Էջ:Arakel of Tabriz, History.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս գործի առիթով և գոհ մնաց Լավասափից, իրեն համարում էր նրա ծառան ու պաշտոնյան, և (ասում էր), թե՝ «ինձ և իմ կյանքս դրել եմ նրա ճանապարհին ու հրամանին, որովհետև չարհամարհեց իմ անտոհմիկությունը, քանի որ գլեխու որդի էին ասում, այլև այնչափ հաճեցավ իմ հանդեպ, մինչ որ իմ քրոջը առավ կնության և թագուհության իրեն»:

Իսկ բիրտ, գոռոզ ու ինքնահաճ վրաց ազգը, որ (այսպիսի դեպքում) տոհմիկությունն ու նախնի հայրերի սերունդներն են քննում ու հետախուզում, չհաճեցին այս գործը, քանզի իշխանների, ազնվորդիների ու թավադների կանայք, որոնք մեծատոհմիկ էին, անցյալ ու արդի ժամանակի իշխանների դուստրեր, կանայք ու մայրեր էին, սրանց հետ նաև որոշ տղամարդիկ բնավ չցանկացան և այս գործին կամակից չգտնվեցին։ Քանզի երևելի իրենց ամուսիններին ու որդիներին կանայք ասում էին. «Ինչպե՞ս կարելի է, որ մենք դուստրերս այսինչ անունով ազնվորդիների, կանայք ու մայրեր այսինչ անունով իշխանների գնանք խոնարհության ու ողջույնի մեկին, որ դուստրն է մի գլեխի [գյուղացի] մարդու, մի շինականի։ Արդ՝ եթե համոզեք թագավորին ետ կանգնել այդ մտքից և իրեն կին առնել թագավորների դուստրերից, լավ կլինի. իսկ եթե ոչ այսպես, մենք էլ չենք կամենա գնալ ողջույնի ու խոնարհության մի գյուղացի աղջկա, որովհետև մեզ համար այդ բանը ծանր է, իսկ եթե կամենում եք, մեզ արձակեցեք ձեր կնությունից ու այլ կին առեք»։ Եվ շատ օրեր այս դարձավ մեծ ու անփարատ շփոթ, վեճ, խռովություն վրաց ազգի մեջ։ Որքան էլ հնարամտում էր հավանություն տվողների կողմը, չէր կարողանում համոզել անհավան կողմին։ Այս պատճառով խաղաղասերները ճարահատյալ ընկան Լավասափի ոտքերը և աղաչեցին, որ գուցե խաղաղությամբ այս խնդրին մի ելք գտնի։ Իսկ թագավորը նույնպես անճար մնալով այս առթիվ, ասաց նրանց, թե դուք գիտեք, իսկ իշխանները (մարդ) ուղարկեցին Մենգրելիա և Մենգրելիայի թագավորի դստերը նշանեցին Լավասափի համար իբրև կին։ Այս պատճառով Լավասափը հեռացավ գավառապետի քրոջից:

Իսկ այս գավառապետը, որ սկզբում իր մեջ բնակեցրած ուներ մեկը չար սատանայի զորքերից, և արդ՝ այն առաջին