Jump to content

ՏՏՀ/Ավելուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԵԼՈՒԿ, վայրի վիճակում հանդիպում է համարյա ամենուրեք, մարգագետիններում, ցելադաշտերում և անտառեզրերին։ Աճեցվում է նաև բանջարանոցներում որպես բազմամյա բանջարեղեն։ Վայրի Ա. հավաքում են գարնանը, որովհետև ավելի ուշ տերևները կոշտանում են։ Ա-ի տերևները պարունակում են սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամին 0, մոխիր, դաբաղանյութեր, եթերային յուղեր և այլն։ Ա-ի տերևներից պատրաստում են կանաչ բանջարապուր։ Ա. պահում են չորացրած (տես Բանջարեղենի և մրգերի չորացում) կամ աղ դրած։ Խաշած և մաղով անցկացրած Աի տերևներից ստացված խյուսն աղ դնելու համար պետք է այն լցնել փայտե կամ ապակե ամանի մեջ, 1 կգ խյուսին ավելացնել 250 գ աղ, բերանը փակել և պահել սառը տեղում։

Հայաստանի լեռնային և բարձր լեռնային շրջաններում աճում է Ա-ի 12 տեսակ, որոնցից ամենատարածվածներն են սովորական Ա. կամ թրթնջուկը և բրգաձև Ա.։ Թրթնջուկի թթու համը պայմանավորված է թրթնջկաթթվի առկայությամբ, օգտագործվում է թարմ վիճակում, նպաստում է մարսողության լավացմանը, սակայն նույնիսկ առողջ մարդկանց խորհուրդ չի տրվում այն երկարատև օգտագործել, քանի որ նրանում պարունակվող մեծ քանակությամբ թրթնջկաթթվի ավելցուկը վնասակար է երիկամների համար։ Ամառվա ընթացքում Ա-ի տերևները հավաքում են մի քանի անգամ, 18-25 օրը մեկ։ Եթե սերմը պետք չէ, խորհուրդ է տրվում ծաղկացողունը հնձել։ Ա. նույն տեղում կարելի է ցանել 3-4 տարի։ Ա-ի աճեցման մասին տես Բանջարանոց հոդվածում։