ՏՏՀ/Թենիս
ԹԵՆԻՍ, մարզախաղ, որի մասնակիցները թևճակներով գնդակը փոխանցում են հատուկ հրապարակում՝ կորտում ձգված ցանցի վրայով, ձգտելով հավաքել անհրաժեշտ քանակության միավորներ։ Թ. նպաստում է ֆիզիկական զարգացմանը, առողջության ամրապնդմանը, լավ հանգստին, կարելի է պարապել ցանկացած տարիքում, ողջ տարին։ Ժամանակակից Թ-ի առաջին կանոնները մշակել է անգլիացի Ու. Ուինգֆիլդը 1873-ին։
Խաղում են երկուսով կամ չորսով (զույգերով, նաև խառը)։ Խաղում են կավավազային, խոտի, սինթետիկ, փայտե կամ ասֆալտե ծածկույթով կորտում։ 91 սմ բարձրությամբ ցանցով կորտը լայնքով բաժանված է երկու կիսադաշտի։ Թևճակները պատրաստվում են փայտից, պլաստմասսայից կամ թեթև մետաղից, օղագոտու վրա ձգում են բնական կամ սինթետիկ լարեր։ Թևճակի զանգվածը 255-340 գ է երեխաների համար, 340-400 գ մեծահասակների համար։ Գնդակը ռետինից է՝ պատված խավավոր գործվածքով։
Խաղի կանոնները։ Թևճակի հարվածով գնդակը ցանցի վրայով ուղարկվում է այնպես, որ հակառակորդը չկարողանա ճշտորեն այն վերադարձնել հակառակորդի կիսադաշտը։ Գնդակին հարվածելը թույլատրվում է կորտից նրա առաջին հետցատկից հետո կամ մինչև գնդակի գետնին դիպչելը (երկրորդ անգամ գնդակի գետնին դիպչելը համարվում է միավորի կորուստ)։ Յուրաքանչյուր միավորի խաղարկումն սկսվում է (վիճակահանությունից հետո) սկզբնահարվածով՝ գնդակը առաջին հարվածով ուղարկվում է դաշտի որոշակի մաս (սխալի դեպքում թույլատրվում է կրկնել հարվածը)։ Միավորների հաշվարկը սկսվում է սկզբնահարված կատարողի միավորներից, առաջին և երկրորդ շահված հարվածների համար տրվում է 15-ական միավոր, երրորդի համար 10 միավոր, չորրորդի դեպքում (երկու շահած գնդակի տարբերության պայմանով) շնորհվում է, այսպես կոչված «գեյմի» (խաղափուլի) շահում։ «Գեյմում» 40:40 հաշվի դեպքում հայտարարվում է «հավասար»։ «Հավասար» հաշվից հետո հայտարարվում է «շատ», եթե միավորը շահում է սկզբնահարված կատարողը, կամ «քիչ», եթե միավորը շահում է ընդունողը։ Եթե «շատ» հաշվից հետո սկզբնահարված կատարողը շահում է հերթական միավորը, նա շահում է տվյալ գեյմը։ Հաղթելու համար հարկավոր է շահել 6-ից ոչ պակաս գեյմ՝ ունենալով առնվազն 2 գեյմ առավելություն։ Հանդիպման հաղթանակը շնորհվում է 3-ից 2 խաղափուլ, կամ 5-ից 3 խաղափուլ շահելու դեպքում։