Jump to content

ՏՏՀ/Սմբուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍՄԲՈՒԿ, բադրիջան, պորինջան, մանծակ, Հայաստանում մշակվող լավագույն սորտերն են՝ Երևանի 3, Երևանի տեղական, Հիբրիդ 43 ևն։ Սննդի մեջ օգտագործում են զարգացած, բայց ոչ գերհասուն, մանր և ոչ կոպիտ սերմերով, նուրբ պտղամսով ու չկոպտացած կեղևով պտուղները։ Դրանք պարունակում են շաքար, սպիտակուցային նյութեր, հանքային աղեր, 5 մգ % C վիտամին։ Ս-ից կարելի է պատրաստել համեղ և սննդարար տարբեր կերակուրներ, բանջարախորտիկներ (խավիար, շոգեխաշած և լցոնած մսի կամ կանաչեղենի խճողակով, տապակած, թթու դրած ևն), մսով կերակուրների համեմունքներ և սոուսներ, մուրաբա ևն։

Ս-ի մշակության մասին տես Բանջարանոց հոդվածում։ Տես նաև Բանջարեղեն:

Ս-ի խավիար. Ս., տաքդեղը (կարելի է նաև չխորովել) խորովել, մաքրել, աղալ մսաղացով և լցնել աղացած և ձեթով տապակած սոխի վրա, եփել մարմանդ կրակով։ Լոլիկը լվանալ, անցկացնել մաղով կամ աղալ մսաղացով, ստացված հյութը եփել մինչև մի քիչ թանձրանալը և ավելացնել եփվող խառնուրդին։ Պատրաստ լինելուց 1 ժամ առաջ ավելացնել մանր կտրտած մաղադանոս, աղ, դափնու տերև։ Լցնել մանրէազերծած ապակե ամանների մեջ և կափարիչով փակել։

5 կգ Ս-ին՝ 3 կգ սոխ, 3 կգ տաքդեղ (1,5-ական կգ կանաչ և կարմիր), 0,6 լիտր ձեթ, 4-5 կգ լոլիկ (կարելի է 800-1000 գ տոմատի մածուկ), 2 կապ մաղադանոս, 6-8 դափնու տերև, աղը՝ ըստ ճաշակի։

Ս. ընկույզով. Ս. խորովել, մաքրել, մանր կտրտել, աղ ցանել։ Ընկույզն աղալ մսաղացով, ավելացնել ծեծած սխտոր, քացախ (ցանկալի է գինու) և խառնել Ս-ի զանգվածին։ Մատուցել սառը, վրան կտրտել մաղադանոս։

2 կգ Ս-ին՝ 1 բաժակ ընկույզ, 1 գլուխ սխտոր, 1 օղու բաժակ քացախ, աղը և կանաչին՝ ըստ ճաշակի։