Jump to content

Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները/Ածականը շարահյուսության մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԾԱԿԱՆԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հանրահայտ է, որ ածականը առարկայի տարբերակված հատկանիշ ցույց տվող խոսքի մաս է: Իսկ սա նշանակում է, որ այն շարահյուսության մեջ զուգահեռվում է որոշակին, ստորոգելիին և ձևի պարագային, որովհետև՝

ա) որոշիչը ցույց է տալիս առարկայի որակական (լայն առումով և քանակական հատկանիշները.

բ) ստորոգելին ցույց է տալիս նաև այն հատկանիշը, որ վերադրվում է ենթակային.

գ) Ձևի պարագան ցույց է տալիս գործողթյուն-եղելություն կատարման ձևը սա արտաքուստ թվում է ոչ սովորական, որովհետև ածականը, ինչպես ասվեց, առարկայի հատկանիշ է ցույց տալիս. սա հիմք է դարձել տարակարծության. որոշ լեզվաբաններ այդ երևույթը գնահատում են ոչ թե ածականի հատկություն, այլ մակբայի: Այլ կերպ ասած, ածականի մակբայական կիրառությամբ, այլ ուղղակի մակբայ[1]:

Մեր կարծիքով ճիշտ պիտի համարել առաջին տեսակետը, որովհետև՝

ա)ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ, իսկ մակբայը հատկանիշի հատկանիշ

բ)մակբաները ածականի հատկություն չեն դրսևորում կամ գրեթե չեն դրսևորում, այսինքն մակբայները որոշիչ գրեթե չեն դառնում [2]: Ասում ենք «գրեթե», որովհետև կան մի շարք մակբայներ, որոնք պարագայական հիմնական գործառույթին զուգահեռ դրվում են նաև առարկա ցույց տվող բառերի վրա իբրև որոշիչ: Ընդ որում, այդ օրինակներում պարզորոշ երևում է, որ նրանք ոչ թե սովորական գոյականների (առարկայացույց բառեր ), այլ բայանունների լրացում են, օրինակ, արագ ընթացք (արագ ընթանալ), դանդաղ վազք ( դանդաղ վազել), հաճախակի այցելելություն (հաճախակի այցի գալ), հապճեպ պատրաստություն (հապճեպ պատրաստվել), ուղղակի հարված (ուղղակի հարվածել) և այլն: Համեմատենք նաև հետևյալ օրինակները՝ մեքենան արագ ընթանում էր ասֆալտի վրայով և մեքենան արագորեն ընթանում էր ասֆալտի վրայրվ: Տղան դանդաղորեն մոտեցավ քնած ընկերոջը և` Տղան դանդաղ մոտեցավ քնած ընկերոջը:

Սա նշանակում է, որ արագ-ը, դանդաղ-ը և սրանց նման ուրիշ այլ բառեր եթե կարող են ձևի պարագայի գործառույթ կատարել, ապա ինքնստինքյան ասես ավելորդ է գործածել դրանց ածանցավոր զուգահեռները (արագորեն դանդաղորեն)[3] Այսպես էլ հաճախ-հաճախակի, ուղիղ-ուղակի, ճիշտ-ճշտորեն, հպարտորեն-հպարտ, քաջաբար-քաջ և այլն:

գ)Ինչպես հայտնի է, որակական ածականները գործածվում են նաև գոյականաբար, ինչպես, օրինակ՝ քաջ-քաջը, վեհ-վեհը, մեծ-մեծը, փոքր-փոքրը, ազնիվ-ազնիվը, բարձր-բարձրը և այլն: Ինչ մնում է ածականաբար գործածվող մակբայներին (արագ, դանդաղ, շուտափույթ, հաճախակի...), ապա դրանք գոյականաբար գործածվել, այսինքն՝ փոխանվաբար կիրառվել չեն կարող ( խոսքը չի վերաբերում ինքնանվանողական փոխանունությանը): Սա ածականը մակբայից զանազանելու կարևոր միջոց է:

Շարունակեք: Ածականը, իրոք, շփման եզրեր ունի մակբայի հետ, որովհետև երկուսն էլ հատկանիշ ցույց տվող բառաքերականական կարգեր են. ճիշտ է, ածականն առարկայի հատկանիշն է ցույց տալիս, մակբայը՝ հատկանիշի հատկանիշը, սակայն այդ հատկանիշները միմյանցից «չինական պարսպով» չեն բաժանվում: Այս իսկ պատճառով էլ որոշ բառեր ավել կամ պակաս չափով ցուցաբերում էն և՝ ածականի, և՝ մակբայական բնավորություններ, ինչպես, օրինակ, ճիշտ, ուղիղ, դժվար, ծանր, անվերջ, նոր և ուրիշ այլ բառեր: Ածականը շփման եզրեր ունի նաև մի շարք դերանուններ, որոշ գոյականների, դերբայներ ու կապերի հետ: Այսպես. ինչպիսի, որպեսի, այս, այդ, այն, այսպիսի, այդպիսի, ուրիշ ,միևնույն, սույն և այլ դերանուններ ևս ցույց են տալիս առարկայի հատկանիշ (ինչպիսի ծաղիկներ, այսպիսի մարդ, ուրիշ գրքեր...), բայց դերանունները ցույց են տալիս առարկայի չտարբերակված հատկանիշներ, այսինքն՝ այդ հատկանիշը տարբերակված, որոշակի չէ. օրինակ՝ այսպիսի մարդ բառակապակցության այսպիսի-ն թե լավ է, թե վատ, թե համեստ, թե անհամեստ և այլն, և այլն՝ չունենալով համեմատության աստիճաններ (հմմտ. այսպիսի մարդ, և ջանասեր, ավելի ջանասեր, ամենաջանասեր մարդ), մինչդեռ որակական ածականները հիմնականում ունեն այդ աստիճանները: Այնուհետև. անորոշ դերբայի սեռականը, հարակատարն ու ենթակայական դերբայները ևս «որոշչային» կամ «ածականական» դերբայներ են, օրինակ՝ խմելու ջուր, ուտելու միրգ, հագնելու շոր, ծռմռված կոշիկներ, հասած խնձոր, փտած կարտոֆիլ, վազող ջուր, հոսող ժամանակ, պարող թիթեռնիկ և շատ ուրիշ կապակցություններում այդ բառերը շարահյուսական մակարդակում որոշիչներ են՝ առարկաների հատկանիշ ցույց տվող բառեր, սակայն ածական չեն համարվոում, որովհետև ունեն բային հատուկ քերականական կարգեր: Նախ՝ դրանք ցույց են են տալիս ընթացքային գործողության գաղափար, ունեն սեռի քերականական կարգ, որ հատուկ է միայն բայ խոսքի մասին: Որքան էլ մոտենան ածականներին (տանջված, ամենատանջված, ճնշված, ավելի ճնշված, հարգված, ամենահարգված...), այնուամենայնիվ, դրանք բառիմաստից կախված հատկանիշներ են և ոչ բայից (բայ խոսքի մասին) բխող հատկություններ: Խոսքի մասերի հակադրությունը ամենից առաջ կատարվում է քերականական կարգերով (ունենալ-չունենալու հիմունքով): Այլ բան է, երբ առարկայի հատկանիշն այնքան շեշտված է լինում, որ շարահյուսական հիմունքով (բառագործածման հաճախականության հետևանքով) տեղի է ունենում բառի իմաստային (խոսքիմասային) երկփեղկում: Օրինակ՝ սուր, թթու, մութ, լույս, համալսարանական, հիվանդ, կանաչ, ծեր, պառավ, երիտասարդ և այլ բառեր գրեթե հավասարապես և գոյական են, և ածական (սուր միտք, բայց՝ «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան», թթու խոսք, բայց՝ կաղամբի թթու, պառավ մարդ, բայց՝ Պառավի հավը կորել էր..): Սրանց տարբերակումը, պարզ է, երևան է գալիս որոշակի խոսքում, նախադասության մեջ:

Այնուհետև. մեր լեզվում կան, ասենք, քար սիրտ, հերոս մարդ, պողպատ բռունցք, աղվես մարդ, խոզ բնավորություն և այլն: Դժվար չե նկատել, որ այս կապակցությունների նշված բառերը պատասխանում են ածականի հարցերին (ինչպիսի, որպիսի...) և ցույց են տալիս համապատասխան առարկաների որշակի, տարբերակված հատկանիշները: Եվ իսկապես, դրանք ածականական հատկանիշներ ունեն: Որքան շարահյուսորեն ներդաշնակվում են ածականներին, այդուհանդերձ, դրանք ածական չեն, որովհետև խոսքից դուրս գոյություն ունեն իբրև առարկա (քար, հերոս, աղվես, խոզ), մինչդեռ ածականները, պարզ է, անբաժան են գոյականներից (առարկա)՝ որպես նրանց հատկանիշը ցույց տվող բառերը: Այնուհետև. քար, աղվես խմբի բառերը իրենց իդեալական (անկախ, ինքնուրույն) վիճակում ցույց են տալիս որոշակի առարկա՝ քերականական համապատասխան կարգերով հանդերձ (թիվ, հոլով, առում, դաս և այլն): Իսկ սա նշանակում է, որ գործ ունենք գոյական խոսքի մասի հետ և ոչ թե ածականի: Որեմն՝ եթե խոսքի մասերը հիմնականում զանազանվում են համապատասխան բառախմբերի արտահայտած ընդհանուր իմաստով (իմաստաբանորեն), որից կախված էլ՝ ձևաբանորեն, ապա այդ բառերը ածական համարվել բնավ չեն կարող: Ինչ մնում է ածական-կապ զուգահեռին, ապա հարկ է նշել, որ դրանք ավելի հեշտ են զանազանվում, որովհետև ածականը, ինչպես հայտնի է, ցույց է տալիս առարկայի որոշակի, տարբերակված հատկանիշ, մինչդեռ կապը նախաադասության անդամ ձևավորող կամ նրա պաշտոնները ճշգրտող խոսքի մաս է: Ավելին. ածականը նյութական խոսքի մաս է, գոյականաբար կիրառվող ու հոլովվող, իսկ կապը քերականական հարաբերություն ցույց տվող բառախումբ է: Այն էլ նշենք, ու կապը ձևավորվել-առաջացել է ավելի ուշ՝ նյութական իմաստ ունեցող բառերի իմաստամթագնման հաշվին. խամրել-մահացել է նյութականը, որի հետևանքով ակտիվացել է քերականական հարաբերությունը՝ հիմք ստեղծելով խոսքիմասային երկվության: Ածականի առումով նշենք նաև, որ դրանից մի քանի բառեր (կից, անկախ, նման, համապատասխան, մոտ...) խոսքում հանդես են գալիս կախյալ հատկությամբ, այսինքն՝ ոչ ինքնուրույն (որպես նախադասության անդամ) գործածությամբ ձևավորելով նախադասության անդամ, կատարելով քերականական հարաբերություն ցույց տվող բառի դեր (հմմտ. Կից սենյակում լսվում էր եղբորս ձայնը, բայց՝ Դիմումին կից ներկայացրեց ուրիշ փաստաթղթեր. նման մարդիկ իրար շատ են սիրում: Արամի նման մարդիկ շատ կան աշխարհում...): Այսքանից հետո, կարծում ենքՙ, որոշակի դարձավ ածականի բուն էությունը, հետևաբար հեշտ է ըմբռնել տալ այդ խոսքի մասի շարահյուսական գործառույթները: Անցնենք այդ գործառույթների մեկնաբանմանը:

ԱԾԱԿԱՆԸ՝ ՈՐՈՇԻՉ

Որոշիչը ածականի ամենազանգվածային կիրառություններից է, որովհետև, ինչպես քանիցս նշվել է, ածականը ցույց է տալիս առարկայի որակական ու հարաբերական ամենաբազմազան տարբերակված հատկանիշներ, որոնք խոսքում հանդես են գալիս որոշչի պաշտոնով. սպիտակ ծաղիկներ, բարձր սարեր, լուսե երազներ, բազմակնճիռ ճակատ, հերոսական ժողովուրդ, ոսկե ժամացույց, արծաթե ձայն, գլգլան աղբյուրներ, ակնոցավոր ծերունի և այլն:

Ուրեմն՝ ածական թեման ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի զուգահեռ անցկացնի այդ խոսքի մասի իմաստի և որոշչի միջև: Ածական անունը յուրացնել տալուց հետո (իսկ դրա ուսուցումը բոլորովին էլ դժվար չէ), պարզ է, ուսուցիչը ծանոթացնում է նրա շարահյուսական պաշտոններին՝ դա ցուցադրելով բնագրային օրինակների միջոցով: Այն բնակտորը (գեղարվեստական բնագիրը), որ բերում է, պիտի հագեցված լինի որոշիչներով: Այսպես, օրինակ.

«Գարնանային զովաշունչ օր էր: Թարմ օդում ճախրում էին թռչունները: Լազուր երկնքում սավառնում էր հպարտ արծիվը: Վաղորդյան սառն օդը, բուրյան ծաղիկները, թռչունների ուրախ ճռվողյունը հաճելի տրամադրություն են առաջացնում աշխատավոր մարդու մեջ: Գերագույն հաճույք ես զգում, երբ շրջապատը շնչում է գարնանային զվարթ կյանքով»:

Այս բնագրի վրա աշակերտները գտնում են ածականները: Լավ կլինի հարցի միջոցով գտնել դրանք (ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր): Հենց այդ ածականներով կազմում են ուրիշ բառակապակցություններ, ասենք` գարնանային ջրեր, զովաշունչ քամի, թարմ թերթեր, հպարտ հայացք, սառը վերաբերմունք և այլն: Ապա դրանցով կարելի է կազմել նոր նախադասություններ: Այս հնարանքի նպատակն է`

ա) զարգացնել աշակերտների խոսքը (բառապաշարը հարստացնել).

բ) ինքնուրույնության մղել, կազմել տալ նոր նորանոր բառակապակցություններ ու նախադասություններ:

Կարելի է դիմել նաև այլ հնարքի՚. բերել տվյալ ածականի (մակդիրի) ուղղակի և փոխաբերական իմաստներով գործածված օրինակներ: Օրինակ՝ տաք ջուր, բայց՝ տաք վերաբերմունք, կանաչ ծաղիկ, բայց՝ կանաչ հասակ, կապարե կտոր, բայց՝ կապարե լռություն, արծաթե ջրվեժներ, մութ գիշեր, բայց՝ մութ գործեր, վառ կրակ, բայց՝ վառ երազներ և այլն:

Դրանք գործածվում են նախադասությունների մեջ կամ որևէ խոսքում: Այնուհետև բերվում են նույն ածականների համանիշային և հականիշային օրինակներ՝ դրանք գործաածելով նախադասությունների մեջ: Օրինակ, գեղեցիկ, չքնաղ, հրաշալի, հիանալի, չնաշխարիկ, սիրուն և այլն, այնուհետև՝ տգեղ, անճոռնի, անհրապույր և այլն: Այսպես.

Բարձր-սեգ, հպարտ, վեհ, վսեմ, երկնաբարձ և այլն, այնուհետև՝ ցածր, գաճաճ, ոչ բարձր և այլն:

Մեծ-վիթխարի, հսկա, խոշոր, մանր և այլն:

Կարևոր ուադրություն պետք է դարձնել ածական-որոշչի (մակդիր) ոճական կողմի վրա, պետք է նշվի դրանց գեղարվեստական արտահայտչական նշանակությունը խոսքում: Այս առումով հանձնարարելի է կարդալ որևէ նշանավոր բանաստեղծի համապատասխան բանաստեղծությունը: Օրինակ՝ Ավ. Իսահակյանի «Արագածին», Վ. Տերյանի «Գարնանամուտ» և այլ երգեր՝ ցույց տալով մակդիրների արտահայտչականականությունը՝ դրանով իսկ կապ ստեղծելով գրականության և քերականության միջև (միջառարկայական կապ), ինչպես նաև գեղագիտական ճաշակ ձևավորել սովորողների մեջ:

Դասարանական ու տնային զանազան աշխատողները, անտառակույս, մեծապես նպաստում են որոշչի յուրացմանը, աշակերտների բառապաշարի հարստացմանը և այլն:

ԱԾԱԿԱՆԸ՝ՍՏՈՐՈԳԵԼԻ

Ածականի մյուս կիրառությունը ստորոգելին է: Այս մասին ուսուցիչը 5-րդ դասարանում լայն գիտելիքներ չի տալիս աշակերտներին: Պարզապես հիշեցնում է օժանդակ բայերը` եմ, ես, է, ենք, եք, են, էի, էին, էր, էինք, էիք, էին (նաև` ժխտական ձևերը), ապա պահանջում է ածականներ գործածել դրանց հետ` կազմելով նախադասություններ: Այսպես, Ես ջանասեր եմ: Գրիգորը փոքր է: Հասմիկը գեղեցիկ է: Տղաները զվարթ են: Աղջիկները մաքրասեր էին: Թփերը փարթամ չէին: Երկինքը պարզ ու զուլալ չէր: Կամ` ուղղակի բերվում է համապատասխան բնագիր, որտեղ առկա լինեն բազմաթիվ ստորոգելի ածականներ, այնուհետև վեր են լուծվում նախադասությունները, և պարզվում է, որ ածականը կարող է գործածվել նաև ստորոգելիի պաշտոնով: Քանի որ տարրական դասարաններում աշակերտներն արդեն որոշ գաղափար են կազմել ստորոգյալի մասին (Արամը գնում է, Արամը աշակերտ է, Արամը աշխատասեր է...), իսկ 5-րդ դասարանում «Ածական անուն» թեման յուրացնել են, ուստի 7-րդ դասարանում «Ստորոգյալը և նրա արտահայտությունը» թեման ուսուցելիս ուսուցիչը լուրջ դժվարությունների չի հանդիպի, նպատակահարմար է կիռարել տարբեր հնարքներ: Այսպես.

1. Բերել համապատասխան բնագիր` հագեցված ստորոգյալի տարբեր տեսակներով:

2. Գրատախտակին գրել (գրել տալ) տարբեր տեսակի ածականներ և պահանջել` դրանց ավելացնել օժանդակ բայեր (կամ վերացական բայեր), այնուհետև` ենթակա, մի խոսքով` կազմել դրանցով նախադասություններ: Օրինակ` 3. Գրել տալ վերացական բայեր (կամ դրանց իմաստով գործածվող բայերն) և պահանջել դրանց ավելացնել համապատասխան ստորոգելիներ, այնուհետև կազմել նախադասություներ: Այսպես, օրինակ, կոչվել, համարվել, հորջորջել, թվալ և այլն: Ահա. Ներսեսը տաղանդավոր է երևում։ Նարեկացին համարվում է հանճարեղ բանաստեղծ։

«Ստորոգյալի արտահայտությունը» թեման ուսումնասիրելիս խոսքիմասային արտահայտությանը (դիցուք՝ ածականով արտահայտվելուն)։ «Ածականը՝ ստորոգելի» կամ «Ստորոգյալի արտահայտությունը» դասանյութերն ուսումնասիրելիս կարելի է կատարել տալ զանազան վարժություներ, ինչպես ասենք որևէ տեքստից դուրս գրել բաղադրայլ ստորոգյալները և գործածել ինքնույն կազմված նախադասություններում․ հետևյալ ածականներով կազմել բաղադրյալ ստորոգյալներ՝ դրանք գործածելով նախադասությունորում․ հետևյալ հանգույցները գործածել համապատասխան ստորոգելիների հետ՝ բաղադրյալ այդ ստորոգյալներով կազմելով նախադասություններ․ հետևյալ պարզ ստորոգյալներն այնպես փոխել, որ նրանցից ձևավորվեն բաղադրյալ ստորոգյալներ և հակառակը, բերել միևնույն ստորոգյալի համանիշային տարբերակներ՝ դրանք գործածելով նախադասություններում և ասել ոճական տարբերությունները (Նա աշխատասեր է, նա աշխատասեր է համարվում, Սուրենը ծույլ է։ Սուրենը ծույլ դարձավ և այլն)։

Ինչ խոսք, այսպիսի համանիշների ուսուցումը հիմնականում ծառայում է սովորողների խոսքի հարստացմանը։

Ինչևէ, դասարանական և տնային բազմազան վարժությունների կատարումը խորապես կնպաստի հիշյալ թեմաների խոր յուրացմանը, հետևաբար և՝ աշակերտների գիտելիքների ու խոսքի հարստացմանը։

ԱծԱԿԱՆԸ՝ ՁԵՎԻ ՊԱՐԱԳԱ

Մենք արդեն ասացինք, ածականը կարող է կատարել նաև ձևի պարագայի պաշտոն։ նշվեց, որ դա ածականի էություն բխող պաշտոն չէ, որովհետև ածականը ցուըց է տալիս առարկա– առարկայի տարբերակված հատկանիշ՝ հիմնականում հակադրվելով «պարագայական» խոսքի մասերին, ամենից առաջ՝ մակբային: Թերևս այս է հիմնական պատճառը, որ այն ածականները, որոնք կարող են կատարել նաև ձևի պարագայի պաշտոն, որոշ լեզվաբանների կողմից գնահատվում են մակբայ. Դուրս է գալիս, որ, ասենք, լավ, վատ, համով, գեղեցիկ, տգեղ և սրանց նման տասնյակ այլ բառեր և՛ ածական են, և՛ մակբայ, նայած թե առարկա ցույց տվող բառի լրացում են դառնում, թե բայի: Մենք արդեն մերովսանն մեկնաբանել ենք այս հարցը՝ նշելով, որ դրանք, դրվելով մի կողմից՝ առարկայացույց բառերի վրա, մյուս կողմից՝ բայերի, այդուհանդերձ մնում են ածականներ, այսինքն՝ տվյալ դեպքում, օրինակ, լավ, վատ, համով, գեղեցիկ... բառերը ածական են, որոնք, սակայն, կարող են ցուցադռել նաև մակբայական (պարագայական) կիրառություն, ինչպես, ասենք, գոյականը, դերանունը, դերբայը, որոնցից շատերը կարող են կատարել և գոյականական, և բայական անդամների պաշտոն: Ավելին, մակբայը որպես պարագայական պաշտոն կատարող է մասամբ ցուցաբերել նաև որոշչական բնավորություն` իհարկե միշտ մնալով իբրև մակբայ: Դա նույնիսկ բնական իրողություն է այնքանով, որքանով որ խոսքի մասերը գրվում են «շարժման» մեջ, փոխներթափանցման զարգացման պայմաններում, նրանց փոխանցումները միանգամայն տրամաբանական են, իսկ խասքում կատարած գործառույթները քարացած չեն, այլ դարձյալ գտնվում են անընդհատ «շարժման» մեջ: Այս հարցն ամփոփելով՝ ասենք, որ բառարանում, հիրավի, պետք է լինի (և կա) մեկ լավ գլխաբառ (բառույթ)՝ ածական արժեքավորմամբ (նաև մակբայական կիռարությամբ), թե՛ արագ գլխաբառ (բառույթ) մակբայն, թե՛ ածականական կիրառությամբ: Ուրեմն՝ եթե խոսքի մասերը տարբերակելիս մենք գերապատվություն տանք շարահյուսական հիմունքին (որը սխալ է), ապա օրինակ, պառկած բառը կմտնի առնվազն երեք խոսքի մասի մեջ. ածականի (Պառկած մարդը քնեց), մակբայի (նա պառկած է խոսում և, իհարկե, բայի (Երեխան պառկած է), իսկ, ասենք, խորովածը՝ և գոյականի, և ածականի, և մակբայի, և բայի... Այսպիսով՝ որոշ թվով որակական ածականներ արտահայտելով ընդգծված հատկանիշ, կարող են (իրենց այդ հատկանշային ոլորտը լայնացնելով) նաև գործողության հատկանիշի նշանակություն կատարելով պարագայական դեր, ինչպես, օրինակ՝ Հասմիկը լավ է երգում: Նա հիանալի արտասանեց Չարենցի «Ես մի անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Արյուսյակը շատ գեղեցիկ է գրում: Ծերունին համով է պատմում իր գլխով անցած դեպքերը:

Որ, իսկապես, նշված բառերը ածական են, նախ՝ վկայում է նրանց համեմատության աստիճաններ ունենալը (մի բան, որից, իհարկե, զուրկ են մակբայերը), մյուս կողմից՝ գերադրական ասիճանը գործածական չէ այս (և ոչ միայն այդ) բառերի մակբայական կիրառություններում (լեզվում չկան և չեն էլ կարող գործածվել, ասենք, «Նա ամենահամով է խոսում», Հասմիկը ամենագեղեցիկ է գրում և այլն): Ընդհակառակն, եթե գործածվում են ասենք, (Հասմիկն ամեննագեղեցիկն է գրում իր ընկերների մեջ» (դարձյալ գրեթե անգործածական), ապա մեկ անգամ ևս վկայում է, որ ամենագեղեցիկն ածական է` գոյականաբար կիրառությամբ (հատկություն, որ չունի մակբայը):

Ծանոթություն: Որոշ հարաբերական ածականներ, հատկապես ժողովրդախոսակցական լեզվում գործածվում են ժամանակի պարագայի պաշտոնով ինչպես, ասենք, նա ամսական վաստակում է երկու հարյուր ռուբլի: Արտակն օրական աշխատաում է տասներկու ժամ: Սրանք զանգվածային կիրառություն չունեն հետևաբար ուսուցիչն այս երևույթի վրա չպիտի երկար կանգ առնի, այլ այդ մասին հարկ է խոսել պատեհ առիթով: Սույն հատվածն ավարտելով՝ կարող ենք եզրակացնել`

ա) Ածականը նախադասության մեջ հիմնականում գոգծածվում է որոշչի պաշտոնով, որովհետև ցույց է տալիս առարկայի տարբերակված հատկանիշ:

բ) Ածականը նախադասության մեջ գործածվում է նաև ստորոգելիի պաշտոնով, որովհետև վերջինս ցույց է տալիս նաև այնպիսի հատկանիշ, որը վերագրվում է ենթակային (իբրև) նրա հատկանիշ):

գ) Ածականը կարող է կատարել նաև ձևի պարագայի պաշտոն, որովհետև կարող է գործածվել ցույց տալով գործողության հատկանիշ ևս: Ինչ մնում է գոյականաբար գործացվող ածականներին, ապա հարկ է նշել, որ այդպիսիք կարող են կատարել այն պաշտոնները, որոնք հատուկ են գոյականին: Իսկ այս մասին արդեն խոսվել է գոյականի բաժնում:

  1. Մ. Աբեղյան. Հայոց լեզվի տեսությւն. 1965, 129-130:
  2. Մ. Ասատրյան. ժամ. հայոց լեզվի ձևաբանության
  3. Նախընտրելի է արագ, դանդաղ և այլ տարբերակների գործածույթը: