Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճնշումների համեմատությամբ աննկատ են, Ա–յան վիճակում մեծ դեր են կատարում։ Այսպես, թրջման երևույթի շնորհիվ հեղուկը փակ անոթում հավասարաչափ բաշխվում է անոթի պատերին (առաջին փորձերը կատարվել են «Վոստոկ–3» և «Վոստոկ–4» տիեզերանավերում)։ Փորձերը ցույց են տվել, որ տիեզերանավում Ա–յան պայմաններում բացառվում է հրդեհի հնարավորությունը։

Ա–յան ինքնատիպ պայմանները պետք է հաշվի առնել հատկապես բնակելի տիեզերանավերում, ուր մարդու կյանքի պայմանները խիստ տարբերվում են երկրային սովորական պայմաններից։ Ա–յան վիճակում տիեզերագնացների մարմնի սովորական դիրքի խախտման և հենարանի վերացման հետևանքով տիեզերական թռիչքի սկզբնական շրջանում տեղի է ունենում հավասարակշռության և շարժողական հմտությունների խանգարում, որը, սակայն, շուտով վերանում է. տիեզերագնացը ձեռք է բերում վստահ շարժվելու և աշխատելու կարողություն։ Տիեզերական թռիչքի ժամանակ մարդը, թռիչքի տևողությունից կախված, կորցնում է սկզբնական քաշի 2–6%, ընկնում է նրա մկանային լարվածությունը, օրգանիզմից հեռանում է կալցիումը և պակասում է ոսկրերի ամրությունը ինչպես նաև շրջանառվող արյան ծավալը, նվազում է սրտի կծկումների հաճախականությունը, փոխվում են զարկերակային ճնշման մեծությունը, շնչառական շարժումները ևն։

Սակայն հիշյալ փոփոխությունները միայն Ա–յան հետևանք չեն, քանի որ նշված պայմաններում օրգանիզմի վրա միաժամանակ ազդում են նաև հիպոկինեզիան, մեկուսացումը, նյարդահուզական վիճակը, ճառագայթումը և այլ գործոններ (տես Տիեզերական բժշկագիտություն

Տիեզերական երկարատև թռիչքների ժամանակ Ա–յան վիճակում տիեզերագնացի կյանքի նորմալ պայմանները չխանգարելու համար նախատեսված է արհեստականորեն ստեղծել կշռի զգայություն, օրինակ՝ եթե տիեզերանավը համընթաց շարժման հետ նաև պտտվի իր առանցքի շուրջը, ապա կենտրոնախույս ուժերի հետևանքով առաջացած ռեակցիայի ուժը տիեզերագնացի մոտ կառաջացնի կշռի զգայություն։

Գրկ. Невесомость. Физ. явления и биол. эффекты, ред. сост. Э. Бенедикт, пер. с англ. М., 1964.

ԱՆԿՇՏԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Հայոց ձոր գավառում։ 1909-ին ուներ 60 տուն՝ 305 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ,այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի շրջակայքում պահպանվել էին միջնադարյան կառույցների՝ եկեղեցու և բնակավայրի ավերակներ։ Ա. կապված էր Վանա լճի առափնյա շրջանի և Վան քաղաքի հետ։ Ուներ եկեղեցի և նախակրթական վարժարան։ Գյուղի մոտ գտնվում էր նույնանուն վանքը։ Ա–ի բնակիչները մասնակցել են Վանի՝ 1915-ի պաշտպանությանը։ Նրանց մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և ապաստան գտնել Արևելյան Հայաստանում։


ԱՆԿՈՒՄ, ջերմաստիճանների, ճնշումների կամ այլ պարամետրերի մեծությունների մակարդակների տարբերությունը նրանց փոփոխման տեղում։ Էներգետիկայում Ա–ման մեծությամբ որոշվում են մարմնում կամ փոխներգործության մեջ գտնվող մարմինների համակարգում ընթացող պրոցեսների ինտենսիվությունը։ Շոգետեխնիկայում և սառեցման մեքենաների տեսության մեջ կարևոր նշանակություն ունի նաև ջերմապարունակության (Էնտալպիայի) Ա–ման մեծությունը (տես Թերմոդինամիկա)։ Հիդրոտեխնիկայում ջրի հոսման մակարդակների տարբերության Ա–ման մասին տես Ջրթափ:


ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, դեկադենտություն (ուշ. լատ. decadentia - անկում), իմպերիալիզմի դարաշրջանի բուրժուական արվեսւհում տարածված անկումային հոսանքների ընդհանուր անունը։ Ա. ա–ի տեսական հիմքը սուբյեկտիվ իդեալիզմն է, «արվեստը արվեստի համար» տեսությունը, որ հասցվում է իր ծայրահեղ արտահայտությանը։ Գաղափարայնությանը, ժողովրդայնությանը, ռեալիզմին, դասական արվեստի սկզբունքներին Ա. ա. հակադրում է բուրժուական անհատապաշտությունը, սուբյեկտիվիստական կամայականությունը, միստիկան, հրաժարումը կյանքի ճանաչողությունից։ Ոչ սակավ Ա. ա. ստանում է բացահայտ հակադեմոկրատական և հակահումանիստական բնույթ, քարոզում է պատերազմի, ռասիզմի, անբարոյականության պաշտամունք։ Ա. ա–ի բազմաթիվ, հատկապես՝ արդի հոսանքներին բնորոշ է կերպարի ավերումը, գեղարվեստական ձևի խեղափոխումը (տես Ֆորմալիզմ


ԱՆՀԱԿԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ժխտում պարունակող դեդուկտիվ տեսությունների, մասնավորապես՝ ձևական հաշիվների կարևոր պայմաններից մեկը, ըստ որի տեսության մեջ չպետք է ապացուցվի որևէ դրույթ և միաժամանակ՝ նրա ժխտումը։ Հակառակ դեպքում տեսությունը կկոչվի հակասական։ Ա–յան գաղափարը հաճախ վերագրվում է նաև ոչ դեդուկտիվ տեսություններին, տեսակետներին, ըմբռնումներին՝ հասկանալով նրանցում հակասությունների բացակայություն կամ անհնարինություն։ Հակասական տեսության մեջ ամեն մի դրույթ ապացուցվում է։ Դրանով հակասական տեսությունը զրկվում է տեսական և գործնական արժեքից։ Նշված ներքին (սինտաքսիսական կամ տրամաբանական) Ա–ից բացի քննարկվում է նաև արտաքին (սեմանտիկական) Ա., ըստ որի տեսության մեջ չպետք է ապացուցվի որևէ դրույթ, որը հակասի նրա կողմից արտացոլված (իրական կամ երևակայական առարկաների) բնագավառի փաստերին։ Եթե որպես այդպիսի բնագավառ վերցվում է մեկ այլ դեդուկտիվ տեսություն, ապա արտաքին Ա. դիտվում է որպես Ա. մեկ այլ տեսության նկատմամբ, այսինքն՝ հարաբերական Ա.։ Ա–յան այս երկու ըմբռնումները սերտորեն կապված են միմյանց հետ, թեև, իհարկե, չեն համընկնում։ Տեսությունների չափազանց լայն դասի համար նրանց ներքին Ա–ից բխում է արտաքին Ա., այսինքն՝ նրանց մեկնաբանություն կամ մոդել ունենալը, բայց կարող է հակառակը տեղի չունենալ թեկուզ այն պատճառով, որ առարկայական բնագավառի ոչ բոլոր ճշմարիտ դրույթներն են, որ անպայման պետք է ապացուցվեն տվյալ տեսության մեջ (տես Լրիվություն)։ Մաթեմատիկական տեսությունների հարաբերական Ա–յան ապացուցման համար վերցված գրեթե բոլոր մոդելները կառուցվում են բազմությունների տեսությունից քաղված գաղափարներով։ Բազմությունների տեսության մեջ պարադոքսների հայտնաբերմամբ հարկ եղավ նոր մեթոդներով ապացուցել տեսության «բացարձակ» (ներքին) Ա., որի համար էլ ստեղծվեց նոր տրամաբանական–մաթեմատիկական առարկա՝ մետամաթեմատիկան: Ս. Ավետիսյան


ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (իրավունքում), տվյալ պայմաններում արտակարգ և անկասելի դեպք (օրինակ՝ ջրհեղեղ, երկրաշարժ, ռազմական գործողություններ ևն), որը նպաստում է վնաս հասցնելուն կամ խոչընդոտում է անձին կատարել իր պարտականությունը։ Քաղաքացիական իրավունքում Ա. ու. անձին պատասխանատվությունից ազատելու հանգամանք է, միաժամանակ կասեցնում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը։ Օրենքով նախատեսված դեպքերում (օրինակ՝ ՍՍՀՄ Օդային օրենսգրքով) Ա. ու–ի ազդեցությամբ պատճառած վնասի համար սահմանվում է պատասխանատվություն։


ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, անձի՝ իր բնակավայրից երկարատև բացակայելու մասին դատական կարգով հաստատված փաստ։ Քաղաքացին անհայտ բացակայող կարող է ճանաչվել շահագրգռված անձանց պահանջով, եթե մեկ տարվա ընթացքում նրա մշտական բնակության վայրում տեղեկություններ չկան, թե որտեղ է գտնվում նա։ Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի նկատմամբ սահմանվում է խնամակալություն։ Այդ գույքից ապրուստի միջոց է տրվում այն քաղաքացիներին, որոնց նա օրենքով պարտավոր էր պահել, մարվում են նրա պարտքերը, խնամառուները կարող են թոշակավորման պահանջ ներկայացնել, ամուսինը՝ ամուսնալուծվելու հայց հարուցել։ Դատարանը վերացնում է Ա. բ–յան մասին որոշումը, երբ հայտնվում կամ հայտնի է դառնում քաղաքացու գտնվելու վայրը։ Ա. Ներսիսյան


ԱՆՀԱՆԳ ՈՏԱՆԱՎՈՐ, չհանգավորված չափածո ստեղծագործություն։ Կոչվում է նաև սպիտակ ոտանավոր։ Ա. ո. կիրառվում է գերազանցապես չափածո դրամատուրգիայում (օրինակ՝ Վ. Շեքսպիրի ողբերգությունները)։

Հայ պոեզիայում Ա. ո–ի օրինակներ են Ա. Բագրատունու «Հայկ դյուցազն» պոեմը, Սիամանթոյի գրեթե բոլոր երկերը, Ե. Չարենցի «Մեծ առօրյան», Պ. Սևակի որոշ գործեր ևն։


(Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխիր բու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե,
Քու հիշատակե՛դ, քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…։

Սիամանթո)

Է. Ջրբաշյան