Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԺԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈԻ ՊԱՏՃԱՌ ՎՐԱՑ ԵՐԿՐԻ ԱՎԵՐՄԱՆ ԵՎ ՍՐԱՆՑ ԼԱՎԱՍԱՓ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ, ՈՐ ԵՂԱՎ ԱՌԱՋԻՆ ՇԱՀ-ԱԲԱՍԻ ՁԵՌՔՈՎ

Երբ վրաց Գորգի թագավորը Երևանից դարձավ և գնաց հասավ Թիֆլիս, չապրեց, այլ շուտով մեռավ, քանզի Շահ-Աբասը թունավորել էր նրան, ինչպես որ վերևում պատմեցինք:

Վրաց իշխանները Գորգի թագավորի տեղը նույնի որդուն, որի անունն էր Լավասափ, թագավոր կարգեցին մանուկ հասակում։

Եվ այնպես եղավ, որ Լավասափ թագավորի հրամանով մի մարդ նշանակվեց Թիֆլիս քաղաքի վրա մովրովության (գավառապետի) պաշտոնով, որ հիմա կոչում են տարուղա[1]: Այս մովրով նշանակվածը խոսքով խելացի, մտքով հարուստ և իր գործի մեջ խելամուտ մարդ էր. նաև հսկայակերպ, ուժեղ, քաջ, մարտիկ և անպարտելի կտրիճ, որ ինչ կողմի միանում էր, մյուս հակառակ կողմին հաղթում էր, և դիմադիր զորքը իբրև բանջար կոտորում, թափում էր դաշտի երեսը։ Սրա քաջությունը առաջիկայում շատ տեղերում կհիշատակվի, որից դու հավաստին (ճշմարտությունը) կիմանաս։ Բայց այս գավառապետը ազնվորդի, կամ իշխանազուն, կամ երևելի տոհմից սերված մարդ չէր, այլ հասարակ ու ցածր տոհմից էր սերված, որ վրացիք գլեխի (գյուղացի) են ասում։ Այս գավառապետը ուներ նաև մի քույր, նորահաս մի կույս, չքնաղ ու գեղեցիկ, մարմնի ու հասակի դրվածքները գեղեցկատես ու գեղակազմ:

Իսկ Լավասափ թագավորը զարգացավ, չափահաս դարձավ, տասնհինգ-աասնվեց տարեկանից ավել կամ պակաս, երբ մարդու մեջ սեռական ցանկությունը զորեղանում և իր իշխանության տակ առնելով (մարդուն) շրջեցնում է։ Այդ ժամանակ Լավասափ թագավորը հրապուրվում է գավառապետի քրոջով, մոլեգին կրքոտությամբ սիրում նրան և գաղտնի խաղում

  1. Տարուղա կամ ղարուղա նշանակում է ոստիկանապետ: