Jump to content

Նոր տարի (Հովհաննես Թումանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր տարի
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 145,
տ. ― էջ 456, ծ. ― էջ 586

ՆՈՐ ՏԱՐԻ


Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա,
5 Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
10 Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
15 Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես,
20 Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։

Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
25 Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
30 Կամ թե մի մարդ...
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
35 Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
40 Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։

1894