Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ չկարողացան բարձել, ամեն մեկը պահուստ արին, և իբրև թաքուստ թաղեցին։ Բայց նրանց ունեցվածքի մեծ մասը կորավ ու հափշտակվեց, քանզի ոչ միայն այն զորքերը, որ եկել էին Թահմազղուլի բեկի հետ, սրանք միայն հարկադրում էին ժողովրդին շտապ դուրս գալու համար, այլև մահմեդականներից շատերը, որոնք շրջակա գյուղերից էին գալիս, և որոնք պարսից զորքերից էին կամ իրենց բուն բանակից, գալիս էին խառնվում Թահմազղուլի բեկի զորքերի հետ, և օրավուր պարսիկները ավելանում էին Ջուղայում։ Եվ մահմեդականները գումարվելով միասնաբար երբեմն տասն, երբեմն քսան, երբեմն երեսուն հոգի մտնում էին քրիստոնյաների տները, նրանց ստիպում էին դուրս գալ ու գնալ, սաստիկ ծեծում էին, ինչքից ու կարասիքից իրենք էին հափշտակում, ինչ որ սրտները ուզում էր, իսկ մնացածը ցաք ու ցրիվ էին տալիս որպեսզի ուրիշները հափշտակեն, և այսպես կողոպուտի ու կորստի էր մատնվում քրիստոնյաների հարստությամբ։

Եվ դառնագույն չարիքները, որ թափեցին ժողովրդի գլխին ծեծելն էր, կեղեքելը, հարստահարելը։ Ջուղայի բոլոր բնակիչները՝ ճար չունենալով, յուրաքանչյուր ոք իր կամքից անկախ ելավ գնալու։ Թեպետ մարմնապես զորեղները, կամ նրանք, որոնք ունեին գույք, հարստություն, նրանցով էին պատրաստվում գնալու, բայց նրանք, որոնք թույլ էին, այսինքն՝ տնանկները, այրիները, ծերերը, չէին կարողանում գնալ, աղիողորմ ձայնով աղաղակ էին բարձրացնում, արտասուքով, լացուկոծով առհասարակ ողբում էին։ Ոմանք ողբում էին իրենց տներն որ շենքերը, ոմանք բնակավայրն ու հայրենիքը, ոմանք եկեղեցիները, ոմանք իրենց նախահայրերի գերեզմաններն ու դամբարանները, ոմանք իրենց գնալու մարմնական անկարողությունը. լալիս էին, ողբում էին, աչքերից հորդ արցունքներ էին թափվում, բայց մեկը չկար, որ խղճար նրանց ու օգներ, որովհետև գթառատ աստծո ողորմության դուռը փակված էր նրանց առջև։

Վերին Կաթան կոչվող եկեղեցու բանալին քահանաները առան և երբ Ջուղայի պարսպի դռնից դուրս եկան և հասան առաջին եկեղեցուն, որ Աստվածածին անունով շինված կա Ջուղայից դուրս, երբ նայեցին ու տեսան Աստվածածին եկեղեցին