ՏՏՀ/Կողակ
ԿՈՂԱԿ, ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է։ Զանգվածը՝ 2,5 կգ։ Թեփուկները խոշոր են, մարմինը գլանաձև կամ կողքերից սեղմված։ Հայաստանի բոլոր գետերում և լճերում տարածված է մի քանի տարատեսակ՝ Կուրի, Արաքսի և Սևանի Կ.։ Վերջինս հանդիպում է միայն Սևանա լճում։
Կ. տապակած. ձուկը մաքրել, փորոտիքը հեռացնել, կտրտել, վրան աղ, պղպեղ ցանել և երկու կողմից ձեթով տապակել։
Մատուցելիս վրան ցանել թարխուն և մաղադանոս։
500 գ կողակին՝ 3 ճաշի գդալ ձեթ. աղը, պղպեղը, թարխունը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Կ. շոգեխաշած. ձուկը մաքրել, փորոտիքը, խռիկները հեռացնել և լվանալ։ Կաթսայի մեջ դնել մետաղե ցանց կամ շրջած կափարիչ և տակը տաք ջուր լցնել։ Ամբողջական կամ կտրտած ձուկը դասավորել ցանցի վրա, վրան լցնել կտրտած գազար, սոխ, հատիկավոր պղպեղ, թարխունի տերևներ, աղ ցանել և 15-20 րոպե խաշել։ Եփվելուց հետո նույն ամանում ձուկը թողնել ևս 20 րոպե։
Մատուցելիս վրան թարխուն ցանել։
1 կգ կողակին՝ 6 ճաշի գդալ յուղ, թարխունը, գազարը, սոխը, հատիկավոր պղպեղը՝ ըստ ճաշակի։