Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմության մեջ հայտնի է իր «Դատաստանագրքով», որ օրենքների ժողովածու է, այլև՝ «Առակներով»։ (էջ 344)։

213. Հովհաննես Վարդապետ Տավուշեցի, որ հայտնի է Վանական անունով (1181-1251)։ Եղել է Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու (Մաղաքիա աբեղա) ուսուցիչը։ Գրել է բազմաթիվ աշխատություններ։ Ամենանշանավորը եղել է «Պատմությունը», որ վերաբերել է մոնղոլ-թաթարների Հայաստանում և հարևան երկրներում գործած չարիքներին, որը սակայն չի պահպանվել։ (էջ 344)։

214. Վարդան Արևելցին է, որ գրել է «Հաւաքումն պատմութեան» գիրքը։ Սկսում է արարչագործությունից, սակայն կարևորը իր ժամանակի պատմությունն է, որ վերաբերում է մոնղոլ-թաթարների արշավանքներին։ Եղել է Գլաձորի համալսարանի ուսուցիչ։ Մեռել է 1271թ.։ Սրա աշակերտն էր Ներսես Մշեցի՝ Տարոնեցի՝ Գլաձորեցի (մահը՝ 1284), որ հաջորդեց Վարդանին Գլաձորում։ (էջ 344)։

215. Եսային Սասունի Նիչ գավառից էր։ Սովորել է Ներսես Մշեցու մոտ Վայոց ձորի Աղբերք վանքում, ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետական աստիճան (դոկտոր)։ Հիմնադրել է Գլաձորի համալսարանը և եղել է այդ համալսարանի տեսուչը։ Դասավանդել է քերականություն, ճարտարապետություն, աստղաբաշխություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Ժամանակին մեծ գիտնականի հռչակ է վայելել։ (էջ 344)։

216. Հովնան Որոտնեցի. Սյունիքի Որոտան գավառից (1315-1386). փիլիսոփա, աստվածաբան։ Սովորել է Գլաձորի համալսարանում։ Հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Եղել է Նշեցու աշակերտը։ (էջ 344)։

Սրա աշակերտն է Գրիգոր Տաթևացին, փիլիսոփա, աստվածաբան, տնտեսագետ, մանկավարժ։ Իր ուսուցիչ Որոտնեցու մահից հետո վարել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցների տեսչությունը։

217. Հովհաննես Համշենցի [մահը՝ 1497]: Կրթությունը ստացել է Ավագ վանքի [Բարձր Հայքի Քամախ գավառում]։ Հետագայում ստանձնել է դպրոցի ուսուցչապետությունը և դպրոցը վերածել է համալսարանի։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի բոլոր ծայրերից։ (էջ 344)։

218. Խորձունյաց կամ Խորձեն՝ Խորձունք գավառը գտնվում է Չորրորդ Հայքում։ (էջ 345)։

219. Նինվեն Ասորեստանի մայրաքաղաքն է եղել Տիգրիսի արևելյան ափին, ներկայիս Մուսուլի դեմ-դիմաց, հարուստ ու շվայտ քաղաքի համար ըստ Աստվածաշնչի գուշակվում է կործանում։ Նինվեցիները մասամբ մեղմում են իրենց բարքը, բայց դա միայն ուշացնում է կործանումը։ Մ.թ.ա. 606թ. բաբելացիները կործանում են քաղաքը, որն այլևս ոտքի չի կանգնում։ Դավրիժեցին այդ կործանումն է ակնարկում։ (էջ 378)։

220. Վարդ Պատրիկը Թեոդորոս Ռշտունու որդին է (7-րդ դար), որ մի որոշ ժամանակ եղավ հայոց սպարապետ։ Պատրիկ տիտղոսը ստացավ Բյուզանդիայի Կոստանդին կայսրից։ (էջ 379)։

221. Հայոց Ձորը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից մեկն է։ Սկսվում Վանա լճի հարավ-արևելյան ափերից տարածվում է մինչև Հայկական Տավրոս։ Հնում կոչվել է նաև Երվանդունիք։ (էջ 379)։