Երկնքի զանգակը
Հին, շատ հին ժամանակներում, երբ ոչ թագավորներ կային, ոչ իշխաններ և ոչ դատավորներ, մարդկանց գործերը քննում էին մի մեծ զանգակով, որ կախված էր երկնքից։ Մարդիկ իրենց վեճերի, կռիվների, տարաձայնությունների [ 678 ] համար դիմում էին այդ զանգակին։ Վկաներ կանչելու սովորություն չկար այն ժամանակ և այդ հարկավոր էլ չէր, որովհետև զանգակը մի այնպիսի հրաշալի զորություն ուներ, որ առանց վկաների ցուցմունքի ինքն էր ամենաճիշտ և ամենաանաչառ կերպով ցույց տալիս, թե ո՛վ է արդարը, ո՛վ է մեղավորը։
Զանգակը կախված էր մի ընդարձակ դաշտի վրա։ Նրա տակ, գետնից բավական բարձր, ինչպես բեմ, շինված էր մի տախտակամած, որի վրա բարձրանում էին սանդուղքով։ Գանգատավորները միայն իրավունք ունեին բարձրանալու այդ տախտակամածի վրա, իսկ հանդիսատես ամբոխը կանգնում էր ներքևը — դաշտի վրա և այնտեղից էր թամաշա անում գործի վճռին։ Գործի քննության ժամանակ ո՛չ մի ձայն, ո՛չ մի շշուկ չէր լսվում հանդիսատես ահագին ամբոխի միջից. զանգակը համարվում էր մի սրբություն, որ աստված ինքն էր կախել երկնքից չարախնդիր մարդկանց անօրեն գործերը քննելու համար. այդ պատճառով ամեն մեկը սրբազան երկյուղով էր նայում նրա վրա, զգալով, որ արդարադատն աստված ինքն է նրա միջոցով քննում գործերը։
Գանգատավորները, որոնք սովորաբար երկու հոգի էին լինում, բարձրանում էին տախտակամածը և փոխադարձաբար բռնում էին զանգակի կապած թոկից, ով մեղավոր էր, նա բնավ չէր կարողանում շարժել զանգակի լեզվակը, իսկ ով արդար էր, նա լեզվակի թոկին ձեռք տալուն պես՝ զանգակն ինքն էր սկսում ահագին, ականջ խլացնող ձայնով հայտնել հանդիսատես ամբոխին, որ արդարը նա է։ Խոսք չկա, իհարկե, որ մարդիկ այդ ժամանակներում շատ սիրով և հաշտ էին ապրում միմյանց հետ և շատ հազիվ էր պատահում, որ մեկը մյուսի հետ մի որևէ տարաձայնություն ունենար, որովհետև ամենքին էլ հայտնի էր զանգակի հրաշալի զորությունը, ամենքն էլ գիտեին, որ ոչ մի դեպքում մեղավորն արդար չի դուրս գալ, արդարը — մեղավոր, ինչպես մեր ժամանակներումն է։
Բայց ինչպե՞ս եղավ, որ այդ զանգակն այժմ այլևս չկա, ինչպե՞ս եղավ, որ մարդիկ զրկվեցին մի այդպիսի անաչառ դատավորից։ [ 679 ]
Մեկ անգամ մեկը յուր հարևանին մի քանի հարյուր ոսկի փող էր պարտք տվել։ Նշանակյալ ժամանակից հետո, երբ նա յուր փողը պահանջում էր, պարտապանը չէր տալիս, ասելով, որ արդեն տվել է։
— Տվե՜լ ես,— զարմանալով բացականչում էր պարտատերը։— Ե՞րբ։
— Քանի ժամանակ է:
— Դու ինձ ոչինչ չես տվել, ինչո՞ւ ես սուտ խոսում։
— Ես սուտ չեմ խոսում, տվել եմ։
— Եվ դու չե՞ս վախենում զանգակի դատաստանից:
— Տա՛ր ինձ նրա մոտ:
— Դու կխայտառակվես։
— Դու զրպարտում ես. ուզում ես փողդ երկու անգամ առնել. ես արդեն տվել եմ։
— Զանգակն ինքն այդ ցույց կտա, որ դու պարտքդ դեռ չես տվել: Գնա՛նք նրա դատաստանին։
— Գնա՛նք, ես արդար եմ։
Գնացին
Հետաքրքիր ամբոխը շրջապատել էր զանգակի տախտակամածը։ Ամենքն անհամբեր սպասում էին նրա արդար դատաստանին։
Գանգատավորները բարձրացան տախտակամածը:
— Ա՛յ ժողովուրդ,— նախքան զանգակին դիմելը, բացականչեց պարտատերը, — ես սրան մեղադրում եմ այն բանի համար, որ սա ինձ փող է պարտ և այժմ, երբ ես փողս պահանջում եմ, ասում է, թե տվել է, այնինչ ես սրանից դեռ մի կոպեկ չեմ ստացել:
— Այո՛, ա՛յ ժողովուրդ, ես հիմա էլ ասում եմ, որ պարտքս արդեն տվել եմ։
— Երբ որ այդպես է, բռնի՛ր զանգակի թոկը։
Պարտապանը ձեռքին մի հաստ գավազան ուներ. առաջուց նա փորել էր այդ գավազանը, պարտք վերցրած ոսկին թափել էր այդ փորվածքի մեջ և գավազանի գլուխը նորից պնդացրել էր։
— Բռնի՛ր այս գավազանը,— ասաց նա գավազանը պարտատերին տալով։ [ 680 ]
Պարտատերը, բոլորովին ոչինչ չկասկածելով, առավ գավազանը։
Պարտապանը համարձակ մտավ զանգակի տակը և բացականչեց.
— Ա՛յ անաչառ դատավոր֊զանգակ, դու ասա՛, ես փողը տվե՞լ եմ սրան, թե ոչ։
Եվ բռնեց լեզվակի թոկից։ Լեզվակը նույն վայրկյանին շարժվեց, և զանգակն ահագին ղողանջյունով հայտնեց հետաքրքիր ամբոխին, որ փողն արդեն տվել է։
— Տեսա՞ր,— դիմեց նա վերջինին.— Անամո՛թ, երկու անգամ էի՞ր ուզում առնել փողդ։ Տո՛ւր ինձ գավազանս։
Նա խլեց քար կտրած պարտատերից յուր գավազանը և ուրախ-ուրախ իջավ ներքև։
Ամբոխն սկսեց թքել և մրել խեղճ պարտատերին, որ զարմացել, ապշել էր, թե ինչպես այդ անաչառ դատավոր֊զանգակը մի այդպիսի անարդար վճիռ կայացրեց։ Բայց զանգակի վճիռն անարդար չէր. այն րոպեին, երբ պարտապանը բռնում էր զանգակի թոկից, նա արդեն պարտք վերցրած փողը՝ գավազանի մեջ ածած՝ տվել էր պարտատերի ձեռքը: Ուրեմն խաբվե՞ց զանգակը, որ միևնույն է, թե խաբվեց աստվա՞ծ, որովհետև զանգակի միջոցով ինքն աստված էր դատաստան անում։ Ո՛չ, չխաբվեց աստված, այլ միայն ուզեց փորձել, թե մինչև որ աստիճան մարդը կարող է խորամանկ գտնվել:
Եվ Նա տեսնելով մարդու այդ անիրավ խորամանկությունը, բարկացավ և զանգակը զարհուրելի ղողանջյունով քաշեց, տարավ երկինք։ Ահա, այդ էր պատճառը, որ մարդիկ զրկվեցին անաչառ դատավոր երկնքի զանգակից։ Եվ այդ ժամանակվանից սկսած, իբրև աստուծո պատիժ, գոյություն առան և գնալով տարածվեցին մարդկանց մեջ անիրավությունը, անօրենությունը, ճնշումը, հալածանք և հազարավոր այդպիսի արատներն ու մեղքերը, որովհետև այնուհետև դատաստանն ընկնելով սխալական, անգութ և կաշառակեր մարդկանց ձեռքը, արդարը միշտ մեղավոր էր հանդիսանում, մեղավորը — արդար։
1882