Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրկ. Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։ Avédissian O., Peintres et sculptures Arméniens, Le Caire 1959. Վ. Հարությունյան

ԱԴԱՄՅԱՆ Հայկ Ադամի (Փիլոսյան Հայկ, բանվոր Պողոս, 1878–1918), բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է Տրապիզոնում։ 1896-ին գաղթել է Ռուսաստան, աշխատել Բաթումի և Թիֆլիսի ձեռնարկություններում։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։ 1898-ին Գ. Ղարաջյանի, Մ. Մելիքյանի, Ա. Կախոյանի հետ Թիֆլիսում հիմնել է հայ բանվորների առաջին մարքսիստական խումբը, հրատարակել «Բանվոր» ձեռագիր թերթը։ 1901-ին ձերբակալվել է, մինչև 1903 նստել Մետեխի ու Պետերբուրգի բանտերում։ 1903-ին արտաքսվել է Ռուսաստանից։ 1904-ից բնակություն է հաստատել ԱՄՆ֊ում, ակտիվորեն մասնակցել բանվորական շարժմանը։ Զարդարյանի հետ Ա. կազմակերպել է «ԱՄՆ֊ի սոցիալիստական հայ կազմակերպությունը» (1906), որը հարում էր ԱՄՆ֊ի սոցիալիստական կուսակցության ձախ թևին (տես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցության)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանգնած էր ինտերնացիոնալիստական դիրքերում։ Ա. ողջունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Մահացել է ապրիլի 16-ին, Դետրոյտում։ Վ. Ավետիսյան


ԱԴԱՄՅԱՆ Հովհաննես Աբգարի (1879–1932), հայ ինժեներ, գունավոր հեռուստատեսության, լուսահեռագրության առաջին գյուտարար։ Ծնվել է փետրվարի 5(17)֊ին, Բաքվում, նավթարդյունաբերողի ընտանիքում։ 1899–1904-ին սովորել է Մյունխենի, Ցյուրիխի և ապա Բեռլինի համալսարաններում։

Ա. 1905-ին տվել է հաղորդվող պատկերը կորերի բաղադրելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետերի պայծառությանը։ 1907-ին Ա. Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել «Էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սևեռման և կրկնակի վերարտադրման սարքը» (արտոնագիր № 197443, մարտի 28), ուր առաջին անգամ արտացոլված և հիմնավորված էր պատկերի սև֊սպիտակ հաղորդման գաղափարը։ Նույն թվականին Ա. ներկայացրել է «Օսցիլոգրաֆի հայելուց անդրադարձված լուսային փնջի տեղական տատանումները Հայսլերի խողովակի պայծառության տատանումների փոխարկող հարմարանքը» (արտոնագիր № 197183, հուլիսի 12), որով սկիզբ է դրվել երկգույն հեռուստատեսության զարգացմանը։ 1907-ին իրագործել է Բեռլինից հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա գունավոր պատկերի հաղորդման առաջին փորձն աշխարհում։ 1913-ին պատկերները հաղորդելու համար փոքր զգայնության և մեծ իներտության սելենի փոխարեն առաջարկել է «միջանկյալ կլիշեի» համակարգը։ Նույն տարվա վերջին Ա. տեղափոխվել է Պետերբուրգ։ 1921-ին Մոսկվայում կայացած Համառուսաստանյան էլեկտրատեխնիկական VIII համագումարում զեկուցել է լուսանկարչական պատկերները հեռավոր տարածությունների վրա հաղորդելու իր ստացած արդյունքների մասին, իսկ 1930-ի հուլիսի 30-ին իրականացրել առաջին լուսահեռագրի հաղորդումը Մոսկվայից Լենինգրադ։

1925-ի փետրվարին Ա. ներկայացրել է գունավոր հեռուստատեսության (եռագույն) հաջորդական համակարգի առաջին նախագիծը՝ «Անլուսաթափանց արգելքի միջով տեսնելու սարքը»։ Այդ սարքի հիմնական տարրերից էր գունանջատումը (հաղորդիչում) և գույների միախառնումը (ընդունիչում) իրականացնող Նիպկովի բարեփոխված սկավառակը, որը կոչվեց «Ադամյանի սկավառակ»։ Նույն տարում Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ա. պատրաստել, գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն հեռուստացույցը։ Ա-ի առաջարկած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում, 1928-ին։ 1945–51-ին ԱՄՆ֊ի «Կոլումբիա» (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53-ին Ա֊ի համակարգը ընդունվել է որպես կայուն համակարգ և նրանով ցուցադրվել գունավոր պատկերներ։ Ա. մահացել է սեպտեմբերի 12-ին, Լենինգրադում, թաղվել տեղի հայկական գերեզմանատանը։ 1970-ի հունիսի 30-ին Ա֊ի աճյունը փոխադրվել է Երևան՝ քաղաքային պանթեոն։ Տես նաև Գունավոր հեռուստատեսություն։

Գրկ. Հակոբյան Հ. Ս., Հովհաննես Աբգարի Ադամյան, Ե., 1968։ Հ. Հակոբյան


ԱԴԱՄՅԱՆ Պետրոս Հերոնիմոսի (1849–1891), հայ դերասան։ Ծնվել է դեկտեմբերի 21-ին, Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է իրենց թաղի՝ Ղալաթիայի Ս. Փրկիչ կաթոլիկական եկեղեցու դպրոցում։ 1866-ին երկբառանոց մի դերով մասնակցել է «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացմանը «Արևելյան թատրոն»֊ում։ 1867-ի մարտի 11֊ին, Մ. Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին, Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնեան, փրկիչ հայրենեաց» պիեսում Ա. կատարել է Վարդանի որդու դերը՝ արժանանալով մամուլի դրվատանքին։ 1867–69-ին խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական այլ թատերախմբերում։ 1870-ին Թ. Ֆասուլաճյանի խմբի հետ մեկնել է Նոր Նախիջևան։ 1871-ի սկզբներին վերադարձել է Կ. Պոլիս, 1872–75-ին գործել Պ. Մաղաքյանի թատերախմբում, պատմական ողբերգություններում կատարել է գլխավոր հերոսների, իսկ մելոդրամաներում՝ առաջին սիրահարի դերերը։ 1877–78-ի ռուս֊թուրքական պատերազմի ժամանակ հանդես է եկել որպես ասմունքող, պրոպագանդել Մ. Նալբանդյանի և Ռ. Պատկանյանի ազատասիրական բանաստեղծությունները։ 1879-ին հրավիրվել է Թիֆլիս՝ մասնակցելու նորակազմ թատերախմբի ներկայացումներին։ 1880-ի ամռանը Ա. հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում։ 1880–81-ի թատերաշրջանը դարձակետային է եղել նրա կյանքում։ Թատրոնի, հատկապես խաղացանկի և թատերարվեստի հարցերի շուրջը ծավալված բանավեճը Ա֊ին կողմնորոշել է դեպի ռեալիզմ։ Շիլլերի «Ավազակներ» ռոմանտիկական պիեսում ռեալիստական լուսաբանությամբ կատարել է Ֆրանց Մոորի, ապա՝ 1880-ի նոյեմբ. 20-ին, հայ թատրոնում առաջին անգամ, Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերերը։ 1880-ին Ա. խաղացել է Ժադով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), 1881-ին՝ Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կրեչինսկի (Սուխովո֊Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Արման (Ա. Դյումայի «Կամելիազարդ տիկինը»), Ջանումյան (Ա. Քիշմիշյանի «0րիորդ Բերոյանց»), Կորրադո (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), 1882-ին՝ Ատրներսեհ (Մուրացանի «Ռուզան»), Մասիսյանց, Միքայել (Սունդուկյանի «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ») ևն։ 1882-ին հրավիրվել է Շուշի, ներկայացրել «Համլետ», ապա անցել է Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով։ 1883–85-ի թատերապտույտը (Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու ևն) շռնդալի հաջողություն և մեծ ողբերգակի համբավ բերեց նրան։ Հայերեն (երբեմն՝ ֆրանսերեն) խաղացել է Համլետ, Արբենին, Կորրադո, Քին (Ա. Դյամայի «Քին», 1883), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1884), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», 1885)։ Մոսկվայի և Պետերբուրգի մամուլը նրան համեմատել է Թ. Սալվինիի, Է. Ռոսսիի հետ և հավաստել, որ «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում էլ քիչ են» («Новости», 1884, № 116)։ 1886-ի հունվարին Ա. վերադարձել է Թիֆլիս,արդեն մեծ ճանաչում գտած դերերից բացի պատրաստել և ներկայացրել է Լիր արքա (Շեքսպիրի «Լիր արքա»)։ Ամռանը հյուրախաղերով եղել է Քութայիսում, Վլադիկավկազում, Մոզդոկում, Թեոդոսիայում, Կերչում։ 1887–88-ին Ա. կատարել է