Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԴԻԱԲԵՆԵ 73

ուրիշներ։ Ա֊ում գործում է ժողովրդական երգի և պարի անսամբլ։

Թատրոնը։ Պրոֆեսիոնալ թատերական արվեստի զարգացումն սկսվել է Ադըղեական ԻՄ֊ի կազմավորումից հետո։ 1933֊ին Կրասնոդարում բացվել է թատերական տեխնիկում։ 1936֊ին կազմակերպվել է Ադըղեական մարզային կոլտնտեսային֊սովխոզային թատրոնը, 1941֊ին՝ Մայկոպի U․ Ս․ Պուշկինի անվան մարզային միացյալ դրամատիկ թատրոնը։ Թատերական գործիչներից են՝ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ Մ․ Ախեջակովը, ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ Ն․ Սխակումիդովան, Ու․ Ցեյը և ուրիշներ։

Ա֊ում հայերը բնակություն են հաստատել հնագույն ժամանակներից։ Ապրել են ադըղեների հարևանությամբ (Աբաձեխ, Բժեդուհ, Թեմիրգոյ, Շափսուղ), խոսել են հայերեն և ադըղեերեն (չերքեզերեն) լեզուներով։ Հետագայում հիմնել են կրթական օջախներ։ XIX դ․ և XX դ․ սկզբին հայերը Ա․ են գաղթել Նոր Նախիջևանից, Ղրիմից, ինչպես նաև Թուրքիայից (գլխավորապես՝ Սամսունից, Տրապիզոնից, Օրդուից)։ Ադըղեահայերի հիմնական զբաղմունքն է եղել անասնապահությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, բանջարանոցային կուլտուրաների մշակությունը, ծխախոտագործությունը, զբաղվել են նաև արհեստներով ու առևտրով։ Հայերն այստեղ հիմնել են ծխախոտի գործարան, 1899֊ին՝ առևտրի տուն Մայկոպում, մասնակցել են մշակութային կյանքին։ Մեծ թվով հայեր մարտնչել են Ա֊ում սովետական կարգերի հաստատման համար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատում և պարտիզ․ ջոկատներում մարտնչել են հարյուրավոր ադըղեահայեր, որոնց թվում՝ փառքի շքանշանի ասպետ Ա․ Ա․ Սիվիկյանը (1925–71)։ 1970֊ին մարզում ապրում էր 5217 հայ, հիմնականում՝ Մայկոպում, Տուլսկ ավանում, Շահումյան, Պերվոմայսկ, Դաղստան գյուղերում։ Շահումյան գյուղի դպրոցում դասավանդվում է հայոց լեզու։ Մայկոպում երկար տարիներ գործել է Շահումյանի անվ․ հայկական ակումբը, որտեղ դրամատիկական խմբակի ուժերով բեմադրվել են հայկական պիեսներ։

Գրկ․ Октябрем озаренная․ Адыгея за 50 лет, Майкоп, 1967; Очерки истории Адыгеи, т․ 1, Майкоп, 1957; Писатели Адыгеи․ (Биографический справочник), Краснодар–Майкоп, 1965․

ԱԴԸՂԵԵՐԵՆ, ադըղեների լեզուն, պատկանում է իբերո֊կովկասյան լեզվաընտանիքի աբխազա֊ադըղեական լեզվախմբին։ Հիմնականում տարածված է Ադըղեական ԻՄ֊ում։ Խոսողների թիվը՝ 96,5 հզ․։ Լատինական գրի հիման վրա 1927֊ին ստեղծվել է Ա֊ի այբուբենը, որը 1938֊ին փոխարինվել է ռուսական գրով։ Ունի չորս գլխավոր բարբառ՝ աբաձեխյան, բժեդուհյան, թեմիրգոյյան (գրական լեզվի հիմքը) և շափսուղյան։ Ազգակից է կաբարդիներենին։


ԱԴԸՂԵՆԵՐ, ազգություն, բնակվում են Ադըղեական ԻՄ֊ում և հարևան շրջաններում։ Ընդհանուր թիվը՝ 100 հզ․ մարդ (1970), լեզուն ադըղեերենն է։ Ա․ ազգակից են կաբարդիններին և չերքեզներին, անցյալում այդ երեք ժողովուրդները հայտնի են եղել «չերքեզներ» ընդհանուր անվամբ։ Մինչև վերջին ժամանակներն Ա․ բաժանված էին շափսուղներ, աբաձեխներ, բժեդուհներ, թեմիրգոյներ, բեսլենևներ և այլ էթնիկական խմբերի։ Պահպանվել էր գյուղական համայնքը։ Գրված օրենքի փոխարեն գործում էր ադաթը։ Սովետական իշխանության օրոք Ա֊ի կյանքում ու կենցաղում կատարվեց արմատական հեղաշրջում։


ԱԴԻ (Ady) Էնդրե (1877–1919), հունգար բանաստեղծ և հրապարակախոս։ Ծնվել է նոյեմբերի 22֊ին, Էրմինդսենդ գյուղում։ Որպես լրագրող եղել է Ռիվերայում և Փարիզում, հարել սիմվոլիզմին։ 1899֊ին հրատարակել է «Բանաստեղծություններ» առաջին գիրքը։ Ճանաչվել է հեղափոխական ոգով գրված «Նոր բանաստեղծություններ» (1906) ժողովածուով։ Նրա հետագա բանաստեղծություններում իշխել է սիրային մոտիվը։ Գրել է նաև պատմվածքներ և հոդվածներ։ Մահացել է հունվ․ 27֊ին, Բուդապեշտում։


ԱԴԻԱԲԱՏ (<հուն․ άδιάβατος – փակ), ադիաբատ պրոցեսը պատկերող կոր։


ԱԴԻԱԲԱՏ ՄԱԳՆԻՍԱԹԱՓՈՒՄ, սառեցման մեթոդ, հիմնականում օգտագործվում է 1°K֊ից ցածր ջերմաստիճաններ ստանալու համար։ Ա․ մ․ համար կիրառվում է պարամագնիսական նյութ։ Ավելի ցածր ջերմաստիճաններ (մինչև 10-7°К) կարելի է ստանալ օգտագործելով նաև միջուկների պարամագնիսականությունը։


ԱԴԻԱԲԱՏ ՊՐՈՑԵՍ, մարմնի կամ համակարգի վիճակի փոփոխություն՝ առանց արտաքին միջավայրի հետ ջերմափոխանակության։ Իրականացվում է համակարգը ջերմամեկուսիչ պատյանում տեղավորելով։ Բավարար ճշտությամբ Ա․ պ֊ներ են համարվում նաև արագընթաց պրոցեսները, երբ համակարգը, մինչև անգամ ջերմամեկուսիչ պատյանի բացակայության դեպքում, չի հասցնում ջերմափոխանակություն կատարել շրջապատող միջավայրի հետ (օրինակ՝ գազերում և այլ նյութերում ձայնական ալիքի տարածման ժամանակ)։

Ա․ պ․ դարձելի է, երբ էնտրոպիան մնում է հաստատուն, և ոչ դարձելի, երբ էնտրոպիան աճում է (տես Թերմոդինամիկա)։ Ա․ պ֊ի ընթացքում համակարգը աշխատանք է կատարում միայն ներքին էներգիայի նվազման հաշվին։ Համակարգի վիճակը բնութագրող պարամետրերի միջև գոյություն ունի որոշակի միարժեք կապ, որը, մասնավորապես իդեալական գազի համար, արտահայտվում է Պուասոնի բանաձևով։ Այստեղ գազի ճնշումն է, ՝ ծավալը, ջերմունակությունների հարաբերությունը՝ հաստատուն ճնշման և ծավալի դեպքում։ Միատոմ գազի համար = 1,67, երկատոմ գազի համար՝ 1,47; Ուլտրառելյատիվիստական Ֆերմի գազի համար , սակայն այս դեպքում այն ջերմունակությունների հարաբերություն չէ։


ԱԴԻԱԲԵՆԵ, հնագույն երկիր Տիգրիս և Փոքր Զավ գետերի միջև։ Տարածվում էր մինչև Զագրոսի լշ․ (մոտավորապես՝ այժմյան Քրդստանի շրջանում)։ Հյուսիսից սահմանակից էր Հայաստանի Կորճայք և Պարսկահայք նահանգներին։ Ըստ Ստրաբոնի, Ա֊ում մեծաթիվ ժողովուրդներն էին մարերը, հայերը և բաբելոնացիները։ Գլխավոր քաղաքներն էին Արբելան և Նինվեն։ Մ․ թ․ ա․ IV–II դարերում Սելևկյանների թագավորության 72 սատրապություններից մեկն էր։ Մ․ թ․ ա․ II դարի սկզբին (Սելևկյանների անկումից հետո) դարձավ առանձին թագավորություն։ Սակայն մ․ թ․ ա․ 140֊ական թթ․ Պարթևաստանն այն նվաճեց, իսկ Տիգրան Բ Մեծը մ․ թ․ ա․ 80֊ական թթ․, որպես վասալ թագավորություն, միացրեց Հայաստանին։ Պլուտարքոսի վկայությամբ, հայ֊հռոմեական պատերազմների ժամանակ (մ․ թ․ ա․ 69–68) Ա֊ի թագավորն իր զորքով կռվում էր հայկական բանակի կողմում և մ․ թ․ ա․ 69֊ի Տիգրանակերտի ճակատամարտում գլխավորում էր նրա ձախ թևը։ Արտաշատի մ․ թ․ ա․ 66֊ի հաշտության պայմանագրով Ա․ կրկին միացվեց Պարթևաստանին։ Մ․ թ․ I դ․ սկզբին այնտեղ հիմնվեց Մոնոբազյանների ժառանգական թագավորությունը (հիմնադիր Մոնոբազ I անունով)։ Երկրորդ գահակալ Իզատեսի

Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1 (page 73 crop).jpg