անցք։ Պատերը գերազանցապես խուլ են, ներսից և դրսից՝ սրբատաշ։ Առավել հետաքրքիր լուծված քաղաքի կողմն ուղղված նեղճակատը՝ կրկնահարկ շքամուտքերով, յուրաքանչյուր հարկի պատի հարթությունը երիզված է լայն ու գեղեցիկ երեսակալներով, որոնք շրջանակում են վարդագույն ութթև աստղերով ու սև խաչերով քանդակազարդված (առաջին հարկ) և «շախմատաձև» դասավորված (երկրորդ հարկ) քարերով շարվածքը։ Այդ ժամանակաշրջանի Անիի աշխարհիկ ճարտարապետության ոճին հատուկ այս մոտիվը հանդիպում է նաև քաղաքի հյուրանոցի կամ վաճառատան շենքում։
Գրկ. Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964, էջ 72–73։ Орбели И. А., Избранные труды, Е., 1963, с. 122–23.
ԱՆԻԼԻՆ, ամինաբենզոլ, ֆենիլամին, , պարզագույն արոմատիկ ամին։ Անգույն, բնորոշ հոտով հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ -6,1°C, եռմանը՝ 184,4°C։ Լավ է լուծվում օրգ. լուծիչներում, վատ՝ ջրում։ Առաջին անգամ ստացվել է ինդիգոն հանգած կրի առկայությամբ թորելիս (Օ. Ունֆերդորբեն, 1826)։ Ա. ռեակցունակ, կարևոր օրգ. նյութ է։ Ունի թույլ հիմնային հատկություն։ Անօրգանական թթուների հետ առաջացնում է աղեր, օրգ. թթուների հետ՝ անիլիդներ (տես նաև Ացետանիլիդ): Ա–ի ծծմբաթթվական աղից ստացվում է սուլֆանիլաթթու՝ ։ Ա–ի մեթիլացումից ստացվում են ներկանյութերի և պայթուցիկ նյութերի արտադրության համար կարևոր ելանյութեր։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունի Ա–ի դիազոտացումը, որից ստացվում է ֆենիլդիազոնիումի քլորիդ։ Ա–ի օքսիդացումից առաջանում է տարածված անիլինային սևը, ինչպես նաև՝ մուգ կանաչ էմերալդինը, իսկ հիդրումից՝ ցիկլոհեքսիլամին: Ներկայումս Ա–ի ստացման հիմնական արդյունաբերական եղանակը նիտրոբենզոլի վերականգնումն է երկաթի տաշեղներով՝ աղաթթվի առկայությամբ.
Նիտրոբենզոլի վերականգնումը մինչև անիլին առաջին անգամ կատարել է Ն. Ն. Զինինը (1842)։ Ա. օգտագործվում է սուլֆամիդային դեղանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի, լուսանկարչական հայտածիչների ևն նյութերի ստացման համար։ Ա. թունավոր է, ազդում է արյան հեմոգլոբինի վրա։ Օրգանիզմ է թափանցում ոչ միայն շնչառական ուղիներով, այլև մաշկի միջով։ Ա–ի թույլատրելի քանակն օդում 0,005 մգ/լ է։
ԱՆԻ–ԿԱՄԱԽ (այժմ՝ Քեմահ), հին ամրոց և հեթանոսական սրբատեղի Բարձր Հայքի Դարանաղի գավառում, Երզնկա քաղաքից հարավ–արևմուտք: Նույնացվում է Հայասա–Ազզի երկրի կենտրոն Կումախայի հետ։ Մ. թ.ա. IV–I դդ. Փոքր Հայքի կենտրոնն էր, հելլենիզմի շրջանում՝ հեթանոս հայերի գլխավոր աստված Արամազդի պաշտամունքի գլխավոր վայրը։ Ա–ում կատարվել են նաև արքայական նախնիների պաշտամունքի ծեսեր։ I–IV դդ. հայ թագավորների գերեզմանոցն էր։ Եղել է մեհենական դպրության կենտրոն։ Ա–ում աշխատել է Բարդածան Եդեսացի մատենագիրը (մոտ 154–222)։ Քրիստոնեության մուտքից հետո Ա–ի մեհյանը ավերվել է, կալվածները տրվել են հայոց եկեղեցուն։ 369-ին պարսից Շապուհ Բ արքան գրավել և ավերել է բերդը՝ գերեզմանոցից հափշտակելով Հայոց թագավորների ոսկորները (տես Աղց): IV–XI դդ. եղել է բյուգանդական ամրոց։ 1515-ին գրավել են թուրքերը։ Ամրոցը պատված էր հզոր պարիսպներով, որոնց մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ուներ երեք դուռ և սանդղաձև ելք։ Ներսում մնացել են բազմաթիվ շինությունների, այդ թվում՝ նաև եկեղեցիների հետքեր։ Ամրոցի հյուսիսային կողմում, լեռան մեջ, փորված է դեպի բարձր աշտարակը տանող ճանապարհ, որն ունի ոլորապտույտ աստիճաններ, բնական և արհեստական լուսամուտներ։
ԱՆԻԿՈՒՇԻՆ Միխայիլ Կոնստանտինովիչ (ծն. 1917), ռուս սովետական քանդակագործ։ ՍՍՀՄ ժող. նկարիչ (1963)։ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է սեպտեմբերի 19(հոկտ. 2)–ին, Մոսկվայում։ Պուշկինի հուշարձանի համար (բրոնզ, 1957, Լենինգրադ) 1958-ին արժանացել է լենինյան մրցանակի։ Ա–ի գործերից նշանավոր են՝ «Բանվորի դիմաքանդակը» (1957), Վ. Մ. Բեխտերևի հուշարձանը (բրոնզ, 1960, Լենինգրադ), Մոսկվայի համար արված Ա. Պ. Չեխովի հուշարձանի նախագիծը (1965)։
(նկ․) Մ. Կ. Անիկուշին։ Ա. Ս. Պուշկինի հուշարձանը Լենինգրադում։ Բրոնզ։ 1957։
ԱՆԻՀԻԼԱՑՈՒՄ (լատ. anihilatio – ոչնչացում, անհետացում, <ad – դեպի + nihil – ոչինչ), մասնիկի և նրան համապատասխանող հակամասնիկի փոխակերպումը էլեկտրամագնիսական ալիքների՝ ֆոտոնների կամ ուրիշ մասնիկների՝ այլ բնույթի ֆիզիկական դաշտի քվանտների։ Հայտնի օրինակ է էլեկտրոնի և պոզիտրոնի Ա., երբ առաջանում են երկու ֆոտոններ։ Դիտվում է նաև նուկլոն հականուկլոն Ա., որի հետևանքով առաքվում են մեզոններ։ Եթե Ա. ընթանում է վակուումում, ապա, համաձայն էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքների, առաջացած մասնիկների նվազագույն թիվը պետք է լինի երկու։ Իսկ եթե Ա–մանը մասնակցում է որևէ երրորդ մարմին (օրինակ, երբ էլեկտրոնը գտնվում է ատոմում կամ նուկլոնը՝ միջուկում), ապա հնարավոր է Ա. մեկ մասնիկի առաքմամբ։ Ա–ման տեսական ուսումնասիրությունը կատարված է միայն էլեկտրամագնիսական փոխազդեցությունների համար։ Տեղի ունի նաև Ա–ման հակառակ պրոցես՝ զույգի առաջացում, երբ էլեկտրամագնիսական կամ այլ դաշտերի փոխազդեցության հետևանքով միաժամանակ առաջանում են մասնիկ և հակամասնիկ։ Ա–ման և զույգերի առաջացման հնարավորությունը, ինչպես և հակամասնիկների գոյությունը կանխագուշակել է Պ. Դիրակը, 1930-ին։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիները 1933-ին մագնիսական դաշտում տեղավորված Վիլսոնի խցիկում դիտել են ռադիոակտիվ աղբյուրից գամմա–քվանտներով էլեկտրոն–պոզիտրոն զույգի առաջացումը։
ԱՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՆՐ (ֆրանս. animaliste, <լատ. animal – կենդանի, անասուն), կենդանիների պատկերումը կերպարվեստում։ Ա. ժ. բնագիտական և գեղարվեստական պատկերումների զուգորդմամբ նպաստում է մարդու դիտողականության զարգացմանը և առաջացնում սեր դեպի բնությունը։ Հեքիաթների, առակների նկարազարդումներում, այլաբանական և երգիծական պատկերներում կենդանին «մարդկայնացվում» է, օժտվում մարդկանց հատուկ արարքներով և ապրումներով։ Ոչ սակավ, Ա. ժ–ի խնդիրն է դառնում կենդանու ճշգրիտ պատկերումը (օր. գիտ.և գիտա՜հանրամատչելի գրականության նկարազարդումներում)։ Նկարիչ որսորդների սուր դիտողականության մասին են վկայում գազանների և թռչունների պատկերումները նախնադարյան արվեստում։ Կենդանիների վառ կերպով ոճավորված ֆիգուրներով հարուստ է Հին Արևելքի, Աֆրիկայի, Օվկիանիայի, հին Ամերիկայի արվեստը։ Կենդանիների պատկերներ հանդիպում են անտիկ քանդակագործության, սափորանկարչաթյան, խճանկարչության նմուշներում։ Միջին դարերում Եվրոպայում տարածում գտան կենդանիների և թռչունների այլաբանական և բանահյուսական, հեքիաթային կերպարները։ Վերածննդի դարաշրջանում արվեստագետներն սկսեցին կենդանիներին պատկերել՝ դիմելով բնությանը (Պիզանելլո, Ա. Դյուրեր)։ Սակայն բուն անիմալիստական ժանրը (որ սերտորեն կապված է բնանկարի, նատյուրմորտի, կենցաղային ժանրի հետ) հանդես եկավ Չինաստանում (VIII–XIII դդ.), Եվրոպայում (XVII դ.)։ Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերներն ու հնագույն որմնաքանդակները հարուստ են կենդանիների պատկերներով, որոնք հաճախ ոճավորված են, երբեմն ունեն խորհրդանշային կամ այլաբանական բնույթ։ Այդպիսիք են նաև Վիշապները։ Միջին դարերում կենդանական մոտիվները մուտք են գործել ձեռագրերի ձևավորման բնագավառ (թռչնագրեր, կենդանազարդեր), տեղ գտել պալատների որմնանկարներում, նույնիսկ եկեղեցիների, տապանաքարերի հարդարանքում (Աղցի դամբարան, Աղթամարի