Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռագիրը (1802–28)՝ բաղկացած 16 տարբեր նյութերից, ուր կան բազմաթիվ ուշագրավ տեղեկություններ, փաստեր։ Համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը։ Ա. մահացել է Բուխարեստում։

Գրկ. Փափազյան Վրթ., Դրամին «Հավատամք»–ը, Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, ԿՊ, 1914, էջ 169-71։ Սիրունի Տ. Ճ., Գրիգոր Անուշ, «Նոր կյանք» (Բուխարեստ), 1969, 18 ապրիլի, № 15։

ԱՆՈՒՉԻՆ Դմիտրի Նիկոլաևիչ (1843–1923), սովետական մարդաբան, աշխարհագրագետ, հնէաբան, ազգագրագետ, ակադեմիկոս (1896)։ Ծնվել է օգոստոսի 27 (սեպտ. 8)–ին, Պետերբուրգում։ Ղեկավարել է Մոսկվայի համալսարանում առաջին անգամ ստեղծված աշխարհագրության ամբիոնը (1885–1923)։ Բնագիտության, մարդաբանություն և ազգագրություն սիրողների միության պրեզիդենտն էր (1890)։ Ա. ռուսական համալսարանական աշխարհագրագետների դպրոցի հիմնադիրն է։ Նրա գիտական գործանեությունն ընդգրկում է մարդաբանությունը, աշխարհագրության պատմությունը, աշխարհագրությունը, ցամաքի ձևաբանությունը, ջրաբանությունը (լճեր) ևն։ Մշակել է ընդհանուր և ռեգիոնալ աշխարհագրության բազմաթիվ բաժիններ, տվել Ռուսական (Արևելսա-Եվրոպական) հարթավայրի ռելիեֆի զարգացման գիտական վերլուծությունը։ Մասնակցել է մի շարք արշավախմբերի՝ Վոլգայի, Արևմտյան Դվինայի և Դնեպրի ակունքներն ուսումնասիրելու նպատակով։ Ա. հեղինակ է պատմության, աշխարհագրության պատմության բազմաթիվ գրքերի։ Հիմնադրել (1894) և մինչև կյանքի վերջը խմբագրել է «Զեմլեվեդենիե» («Землеведение») հանդեսը։ Մահացել է հունիսի 4-ին, Մոսկվայում։


ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ, ամինաթթուներ, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և մարդու ու կենդանու օրգանիզմ են մտնում սննդանյութերի հետ, պատրաստի վիճակում։ Ա. ա–ի բացակայությունից կամ պակասից առաջանում է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, աճի դանդաղում, ազոտային բացասական հաշվեկշիռ ևն։ Մարդկանց և կենդանիների համար Ա. ա. են՝ լիզինը, թրեոնինը, տրիպտոֆանը, մեթիոնինը, ֆենիլալանինը, լեյցինը, վալինը և իզոլեյցինը։ Արգինինը մասամբ է անփոխարինելի, քանի որ օրգանիզմում սինթեզվում է անբավարար քանակությամբ։ Մի շարք կենդանիների (առնետ, շուն, մուկ, հավի ճուտ) համար, բացի նշված ամինաթթուներից, անփոխարինելի են հիստիդինը, իսկ թռչունների համար նաև գլիցինն ու արգինինը։ Անփոխարինելի հասկացությունը որոշ չափով պայմանական է. օրինակ՝ ֆենիլալանինի բացակայությունից անփոխարինելի է դառնում նաև տիրոզինը։


ԱՆՓՈՓՈԽ ԳՆԵՐ (համադրելի կամ հաստատուն գներ), որևէ ժամանակաշրջանի կամ տարվա գներ, որ կիրառվում են արտադրանքի, ազգային եկամտի, ապրանքաշրջանառության, բնակչության եկամուտների, հիմնական ֆոնդերի և տնտեսական այլ կատեգորիաների ծավալի քանակական ցուցանիշների փոփոխաթյունը դրամական արտահայտությամբ որոշելու համար։ Ա. գ–ով հաշվարկումը ցույց է տալիս տնտեսական ցուցանիշների քանակական փոփոխությունը տևական ժամանակաշրջանում։ ՍՍՀՄ–ում պլանավորման և հաշվարկման առօրյայում գործածվել են տարբեր Ա. գ. (1926–27-ի, 1952-ի հունվ. 1-ի, 1955-ի հուլիսի 1-ի, 1967-ի հուլիսի 1-ի)։


ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ, պաշտոնատար անձի անտարբեր կամ անբարեխիղճ վերաբերմունքը, որի հետևանքով նա չի կատարել կամ պատշաճ կերպով չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները։ Ա. հանցագործություն է համարվում, երբ դրանով էական վնաս է հասցվում պետական, հասարակական շահերին կամ քաղաքացիների՝ օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին։


ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱ, գիտություն, որն ուսումնասիրում է քիմ. տարրերի և միացաթյունների հատկությունները՝ կախված ատոմների և մոլեկուլների կառուցվածքից (ածխածնի միացությունները, բացի մի քանի պարզերից, իրենց յուրահատկությունների և բազմազանության պատճառով ուսումնասիրվում են օրգանական քիմիայում): Զբաղվում է նաև քիմ. կապի, արժեքականության, ատոմների և մոլեկուլների կառուցվածքի հետազոամամբ, նոր նյութերի ստացման ու հատկությունների գիտական կանխատեսմամբ և տեխնիկայի պահանջները բավարարող (քիմիապես կայուն, ջերմակայուն ևն) նյութերի ստացման եղանակների մշակմամբ։

Մեթոդների և հետազոտվող օբյեկտների բազմազանության պատճառով Ա. ք. սերտորեն կապված է բնությունն ուսումնասիրող այլ գիտությունների (երկրաբանություն, երկրաքիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղաքիմիա ևն) հետ։ Ա. ք. օգտագործում է ֆիզիկայի, բյուրեղագիտության, վերլուծական քիմիայի, ֆիզիկական քիմիայի տեսական հիմունքները և փորձարարական եղանակները։ Ա. ք–ի ժամանակակից տեսության հիմքում ընկած են քվանտային տեսությունը, ալիքային մեխանիկան, ատոմի միջուկի տեսությունը, պարբերական օրենքը, մոլեկուլային օրբիտալների տեսությունը, կոորդինացիոն միացությունների տեսությունը, ինչպես նաև միացությունների տարածական կառուցվածքի, էլեկտրական և մագնիսական հատկությունների, կլանման և առաքման սպեկտրների ուսումնասիրությունները։

Առաջին հայտնագործություններն Ա. ք–ում կապված են մետաղագործական և բժշկական արվեստների հետ (տես Ալքիմիա և Քիմիա)։ Բազմաթիվ քիմ. տարրերի հայտնագործմանը զուգընթաց XVIII դ. ձևավորվեց քիմ. ռեակցիաների քանակական ուսումնասիրման եղանակը (Ա. Լավուազիե), ավելի ուշ մտցվեց արժեքականության հասկացությունը (Է. Ֆրնկլանդ, 1852) և ստեղծվեց արժեքականության ուսմունքը (Ա. Ֆ. Կեկուլե, Ու. Օդլինգ, Ա. Ջ. Վյուրց)։ Քիմ. միացությունների առաջացումը պայմանավորող առաջին օրենքները և ատոմական տեսությունը ձևակերպեց Ջ. Դալթոնը։ Ստեղծվեցին ուսումնասիրման նոր մեթոդներ և գործիքներ, կիրառվեցին, ֆիզիկայի օրենքները և սկզբունքները։ Տեսական և կիրառական քիմիայի զարգացման համար կարևոր դեր խաղացին պարբերական օրենքի և էլեկտրոնի հայտնաբերումը։ Պարբերական օրենքը և տարրերի պարբերական համակարգը (Դ. Ի. Մենդելեև, 1869) ամենախոշոր ընդհանրացումն էին քիմիայում, գիտականորեն դասակարգվեցին քիմ. տարրերը և նրանց առաջացրած միացությունները, քիմ. տարրերի հայտնագործումը դադարեց հետազոտաթյունների պատահական արդյունք լինելուց։ Ատոմի կառուցվածքի հայտնագործումը և նրա քվանտային տեսությունը (Ն. Բոր, 1913) հնարավոր դարձրին տարրերի և միացությունների բազմակողմանի և խոր ուսումնասիրումը։ Նոր իմաստ ստացան տարրերի պարբերական օրենքը և քիմ. կապի տեսությունը։ Ստեղծվեց արժեքականության էլեկտրոնային տեսությունը (Վ. Կոսել, 1915, Գ. Լյուիս, 1916)։ Միաժամանակ հայտնաբերվեցին միացաթյուններ (հիդրիդներ, կարբիդներ ևն), որոնցում ատոմների արժեքականությունը չէր բացատրվում արժեքականության դասական պատկերացումներով։ Արդեն գոյություն ունեցող կոորդինացիոն տեսության (Ա. Վեռներ, 1893) հիման վրա ձևավորվեց կոմպլեքսների քիմիան։ Բյուրեղներում ռենտգենյան ճառագայթների ինտերֆերենցիայի հայտնագործումը (1912) հնարավոր դարձրեց նյութերի քիմ. և ֆիզ. հատկությունները կապել նրանց կառուցվածքի հետ։ Հայտնաբերվեցին և ուսումնասիրվեցին փոփոխական բաղադրություն ունեցող նյութեր՝ ստեղծվեց ֆիզիկաքիմիական անալիզը (Ն. Կուռնակով)։ Արհեստական ռադիոակտիվության հայտնաբերման (1934) շնորհիվ ստացվեցին երկրի վրա չհայտնաբերված մի շարք տարրեր և իզոտոպներ, հայտնաբերվեցին պարբերական համակարգի դատարկ մնացած վանդակների տարրերը և ստացվեցին ուրանից հետո գտնվող տարրերը։ Քվանտային տեսության հիման վրա ստեղծվեց քվանտային քիմիան, խորացվեցին մոլեկուլի կառուցվածքի և քիմ. կապի հասկացությունները, փոխվեցին դասական պատկերացոլմները։ Ստեղծվեց Ա. ք–ի ժամանակակից տեսությունը, որն արժեքական կապերի փոխարեն ավելի հաճախ է օգտագործում մոլեկուլային օրբիտալների եղանակը (տես Քիմիական կապ

Ա. ք–ում լայնորեն կիրառվում են քիմ. հետազոտաթյունների հիմնական եղանակները՝ անալիզը և սինթեզը։ Միջու–