Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

222. Ինչպես արդեն էջատակ ծանոթության մեջ ասված է, հայոց եկեղեցու յոթ խորհուրդներն են ապաշխարությունը, կնունքը, դրոշմը, պսակը, հաղորդը, հիվանդին այցելությունը, կարգը կամ ձեռնադրությունը։ (էջ 379):

223. Խոշաբը բերդաքաղաք է Վանից հարավ-արևելք 35 կմ վրա։ Շինված է Խոշաբ գետի եզերքներին։ (էջ 385):

224. Կեղի գավառը պատմական Հայաստանի Խորձյան գավառն է, որ գտնվում է Չորրորդ Հայքում և այժմ կոչվում է Քղի։ (էջ 394):

225. Ոստան անունով բնակավայրեր շատ են եղել Հայաստանում (Արտաշատ, Դվին, Վաղարշապատ)։ Ոստաններ եղել են նաև Արևմտյան Հայաստանում. Ոստան Ռշտունյաց, Ոստան Վասպուրականի, Ոստան Արծրունյաց, և այլն: Այստեղ խոսքը վերաբերում է Վանա լճի եզերքին գտնվող մի փոքրիկ ավանի, որ մեծանալով դարձավ քաղաք և կոչվեց Ռշտունյաց Ոստան: Այս քաղաքի շինարարությունը վերագրվում է Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորին։ Ծովի կողմից անհնար է բերդ մտնել։ Ճանապարհը ապառաժի կողի վրա փորված մի նեղ անցք է։ Այդ է, որ Դավրիժեցին կապ է կոչում, որ մենք կապով ենք արտահայտում։ (էջ 394):

226. Սղերթը հնում կոչվել է Սերխեթք գավառ։ Աղձնիք նահանգի գավառներից է։ Աղձնիքը Մեծ Հայքի ամենահարավային նահանգն է։ (էջ 397):

227. Հոգւոց վանքը գտնվում է Վանից հարավ 40-50 կմ վրա Անձևացյաց գավառում մի խոր ձորի մեջ։ Վանքը կոչվում է Ս. Աստվածածնի անունով։ Վանքի բեմի տակ էր պահվում ս. Աստվածածնի պատկերը, որ ըստ առասպելի ս. Անդրեասի կամ ս. Հովհաննեսի կողմից է փորագրված եղել, իսկ ս. Բարդուղիմեոսը այստեղ է բերել։ Դավրիժեցին այդ է ակնարկում։ (էջ 398):

228. Աբաղան Մեծ Հայքի Վասպուրականի նահանգի Առբերան գավառում (այժմ Բերկրիի գավառ) գտնվող դաշտավայր է, որտեղ եղել են նաև բերդեր, որոնք ավերակվել են 1788 թ., որպեսզի ավազակաբներ չդառնան։ (էջ 403):

229. Սուրբ Գրիգորի (Լուսավորչի) պասը պահում են ամռանը հունիսի երկրորդ կեսին։ Այս պասը պահում են ի պատիվ նրա՝ Խորվիրապից դուրս գալու։ (էջ 404):

230. Խրամ ավանը գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախիջևան գավառում։ Նախիջևանից հարավ Արաքսի աջ ափին։ Ենթադրվում է, որ եղել է այժմյան Դարաշամբի տեղում։ Այս այն Խրամն է, որի եկեղեցում (Նախիջևանի ևս) արաբները 704 թվականին այրում են հայ նախարարներին։ Այդպիսի նշխարներ 972 թ., իրոք, հիշյալ մագաղաթի հետ փոխադրվում է հիմնովին ավերակված ավանից։ (էջ 407):

231. Ամիդ քաղաքը որ այժմ կոչվում է Դիարբեքիր, Տիգրանակերտը չէ։ Դիարբեքիրի ամրությունների կառուցումը մեր ավանդական պատմությունը վերագրել է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. 6-րդ դար), ուստի այդ քաղաքը պատմիչները անվանել են Տիգրանակերտ. մինչդեռ Տիգրանակերտը Տիգրան Մեծն է կառուցել, որ գտնվում է Աղձնիքում։ Այդ երկու քաղաքները թյուրիմացաբար նույնացվել են (էջ 408)։