Jump to content

Կարմիր մահվան դիմակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարմիր մահվան դիմակը
[ 2 ]

ԿԱՐՄԻՐ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱԿԸ

«Կարմիր մահը» վաղուց արդեն ավերում էր երկիրը։ Այդչափ սոսկալի ու աղետաբեր համաճարակ դեռ երբեք չէր եղել։ Արյունն էր նրա դրոշը, իսկ դրոշմը՝ զարհուրելի բոսորը։ Սուր ցավեր, հանկարծակի գլխապտույտ, հետո հորդ արյունահոսություն մարմնով մեկ, որն ուղեկցվում էր կազմալուծությամբ — սա էր հիվանդության ընթացքը։ Մարմնի և առանձնապես դեմքի վրա հայտնվող բոսորագույն ցանը այն նզովքն էր, որը զրկում էր զոհին մտերիմների համակրանքից ու օգնությունից։ Հիվանդության բռնկվելը, զարգացումն ու ավարտը կես ժամ էլ չէր տևում։

Չնայած դրան, անվեհեր ու հնարամիտ իշխան Պրոսպերոն երջանիկ էր։ Երբ նրա տիրույթներն արդեն կիսով չափ ամայացել էին, նա իր մոտ կանչեց հազար առողջ ու անհոգ բարեկամներ՝ ի դեմս արքունիքի տիկնանց և ասպետների, և առանձնացավ նրանց հետ իր մեկուսի դղյակաձև վանատներից մեկում։ Այդ վանատունը իշխանի արտառոց, բայց վեհաշուք ճաշակի արգասիքն էր՝ փառավոր ու վիթխարի մի շինություն, որը շրջափակվում էր երկաթե դարպասներ ունեցող բարձր ու ամուր պարիսպով։ Ներս մտնելուն պես դրանիկները ծանր մուրճեր ու կրակարաններ բերին և զոդեցին պարսպի բոլոր փականները։ Դրանով նրանք վճռեցին վերացնել ամեն ելք ու մուտք՝ ինչպես դրսից հանկարծակի հուսակորույս ներխուժումը, այնպես էլ դղյակից դուրս նետվելու անմիտ մղումները կանխելու համար։ Վանատունը լի ու լի ապահովված էր պարենով։ Նման նախազգուշական միջոցների շնորհիվ պալատականները կարող էին [ 3 ] արհամարհել համաճարակը։ Խենթություն կլիներ այդ պայմաններում տագնապել կամ տարվել ավելորդ մտորումներով։ Իշխանը նախապատրաստել էր խրախճանքի բազում միջոցներ ու ձևեր։ Կային խեղկատակներ, հանկարծաստեղծներ, երաժիշտներ, պարուհիներ… Կար Գեղեցկությունն ու կար գինին։ Այս ամենը կար ապահովության հետ մեկտեղ։ Կարմիր մահը մնացել էր դրսում։

Մեկուսացման հինգերորդ, թե վեցերորդ ամսվա վերջին, երբ դրսում համաճարակն առավել սաստկացել էր, իշխան Պրոսպերոն հրավիրեց իր բարեկամներին չտեսնված շքեղ մի պարահանդեսի։ Սակայն թույլ տվեք նախ նկարագրել յոթ արքայական դահլիճների այն շարքը, ուր տեղի ունեցավ խրախճանքը։ Ուրիշ շատ պալատներում նման դահլիճները դասավորված են լինում ուղիղ գծի վրա այնպես, որ դռները բացվելուն պես աչքերիդ առջև հայտնվում է ամբողջ շարքը։ Այստեղ կիրառված էր բոլորովին այլ սկզբունք, որը և բխում էր իշխանի արտառոց ճաշակից։ Դահլիճների դասավորությունն այնքան անկանոն էր, որ անհնար էր մի հայացքով մեկից ավելին տեսնել։ Ամեն քսան-երեսուն քայլին մի կտրուկ շրջադարձ կար, իսկ ամեն շրջադարձին՝ ազդեցիկ մի նորույթ։ Պատերի մեջ աջից և ձախից բացված երկար ու նեղ գոթական ոճի լուսամուտները նայում էին դահլիճների պտույտներին հետևող փակ միջանցքին։ Յուրաքանչյուր պատուհանի ապակիների գույնը ներդաշնակ էր տվյալ դահլիճի հարդարանքի գերիշխող երանգին։ Օրինակ, արևելյան կողմի դահլիճի պաստառների երկնագույնին համապատասխանում էր պատուհանի ապակիների վառ կապույտը։ Երկրորդ դահլիճի հարդարանքն ու որմնագորգերը ծիրանագույն էին, ինչպես և պատուհանի ապակիները։ Երրորդը ամբողջովին կանաչ էր, պատուհանի ապակիների պես։ Չորրորդ, նարնջագույն դահլիճը ողողված էր նույն գույնի լույսով, հինգերորդը՝ սպիտակով, վեցերորդը՝ մանուշակագույնով։ Յոթերորդ դահլիճն ամբողջովին պատած էր սև կերպասով, որը, ծածկելով առաստաղը, ծանր ծալքերով պատերն ի վար իջնում էր նույն գույնի գորգի վրա։ Միայն այս դահլիճում էր, որ պատուհանի ապակիների գույնը չէր համապատասխանում հարդարանքին։ Այստեղ ապակիները մուգ կարմիր էին՝ արյան գույնի։ Յոթ դահլիճներից և ոչ մեկում չկար որևէ լուսամփոփ կամ ջահ: Ոչ մի կանթեղ և ոչ մի ճրագ չէր թաքնված դահլիճների պատերին [ 4 ] ու առաստաղներին շռայլորեն ցրված ոսկյա զարդերի տակ։ Միայն սենյակները շրջափակող միջանցքում, յուրաքանչյուր պատուհանի դիմաց, դրված էին ծանր եռոտանիներ, որոնց աշտանակների պայծառ բոցը գունավոր ապակիների միջով լուսավորում էր դահլիճները, անթիվ հեքիաթային պատկերներ ստեղծելով նրանցում։

Արևմտյան կամ սև դահլիճում արնագույն ապակիներից սփռվող լույսն այնքան չարագուշակ տպավորություն էր թողնում և մտնողների դեմքին այնքան վայրի արտահայտություն էր տալիս, որ քչերն էին համարձակվում այնտեղ ոտք դնել։ Նույն այդ դահլիճի արևմտյան պատին հենված էր հսկա սևափայտ մի ժամացույց, որի ճոճանակը, դանդաղ օրորվելով, խուլ, միալար ու բթացնող ձայն էր արձակում։ Երբ մեծ սլաքը բոլորում էր իր շրջանը, հսկա մեքենայի պղնձյա թոքերը հստակ ու բարձր մի ձայն էին արձակում։ Երգեցիկ այդ ձայնն օժտված էր այնպիսի յուրօրինակ երանգով ու շեշտով, որ ժամացույցի ամեն զարկին երաժիշտներն ակամա ցած էին դնում գործիքները, պարող զույգերը կանգ էին առնում, և բոլորը մի պահ շփոթության էին մատնվում։ Այդ պահերին ներկաներից առավել անհոգները գունատվում էին, իսկ ավելի տարեց և անվրդով մարդիկ ճակատներն էին շփում, ասես ինչ-որ մղձավանջ քշելով։ Զարկերի վերջին արձագանքները մարելուն պես, շուրջը նորից պոռթկում էր ուրախ ծիծաղը, երաժիշտներն իրար էին նայում ու ծաղրում իրենց անտեղի վախը, շշուկով իրար խոստանալով հաջորդ անգամ այլևս տագնապի չենթարկվել։ Բայց ուղիղ վաթսուն րոպե անց (որը ժամանակի թռիչքի երեք հազար վեց հարյուր վայրկյանն է կազմում), հաջորդ ժամն ազդարարելիս, նույն իրարանցումը, նույն շփոթմունքն ու սարսուռն էր պատում ամենքին։

Չնայած այս ամենին, խնջույքն ընթանում էր իր ուրախ ու շքեղ հունով։ Իշխանը յուրօրինակ ճաշակ ուներ և գույների ու զանազան ազդեցիկ հնարքների նուրբ գիտակ էր։ Նա տանել չէր կարող ծեծված ձևեր՝ նրա ծրագրերը հանդուգն էին ու կրակոտ, իսկ հղացումները բարբարոսական փայլ ունեին։ Կային, իհարկե, մարդիկ, որոնք պատրաստ էին նրան ցնդած համարել, բայց նրա մտերիմները գիտեին, որ դա այդպես չէ։ Պետք էր մոտիկից տեսնել նրան, դրանում համոզվելու համար։ Խրախճանքի առիթով իշխանն անձամբ զբաղվել էր դահլիճների ձևավորմամբ [ 5 ] և նրա ճաշակով էր, որ առաջնորդվել էին դիմակահանդեսի հագուստներն ընտրելիս։ Հարկ չկա ասել, որ արդյունքը ցնորային էր– անուրջների փայլուն ու շքեղ մի աշխարհ, այն, ինչ հետագայում կարելի էր տեսնել «էրնանի»-ում։ Կային արտասովոր արարածներ, խեղանդամ ու տարօրինակ վերջույթներով, և ցավագարի զառանցանք հիշեցնող աներևակայելի տեսիլքներ։ Ամեն ինչ գեղեցիկ էր, ցոփ, արտառոց, տեղ-տեղ սարսռազդու, երբեմն նույնիսկ զզվանք պատճառող։ Ողջ դղյակում, գալարվելով ու պար գալով, անհամար ուրվականներ էին շրջում՝ ամեն դահլիճում նոր երանգ ու տեսք ստանալով։ Թվում էր, թե նույնիսկ պարահանդեսի անզուսպ նվագն արձագանքում էր նրանց վայրի ոտնաձայներին։ Բայց ահա վերստին զարկում էր սև թավշյա սրահում կանգնած ժամացույցը։ Ու նորից ամեն ինչ լռում էր, քանի դեռ հնչում էին նրա չարագուշակ զարկերը։ Եվ քարանում էին ուրվականները, չհանդգնելով շարժվել: Ւսկ երբ հեռվում, առաջին երկչոտ ու կիսաբերան ծիծաղների ուղեկցությամբ, մարում էին զարկերի վերջին արձագանքները, աշխուժացած ուրվականները վերսկսում էին ուրախ շուրջպարը, ամեն դահլիճում փոխելով իրենց գույնը աշտանակների սփռած լույսից։ Բայց ինչ էլ լիներ, ոչ ոք չէր հանդգնում ոտք դնել արևմտյան դահլիճ, մանավանդ որ գիշեր էր արդեն՝ սևաթույր պաստառներին ընկնող արնագույն լույսը ահարկու տպավորություն էր թողնում, իսկ սև գորգերի վրայով քայլողի համար հսկա ժամացույցի զարկերն ավելի սարսռազդու շեշտ էին ստանում:

Մնացած դահլիճներում, ուր անասելի եռուզեռ էր տիրում, խնջույքն ընթանում էր իր ամբողջ թափով: Բայց երբ հասավ կեսգիշերն ազդարարող ժամը, նորից, ինչպես միշտ, երաժշտությունն ընդհատվեց, պարողները կանգ առան, ու մի նոր, չարագուշակ լռություն տիրեց շուրջբոլորը։ Այս անգամ զարկերի թիվը տասներկուսն էր, և, հավանաբար, այդ երկար միջոցին էր, որ ներկաներից առավել խոհեմները մտածմունքի մեջ ընկան: Գուցե նաև այդ էր պատճառը, որ մինչ վերջին զարկի արձագանքը դանդաղ կընկղմվեր լռության մեջ, շատերն առիթ ունեցան նկատելու դիմակավոր մի նոր անձնավորության, որը մինչ այդ ոչ ոքի ուշադրությունը չէր գրավել։ Լուրն այդ մասին շշուկով տարածվեց շրջապատում,ծնելով զարմացական փսփսոցներ, դժգոհ փնթփնթոցներ, ապա նաև վրդովված [ 6 ] գռմռոցներ, որոնք վերջապես վերածվեցին ահ, սարսափ ու զզվանք արտահայտող բացականչությունների։ Նկարագրածս ստվերների ու տեսիլների շրջապատում սովորական մի դիմակ հազիվ թե նման իրարանցում առաջացներ։ Դիմակներ ընտրելու ազատությունն այդ գիշեր, փաստորեն, ոչնչով չէր սահմանափակված։ Սակայն նորեկը Հերովդեսից էլ հերովդացել էր և ոտնակոխել էր նույնիսկ իշխանի հանդուրժած պատշաճության մշուշոտ սահմանները: Ամենաանհոգ մարդկանց սրտերում իսկ կան լարեր, որոնց չի կարելի դիպչել: Եվ նույնիսկ կործանված հոգիները, որոնց համար կյանքն ու մահը խաղ ու պար է, չեն համարձակվում խաղի վերածել որոշ բաներ։ Ներկաներից բոլորը կարծես թե զգացին, որ նորեկի ոչ հագուստը և ոչ էլ վարմունքը տեղին չէր և հազիվ թե սրամիտ։ Նա բարձրահասակ էր ու նիհար, ոտքից գլուխ պատանքի մեջ փաթաթված։ Դեմքը թաքցնող դիմակը այնքան էր փայտացած դիակ հիշեցնում, որ կեղծիքը հազիվ թե երևան գար նույնիսկ մանրազնին քննության դեպքում։ Խենթացած ամբոխը կհանդուրժեր և գուցե հավանություն տար դրան, բայց դիմակավոր անծանոթն իրեն թույլ էր տվել Կարմիր Մահի տեսք ընդունել՝ նրա հանդերձանքը թաթախված էր արյան մեջ, իսկ լայն ճակատն ու դեմքը ծածկված էին զարհուրելի բոսորագույն ցանով։

Երբ իշխան Պրոսպերոն տեսավ ուրվականին (որն ասես իր դերին չդավաճանելու համար ծանր ու հանդիսավոր քայլերով չափում էր դահլիճները), նա ցնցվեց երկյուղից ու զզվանքից. հաջորդ պահին նրա դեմքը վրդովմունքից շառագունել էր։

― Ո՞վ է համարձակվել,― խռպոտ ձայնով գոչեց նա,― ո՞վ է համարձակվել այս ստոր զավեշտով անպատվել մեզ։ Բռնեք դրան ու պոկեք դիմակը, և մենք կիմանանք, թե ով է լուսաբացին կախաղան ելնելու։

Իշխանի խոսքերը, հնչեղ արձագանք ստանալով պատերից, պարզ լսվեցին բոլոր յոթ դահլիճներում, մանավանդ, որ նա հաղթանդամ մարդ էր և առնական ձայն ուներ, իսկ իր ձեռքի շարժումից երաժշտությունը լռել էր։

Իշխանը կանգնած էր արևելյան կամ կապույտ դահլիճում, շրջապատված մի խումբ սփրթնած դրանիկներով։ Նրա առաջին իսկ խոսքերից ներկաները նետվեցին դեպի ինքնակոչ հյուրը, որը հանգիստ ու հաստատուն քայլերով մոտենում էր իշխանին։ Բայց անբացատրելի սարսափով համակված (որ ներշնչել էր [ 7 ] նրանց դիմակավորի խելահեղ վարմունքը) դրանիկներից ոչ մեկը չհամարձակվեց դիպչել նրան, և նա, մինչ ամբոխը սարսափած ետ կքաշվեր, անարգել անցավ իշխանի կողքով ու նույն իր ծանրակշիռ քայլերով կապույտ դահլիճի միջով դիմեց դեպի ծիրանագույնը, ծիրանագույնից կանաչը, այնտեղից անցավ նարնջագույնը, հետո սպիտակը և վերջապես՝ մանուշակագույնը: Ոչ ոք չհամարձակվեց արգելել նրա ընթացքը։ Այստեղ էր, որ իշխան Պրոսպերոն, ցասումից գլուխը կորցրած և իր րոպեական թուլությունից ամաչելով, մեն-մենակ նետվեց նրա ետևից, որովհետև մնացած բոլորը քարացել էին ահից։ Սաստիկ թափ առնելով, մերկացած դաշույնը ձեռքին, իշխանը քիչ էր մնացել հասներ դիմակին, երբ վերջինս, սև դահլիճի շեմին կտրուկ շուռ գալով, ճակատ առ ճակատ ելավ նրա դեմ։ Լսվեց մի սուր ճիչ, և դաշույնը, օդում փայլատակելով, ընկավ սև գորգին, որի վրա հաջորդ պահին արդեն փռված էր նաև իշխան Պրոսպերոյի անկենդան մարմինը։ Նույն վայրկյանին, վհատության մոլեգին ուժով մղված, դրանիկների գազազած բազմությունը խուժեց սև դահլիճ։ Կատաղի թափով նրանք հարձակվեցին հսկա ժամացույցի ստվերում անվրդով կանգնած դիմակի վրա ու… անասելի սարսափի հառաչանքով ետ մղվեցին՝ սմքած պատանքի ու մեռելի դիմակի տակ ոչինչ չկար։

Կարմիր մահվան ներկայությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Նա եկավ գիշերով, գողեգող, ու խրախճանքի մասնակիցները մեկը մյուսի ետևից տապալվեցին արյունով ողողված դահլիճներում։ Ամեն ոք մեռավ իր ընկած դիրքում՝ վհատված ու անհույս։ Նրանցից վերջինի հետ իր շունչը փչեց թավշյա սև դահլիճի հսկա ժամացույցը։ Հետո մարեցին դղյակի միջանցքների աշտանակները ու Խավարը, Կործանումն ու Կարմիր Մահը վերջնականապես ու անվերապահորեն տիրեցին ամեն ինչին։