Էջ:Arakel of Tabriz, History.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ լրտեսները գնացին տեսան ամեն ինչ ըստ ասվածի կատարված վերջացած է, նաև Ջուղայի շենքերը հրդեհված են և դեռ խանձողները ծխում էին։ Լրտեսները այնտեղից դարձան Ջղալօղլու մոտ (և ասացին), թե բոլոր լուրերը ճիշտ էին։ Այդտեղ Ջղալօղլին իր մեջ խորհեց՝ չգնալ Ջուղայի ճանապարհով, այլ Արաքս գետը անցնել ու հետամտել պարսիկներին։ Նախ՝ կասկածի մեջ ընկավ ու երկյուղեց պարսից հնարամտությունից, որ միգուցե ետ դառնան և հանկարծակի հարձակվեն օսմանցիների վրա, շրջափակեն Արաքսի ու ձորերի միջև և կոտորեն։ Երկրորդ՝ տարագրված ժողովրդին այլ ճանապարհով քշեցին, (մի ճանապարհ), որով օսմանցիների ծանր բանակը չէր կարող անցնել, եթե անգամ կամենար։ Երրորդ՝ նրանց դարձի նշանավոր օրը, որ կոչում են ղասում գյունի [1], մոտեցել էր։ Այս բաները և սրանց նմանները կշռադատելով, Թավրիզ չգնաց [Ջղալօղլին], այլ Նախիջևանից շարժվելով Աստապատ գյուղի մոտ Արաքսը անցավ ու իր բանակով գնաց Վան քաղաքը և մինչև գարուն այնտեղ ձմեռեց։

Գ Լ Ո Ի Խ Ե
ԱՄԵՆԱՓԱՐԹԱՄ ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ ՋՈՒՂԱՅԻ ԴԵՊԻ ՊԱՐՍԻՑ ԵՐԿԻՐԸ ՏԱՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվ արդ՝ այս ամենից հետո, որ գործվեց Շահ-Աբաս թագավորի կողմից մեր երկրի և մեր հայոց ազգի հանդեպ, որ տարագրեց Պարսկաստան, և որ մենք պատմեցինք, ժամանակն է, որ այսուհետև պատմենք մեծ ու անվանի գյուղաքաղաք Ջուղայի մասին, քանի որ հին ամբարած դառը թույնն ու նախանձը, որ Ջուղայի համար իր սրտի խորքում թաքուն բորբոքուն էր պահում շահը, այստեղ առիթ ներկայացավ արտահայտելու, ցույց տալու, որովհետև շահը իր մեջ բերում էր իր նախատիպ Սաբյուտոսի [Շապուհ 2-րդի] խորհուրդը։ Որովհետև, ինչպես պատմեցինք նախորդ գլխում, շահը պարսից զորքերից նշանակեց հայոց ազգի տարագրիչներ, որոնց

  1. Թուրքերի «զատկի» օրն է, որ ընկնում է հոկտեմբերի 26-ին