Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

232. Կանաչագլուխ են կոչվում այն մահմեդական հոգևորականները, որ ըստ ավանդության մահմեդական կրոնի հիմնադիրներից մեկի՝ Ալիի սերունդներն են։ Դրանք առանձին արտոնություններ ունեն և կրում են կանաչ գլխափաթաթան (չալմա)։ Կոչվում են նաև սեյիդներ։ (էջ 413)։

233. Նասիմին մահմեդական բանաստեղծ էր [մեռել է 1417 թ.]։ Մահմեդական հերձվածի ղեկավար է եղել, ուստի և Հալեպում մահվան է դատապարտվել մաշկազերծվելու միջոցով։ (էջ 414)։

234. Մուֆթի արաբերեն նշանակում է մահմեդական-աստվածաբան, Ղուրանի մեկնիչ, որ եզրակացություն-վճիռ է հանում հոգևոր և իրավական հարցերի վերաբերյալ։ (էջ 414)։

235. Բնագրում բառն է ֆաթվա (արաբ.), որ նշանակում է վերջնավճիռ։ (էջ 414)։

236. Յաղուբիները (Հակոբիկներ) ասորի միաբնակներ են, որոնք հետևում էին Հակոբ Բարադայի աղանդին։ (էջ 419)։

237. Ամուկ, Ամիւկ կամ Համուկ Վասպուրական նահանգի Առբերան (Գնունի) գավառն է։ (էջ 421)։

238. Տես ծան. 124։

239. Ալանների դուռը Դարիալն է։ (էջ 441)։

240. Ծռազատիկը ծաղրական անվանումն է զատկի այն տոնի, որ տոնացույցների զանազանության պատճառով այլ օր է ընկնում, քան զատկի հաստատված օրը։ (էջ 445)։

241. Դերջանը Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառներից մեկն է։ Այս գավառի կենտրոնն է Մամախաթուն քաղաքը։ Դերջանը Կարինի (Էրզրում) արևմտյան կողմն է։ Դերջանցի Մաղաքիա վարդապետը 1545թ․ գնաց Կոստանդնուպոլիս սուլթան Սուլեյմանի մոտ և փոխեց մանկահավաքի օրենքը, ըստ որի պատանիներին հավաքում էին և դարձնում սուլթանի կամ այլ բարձրաստիճան իշխանավորների թիմնապահներ, նաև ենիչերիներ։ Մաղաքիա վարդապետին հաջողվում է Դերջան գավառի, Բաբերդ քաղաքի և շրջակայքի մանկահավաքը դադարեցնել։ (էջ 452)։

242. Բաբերդը [Բայբերդ, Բայրուրթ] գտնվում է Բարձր Հալքի Սպեր գավառում Կարինից 121 կմ հյուսիս-արևմուտք։ Ճորոխ գետով Բաբերդ քաղաքը բաժանվում է երկու մասի։ (էջ 452)։

243. Իտալական հին ոսկյա դրամանիշ է։ (էջ 464)։

244. Թուրքիայում դրամական միավոր էր հնում։ (էջ 464)։

245. Կարչի ուզում եմ մտածել կար չի, այսինքն ուժ չունի, չնայած չի կապակցվում հաջորդ նախադասությանը։ Հնարավոր է, որ կարչի այլ բան նշանակի։ (էջ 464)։

246. Պարտավը Մեծ Հայքի Ուտիք նահանգի և ողջ Հայոց Արևելից կողմանց մայրաքաղաքն էր սկսած 462 թվականից, այժմ կոչվում է Բարդա, կոչվել է նաև Պերոզապատ, Պերոզ-կավատ։ (էջ 471)։

247. Ճարաբերդը, որի իսկական անվանումը Չարաբերդ է [Չլաբերդ, Չլբերդ, Ջրաբերդ, Ջերմուկի բերդ, Ճառաբերդ], գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգում, Թարթառ գետի հովտում, Երից մանկանց վանքի դիմաց Ջրաբերդ գավառում։ (էջ 471)։