Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորահրամանատարը և իր ամբողջ զորքը սկսեցին ետ դառնալ, և երբ այսպես եղավ, ամեն ոք ջանում էր իր անձը ազատել և շտապում էր հապշտապ ու տագնապալից, որպեսզի ինքը ընկերոջից շուտ փախչի, գուցե թե պարսիկները հետևից գան և կոտորեն իրենց։ Այս տագնապալից փախուստի պատճառով թողին իրենց ամեն ունեցվածքը, կահկարասիները, ուղտերը, գրաստները, կերակուրի մթերքները, սնդուկներով ու արկղերով գանձերը, քանզի ճրագները վառած թողին, վրանները խփած, ինչպես որ նախապես խփված էին, այնպես էլ թողին, և ինչ որ ունեին լքեցին ու երեսները ետ դարձրած աճապարում էին փախչել, մինչև առավոտվա լուսաբացը ոչ մեկը չմնաց։ Իսկ առավոտ լուսաբացին պարսիկ զորքերը իմացան օսմանցիների փախուստը: Երբ զեկուցեցին Շահ–Աբասին, այնժամ (Շահ-Աբասը) հրամայեց պարսից զորքերին մտնել օսմանցիների բանակատեղը և ավարել. զորքերը անմիջապես հափշտակելով յուրացրին իրենց լիության համար։ (Սրանից հետո) ուրախությամբ վերադարձան Թավրիզ, և այնտեղ բանակեցին շահն ու իր զորքերը։

Իսկ զորահրամանատարը (Ջղալօղլին) Սոֆիանից ելնելով փախուստով գնաց մինչև հասավ Վան քաղաքը, այնտեղից մտնելով նավ, ծովը անցավ, գնաց Ամիդ և այնտեղ մեռավ։ Պատերազմը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին, իսկ ինքը գնաց Ամիդ և փետրվար ամսի վեցին մեռավ։ Ոմանք էլ ասում են, թե ինքը իրեն թունավորեց պարտության ամոթից։

Ուրեմն՝ Ջղալօղլի հրամանատարի գալը երկու անգամ եղավ, առաջինը 1054 (1605)-ի սկզբին, երբ նոր նավասարդ ամսամուտն էր, եկավ Նախիջևան և այնտեղից գնաց քաղաք Վան: Երկրորդ գալը այն է, որ եկավ Սոֆիան, պարտվեց ու վերադարձավ՝ 1055 (1606) թվի տարեմուտի սկզբին առաջին աշնան ժամանակ։

Այս երկու տիեզերակալների շարժումից, որոնք իրար դեմ պատերազմի են դուրս եկել, թե Ջղալօղլի զորահրամանատարը, որ եկավ արևմուտքից, և թե շահը, որ արևելքի կողմում էր, թե ինչքան ավեր ու կործանում պատահեց երկրին՝ թե գալիս, թե վերադառնալիս, թե որքան ծանր հարկապահանջություն ծանրացավ ժողովրդի վրա, որ բռնի կերպով