քիչ նվազում են, ոմանք մահվամբ ու կորուստով, ոմանք հավատի ուրացությամբ դառնում են պիղծ անապատի անօրեն կրոնին։
Իսկ երկնանման ու դրախտակերպ եկեղեցիներին ի՞նչ ասեմ, որոնք մնացել են խավարում, բնակիչներից թափուր են դարձել, մերկացել են զարդերից, եղել են համբարուների ու ջայլամների հանգրվաններ, ըստ մարգարե Եսայու50 դարձել են աղվեսների, նապաստակների որջեր, խաշների ու խոշոր անասունների մակաղատեղի, թռչունների ու ավերաբնակ բվերի բներ։ Փոխանակ օրավուր նորոգման, օր առ օր խարխլվում, քայքայվում, ավերվում ու փլուզվում են։ Փոխանակ անուշահոտ խունկերի բուրման լցվում են ողբերով, լռել են փառաբանիչների ձայները, տարեկան տոների ասմունքները և փրկական պատարագների նվիրաբերումները։
Արդ՝ այստեղ մեզ անհրաժեշտ է հին Երեմիան51, որ ողբա նոր Իսրայելը (Հայաստանը), քանի որ ըստ քերթողահայր որբերգակ Մովսեսի (Խորենացու), այլևս փեսան չի դառնալու դեպի մեզ52, այլ անդարձ ընթացքով հեռացավ մեզնից։ Արդ՝ մեր ազգի անունը կոչենք վայքաբովթ[1], քանզի վերացավ Իսրայելի փառքը ըստ հնում ասվածի։
Կրկին դառնանք մեր առաջին պատմության շարադրանքին, այն ասքին, որ Ջղալօղլուն հասցրինք Նախիջևան, իսկ շահին տարանք Թավրիզ։ Արդ շահը գնաց Թավրիզ ու այնտեղ պարսից զորքով ձմեռեց, որովհետև օսմանցիների ահը նրանից հեռացավ։
Իսկ Ջղալօղլին, որ գալիս էր պարսից բանակի հետևից, երբ Նախիջևան հասավ․ լսեց, որ շահը տարագրված ժողովրդին Արաքս գետից անցկացրել, տարել է Պարսկաստան։ Նաև բոլոր ջուղայեցիներին քշել տարել է, իսկ շենքերը հրդեհել։ Նա մեծ զարմանքով շվարած ապուշ կտրեց, թե ինչպես շտապ սուղ օրերի ընթացքում այդքան մեծ ու ծանր գործը պարսիկները գլուխ բերին։ Դրա համար պատրաստեց երկու լրտեսներ ու սրանց հրամայեց գնալ Ջուղա, տեսնել ու իմանալ խոսքերի իսկությունը և իրեն ստույգ լուր բերել։
- ↑ Վայքաբովթ եբր․ բառ, որ նշանակում է անփառունակ, թշվառական։