Jump to content

Նոր-Ջուղայի դպրոցները/Է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր-Ջուղայի դպրոցները
Է
 Զ
Ը 

Է․

Նոր-Ջուղայի պատմութեան մէջ «Վաճառականութիւն Ջուղայեցւոց» գլխում 1702 թուին Մեծ-Մէյդան թաղի «Խօջա-Նազարէնց տասնակ» կոչուած մասում, յիշւում է Աւետ Քանանեան մի վաճառականի անուան։ Ենթադրւում է, որ սա ի թիւս բազմաթիւ այլ ԺԷ-րդ դարի վերջերին թողած լինի Պարսկաստանը և գաղթած Ռուսաստանի զանազան վայրեր։ Ենթադրւում է նոյնպէս, որ սոյն ազգատոհմի շառաւիղներից մէկն լինի և հանգուցեալ Գէորգ Քանանեանը, որ ծնւում է Ղզլարում 1834 թուին։

Գ․ Քանանեանը նախնական կրթութիւնը ստանում է Ստաւրոպօլի գիմնազիայում, իսկ 1854 թուին մտնում է Մոսկուայի համալսարանի պատմա-լեզուաբանական ֆակուլտէտը։ Այս թուականներին Մոսկուայում հայ ուսանողների սահմանափակ շրջանում կազմւում է մի գրական ընկերութիւն, որի նպատակն է լինում տալ ժողովրդին դիւրըմբռնելի ընթերցանութեան գրքեր և այդպիսով զարկ տալ նորածին աշխարհիկ գրականական լեզուին։ Ընկերութեան երեք հիմնադիր անդամներից մէկն է լինում Գէորգ Քանանեանը, որի անուան և ազգանուան սկզբնատառերը գտնւում են նոյն ընկերութեան՝ «Գամառ-Քաթիպա» անուան մէջ, որ և յետոյ դառնում է ընկերութեան աւելի քանքարաւոր անդամի՝ բանաստեղծ Ռաֆայէլ Պատկանեանի կեղծանունը։

1858 թուին Գ․ Քանանեանը յաջողութեամբ աւարտելով պատմաբանական բաժանմունքը, պահւում է նոյն համալսարանոլմ որպէս ուսուցչապետ պատմութեան: Պատրաստուելով մագիստրոսական քննութեան, Քանանեանը զբաղւում է միաժամանակ և պատմութեան դասաւանդութեամբ։ Այս առարկային հիմնովին տիրապետելը, խօսելու ձիրքը, մեղմ և հեզահամբոյր բնաւորութիւնը, ինչպէս և աշակերտների հետ վարուելու հմտութիւնը, միանգամից բարձրացնում են տաղանդաւոր մանկավարժին և նա շատ դասեր է ունենում Մոսկուայի այն ժամանակուայ նշանաւոր դպրոցներում։

1861 թուին Լազարեան ճեմարանից հեռանում է բնիկ Նոր-Ջուղայեցի՝ պրօֆեսօր Մկրտիչ Էմինը և նրա տեղը թափուր է լինում։ Քսանհինգ-ամեայ Գէորգ Քանանեանի թեկնանծութիւնն է դրւում և նա մտնում նոյն ճեմարանը վերահսկիչի պաշտօնով։ Քսան տարուց յետոյ Գ․ Քանանեանը նշանակւում է Լազարեան ճեմարանի տեսուչ և այդ պաշտօնին անդաւաճան կերպով նուիրուած մնում է մինչև մահը։

Գէորգ Քանանեանը Լազարեան ճեմարանում 36 տարի պաշտօնավարելով, մտցնում է մի շարք կարևոր բարեփոխումներ և վերանորոգումներ թէ՛ ուղղութեան, թէ՛ ծրագրի և թէ՛ շինութեան կողմից, որով յաջողւում է բարձրացնել նոյն ճեմարանի դիրքը, որ մինչև իր օրերը մօտեցել էր կորցնելու նախնական բնաւորութիւնը և իջնելու հասարակ դպրոցի։

Կատարեալ վստահութիւնը և յարգանքը դէպի դասատուների գործունէութիւնը, մշտական պատրաստակամութիւնը լսելու ամենքի կարծիքները, հակադիր հայեացքները հաշտեցնելու ունակութիւնը և պատահած պառակտումը մարեցնելու յատուկ տակտը Գէորգ Քանանեանին սիրելի են դարձնում Լազարեան ճեմարանի բոլոր ուսուցիչներին։ Նրանցից ամեն մէկը աշխատում է խաղաղ և աշխոյժ, իմանալով որ կայ մէկը իր արժանիքը գնահատող և առ հարկին իրեն օգնութեան հասնող։

Գէորգ Քանանեանը իր ժամանակի սաների համար լինում է մի գթած և խնամող հայր։ Նա ճանաչում է ո՛չ միայն ամենքին, այլ և այն շրջապատը, այն միջավայրը, որից դուրս էր եկել երեխան։ Ընտանիքից և հայրենիքից կտրուած և հեռու օտարութեան մէջ ընկած դժբախտ երեխաները մի առանձին վստահութեամբ են մօտենում իրենց սիրելի տեսուչ Գէորգ Քանանեանին՝ իրենց կարիքներով և վշտերով, հաւատացած լինելով, որ անպայման կը վայելեն նրանից խորհուրդ և պաշտպանութիւն, սէր և համակրութիւն։

Գաղտնի խորհրդական տեսուչ Գէորգ Քանանեանը այնքան տարուած է լինում Լազարեան ճեմարանով և այնքան նուիրուած է լինում դաստիարակչական վեհ գործին, որ ժամանակ չէ գտնում գրելու, թէև ունենում է առաջնակարգ գրական տաղանդ։ Նրա տպագրուած աշխատութիւնների մեծ մասը վերաբերում է Լազարեան ճեմարանին և Տաճկահայութեան, որի ճակատագրով նա սկսում է հետաքրքրուել դեռ 1865 թուին — Զէյթունցիների ապստամբութեան ժամանակ և որի նկարագրութեանը նուիրում է մի շարք յօդուածներ։

Անօրինակ չարիքը որ պայթեց դժբախտ տաճկահայերի գլխին և ռուս մամուլի մի քանի օրգանների թշնամական վերաբերմունքը դէպի հայերը, ստիպում են Գ․ Քանանեանին մի ընդարձակ պատմական տեսութիւն գրել Ռուսաստանի՝ Ալէքսէյ Միխայլովիչի և Պետրոս Մեծի ժամանակակից հայերի հետ ունեցած յարաբերութիւնների վրայ և դրանով լուսաբանել Հայկական հարցը, սակայն անագորոյն մահը զրկում է նրան այս կարևոր աշխատութիւնն աւարտելու հնարաւորութիւնից և նա մեռնում Է 1897 թուի Յունիսի 4-ին։[1]

Գ․ Քանանեանի մահուամբ Հայութիւնը կորցնում է մի անձնազոհ և տաղանդաւոր մանկավարժ, Լազարեան ճեմարանը՝ մի սրտացաւ և քրտնաջան տեսուչ, իսկ նոյն ճեմարանի աշակերտութիւնը մի բարի, հոգատար և խնամող հայր։

Գէորգ Քանանեանը մի իղձ, մի փափագ է ունենում, այդ այն է, որ հայաբնակ որ և է վայրում մի դպրոց հիմնէ․ սակայն իրեն միայն յայանի պատճառներով, այդ բանը նրան չի յաջողում կենդանութեան ժամանակ։

1899 թուին տ․ Վառվառէ Քանանեանը վճռում է իրագործել իր անմոռանալի ամուսնու ջերմ ցանկութիւնը։ Իսկ որովհետև այդ ժամանակ Գօլիցինեան հայակեր քաղաքականութեան շնորհիւ Ռուսաստանում հայոց դպրոցները փակուել էին և հետևապէս նոյն տեղը մի նոր դպրոց բաց անելու մասին մտածելն անգամ աւելորդ էր, ուստի վճռում է այդ դպրոցը բաց անել Պարսկաստանի հայաշատ քաղաքներից մէկում։

Դիմումներ են լինում տ․ Քանանեանին Պարսկաստանի մի քանի կենտրոններից, խնդրելով իրենց մօտ բաց անել դպրոցը։ Տիկին Վ․ Քանանեանը տատանւում է, ո՞րտեղ արդեօք հիմնել, որ թէ՛ նպատակայարմար լինի և թէ՛ անհրաժեշտութիւնն աւելի զգալի։

Երկար մտածելուց յետոյ, անձամբ դիմում է ս․ Էջմիածին և սոյն կարևոր խնդրի առթիւ հայցում է Վեհ․ Կաթուղիկոսին, որ բարեհաճէ որ և է պաշտօնով Մոսկուայում գտնւող Հ․ Բագրատ վ․ Վարդազարեանին ուղարկել Նոր-Ջուղա, որպէսզի ուսումնասիրելով Պարսկաստանի հայաբնակ կենտրոնները, ուր որ յարմար կըդատէ ըստ իր հայեցողութեան, խորհրդատրէ իրեն իր ցանկացած դպրոցը հիմնելու։

1900 թուի վերջերին երջանկայիշատակ Խրիմեան Հայրիկի կոնդակով և յանձնարարութեամբ Հ․ Բագրատ վարդապետը գալիս է Նոր—Ջուղա որպէս Առաջնորդական փոխանորդ։ Նա ի մօտոյ ծանօթանալով Նոր—Ջուղայի տեղական պայմանների հետ և ի նկատի առնելով այն հանգամանքը, որ թէև ամենաշատ հայ աշակերտութիւն ունեցող վայրն է ամրողջ Պարսկաստանում, սակայն եղած ազգ․ դպրոցները (այն ժամանակուայ) բիւտճէի խիստ սահմանափակ լինելուն շնորհիւ՝ անկարող պիտի լինին ժամանակի պահանջնեին գոհացումն տալ․ հետևապէս ապագայում անկման դրութեան են հասնելու ի մեծ ուրախութիւն օտար մրցակիցների։ Ուստի գալիս է այն եզրակացութեան, որ Նոր—Ջուղան իր մի շարք ազգային հաստատութիւններով ամենայարմար տեղն է Պարսկաստանում Գէորգ-Քանանեան դպրոցը հիմնելու։ 1901 թուի Հոգաբարձական ժողովներում մշակում է կանոնադրութեան գլխաւոր կէտերը և գործի դրութիւնը մանրամասնաբար զեկուցանում տիկին Վ․ Քանանեանին։ Յարգելի Տիկինը բոլորովին վստահացած Հ․ Բագրատ վարդապետի ցուցմունքներին ու հրահանգներին, է իր հիմնելիք դպրոցը բաց անել Նոր-Ջուղայում, յատկացնելով հանգ․ ամուսնու՝ Գէորգ Քանանեանի թողած 47,000 ռուբլի գումարը այդ նպատակին (40,000 իբրև անձեռնմխելի դրամագլուխ, իսկ 7000 դպրոցի շինութեան համար)։

Քանի որ Գէորգ-Քանանեան դպրոցը վերջնականապէս հաստատելու համար երկու կողմից դեռ կային մի քանի կէտեր, որոնք պիտի պարզաբանուէին, իսկ նամակագրութեամբ էլ դժուար էր լինում և գործը ձգձգւում, անհրաժեշտ է համարւում որ Հ․ Բագրատ վարդապետը վերադառնայ ս․ Էջմիածին և Մոսկուա, անձամբ բանակցելու, դպրոցի հիմնադիր տ․ Վառվառէ Քանանեանի հետ, որ ցանկանում էր օր առաջ տեսնել իր նպատակը իրագործուած։

Որովհետև յարգելի Տիկինը ցանկութիւն է ունենում իր հիմնելիք դպրոցը ապագայում ընդարձակել, միջնակարգ դարձնել և գործնական գիտութիւններ ևս մտցնել, ուստի համաձայնում է շինութեան համար յատկացրած 7000 ռուբլի գումարն աւելացնել։ Իսկ Հոգաբարձութեան յայտնած մանրամասն տեղեկութիւնների հիման վրայ՝ Մոսկուայում ճարտարապետի ձեռքով կազմել է տալիս ապագայ շէնքի յատակագիծն ու նախահաշիւը։

1902 թուին Գէորգ-Քանանեան դպրոցի կանոնադրութեան գլխաւոր հիմքերը մշակւում և Վեհ․ Հայրապետից վաւերացրւում են Ս․ Էջմիածնում Յունիս 6 թուակիր մի սրբատառ կոնդակով։[2]

Նոյն թուի վերջերին Հ․ Բագրատ վարդապետը վերադառնում է Նոր-Ջուղա, որպէս Առաջնորդական Փոխանորդ և միևնոյն ժամանակ Թեմական վերատեսուչ դպրոցների և Ներկայացուցիչ տ․ Վ․ Քանանեանի։ 1903 թուի գարնանը ձեռնարկւում է Գէորգ-Քանանեան մանկապարտէզի և երկդասեան դպրոցի շինութեան գործը և 1905 թուին աւարտւում է մօտ 11,000 թուման ծախսելով։[3]

Այսպէս, 1901 թուից սկսուած Գէորգ Քանանեանի յիշատակին հաստատւում է Նոր-Ջուղայում «ԳԷՈՐԳ-ՔԱՆԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԸ» և 40,000 ռուբլի դրամագլխի տարեկան 2000 ռուբլի տոկոսն ուղարկւում է շարունակաբար մինչև 1904 թիւը, երբ տ․ Վ․ Քանանեանը կանխաւ յայտնած իր ցանկութեան և Հոգաբարձութեան խնդրանաց համաձայն՝ բարեհաճում է ամբողջ դրամագլուխը փոխադրել Նոր-Ջուղա։ Օրուայ թանգ կուրսով՝ ստացուած դրամագլուխը փոխանցւում է պարսկական դրամի և վրան աւելացնելով տոկոսի մի մասը լինում է 25,000 թուման, որ ապահովացրւում է Սֆահանի Կայսերական բանքում։

1905 թուի Սեպտ․ 26-ին շքեղ հանդիսաւորութեամբ կատարւում է դպրոցի բացման հանդէսը և Ազգ․ Կեդրոնական ու ս․ Կատարինեան դպրոցների աշակերտ–աշակերտուհիներր մինչև Բ․ դասարանը տեղափոխւում են Գէորգ Քանանեան դպրոցը, որ հայրապետական սրբատառ կոնդակով յարգելի տ․ Վ․ Քանանեանի կողմից նուիրաբերւում է ազգին իր հոյակապ շինութեամբ ու 25,000 թուման դրամագլխով և միանում Նսր-Ջուղայի Ազգային երկսեռ դպրոց– ների հետ։

ԿՈՆԴԱԿԻ ՊԱՏՃԷՆԸ



Մ


ԿՐՏԻՉ ԾԱՌԱՅ ՅԻՍՈԻՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ Ս․ ԿԱԹՈԻՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

Տամք զայս Կոնդակ հաստատութեան առ յապայն ի գործադրութիւն յանուն Տ․ Թեմակալաց վիճակին Պարսկ․-Հնդկաստանի, Փոխանորդաց նոցին, Առաջնորդական Խորհրդարանին Ջուղայու, Թեմական Վերատեսչաց, Հոգաբարձուաց Դպրոցաց և համայն ժողովրդին հայոց վասն նորոգ բացեալ Դպրոցին յանուն և ի յիշւստակ ի Տէր հանգուցեալ Գաղտնի Խորհրդական Գէորգայ Քանանեան։

Յիշատակաց արժանին՝ հիմնադիրն Գէորգ-Քանանեան Դպրոցին վիճակիդ՝ Պետական Գաղտնի Խորհրդական Գէորգ Քանանեան, իբրև ճշմարիտ հայ և իբրև հարազատ զաւակ մօրս լուսոյ Ս․ Էջմիածնի, զգացեալ զպարտս իւր առ ազգն և եկեղեցին ի վերջին ամս իւր ցանկացեալ էր բանալ Դպրոց մի ազգային ի կարևոր կեդրոնի միում յաղագս լուսաւորութեան, կրթութեան և դաստիարակութեան կարօտաւոր հայ մանկտւոյն, յանձնելով զիրագործումն ցանկութեան իւրոյ՝ տիկնոջ իւրում։ Յետ մահուան հանգուցելոյն, բարեպաշտուհի ամուսին նորին Գերազնւուհի տիկին Վառվառէ Քանանեան՝ իբրև հաւատարիմ աւանդապահ ամուսնոյն իւրոյ և կատարող կամաց հանգուցելոյն, սրբութեամբ կատարեաց զփափագ ամուսնոյն, տալով քառասուն եօթն հազար րուբլի յայն նպատակ։ Եւ ընկալեալ ի Մէնջ զհրաման և զօրհնութիւն ի գործ ձեռնարկութեան Դպրոցին՝ որոշեաց բանալ զայն ի Նոր-Ջուղա, յանձնելով զայն հոգ և հսկողութիւն Փոխանորդի Առաջնորդի վիճակիդ և միաբանի Մայր Աթոռոյս Հոգեշնորհ Տ․ Բագրատ Վարդապետի Վարդազարեան։ Արդ՝ որ տուաք զհաւանութիւն մեր և զհաճութիւն յաղագս բացման Գէորգ-Քանանեան Ուսումնարանին ի քաղաքիդ Ջուղայու յԻրանեան աշխարհիդ՝ ընդ հովանեաւ Նորին Արեգակնափայլ Մեծութեան Մուզաֆֆար-էդդին Շահնշահին և Յաջորդաց Նորին Ինքնակալացն Իրանի, պարտիս Մեր համարիմք սովին Հայրապետական Կոնդակաւ հաստատել և տալ զծրագիրն Դպրոցին յանփոփոխ գործադրութիւն յապագային։

«ա)․ Մեծարգոյ տիկին Վառվառէ Քանանեանի ցանկութեան համաձայն Նոր-Ջուղայի կեդրոնական և յարմարաւոր տեղում պիտի կառուցուի նրա ամուսնու թողած դրամով մի նոր շէնք «Գէորգ-Քանանեան» Դպրոցի համար։

բ)․ Այդ դպրոցի շէնքն լինելու է եկեղեցական սեփականութիւն՝ մահմէդականաց օրէնքի համաձայն վախֆ։

գ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցի պահպանութեան համար տիկին Վառվառէ Քանանեանը՝ ի յիշատակ իւր ամուսնու Գաղտնի Խորհրդական Գէորգ Քանանեանի և նրա ցանկութեան համաձայն, նուիրում է քառասուն հազար րուբլի (40,000 ր․), որ թողել է իր ամուսինը այդ նպատակով, (բացի դպրոցի համար յատկացրած գումարից։)

դ)․ Դպրոցի պահպանութեան համար յատկացրած ամբողջ գումարը պիտի մնայ անձեռնմխելի դրամագլուխ Գէորգ-Քանանեան Դպրոցի անունով միանգամայն ապահով Դրամատան մէջ՝ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթուղիկոսի, Հիմնադրի (իսկ մահուանից յետոյ Կտակակատարների) և Դպրոցի Հոգաբարձական մարմնի հսկողութեան և պահպանութեան տակ։ Եթէ հարկ լինի այդ դրամագլուխը հանել մի դրամատանից և դնել Ռուսաստանի կամ արտասահմանի այդ ապահով դրամատան մէջ և կամ գնել մի ապահով և շահաբեր կալուածք, այդպիսի բոլոր պատասխանատու գործողութիւնները պիտի կատարուին Հիմնադրի (Կտակակատարների) և Քանանեան Դպրոցի Հոգաբարձութեան փոխադարձ համաձայնութեամբ և Վեհափառ Կաթուղիկոսի թոյլտւութեամբ։

ե)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը առայժմ երկդասեան է (հինգ տարուայ դասընթացքով), երկսեռ մանկապարտէզով, իսկ ապագայում, երբ Գէորգ-Քանանեան Դպրոցի նիւթական միջոցները կըներեն, հետզհետէ պիտի բացուի յաջորդ դասարաններ ևս, և դառնայ միջնակարգ դպրոց գործնական առարկաներով։

զ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը առայժմ լինելով երկդասեան, ծառայում է իբրև նախակրթական մասն Նոր-Ջուղայում գոյութիւն ունեցող Կեդրոնական Դպրոցի, վերջինի հետ կապ ունենալով ծրագրի միութեամբ և յաջորդականութեամբ։ Գ․-Քանանեան Դպրոցը միշտ պիտի պահպանէ իր ինքնուրոյն գողութիւնը։

է)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը ընդ միշտ անփոփոխ պահելով իր անունը, գտնուելու է ազգիս Վեհափառ Կաթուղիկոսի և Թեմական Առաջնորդի հսկողութեան և հովանաւորութեան տակ, բայց կառավարուելու է ընտրած Հոգաբարձական մարմնի ձեռքով։

ը)․ Հոգաբարձական մարմինը բաղկացած պիտի լինի ութը (8) անդամներից, որոնք պիտի ընտրուին Նոր-Ջուղայի եկեղեցիների ծխականների կանոնաւոր ժողովում, որ կայանալու է Թեմական Առաջնորդի նախագահութեամբ։

թ)․ Հիմնադիր տիկին Վառվառէ Քանանեանը պատուաւոր Հոգաբարձուհի է Գ․-Քանանեան Դպրոցի։

ժ)․ Տիկին Վառվառէ Քանանեանը իրաւունք ունի ընտրել և նշանակել Փոխ-Տեսուչ Գ․-Քանանեան Դպրոցի համար՝ իւր և դպրոցի Հոգաբարձութեան փոխադարձ համաձայնութեամբ, իսկ նրա մահուանից յետոյ՝ Կտակակատարների և Հոգաբարձութեան։

ժա)․ Ի նկատի ունենալով, որ Գէորգ-Քանանեան Դպրոցը բնականաբար շատ մօտ կըլինի Հիմնադրի սրտին, Հոգաբարձութիւնը իր պարտքը կըհամարի միշտ խորհրդակցել նրա հետ այն ամեն կարևոր խնդիրների մասին, որոնք կարող են նպաստել Գ․-Քանանեան Դպրոցի բարեկարգութեանն և յառաջադիմութեանը ըստ ուսումնականի և ըստ տնտեսականի։

ժբ)․ Հոգաբարձութիւնը ընդհանուր լինելով Նոր-Ջուղայի երկսեռ դպրոցների համար իւրաքանչիւր ուսումնական տարավերջին, ինչպէս Գէորգ-Քանանեան Դպրոցի, նոյնպէս Ջուղայի միւս Դպրոցների հաշիւները պիտի տպագրի և ներկայացնի Ազգիս Վեհափառ Հայրապետին, Առաջնորդին և հասարակութեան ի քննութիւն: Այդ հաշուի հետ միասին Հոգաբարձութիւնը պիտի ուղարկէ Գ․-Քանանեան Դպրոցի մանրամասն հաշիւները և ուսումնական տեղեկագիրը տիկին Վառվառէ Քանանեանին։

ժգ)․ Առաջնորդական Փոխանորդ և Դպրոցների Վերատեսուչ Տ․ Բագրատ Վարդապետ Վարդազարեանը լինելու է ներկայացուցիչ Հիմնադրի կողմից և ունենալու է ձայն Հոգաբարձական ժողովում, իսկ նորա բացակայութեան ժամանակ, հիմնադիր տիկին Վառվառէ Քանանեանը իրաւունք ունի ներկայացուցիչ ընտրել Հոգաբարձութեան անդամներից մէկին և կամ որ և է ձեռնհաս անձին Ջուղայից։

ժդ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը, ինչպէս և Ջուղայի միւս դպրոցները միշտ դրուած պիտի լինին ազգային զօրեղ հիմքերի վերայ և կազմակերպուած ժամանակակից մանկավարժական պահանջների համաձայն։

ժե)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը հետզհետէ վերածելով միջնակարգի, ծրագրի մէջ (բարձր դասարաններում) պիտի մտցնել գործնական գիտութիւններ (արհեստագիտական, առևտրական, և երկրագործական բաժինով տեղական պայմանների համաձայն)։

ժզ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցում, ինչպէս և Ջուղայի միւս դպրոցներում, Հայոց լեզուն, Հայոց պատմութիւնը, Հայոց գրականութիւնը և Հայոց եկեղեցական պատմութիւնը անհրաժեշտ առարկաներ պիտի լինեն։

ժէ)․ Գ․-Քանանեան Դպրոցում բոլոր առարկաները պիտի դասախօսուեն Հայոց լեզւով, բացի օտար և Պետական լեզուներից։

ժը)․ Ն․-Ջուղայի դպրոցները կունենան մի ընդհանուր Տեսուչ (Հոգաբարձական ժողովի ընտրութեամբ), իսկ Քանանեան Դպրոցը առանձին փոխ-տեսուչ, որոնք պիտի լինին Հայ Լուսաւորչական։

ժթ)․ Տեսուչը Գ․-Քանանեան Դպրոցի վերաբերմամբ կարգադրութիւն անում է անպատճառ, փոխ-տեսչի հետ խորհրդակցելով և նրա միջոցով։

ի)․ Տեսուչը Հոգաբարձական ժողովի անդամ է և ունի մի ձայն, իսկ երբ խնդիրը վերաբերում է Քանանեան Դպրոցին, փոխ-տեսուչն ևս ներկայ պիտի գտնուի Հոգաբարձական ժողովին նոյն իրաւունքներով։

իա)․ Բոլոր ուսուցիչները պիտի ունենան բարձրագոյն կամ միջնակարգ կրթութիւն և լինին Հայ։

իբ)․ Տեսուչը, փոխ-տեոուչը և ուսուցիչները իբրև մանկավարժական մարմին՝ անկախութիւն պիտի ունենան կրթական և մանկավարժական խնդիրներում, անշուշտ ղեկավարուելով դպրոցների համար մշակուած ծրագրով և կանոնագրութեամբ, որ վաւերացրած կլինի Ծայրագոյն Հոգևոր Իշխանութեան կ՚՚ողմից։

իգ)․ Եթէ ապագայում պայմանները փոխուելով, հարկ լինի փոխադրել Գ․-Քանանեան Դպրոցը Ն․-Ջուղայից՝ Հայաստանի մի որ և է բազմահայ յարմարաւոր կերդրոն, այդպիսի դէպքում այդ որոշումը պիտի կայանայ Վեհ․ Կաթուղիկոսի, Կտակակատարների և Հոգաբարձութեան փոխադարձ համաձայնութեամբ:

իդ)․ Ամեն տարի Սեպտ․ ամսին Ս․ Գէորգ–Զօրավարի տօնին պիտի մատուցանել պատարագ ի յիշատակ հանգուցեալ Գէորգ Քանանեանի և կատարել հոգեհանգիստ Ն․-Ջուղայի Ամենափրկչեան Վանքում, կամ Ս․ Գէորգայ Եկեղեցում, ուր ներկայ պիտի լինեն Քանանեան Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները։ իե)․ Հիմնադիրը (կամ Կտակակատարները) իրաւունք ունի ուղարկել մի ներկայացուցիչ՝ անձամբ մօտից ծանօթանալու համար Գ․ - Քանանեան Դպրոցի հետ և զեկուցանելու»։

Հաստատելով զվերոյգրեալ ծրագիր, Մեք լիայոյս եմք, զի Գերապատիւ Աթոռակալք Ն․-Ջուղայի, Բարեշնորհ Փոխանորդք, Խորհրդարան Առաջնորդարանիդ, որպէս և Հոգաբարձուք և Տեսուչք՝ սեպուհ պարտիս ինքեանց համարեսցեն սրբութեամբ և անթերի կատարել կէտ առ կէտ զյօդուածս ծրագրին, որ ի Կոնդակիս, առ ի արդիւնաւոր և յարատև կացուցանել զդպրոցն ըստ ցանկութեան ազգասէր հիմնադրին և բարեպաշտուհի տիկնոջ, որ ունի հաստատապէս զգիտաւորութիւն ընդարձակելոյ զայդ հաստատութիւն, ապահովելով նորանոր նուիրատուութեամբ յիւրմէ կողմանէ ի պէտս գործնական գիտելեաց, նախանձելի յաչս հայ ազգին հանդիսացուցաներով, որով և փառաւորեսցին հոգիք հիմնադրացն յերկինս և օրհնեսցին յիշատակք նոցին յազգաց յազգս։ Եւ Մեք մաղթելով ի Տեառնէ զհանգիստ հոգւոյ հիմնադրին և արևշատութիւն գերազնւուհի տիկին Վառվառեայ Քանանեան՝ իրագործողի զկամս ամուսնոյն, աղօթեմք, զի Տէր Աստուած յարատև պահպանեսցէ զայդ նոր ուսումնարանդ վասն ազգիս մերոյ և փոքրկանց մերազնէից, զօրացուսցէ Փրկիչն զաշխատաւորս և զվաստակաւորս, զհոգաբարձուս և զխնամակալս ազգային հաստատութեանդ այդորիկ։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ յիշեսցի, և օրհնութիւն Աստուածային հանդերձ պահպանութեամբ Աջոյն Ս․ Լուսաւորչին ի վերայ հաստատութեանդ եղիցի, ամէն:

ՄԿՐՏԻՉ
Կաթուղիկոս Ամենայն Հայոց



ի 6 Յունիսի 1902 ամի
և ըստ Տումարիս ՌՅԾԲ
ի Հայրապետութեան Մերում թ․ ամի,
յԱրարատեան Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի,—ի Վաղարշապատ։ թ․ 871

Կովկասի Հայութեան մէջ իր բարեգործութեամբ յայտնի՝ Ազնւուհի տ․ Վառվառէ Քանանեանը Նոր-Ջուղայի Գէորգ Քանանեան դպրոցի հետ միաժամանակ Հ․ Բագրատ վ․ Վարդազարեանի միջոցով բարեհաճում է հիմնել Փէրիա գաւառի Նամակերտ գիւղում և մի գիւղական դպրոց «Յովնանեան» անունով ի յիշատակ իր ծնողաց։ Սոյն դպրոցի շինութեան համար ևս նուիրաբերում է 800 ռուբլի․ սակայն որովհետև այդքան գումարով հազիւ հնարաւոր է լինում մեծ ծրագրով հիմնած դպրոցի շինութեան կէսը միայն աւարտել, ուստի ս․ Ամենափրկչեան վանքի միաբան և նոյն գաւառի հոգևոր հովիւ՝ Հ․ Եզնիկ վ․ Երկարակեցեանն աշխատում է գիւղացիներից հանգանակութեամբ և զանազան աղբիւրներից հոգալով լրացնել հսկայ շինութիւնը, որ այսօր պատիւ է բերում նոյն գաւառի Հայութեան և միևնոյն ժամանակ ծառայում է իբրև Փոխանորդարան թեմիս Հոգևոր իշխանութեան Փէրիայի ներկայացուցչի։

Իսկ յարգելի Տիկինը նոյն դպրոցի գոյութիւնը պահպանելու համար յատկացնում է 4000 ռուբլի, որ ապահովացրւում է Եղբ․ Թումանեանց Թէհրանի առևտրական տանը և որի եկամտով կառավարւում է Յովնանեան դպրոցը։[4]

Տողատակեր

[խմբագրել]
  1. Գր․ Ջանչեանի «Եղբայրական օգնութիւն» էջ 640։
  2. Հանդիսաւոր կերպով կարդացուած Նոր-Ջուղայի Ս․ Ամենափրկչեան Վանքամ Դեկտ․ 22-ին։
  3. Սոյն գումարի 1000 թումանովը գնւում են երկու տներ, շէնքի տեղն ընդարձակելու համար։
  4. Տիկին Վ․ Քանանեան Նոր-Ջուղայի «Գ․ Քանանեան» և Նամակերտ գիւղի «Յովնանեան» դպրոցների գոյութիւնը ապահովելուց զատ, հոգում է և նրանց բարեգործութեան մասին, ուղարկելով սեղան-նստարանների ու կահ-կարասիների ծախքերը և նուիրելով զանազան իրեր — մոգական-լապտեր, երկրագունդ, թանկագին գրքեր, հանգ․ Գ․ Քանանեանի, Հ․ Բագրատ վարդպետի և իր մեծադիր պատկերները, մանկապարտէզի նիւթեր-խաղալիքներ և այլն։