Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկեց հայոց ողջ երկիրը, և սրանք հանեցին տարագրեցին․ այսպես էլ վարվեց Ջուղայի հետ։

Իր առջև կանչեց Հանիս Թահմազղուլի բեկին, որի մասին նախապես պատմեցինք, թե Աթաբեկի եղբայրն է. սա վրացիների կողմից պատանդ էր տրված պարսից թագավորներին, որոնց մոտ դաստիարակվելով ուրացավ հավատը։ Այժմ շահը կանչեց այս Թահմազղուլուն իր առջև, գրեց հրաման-հրովարտակ, տվեց նրան և հրամայեց գնալ Ջուղա ու միանգամից տարագրել նրանց՝ չթողնելով նրանում և ոչ մի բնակիչ։ Թահմազղուլին ելնելով շահի մոտից սրընթաց արշավանքով շեշտակի աճապարեց Ջուղա և կանչեց ավագանուն ու խիստ բարկությամբ սպառնաց նրանց, թե սարսռեցնող ու տանջալից մահով նրանց կոչնչացնի, եթե անմիջապես ու շուտափույթ չկատարեն թագավորի հրամանը։ Նաև թագավորի հրաման-հրովարտակը հանեցին ողջ ժողովրդի առջև կարդացին. այնտեղ գրված էր, թե հրաման է մեր թագավորությունից ձեզ՝ ջուդայեցիներիդ, որ ելնեք ձեր տեղերից ու գնաք Պարսկաստան։

Դրանից հետո Թահմազղուլի բեկը հրամայեց, որ մունետիկ ելնի, այսինքն՝ ջառչի, ու կանչի ամենուրեք Ջուղայի շենի մեջ։ «Հրաման է մեծ թագավոր Շահ-Աբասի կողմից, ձեզ Ջուղայի բոլոր բնակիչներիդ ելնել ձեր բնակությունից ու գնալ Պարսկաստան։ Արդ՝ երեք օր ձեզ է շնորհվում, որ ելնեք, իսկ ով երեք օրից հետո այստեղ գտնվի, իրեն կսպանեն, իսկ նրա ընտանիքը ու ունեցվածքը կգերեվարեն. նաև՝ եթե փախչի կամ թաքնվի, ով որ այդպիսինին մատնացույց անի, նրա ունեցվածքը մատնացուցողին կլինի, իսկ գլուխը՝ թագավորին»։ Եվ այս հրամանը միշտ հայտարարելով կանչում էր մունետիկը և սարսափեցնում բոլորին։ Մահվան սպառնալիքի սարսափից չդանդաղեցին ջուղայեցիք, այլ անմիջապես կատարվեց նրանց ուղղված թագավորի հրամանը, պատրաստվեցին դուրս գնալ։ Բայց շտապանքով ու հանկարծակի դուրս գալու պատճառով գրաստ ու բեռնակիր անասուն չէին գտնում, ուստի խիստ վտանգված էր ժողովուրդը, որովհետև նրանց ունեցվածքը ցրված ու թափված էին իրենց առջև ու չէին կարողանում բառնալ տանել գրաստներ չլինելու պատճառով։ Ինչ որ կարողացան բարձել, բարձին, իսկ