Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Վիեննայի Կոնգրեսի (1814-15) ղեկավարներից ու Սրբազան դաշինքի (1815) կազմակերպիչներից էր։ Նրա օրոք Ռուսաստանին միացվեցին Վրաստանը, Լոռին (1801), Ֆինլանդիան (1809), Բեսարաբիան (1812), Ադրբեջանը և Արևելյան Հայաստանի մի մասը (1813)։ Ա–ի հանկարծակի մահը [1825-ի նոյեմբ. 19 (դեկտ. 1)–ին, Տագանրոգում] ծնունդ տվեց մի առասպելի, ըստ որի, նա իբր թաքնվել էր Սիբիրում՝ ծերուկ Ֆեոդոր Կուզմիչի անունով։

ԱԼԵՔՍԱՆԴՐ II (1818–1881), ռուսական կայսր (1855-ից)։ Նիկոլայ I ավագ որդին։ Ծնվել է ապրիլի 17(29)–ին։ Քաղաքական հայացքներով պահպանողական էր, սակայն երկրի տնտեսական զարգացման ընթացքը, պարտությունը 1853–56-ին Ղրիմի պատերազմում, հասարակական ընդվզումները և հեղափոխական շարժման աշխուժացումը հարկադրեցին նրան մի շարք բուրժ. բարենորոգումներ անցկացնել։ Դրանցից առավել կարևորը 1861-ի գյուղացիական ռեֆորմն էր, որով վերևից վերացվեց ճորտատիրությունը և ուղի հարթվեց Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման համար։ 1863–64-ին լեհական ապստամբության ճնշումից հետո հեղափոխական շարժման մեջ սկսված տեղատվությունը Ա–ին հնարավորություն ընձեռեց անցնելու բռնության ու հալածանքների քաղաքականության։ Որպես պատրվակ ծառայեց Դ. Կարակոզովի մահափորձը Ա–ի դեմ՝ 1866-ի ապրիլի 4-ին։

Հեղափոխական շարժման դեմ պայքարելու նպատակով Ա. 1880-ին ստեղծեց Գերագույն կարգադրիչ հանձնաժողով՝ լիբերալի համբավ վայելող Մ. Տ. Լոռիս–Մելիքովի գլխավորությամբ, որը բռնությունների հետ մեկտեղ նախատեսում էր իրականացնել որոշ բարենորոգումներ։ Արտաքին քաղաքականության մեջ Ա. գերմանական կողմնորոշում ուներ։ Նա մեծ տեղ էր տալիս Արևելյան հարցին՝ ձգտելով վերանայել տալ 1856-ի Փարիզի հաշտության պայմանագիրը։ Բալկաններում ամրանալու նպատակով 1877-ին պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ, որի հետևանքը եղավ Բուլղարիայի ազատագրումը թուրքական լծից։ Ա–ի օրոք Ռուսաստանին միացվեցին Կարսը, Արդահանը, Բաթումը, Միջին Ասիայի զգալի մասը, Հեռավոր Արևելքի մի շարք շրջաններ։ Կարսի և Արդահանի գրավման շնորհիվ թուրքական լծից ազատագրվեց այդ շրջանների հայ բնակչությունը։ Ա. սպանվեց մարտի 1(13)–ին, Պետերբուրգում, նարոդովոլականների դատավճռով՝ Ի. Ի. Գրինևիցկու նետած ռումբից։


ԱԼԵՔՍԱՆԴՐ III (1845-1894), ռուսական կայսր (1881-ից)։ Ալեքսանդր II որդին։ Ծնվել է փետրվարի 26(մարտի 10)–ին։ Դաստիարակվել է իր ապագա խորհրդատու, ծայրահեղ հետադիմական Կ. Պ. Պոբեդոնոսցևի մոտ։ Ամբողջ կյանքում նրան հետապնդել է իր հոր բախտին արժանանալու՝ մահափորձի զոհ դառնալու սարսափը և գրեթե դուրս չի եկել Գատչինայի պալատից («Գատչինայի կալանավոր»)։ Հեղափոխական իրավիճակն Ա–ին հարկադրեց 1880-ական թթ. առաջին կեսին անցկացնել մի շարք բարենորոգումներ (գլխահարկի վերացում ևն), սակայն հետագայում իրագործեց, այսպես կոչված, հակաբարենորոգումներ (զեմստվային և քաղաքապետական կանոնադրության վերանայում ևն)։ Ա–ի ներքին քաղաքականությանը բնորոշ էր ծայրահեղ ազգայնամոլությունը (հրեական ջարդեր, լեհերի, ֆինների, հայերի հալածանքներ)։ Արտաքին քաղաքականության մեջ շատ զգույշ էր, խուսափում էր պատերազմներից, վարում Ֆրանսիայի հետ մերձենալու գիծ (որի արդյունքն էր 1891–93-ի Ֆրանս–ռուսական դաշինքը)՝ հետզհետե վատթարացնելով ռուս–գերմանական հարաբերությունները։ Մահացել է հոկտ. 20(նոյեմբ.1)–ին։


ԱԼԵՔՍԱՆԴՐ I ԿԱՐԱԳԵՈՐԳԻԵՎԻՉ (1888–1934), Հարավսլավիայի թագավոր 1921-ից։ Ծնվել է դեկտեմբերի 17-ին։ 1929-ի հունվ. 6-ի պետ. հեղաշրջումով հաստատեց միապետական դիկտատուրա։ Արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվում էր դեպի Ֆրանսիան։ Սպանվել է Մարսելում, 1934-ի հոկտ. 9-ին, Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Լ. Բարտուի հետ, ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի գործակալ հորվաթ տեռորիստի ձեռքով։


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՌԱՋԻՆԻ ԵՐԿԻՐ, Անտարկտիկական թերակղզու հարավ–արևմտյան մասը Անտարկտիդայում։ Երկարությունը մոտ 400 կմ է, լայնությունը՝ մոտ 200 կմ։ Ներքին մասը բարձրադիր սառցային սարավանդ է (Ստիվենսոն լ., 2987 մ)։ Հայտնագործել է Ֆ. Ֆ. Բելինսգաուզենի և Ս. Պ. Լազարևի արշավախումբը (1821)։


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱՐԵՊԱՇՏ (ծն.թ. անհտ – 1432), մոլդավական հոսպոդար (1400-ից)։ Ա. Բ–ի ներքին քաղաքականությունն ընթացել է պետությունը կենտրոնացնելու, կենտրոնախույս ուժերը (խոշոր ավատատերերին և եկեղեցուն) հնազանդեցնելու, երկիրը հզորացնելու ուղղությամբ։ Հենվելով բանակի և քաղաքային բնակչության վրա՝ Ա.Բ. իր իշխանության սահմաններն ընդարձակեց դեպի Սև ծով, միավորեց Բուջակը (Բեսարաբիայի հարավային մասը)՝ Քիլիա և Աքքերման քաղաքներով, հաջողությամբ պաշտպանեց երկրի անկախությունը։ Քաղաքների և երկրի զարգացումը խթանելու համար Լեհաստանից Մոլդավիա հրավիրեց հայ վաճառականների, մաքսից ազատեց նրանց, նվազեցրեց հարկերը և թույլ տվեց մշտապես բնակվել Մոլդավիայում (1407-ի հոկտ. 8-ի հրովարտակով)։ Սոլդավիայի քաղաքներում բնակություն հաստատեց շուրջ 3000 հայ ընտանիք։ 1401-ի հուլիսի 30-ի հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում հայերի համար հիմնեց եպիսկոպոսություն։ Ա. Բ–ի խրախուսող քաղաքականության շնորհիվ Մոլդավիայով անցնող Լվով–Չեռնովիցի–Սուչավա– Յասսի– Աքքերման առևտրական ուղին ձեռք բերեց միջազգային նշանակություն։

Գրկ.История Молдавской ССР т. 1, Кишинев, 1965, ст. 121-22.

Ա. Մակեդոնացի։


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ, Ալեքսանդր Մեծ (մ. թ. ա. 356–323), զորավար և պետական գործիչ, Մակեդոնիայի թագավոր՝ մ. թ. ա. 336-ից։ Փիլիպոս II Մակեդոնացու որդին։ Ծնվել է Պելլայում (Մակեդոնիա)։ Ա–ին կրթել և դաստիարակել է Արիստոտելը։ Ռազմական պատրաստությունն անցել է հոր ղեկավարությամբ։ Աչքի էր ընկնում համառ կամքով և քաջությամբ։ Հունական պոլիսների ազատագրական պայքարը ճնշելուց հետո, մ. թ. ա. 334-ի գարնանը Պարսկաստանի դեմ արշավանք սկսեց։ Հունա–մակեդոնական ստրկատերերը ձգտում էին տիրանալ Արևելքի երկրների հարստություններին, ձեռք բերել ստրուկների նոր աղբյուրներ։ Ա. Մ. արշավանքի ժամանակ կիրառեց պատերազմի ու մարտի նոր եղանակներ։ Նա պատերազմը վարում էր ոչ թե հույների «սեզոնային» ստրատեգիայով, այլ անընդմեջ, կլոր տարին։ Սովորաբար, քանակապես զիջելով թշնամուն, Ա. Մ. հմտորեն մանևրում էր, հեծելազորի ու ծանր հետևակի (փաղանգ) համագործակցությամբ հաջողության հասնում գլխավոր հարվածի ուղղությամբ։ Նրա բանակը կարգապահ էր և լավ մարզված։ Մ. թ. ա. 334-ին Ա. Մ–ու զորաբանակը (30000 հետևակ, 5000 հեծելազոր, 160 նավ) անցավ Հելլեսպոնտոսը (այժմ՝ Դարդանել) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնեց պարսիկներին։ Այնուհետև գրավեց Փոքր Ասիայի հունական քաղաքները, որոնք ձգտում էին ազատվել պարսկական լծից, և ինքնավարություն տվեց նրանց։ Մ. թ. ա. 333-ի աշնանը պարսից Դարեհ III թագավորը փորձեց ոչնչացնել հունա–մակեդոնական զորքերն Իսոս քաղաքի մոտ, բայց կրկին պարտվեց և փախավ։ 332-ին Ա. Մ., ընկճելով փյունիկյան Տյուրոս քաղաքի դիմադրությունը, գրավեց ծովափնյա բոլոր նավահանգիստները, որով պարսկական նավատորմը զրկեց հենակետերից և ապահովեց իր տիրապետությունը ծովում։ Մ. թ. .332–331-ի ձմռանը Ա. Մ. առանց դիմադրության գրավեց Եգիպտոսը։ Քրմերը նրան պաշտոնապես ճանաչեցին Եգիպտոսի թագավոր։ Նույն տարում մտավ Միջագետք և Տիգրիսի ափին՝ Գավգամելայի ճակատամարտում (տես Գավգամելայի ճակատամարտ մ. թ. ա. 331) ջախջախեց պարսիկներին, գրավեց Բաբելոնը և իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետնորդ։

Ա. Մ. Հայաստան չարշավեց և չնվաճեց այն, բայց Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանի սատրապ նշանակեց Միհրան անունով մի պարսիկի, որը, սակայն, չկարողացավ մտնել Հայաստան և պաշտոնավարել։ Երեք տարի անց Ա. Մ. Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս ուղարկեց Հայաստան՝ Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով, բայց հայերը վռնդեցին հունա–մակեդոնական զորքերին և ճակատամարտում սպա–