Հնդկական վեդաներից
Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի կողմից
ՀՆԴԿԱԿԱՆ ՎԵԴԱՆԵՐԻՑ
Գոյությունն ու անգոյությունն էն ժամանակ չըկային,
Ու չըկային էն ժամանակ ոչ երկինքը և ոչ օդ։
Ի՞նչ էր շրջում, ո՞ւր էր շրջում, և կամ ընչի՞ հովանու տակ,
Կամ կա՞ր արդյոք էս ջըրերի սև անդունդքը անհատակ։
5
Անմահություն չըկար այնժամ և ոչ մահ,
Եվ ոչ խտիր օրի մեջ ու գիշերվա.
Ինքը միայն էն էր շընչում առանց հողմ,
Եվ ուրիշ կյանք էն ժամանակ էլ չըկար։
Իսկզբանե մութը ծածկված էր մութով,
10
Եվ աշխարհքը ողջ մի վիհ էր խավարչտին
Բայց, начало, որ ծածկված էր մութի տակ,
Ջերմի ուժից ծնունդ առավ նախ մենակ։
Իսկզբանե սկիզբըն էր նա սիրու,
Իսկզբանե սերմըն էր նա հոգու,
15
Ու փնտրելով բանականությունը, պոետները
Գոյության ու անգոյության կապը գտան սրտի մեջ։
Ու ամեն կողմ տարածվում է շողը նրանց մտքի․
Ու փայլում է վերև ներքև ճառագայթը բանական...
Նրանք եղան և ստեղծող, և մեծ եղան և հարուստ,
20
Նրանց կամքը երկրի վրա, նրանց ուժը ի վերուստ։
Ո՞վ գիտի էդ կամ ո՞վ կասի մեզ հիմի,
Թե որտեղից ելավ կազմը աշխարհքի
Ու որտեղից հայտնվեցին աստվածները իրեն հետ։
Բայց ո՞վ կասի, էս աշխարհքում, թե ինչպես է ծագել էդ։
25
Ո՞րտեղից է ծագել արդյոք կազմը էս երկրի,
Ստեղծա՞ծ է բնությունը թե չէ.
Իր պահապանը գիտի միայն երկնքում,
Կամ, թերևս, նա ինքն անգամ չըգիտի։