(գլխավորապես՝ Սաքսոնիայում) և հատկապես Հարավային Ֆրանսիայում ու Սկանդինավիայում։ Մերձավոր և Միջին Արևելքում Ա–ին մոտավորապես համապատասխանում էր մյուլքը, ռուսական պետության մեջ՝ վոտչինան, Հայաստանում՝ «հայրենիքը»։
ԱԼԽԱԶՅԱՆ Հովհաննես (Ալխազյան Ժան, 1881–1958), հայ նկարիչ։ Ծնվել է փետրվարի 2-ին, Վանում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի գեղարվեստի դպրոցում (1898–1903)։ Կատարելագործվել է Փարիզի գեղարվեստի դպրոցում՝ Ֆ. Կորմոնի աշխատանոցում (1905–08)։ Նկարչության և քանդակագործության միջազգային ընկերության և Փարիզի գեղարվեստների ազգային ընկերության (1929-ից) անդամ էր։ Մասնակցել է այդ ընկերությունների; ինչպես և Փարիզի «Աշնանային սալոնի», «Անկախների սալոնի», ֆրանսահայ նկարիչների «Անի» խմբակցության և Հայ ազատ արվեստագետներու միության ցուցահանդեսներին, ունեցել անհատական պատկերահանդեսներ (1918, 1920, 1922, 1934 ևն)։ Ա–ի ստեղծագործական սկզբունքը ռեալիստական է։ Նկարել է Ֆինլանդիայի բնությունը, Հոլանդիայի ծովափը, Ֆրանսիայի հարավը, Իսպանիայի արևաշատ տեսարանները («Ձմռան արև», 1911, «Ձկնորսական նավեր», 1913, «Պրովանս», «Այծեր», «Տոլեդոյի կամուրջը», 1931, «Աղբյուր Կորդովայում» ևն)։ Ա–ի բնանկարները, ուր մարդը գրեթե բացակա է, կատարված են գունային շեշտված անցումներով՝ պարուրված մեղմ, հանգիստ տրամադրությամբ։ Ա–ի 200-ից ավելի գործեր հանգրվան են գտել (1962) Հայաստանի պետական պատկերասրահում։ Մահացել է Փարիզում։
ԱԼԽԱԶՈՎ (Ալխազյան) Հակոբ Քայխոսրովի (1826–1896), ռուսական բանակի հայազգի գեներալ։ Ծնվել է հունվարի 1-յւն, Թիֆլիսում։ Ավարտել է 2-րդ կադետական կորպուսը (1844)։ Ղրիմի պատերազմի ժամանակ ծառայել է Պետերբուրգի և Վիբորգի նահանգների ծովեզրը պաշտպանող զորքերում։ 1863–64-ին մասնակցել է լեհական ապստամբության ճնշմանը։ 1874-ին ստացել է գեն–մայորի աստիճան։ 1877–78-ի ռուս–թուրք. պատերազմում եղել է Քութայիսի, ապա նաև Սուխումի, Ինգուրական և Գուրիական միացյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Կարսի գրավմանը և քաջության համար 1878-ին ստացել գեն–լեյտենանտի աստիճան։ 1883-ին նշանակվել է Կովկասյան գրենադերական դիվիզիայի, իսկ 1885-ին՝ բանակային 3-րդ կորպուսի հրամանատար։ 1891-ին ստացել է հետևազորի գեներալի աստիճան։ 1894-ից Զինվորական խորհրդի անդամ էր։ Մահացել է նոյեմբ. 3-ին։
Նկարում` Հ. Ալխազյան։ 1. «Պրովանսյան բնանկար»։ 2. «Առավոտը Ավիլայում»։
ԱԼԽԵՍԻՐԱՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1906, տեղի է ունեցել հունվարի 15-ից մինչև ապրիլի 7-ը, Ալխեսիրասում (Իսպանիա), Գերմանիայի նախաձեռնությամբ՝ Մարոկկոյի նկատմամբ ֆրանսիական պրոտեկտորատի հաստատումը կանխելու նպատակով։ Մասնակցում էին Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Ավստրո–Հունգարիան, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Շվեդիան, ինչպես նաև Մարոկկոն ու ԱՄՆ–ը։ Կոնֆերանսում միայնակ մնալով՝ Գերմանիան տեղի տվեց։ Ձևականորեն հռչակվեց Մարոկկոյի սուլթանի անկախությունը։ Ոստիկանության կազմակերպումն ու ղեկավարումը հանձնարարվեց Ֆրանսիային ու Իսպանիային։ Ա. կ–ի որոշումները Ֆրանսիայի համար Մարոկկոն վերջնականապես նվաճելու աղի հարթեցին և նպաստեցին անգլո–ֆրանսիական դաշինքի ամրասպնդմանը։
ԱԼԿԱԼԱՀԱՆՈՒՄ (<արաբ. ալ կալի - բուսական մոխիր, հիմք + հանում), պինդ նյութերի խառնուրդների լուծելի բաղադրիչների անջատումը հեղուկներով։ Որպես ալկալահանող հեղուկներ սովորաբար օգտագործում են ջուրը կամ հիմքերի, թթուների և աղերի ջրային լուծույթները։ Ա. կիրառվում է շաքարի, հիդրոմետալուրգիական և քիմ. այլ արտադրություններում։ Բնության մեջ տարածված է ապարների Ա. ջրով։
ԱԼԿԱԼԻ ՀՈՂԵՐ, հողեր, որտեղ կլանված նատրիումի քանակը գերազանցում է կլանունակության 20%-ը։ Ըստ նատրիումի քանակի, Ա. հ. լինում են՝ թույլ ալկալի (20-25%), միջին ալկալի (25-40%), ուժեղ ալկալի (40%-ից ավելի)։
Կան նաև թույլ ալկալիացած (5–10%), միջին ալկալիացած (10–15%) և ուժեղ ալկալիացած (15–20%) հողեր:
Պարունակած աղերի բնույթով Ա. հ. լինում են սոդայական և քլորիդ–սուլֆատային։ Սոդայական Ա. հ. տարածված են համապատասխան աղուտների շրջաններում։ Քլորիդ–սուլֆատային Ա. հ. հատուկ են ՍՍՀՄ շագանակագույն և գորշ հողերի գոտիներին։ Ա. հ. առաջացել են նատրիումական աղակալած հողերից բնական լվացման՝ աղազերծման ճանապարհով, որն արտահայտվում է մակերեսային փխրուն շերտի տակ՝ ալկալիացած սյունակոշտային հորիզոնի կազմավորմամբ։ Ա. հ. առաջացել են նաև նատրիումի սուլֆատ պարունակող և բարձր մակարդակ ունեցող ստորգետնյա ջրերով սնվելու հետևանքով։ Այս դեպքում առաջանում է դիսպերս մասնիկներով հարուստ, խիստ արտահայտված խորքային ալկալիացած հորիզոն՝ հագեցած փոխանակային նատրիումով, որի առկայությամբ կոլոիդները հիդրատացվում են և խոնավ վիճակում վերածվում ցեխախառն, մածուցիկ, անջրանցիկ զանգվածի։ Չորանալու ընթացքում սեղմվելով՝ ճաքճքում և առաջացնում են հողասյուներ և կոշտեր։ Դրա հետևանքով հողն ամրանում է (նրա մշակումը՝ դժվարանում), գյուղատնտեսական բույսերի համար դառնում ոչ պիտանի։ Ալկալիացած հորիզոններն ունեն հիմնային ռեակցիա, որի աստիճանը պայմանավորված է փոխանակային նատրիումի, ինչպես նաև նորմալ սոդայի և նատրիումի կարբոնատի քանակով։
ՀՍՍՀ–ում Ա. հ. կան Արարատյան դաշտում։ Մերձարաքսյան հովտի Ա. հ. սոդայական են։ Գյուղատնտեսական բույսերի համար այս հողերը պիտանի դարձնելու նպատակով հողի մեջ ներմուծում են կալցիում պարունակող աղեր, հատկապես՝ գիպս, որի շնորհիվ նատրիումը փոխարինվում է կալցիումով և սոդա չի առաջացնում, մեծանում է հողի ջրաթափանցելիությունը, հեշտանամ ջրալույծ աղերի լվացումը։ Հողի հիմնային ռեակցիան չեզոքացնելու համար օգտագործում են նաև քիմիական արդյունաբերության թափոններ՝ ծծմբական թթու, երկաթարջասպ ևն։ Կառուցվում է ցամաքուրդային (դրենաժային) ցանց՝ լվացման ընթացքում լուծված աղերը հեռացնելու նպատակով։
ԱԼԿԱԼԻԱԿԱՆ ՄԵՏԱՂՆԵՐ, տարրերի տարբերական համակարգի 1 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրերը՝ լիթիում, նատրիում, կալիում, ռուբիդիում, ցեզիում և ֆրանցիում։ Սրանց հիդրօքսիդներն ուժեղ ալկալիներ են, որտեղից էլ՝ Ա. մ. անվանումը։ Ա. մ. քիմիապես շատ ակտիվ են։ Նրանց ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթներում կան մեկական էլեկտրոն ()։ շարքում աճում է նրանց ակտիվությունը և ուժեղանում են համապատասխան հիդրօքսիդների հիմնային հատկությունները։ Բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում։ Հեշտությամբ ջրածին են դուրս մղում թթուներից և ջրից։ Օդում արագ օքսիդանում են, միացություններ են առաջացնում բոլոր ոչ մետաղների հետ։ Մեծ կիրառության ունեն Ա. մ–ի աղերը։
ԱԼԿԱԼԻՆԵՐ, ջրում հեշտ լուծվող հիմքեր, որոնք ջրային լուծույթներում լավ դիսոցվում և առաջացնում են մեծ քանակով հիդրօքսիլ իոններ՝ ։ Ա. են ալկալիական մետաղների հիդրօքսիդները (կծու Ա․), որոնք ամենաուժեղ հիմքերն են (կալիումի հիդրօքսիդ, նատրիումի հիդրօքսիդ ևն)։ Ա. են նաև հողալկալիական մետաղների հիդրօքսիդները և ամոնիումի հիդրօքսիդը։ Ա., բացառությամբ ամոնիումի հիդրօքսիդի, սպիտակ, ջուր կլանող, պինդ նյութեր են։ Զրային լուծույթները լակմու–