ՏՏՀ/Հեռուստացույց
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ, հեռուստատեսային ընդունիչ, հեռուստատեսության, այսինքն շարժվող կամ անշարժ օբյեկտների պատկերների հեռահաղորդման էությունը լուսային պատկերի (հաղորդվող տեսարանի առանձին տեղամասերի գույնի կամ պայծառության) կերպափոխումն է էլեկտրական ազդանշանների (տեսաազդանշանների) ժամանակային հաջորդականությամբ, այդ ազդանշանները կապուղիներով ընդունման կետ հաղորդելը և դրանց հակադարձ կերպափոխումը տեսանելի պատկերի (գունավոր կամ սև-սպիտակ)։
Գունավոր և սև-սպիտակ հեռուստատեսության հաղորդման համակարգերը համատեղելի են, այսինքն դրանց ազդանշանները հաղորդվում են միատեսակ կապուղիներով, և գունավոր հաղորդումները կարող են միագույն (մեներանգ) վերարտադրվել սև-սպիտակ պատկերման, իսկ սև-սպիտակ հաղորդումները գունավոր պատկերման Հ-ներով։
Հեռուստատեսային ծրագրերը ձևավորվում են հեռուստակենտրոններում։ Ծրագրի ազդանշանները տրվում են հեռուստատեսային ռադիոհաղորդիչ կայաններին, որտեղ դրանք կերպափոխվում են պատկերի ամպլիտուդամոդուլված և հնչյունային ուղեկցման հաճախամոդուլված ռադիոազդանշանների ու համապատասխան կրող հաճախություններով ճառագայթվում (էլեկտրամագնիսական տատանումների ձևով) շրջակա տարածություն։ Ճառագայթված տատանումները հասնում են ընդունող հեռուստատեսային անտենային, դրա միջոցով կերպափոխվում ռադիոազդանշանների (բարձր հաճախության հոսանքների ձևով), որոնք համառանցք կաբելով տրվում են Հ-ի մուտքին, որտեղ ուժեղացվում և կերպափոխվում են պատկերի ու հնչյունի։
Հեռուստատեսային հաղորդումն իրականացնում են մետրային և դեցիմետրային ալիքների, այսինքն՝ գերկարճալիքային (ԳԿԱ) ընդգրկույթներում։ Հաճախությունների այն շերտը, որը հատկացվում է մեկ հեռոատահաղորդումային ծրագրի պատկերի ու հնչյունային ուղեկցման ռադիոազդանշանների հաղորդման համար, կոչվում է հեռուստատեսային անցուղի։ Մետրային ալիքների ընդգրկույթում այդպիսի անցուղիները 12 են, դեցիմետրային ալիքների ընդգրկույթում՝ 40-ից ավելի։
Արբանյակային հեռուստատեսությունն իրականացվում է Երկրի արհեստական արբանյակների վրա տեղակայված հեռուստակայանների միջոցով։ Արբանյակային հեռուստածրագրերն ընդունելու համար պահանջվում են անտենաներից և ընդունիչ սարքերից կազմված հատուկ սարքավորումներ։ Անտենան «հավաքում է» ռադիոազդանշաններ, ուժեղացնում և հաղորդում ընդունիչ սարքին։ Վերջինս ռադիոազդանշանները ձևափոխում է այնպես, որ սովորական հեռուստացույցը դրանք վերծանի։ Հայաստանում կարելի է ընդունել եվրոպական երկրների համար աշխատող համարյա բոլոր արբանյակների ազդանշանները։
Գունավոր պատկերման Հ-ի տիպային կառուցվածքային սխեման բերված է նկարում, սև-սպիտակ պատկերման Հ-ներում նկարի ստվերագծված բլոկներն ու հանգույցները չեն օգտագործվում։
Հեռուստահաղորդումների վստահ ընդունման գոտին:
ԳԿԱ ընդգրկույթում հեռուստատեսային հաղորդումների ընդունման հնարավորությունը որոշվում է հաղորդող և ընդունող անտենաների միջև ուղիղ տեսանելիության առկայությամբ, որը կախված է հաղորդող անտենային տեղակայման հեռուստատեսային աշտարակի, ընդունող անտենային կախոցի բարձրությունից, ինչպես նաև տեղական պայմաններից (տեղանքից, կառուցապատման բնույթից, ռադիոընդունման խանգարումների առկայությունից)։ Հեռուստատեսային ռադիոհաղորդիչ կայանների ազդանշանների վստահ ընդունման գոտու շառավիղը, որպես կանոն, մի քանի տասնյակ կմ է։ Հ. արտադրող բոլոր գործարանները երաշխավորում են պատկերի, հնչյունային ուղեկցման նորմալ որակ և ապարատի հուսալի աշխատանք միայն այն դեպքում, եթե այն տեղակայվում է հեռուստահաղորդումների վստահ ընդունման գոտում և ճիշտ է շահագործվում։ Այս պայմանների ապահովման դեպքում արտադրող ձեռնարկությունները պարտավորվում են նաև Հ. գնելուց հետո որոշակի ժամանակի ընթացքում (1-2 տարի) անվճար վերացնել սխեմայի կամ արտադրական թերությունների հետևանքով առաջացած անսարքություններն ու խափանումները։
Ինչ պետք է հաշվի առնել հեռուստացույց գնելիս։
Արդի Հ-ներն արտադրվում են տրանզիստորների և ինտեգրալային միկրոսխեմաների հիման վրա։ Հ-ների մոդելներում կիրառվում է ծրագրերի սենսորային փոխարկում։ Ժամանակակից մոդելներն ունեն սնման իմպուլսային աղբյուր՝ նախկինում կիրառվող ուժային տրանսֆորմատորով սարքվածքի փոխարեն։ Թողարկվում են 16, 25, 32, 40, 51, 61 և 67, 72, 117 սմ և այլ չափերի (ըստ անկյունագծի) էկրանով Հ-ներ։
Հեռուստացույցի կարևորագույն բնութագրերը։
Հեռուստացույցի զգայունությանը, որն արտահայտվում է միկրովոլտերով, որոշվում է վստահ ընդունման համար անհրաժեշտ ռադիոազդանշանի նվազագույն մուտքային լարումով։ Որքան փոքր է այդ լարումը, այնքան բարձր է զգայունությունը և, հետևաբար, այնքան ավելի մեծ հեռավորություններից է հնարավոր ընդունել հեռուստահաղորդումները։ Մոտավորապես 50 մկՎ զգայունության արտաքին լավ անտենայով Հ. ապահովում է հզոր կայանի ազդանշանների ընդունումը 60-70 կմ հեռավորությունից։
Պատկերի հստակությունը գնահատվում է հեռուստատեսային փորձաղյուսակով, որը պարունակում է Հ-ի կարգավորման և ընդունվող պատկերի պարամետրերի (չափեր, լուծունակություն, աստիճանավորման աղավաղումներ, տեսածրման զգայունություն, կրկնական պատկերների ինտենսիվություն, տողընդմեջ տեսածրման որակ ևն) գնահատման համար անհրաժեշտ տարրեր։ Գունավոր պատկերի որակի ստուգման հեռուստատեսային փորձաղյուսակը լրացուցիչ պարունակում է գունավերարտադրության ճշգրտությունը, գունային հստակությունը, սպիտակ գույնի հաշվեկշիռը և այլ պարամետրեր հսկելու տարրեր։
Ձայնական բնութագրեր։ Հ-ի ձայնական համակարգով վերարտադրվող ձայնային հաճախությունների շերտը և այդ համակարգով ստեղծվող ձայնային հզորությունը որոշում են ձայնի վերարտադրության որակը։ Ականջով ընկալվող ձայնային հաճախությունների ընդգրկույթն ընկած է 16 Հց-ից մինչև 18000 Հց սահմաններում։ Այդ ընդգրկույթի որքան ավելի մեծ մասն է զբաղեցնում Հ-ի ձայնական համակարգով վերարտադրվող հաճախությունների շերտը, այնքան բարձր է հնչողության որակը։
Տարբեր մոդելների ամրակայված Հ-ներն սպառում են 30 Վտ-ից մինչև 250 Վտ հզորություն։
Կինեսկոպ. պատկերացույց։ Սև-սպիտակ կինեսկոպում պատկերը վերարտադրվում է հետևյալ կերպ (նկ. 1). էլեկտրոնային լուսարձակով ձևավորվող էլեկտրոնային ճառագայթը, հեռուստատեսային տեսածրման օգնությամբ, լյումինեսցենտային էկրանի վրա ստեղծում է որոշակի թվով հավասարաչափ լուսարձակող գծեր կամ տողեր (հեռուստատեսային պատկերացանց)։ Լուսարձակի մոդուլարարին պայծառության ազդանշան տալիս էլեկտրոնային ճառագայթի ինտենսիվությունը փոխվում է, ընդ որում էկրանի տարբեր կետերի պայծառության տարածական բաշխումը համապատասխանում է հաղորդվող տեսարանի պայծառության բաշխմանը։ Գունավոր կինեսկոպը (նկ. 2) պարունակում է էլեկտրոնային 3 լուսարձակ և 3 տեսակի լուսակիրներից (կարմիր, կանաչ և կապույտ լուսարձակման) բաղկացած խճանկարային էկրան։ Էլեկտրոնային ճառագայթներից յուրաքանչյուրը, տեսածրման ընթացքում տողանցելով էկրանը, գրգռում է լուսակրի տեսակներից մեկը և էկրանին ստեղծում միագույն պատկեր։ 3 միագույն՝ կարմիր, կանաչ և կապույտ պատկերները միասին ստեղծում են արդյունարար գունավոր պատկերը։ Խճանկարային էկրանով գունավոր կինեսկոպում էլեկտրոնային լուսարձակները տեղադրվում են հավասարակողմ եռանկյան գագաթներում (այսպես կոչված, դելտայաձև դասավորություն)։
Մի այլ կառուցվածքի գունավոր կինեսկոպում էլեկտրոնային լուսարձակների առանցքները դասավորվում են մի հորիզոնական հարթության մեջ (համահարթ դասավորություն), իսկ գունաբաժան քողարկի անցքերն ունեն ուղղաձիգ ճեղքերի ձև։ Նրբագծային էկրանով գունավոր կինեսկոպների առավելություններից են էկրանի լուսարձակման մեծ պայծառությունը՝ ճեղքային քողարկի մեծ թափանցիկության հաշվին, գույնի մաքրությունը և կինեսկոպի աշխատանքի վրա Երկրի մագնիսական դաշտի և արտաքին այլ մագնիսական դաշտերի աննշան ազդեցությունը։
Նմանակաթվանշանային և թվանշանային Հ-ները բնութագրվում են տեխնիկատնտեսական բարձր ցուցանիշներով, շահագործական ժամկետում (օրինակ, 10 տարի՝ օրական 10-15 ժամյա աշխատանքի դեպքում) անխափան աշխատանք, պատկերի և ծավալահնչական ձայնի համատեղում, զանազան սարքավորումների (տեսամագնիտոֆոն, հեռուստատեսային խաղերի կցուրդ, սկավառակային տեսանվագարկիչ, տնային անհատական համակարգիչ, ծրագրային կառավարման թայմեր, կապի երկրաստացիոնար արբանյակից և կապի կաբելային համակարգից հեռուստատեսային ծրագրերի անմիջական ընդունման կցուրդներ ևն), տեսաինֆորմացիոն համակարգերի համար (օրինակ, Տելետեքստ և Վիդեոտեքստ տեղեկատվական համակարգից, տվյալների բանկից, հեռուստատեսային և ուսումնական ծրագրերի բանկից տեղեկություններ ստանալու համար) Հ. որպես տերմինալ օգտագործում։ «Պատկեր պատկերի մեջ» համակարգով հանդերձված Հ-ով կարելի է միաժամանակ 2 հաղորդում դիտել (այսպես, օրինակ, դիտել կինոնկար և հետևել ֆուտբոլի մրցամարտին)։ 100 Հց հաճախականությամբ և թվանշանային տեսածրումով Հ-ներում լիովին վերացված է կինեսկոպի պատկերի առկայծումը և էկրանի պատկերը կայուն է ինչպես թափանցապատկերը (սլայդը)։
Անվտանգության կանոնները հեռուստացույց օգտագործելիս։ Հ-ում ստեղծվում են վտանգավոր էլեկտրական բարձր լարումներ, որոնք հասնում են մի քանի տասնյակ հազար վոլտի։ Այդ պատճառով բոլոր Հ-ներում ներքին հավաքակցվածքը հետևից փակված է հատուկ բլոկավորվածք ունեցող հանովի պատով։ Այն հանելիս, բլոկավորվածքը խզում է սնման շղթան, և Հ. անջատվում է։ Բարձր լարման տակ գտնվող մանրամասերին պատահականորեն դիպչելիս առաջացող դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով Հ-ի հետևի պատը պետք է միշտ փակ լինի։ Չի կարելի ինքնուրույն զննել ու նորոգել միացրած Հ., երբ հետևի պատը հանված է և բլոկավորվածքը միացված է ուղղակիորեն։
Ինչպես տեղակայել հեռուստացույցը։ Գնված Հ. անհրաժեշտ է տեղափոխել գործարանային փաթեթավորման արկղով, զգուշորեն պահպանելով ցնցումներից ու հարվածներից, որոնք կարող են վնասել կինեսկոպը, լամպերն ու այլ մանրամասներ։ Ձմռանը, նախքան Հ. արկղից հանելը, հարկավոր է այն մինչև 6 ժամ պահել տաք սենյակում՝ միացման ժամանակ մանրամասների մեկուսապատվածքի ծակման պատճառով առաջացող վնասվածքներից խուսափելու համար։
Ամենից լավ է Հ. տեղադրել 0,7-1,0 մ բարձրության հատուկ հենարանի (պատվանդանի) վրա։ Հ-ի էկրանը պետք է գտնվի մոտավորապես նստած հեռուստադիտողների աչքերի մակարդակի բարձրությամբ։ Հ. չպետք է դնել վառարանների, ջեռուցիչ սարքերի, խոնավ պատերի, ինչպես նաև լուսամուտների մոտ։ Խորհուրդ չի տրվում Հ. դնել լուսամատի կամ լուսավորության պայծառ աղբյուրների դիմաց։
Գունավոր Հ. չպետք է մոտիկ լինի արտաքին մագնիսական դաշտերի աղբյուրների (ջեռուցման մարտկոցներ, շենքերի մետաղական կառուցատարրեր, էլեկտրամագնիսական համակարգերով կայանքներ), որովհետև այդ դաշտերը կարող են խախտել գույնի մաքրությունը։
Ցանցի լարման փոխարկիչը և Հ-ի ապահովիչները պետք է դնել ցանցի լարմանը համապատասխան։ Հ. կանոնավոր է աշխատում, երբ ցանցի լարումն անվանական արժեքից տարբերվում է ոչ ավելի, քան +5 % և -10 %: Եթե ցանցի լարման տատանումները դուրս են գալիս այդ սահմաններից, հարկավոր է օգտագործել լարման կայունարար (տես Կայունարար լարման) կամ կարգավորիչ։ Ցանցում լարման կտրուկ փոփոխությունների և հաճախության աննշան տատանումների դեպքում (ինչը տեղի ունի կենտրոնացված էներգիական համակարգերին միացված ցանցերում) գերադասելի է լարման ավտոմատ կայունարարը։
Ընդունման լավ որակ ապահովելու համար մեծ նշանակություն ունի Հ-ի անտենան: Ամենալավ արդյունք ստացվում է արտաքին անտենաներով, որոնք թույլ են տալիս տեղակայման բավարար բարձրության դեպքում ընդունել հզոր կայանների ազդանշանները 70-80 կմ հեռավորությունից։
Կայանից 15-20 կմ հեռավորության և Հ-ի 50-200 մկՎ զգայունության դեպքում կարելի է օգտագործել սենյակի անտենա։ Այն Հ-ի մուտքի բնին միացնում են բարձրհաճախային համառանցք կաբելից պատրաստված միացնող ֆիդերով, որն ապահովում է պատկերի լավ որակ և նվազեցնում տարբեր խանգարումների մակարդակը։ Առավել արդյունավետ են 750 մ ալիքային դիմադրությամբ և ազդանշանի փոքր տեսակարար մարումով (դԲ/մ) համառանցք կաբելները։ Անտենան ֆիդերին միացվում է հատուկ սարքվածքների օգնությամբ, որոնց նկարագրությունը տրված է Հ-ի շահագործման բացատրագրում, ինչպես նաև հեռուստադիտողների համար թողարկվող գրքերում և բրոշյուրներում։
Հեռուստացույցի համալարքը։ Հ-ից օգտվելու կանոնները և միացման ու անջատման կարգը հարկավոր է ուսումնասիրել Հ-ի հետ տրվող բացատրագրով։ Խորհուրդ է տրվում Հ. համալարել հեռուստատեսային փորձաղյուսակով, որը հաղորդվում է հեռուստատեսային բոլոր կայաններով, հաղորդումներն սկսվելուց 15 րոպե առաջ և ցերեկվա ժամերին ըստ հատուկ ժամացուցակի։ Աղյուսակով Հ-ի կարգավորման եղանակը շարադրված է բացատրագրում։
Գունավոր հեռուստատեսային պատկերի համալարումն ու որակի գնահատումը կատարում են համապիտանի էլեկտրական փորձաղյուսակով, որը հաղորդվում է գունավոր պատկերների ռադիոազդանշաններ ճառագայթող ռադիոկայաններով։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պատկերի ոչ ամեն մի աղավաղում կարելի է որոշել փորձաղյուսակով ու վերացնել Հ-ի համալարքի արտաքին հանգույցներով։ Աղավաղումների որոշ տեսակներ առաջանում են անտենայի անսարքության կամ սխալ տեղակայման, ցանցի լարման զգալի փոփոխությունների պատճառով, ինչպես նաև Հ-ի կինեսկոպի, կիսահաղորդչային սարքերի և սխեմայի այլ տարրերի անսարքությունների դեպքում։
Խանգարումներ հեռուստատեսային հաղորդումների ընդունման ժամանակ։ Խանգարումները նվազեցնելու եղանակները։ Հեռուստատեսային պատկերի ընդունման որակը կախված է ոչ միայն ազդանշանի մեծությունից, այլև խանգարող ազդանշանների (խանգարումների) առկայությունից, որոնք Հ. են թափանցում ընդունող անտենայից օգտակար ազդանշանի հետ։ Խանգարումների պատճառով պատկերը կարող է ժամանակ առ ժամանակ անհետանալ, մթագնել, ծածկվել «ցանցով» և վազող կամ անշարժ գծիկներով, «ճապաղվել», «երկվանալ» ևն։ Խանգարումների աղբյուր կարող են լինել գործող ռադիոկայանները, արդյունաբերական բարձրահաճախային կայանքները, էլեկտրաեռակցման ապարատները, կենցաղային էլեկտրասարքերը (զանգ, փոշեծուծ), էլեկտրատրանսպորտը, ավտոտրանսպորտային միջոցների վառոցքի համակարգերը։
Կայծը և վառոցքը խանգարումներ են առաջացնում սովորաբար ոչ մեծ հեռավորությունից։ Դրանք վերացնելու համար բավական է անտենան հեռացնել խանգարումների աղբյուրից կամ կիրառել համառանցք կաբել։ Աշխատող ռադիո- կամ էլեկտրակայանքներից առաջացող կանոնավոր խանգարումները վերացնում են կիրառելով ուղղորդված անտենա կամ տեղադրելով հատուկ խանգարումներ ճնշող զտիչներ (դրանք պետք է ընտրի մասնագետը)։ Բազմաուրվագծության տիպի խանգարումները (ամենից հաճախ պատկերի «երկվացում» կամ «ճապաղում») սովորաբար ծագում են անտենայի անհաջող տեղակայման հետևանքով (անտենան այդ դեպքում ընդունում է ոչ միայն հեռուստակենտրոնից եկող ուղիղ, այլև մոտակայքում գտնվող բարձր շենքերից, գործարանների խողովակներից, էստակադներից, կամուրջներից անդրադարձող ազդանշանները) կամ չէկրանավորված ֆիդերի և Հ-ի մուտքի վատ համաձայնեցման դեպքում։ Սենյակի անտենա օգտագործելիս նման աղավաղումներ ավելի հաճախ են դիտվում։ Դրանք նվազեցնելու համար հարկավոր է անտենան պտտել ուղղաձիգ առանցքի շուրջը կամ դիրքը փոխել։
Չէկրանավորված ֆիդերի կիրառման պատճառով առաջացող «երկվացումը» վերացնում են սովորական հաղորդալարը փոխարինելով համառանցք կաբելով, իսկ ֆիդերի անհամաձանեցվածությունը անտենայի բնի մոտ ֆիդերին միացվող օղակով, որը բաղկացած է մոտավորապես 1-2 մ երկարությամբ երկջիղ հաղորդալարից, վերջինիս երկու ծայրերը միացվում են համապատասխանաբար ֆիդերի ջիղին ու հյուսապատվածքին, իսկ մյուս երկու ծայրերը իրար (կարճ միացում)։ Կարճ միացման տեղն ընտրվում է Հ-ի աշխատանքի ժամանակ փորձնական ճանապարհով, ածելու սայրի օգնությամբ, որով կտրում են հաղորդալարի մեկուսապատվածքը տարբեր տեղերում և կարճ միացնում ջղերը, կամ երկու գնդասեղ խրելով հաղորդիչի մեջ, հպում են դրանք միմյանց։
Մուգ հորիզոնական շերտերի տեսքով խանգարումները, որոնք երևան են գալիս հաղորդման ձայնի բարձրության փոփոխությանը համատակտ, պետք է վերացնեն միայն հեռուստատեսային արհեստանոցի մասնագետները։
Հեռուստացույցի նորոգումը։ Հ-ում հավաքակցված են տասնյակ էլեկտրոնային լամպեր և կիսահաղորդչային սարքեր, հարյուրավոր դիմադրատարրեր, կոնդենսատորներ, հաղորդաշղթաներ, տրանսֆորմատորներ, փոխարկիչներ, վահաններ և այլ մանրամասներ։ Ուստի միայն որակյալ մասնագետը կարող է հայտնաբերել առաջ եկած անսարքությունն ու նորոգել Հ.։ Սակայն պարզագույն անսարքությունները, որոնց պատճառը գլխավորապես առանձին էլեկտրոնային լամպերի, ապահովիչների կամ մի քանի այլ մանրամասների շարքից դուրս գալն է, կարող է վերացնել Հ-ի տերը։
Հեռուստացույցի օգտագործումը։ Խորհուրդ չի տրվում թողնել առանց հսկողության ցանցին միացված Հ., որովհետև դա հանգեցնում է լամպերի, կինեսկոպի և այլ մանրամասների չարդարացված մաշմանը և ժամանակին չնկատված անսարքության պատճառով կարող է լուրջ վնասվածք առաջ բերել։ Չի կարելի օգտվել ինքնաշեն ապահովիչներից և միացնել Հ. այն ցանցին, որի լարումը գերազանցում է անվանական լարումը 5 %-ից ավելի։ Նման դեպքերում կվնասվեն մանրամասների էլեկտրական մեկուսապատվածքը, արագ շարքից դուրս կգան կինեսկոպը և այլ բաղադրիչներ։
Հ-ի ներսի փոշին չի կարելի սրբել թաց շորով՝ դա կարող է հանգեցնել էլեկտրական մեկուսացման խախտմանը և մանրամասների վնասմանը։ Փոշին պետք է հեռացնել տարին 1-2 անգամ փոշեծուծով և փափուկ խոզանակով, փետրավելով կամ բենզինի մեջ թեթևակի, թրջած փափուկ շորով։
Պետք չէ մեծ ճիգ գործադրել համալարքի բռնակները պտտելիս, սարքին բռնակները պտտվում են թեթև ու սահուն։ Չի կարելի պտտել կոճերի միջուկներն ու կարգաբերման պտուտակները, որովհետև դա խախտում է համալարքը և շարքից հանում Հ.։
Խորհուրդ չի տրվում Հ-ից օգտվել ամպրոպի ժամանակ, արտաքին անտենան ամպրոպի ժամանակ անհրաժեշտ է հողակցել։ Հաղորդումները դիտելուց հետո հարկավոր է անջատել ոչ միայն Հ., այլև լարման կայունարարը կամ կարգավորիչը (եթե դրանք կիրառվում են)։
Հեռուստատեսային հաղորդումներն իրենց յուրօրինակ առանձնահատկությունների (ինֆորմացիայի բազմազանություն և ակներևություն, ցանկացած հեռավորության ու սահմանների «հաղթահարում», գործողության դինամիկություն և հատկապես «ներկայության» զգացում) շնորհիվ կարող են հուզական և հոգեբանական մեծ ազդեցություն ունենալ, հատկապես երեխաների ու դեռահասների վրա, որոնց օրգանիզմն ու անհատականությունը դեռևս չեն ձևավորվել։ Եթե հեռուստատեսային հաղորդումները դիտում են առանց անհրաժեշտ ընտրության կամ պարզապես մեկը մյուսի հետևից (ինչը հաճախ է լինում), առանց հաշվի առնելու ընտանիքի անդամների կազմը, նրանց տարիքը, զարգացման մակարդակը, առողջական վիճակը, ինչպես նաև ընտանիքի բնակարանային պայմանները, ապա օգուտի փոխարեն Հ. կարող է վնաս պատճառել խանգարելով մեծահասակների և երեխաների ուսմանն ու ինքնուրույն ընթերցանությանը, կրճատելով սպորտով զբաղվելու և մաքուր օդում լինելու ժամանակը, սահմանափակելով հանգիստը, ծանրաբեռնելով նյարդային համակարգը։ Հատկապես խիստ պետք է սահմանել երեխաների «հեռուստատեսային ռեժիմը»։ Բժիշկների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ հեռուստատեսային հաղորդումների ամենօրյա դիտման թույլատրելի տևողությունը նախադպրոցականների (3-6 տարեկան) համար 40 րոպե է, ցածր դպրոցական տարիքի (7-10 տարեկան) համար՝ 1 ժամ, միջին դպրոցական տարիքի (11-14 տարեկան) համար՝ 1,5 ժամ, բարձր դպրոցական տարիքի (15-16 տարեկան) համար՝ 2 ժամ, մեծահասակների համար՝ 3-3,5 ժամ։ Հ. հարկավոր է դիտել խելամտորեն՝ չխախտելով աշխատանքի ու հանգստի ճիշտ ռեժիմը և նախօրոք ընտրելով այն հաղորդումները, որոնք համապատասխանում են ընտանիքի անդամների ցանկություններին ու ճաշակին և օգտակար են նրանց։
Հեռուստահաղորդումներ դիտելիս աչքերի գերհոգնածությունը կանխելու համար հարկավոր է մշտապես հետևել, որ Հ. սարքին լինի և ճիշտ համալարված։ Հեռուստահաղորդումները հարկավոր է դիտել աթոռին կամ հարմարավետ բազկաթոռին ազատ նստած, բայց ոչ պառկած։ Էկրանի միջնամասը պետք է լինի նստած հեռուստադիտողի աչքերի մակարդակի բարձրությամբ։ Խորհուրդ է տրվում Հ-ի էկրանի առջև նստել դրանից մոտավորապես էկրանի անկյունագծի քառակի չափի հեռավորությամբ։ Հեռուստահաղորդումները հարկավոր է դիտել կիսախավարի մեջ, որովհետև լրիվ մթության դեպքում, պայծառ էկրանի և մութ ֆոնի խիստ հակադրության պատճառով աչքերն ավելի շուտ են հոգնում, իսկ պայծառ լույսի դեպքում նվազում է տեսանելի ցայտունությունը և աչքերը գերլարվում են։