ՏՏՀ/Թռչնաբներ արհեստական
ԹՌՉՆԱԲՆԵՐ արհեստական, ծառերի փչակներում բնակվող թռչունների համար պատրաստվող բներ։ Կան արհեստական Թ-ի բազմաթիվ տեսակներ, որոնք նման են փչակի։ Առավել տարածված են սարեկաբները (սարյակների արհեստական բներ) և երաշտահավի (երաշտահավերի և այլ փոքր թռչունների՝ խայտաբղետ և սպիտակավիզ ճանճորսների, բանջարանոցային կարմրատուտի, սողահավի ևն) բները։ Կառուցվածքով այդ Թ-ները նման են, միայն թե սարեկաբները (նաև դրանց անցքերը) ավելի մեծ են։
Արհեստական Թ-ում բնակալում են հիմնականում միջատակեր թռչունները, որոնք սնվում են վնասատու միջատներով, դրանց թրթուրներով, հարսնյակներով և ձվերով։ Այգիների, բանջարանոցների, անտառների վնասատուների դեմ պայքարում այդ թռչունները մեծ օգուտ են տալիս։
Արհեստական Թ. պատրաստում են տախտակից կամ փուշտայից (նրբատախտակը հարմար չէ)։ Նկ. 1-ում բերված են երաշտահավի բնի տախտակների չափերը։ Սարեկաբնի բարձրությունը (հատակից մինչև տանիք) 30-35 սմ է, հատակը (Թ-ի ներսում)՝ 14x14 սմ, անցքի տրամագիծը՝ 4,7-5 սմ, տախտակի հաստությունը՝ առնվազն 1,5 սմ։ Ռանդում են Թ-ի տախտակի միայն արտաքին երեսը, Թ-ի ներսը պետք է անհարթ լինի, որպեսզի թռչունը կարողանա կառչել ճանկերով և դուրս թռչել բնից։ Գարնանը բների ներսը հեշտությամբ մաքրելու համար հարմար են հանովի տանիքներով Թ.։ Անցքը առմուտք կամ այլ հարմարանքներ չպետք է ունենա, քանի որ դրանցից հաճախ օգտվում են կատուները։
Տնամերձ այգիներում առավել հաճախ բնակալում են խայտաբղետ ճանճորսները, մեծ երաշտահավերը, այգու կարմրատուտերը ևն։ Ճանճորսի բնի հատակի մակերեսը պետք է լինի շուրջ 100 սմ², իսկ մեծ երաշտահավինը՝ առնվազն 150 սմ², հատակից մինչև անցքի ստորին մասն եղած հեռավորությունը՝ համապատասխանաբար 8-12 և 12-16 սմ, անցքի տրամագիծը՝ 3,0-3,2 (քաղաքում՝ 2,8-3,0 սմ) և 3,2-3,5 սմ։ Խայտաբղետ ճանճորսը սիրում է լուսավոր բուն, ուստի, երբ 5-6 տարուց դրա փայտը մգանում է, բավական է սպիտակեցնել բնի ներսը և ճանճորսը կրկին այնտեղ կբնակալի։ Երաշտահավը նախընտրում է հին, մգացած բուն, ուստի պետք է նոր բնի ներսը ներկել խածատիչով։ Երկու թռչուններն էլ նախընտրում են դրսից կանաչ ներկած բներ։
Կլոր անցքերով Թ-ում թռչուններն ավելի հեշտությամբ են բնակալում, քան ուղղանկյուն անցքերով Թ-ում (նկ. 2)։
Երբեմն մեծ խայտաբղետ փայտփորիկը երաշտահավի բնի անցքերը կտցահարելով մեծացնում է (ձմռանն օթևան դարձնելու, ամռանը փոքր թռչունների ձագերին հանելու համար)։ Փայտփորիկից պաշտպանելու համար պետք է անցքի շուրջը խփել 8-10 մանր, գլխիկավոր մեխեր կամ դրսից ամրացնել մեջտեղում անցքից մեծ բացվածք ունեցող թիթեղի կտոր (հարմար է պահածոյի բանկայի կափարիչը)։
Այդպիսի Թ-ից (տնակներից) բացի կիրառում են նաև, այսպես կոչված, արհեստական փչակներ (նկ. 2. գ), որոնք պատրաստում (փորում) են փայտի կլոր կտորից՝ վրան մեխելով կափարիչ։ Երաշտահավերի արհեստական փչակների անցքի տրամագիծը 3,0-3,5 սմ է։ Սարեկաբները սովորաբար կախում են վաղ գարնանը, մինչև թռչունների չվադարձը (Հայաստանում՝ մարտի սկզբին), իսկ երաշտահավի բները կարելի է կախել ավելի ուշ։ Թ. կարելի է կախել նաև ամռանը կամ աշնանը։
Ավելի հեշտ է Թ. ծառերին ամրացնել ալյումինե լարով (նկ. 2)։ Դրա համար պետք է Թ-ի հետևի պատի երկայնական կողերին, միջնամասից վերև մեխեր գամել. երրորդ մեխը գամել առջևի պատի կողերից մեկին՝ նույն բարձրությամբ։ Որպեսզի կատուները և ագռավները չկարողանան Թ-ի կափարիչը գցել, պետք է հետևի պատին գամված մեխերից մեկին ամրացնել լար և կարճ ծայրը առիշեղ անցկացնել կափարիչի վրայով ու փաթաթել Թ-ի առջևի պատին գամված մեխին։ Լարի երկար ծայրը պետք է փաթաթել ծառաբնին և ամրացնել Թ-ի հետևի պատի կողին գամված մեխին։
Երաշտահավի բներ կախում են տնամերձ այգիներում, զբոսայգիներում, անտառում, բակերում՝ գետնից առնվազն 3-4 մ բարձրությամբ։ Սարեկաբները կախում են հնարավորին չափ բարձր, թռչունների կերակրատեղերի մարգագետինների, պարապուտ տեղերի, այլ բաց տարածությունների մերձակայքում։ Քաղաքներում սարյակները բնավորվում են բարձրահարկ շենքերի պատշգամբներին ամրացված սարեկաբներում։ Բնի անցքի ուղղվածությունն էական նշանակություն չունի։ Թ. պետք է կախված լինի մի փոքր դեպի առաջ թեքված կամ ուղղաձիգ (կարելի է թեթևակի թեքել դեպի աջ կամ ձախ, սակայն չի թույլատրվում հետ թեքել)։
Թռչունների կերակրումը։ Ձմեռային կերապակասության ժամանակ բազմաթիվ թռչուններ բնավորվում են մարդկանց բնակատեղերի մոտ։ Ձմռան սառնամանիքին երաշտահավերը սնվում են միայն իրենց համար սարքավորված կտամաններում լցված կերով, իսկ բարենպաստ օրերին նաև միջատներով։
Թռչանների կտամանները կարող են տարբեր ձև ունենալ։ Պտղատու այգիներում հարմար է կախել ինքնաթափ կտաման (նկ. 3), որոնց կողքի պատերին թեք ակոսատներ են արվում նրբատախտակե կամ թիթեղե սողնակ հագցնելու համար։ Կափարիչը փակվում է ամուր։ Կերը լցնելիս կտամանը պետք է հատակով դեպի վեր շրջել, հետ քաշել սողնակը, լցնել կերը, սողնակը հրել մինչև վերջ։ Կտամանը պետք է կախել, թեթևակի բարձրացնել սողնակը, որպեսզի հատակի մոտ գոյացած ճեղքից փոքր քանակությամբ կեր թափվի։ Ինքնաթափ կտամանի մեջ կերը լցվում է միանգամից ամբողջ շաբաթվա համար, դրանում կերը պաշտպանված է անձրևից ու ձյունից։
Սենյակից թռչուններին հետևելու համար պատրաստում են ապակե պատով կտաման (նկ. 4, բ) և ապակին կիպ ամրացնում լուսամուտի արտաքին շրջանակին։ Երաշտահավերին պատշգամբում կերակրելու համար որպես կտաման կարելի է օգտագործել 1-2 լ տարողությամբ սովորական ապակե բանկա։ Պլաստմասսայե կափարիչի վրա պետք է կլոր անցք անել (տրամագիծը 3,0-3,5 սմ), իսկ բանկայի ծավալի 1/3 լցնել կերով։ Այնուհետև բանկան հարկավոր է փակել կափարիչով և անցքը դեպի վեր դիրքում կախել պատշգամբի բազրիքից կամ ծառի ճյուղից (նկ. 4, գ)։ Երաշտահավերին կերակրելու համար կտաման կարելի է պատրաստել նաև կաթի տուփից (նկ. 4, դ), մրգահյութի կամ կաթի պահածոյի դատարկ թիթեղե բանկայից, որոնց կողքերից հարկավոր է մեկ-երկու անցք բացել, մեջը կեր լցնել և կախել՝ անվնաս հատակը դեպի վեր (նկ. 4, ե)։ Աղավնիների, ագռավների և այլ խոշոր թռչունների համար անմատչելի պարզագույն կտաման է ոչ խոր արկղիկը, որի անկյուններում, հատակի վրա, ամրացվում են արկղի կողերից 3-3,5 սմ բարձր կոճղիկներ։ Դրանց վրա պետք է ամրացնել արկղի չափերից փոքր-ինչ մեծ չափերով նրբատախտակից կափարիչ։ Երաշտահավերն ազատորեն մտնում են կափարիչի տակի անցքից (նկ. 4, ա)։
Թռչունների ձմեռային կերերն են արևածաղկի, կանեփի սերմերը, կենդանական ճարպով համեմված «Հերկուլես» տաք վարսակաձավարը։ Մեծ երաշտահավերի համար աշնանը կարելի է պահեստավորել ձմերուկի, սեխի և դդմի կորիզներ։ Երաշտահավերը կտցահարում են միսը (հում, եփած և տապակած), քչփորում ոսկրածուծը, շատ են սիրում կենդանական ճարպ (հում կամ եփած, բայց ոչ աղ դրած)։ Թռչուններին ճարպով կերակրում են անգլիական քորոցին նմանվող կերակրամաններից (նկ. 4, զ), որոնք մոտ 10 սմ երկարությամբ մի ծայրը խարտոցով սրված կոր պողպատալարեր են։ Ճարպի կտորները կարելի է նաև կապել թելով և գցել ծառի վրա։
Ճնճղուկներին կերակրելու համար հարմար են ալրախառն կերերը՝ սպիտակ հացի փշուրները կամ թրջած մնացորդը, կորեկը։ Ճնճղուկները հեշտությամբ են սովորում սնվել երաշտահավերի կերակրամանների ճարպով։
Ձմռանը թռչուններին կերակրելը, դրանց որոշակի տեղին վարժեցնելը և դիտելը բնասերին՝ մեծ թե փոքր, մեծ հաճույք է պատճառում։