագիր առավ ղադիից, և այն խնդրագիրը, նաև տաճիկներից մարդիկ առավ, գնաց Ատրանա քաղաքը, քանզի այն օրերին թագավորն ու տեղապահը (գայմագամը) և այլ ամեն մեծամեծներ այնտեղ էին։ Մտնում է տեղապահի (գայմագամի) մոտ և ամբաստանում Սաբեթային ու հրեաներին, ուստի տեղապահը (գայմագամը) զայրանում է և հրամայում սենեկապետին՝ գնալ և այնտեղ Բողազում նրան կախել։ Եվ քանի որ այլ մարդիկ տեղապահին Սաբեթայի մասին ուրիշ բաներ էլ հայտնեցին, ուստի կրկնակի ու շտապ մի այլ դռնապանի է ուղարկում Սաբեթայի հետևից, թե՝ չկախել, այլ բերել Ատրանա, որը և կատարեցին այդպես։ Նրան առան, տարան Ատրանա տեղապահի մոտ, իսկ նա այդ ժամանակ ոչինչ չխոսեց նրա հետ, այլ ուղարկեց արքայի պալատ, որ պահպանեն նրան, մինչև արքան իմանա և նրա մասին որևէ հրաման արձակի։