Jump to content

Կաչաղակների ծագումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կաչաղակների ծագումը
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 188
տ. ― էջ 420, ծ. ― էջ 571


ԿԱՉԱՂԱԿՆԵՐԻ ԾԱԳՈԻՄԸ
(Հին զրույց)


 

Զըրույց կա, թե Պիերուսի
Աղջիկները անըզգամ
Ձեն տըվեցին Ոլիմպոսի
Մուզաներին մի անգամ։

5 «Եկե՜ք, ասին, թե կարող եք,
Մեզ հետ երգի մըրցության...»
Ու էնքան էր [լիրբ, համարձակ]
Նըրանց կոչը մարտական,

Որ անմահներն՝ առած իրենց
10 Քընարները ոսկելար՝
Ցած ճախրեցին Ոլիմպոսի
Բարձունքներից վեհափառ։

Ծավալվեցին վեհ երգերը...
Ու, ճըգնելով, նրանց մոտ
15 Պիերուսի աղջիկները
Ճըղճըղացին անամոթ։

Ճըղճըղացին՝ ինչպես [անմիտ]
Կաչաղակներ լեզվագար.
Եվ երբ լռեց երգն ու ճիչը,
20 Հանգավ վեճը ու պայքար,

Դարձել էին նրանք արդեն
Կաչաղակներ լեզվանի,
Որ անշնորհք գրչակներին
Ահեղ խրատ միշտ լինի.

25 Չըհանդըգնեն մըտնել վեճի
Ճըղճըղալով՝ նրանց հետ,
Որոնց աստված տվավ երգչի
Ձիրք ու քնար առհավետ։

1890-ական թվականներ