44 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում», 1965, «ժամանակակից հայերենի քերականություն», 1969 ևն)։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Վարազդատ Կարապետի (ծն. 1921), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (25.1.1944, 14.9.1944, 15.5.1946), պահեստի գվարդիայի կրտսեր լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է հուլիսի 9-ին, Երևանում։ Փառքի շքանշանների արժանացել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արևմտյան Ուկրաինայի ազատագրման մարտերում, Վիսլայի գետանցման ժամանակ և Պրագայի (Պրահա) օպերացիայում (1945) ցուցաբերած արիության համար։ Ետպատերազմյան տարիներին աշխատել է ՀՍՍՀ սպորտային հիմնարկներում։ 1972-ից ՀՍՍՀ լուսավորության մինիստրության ֆիզիկական դաստիարակության բաժնի պետն է։ Ա. հանրապետության վաստակավոր մարզիչ է, Պատերազմի վետերանների սովետական կոմիտեի անդամ։
ԱԲՐԱՀԱՄՈՎ Այվազ (ռուս․ աղբյուրներում՝ Ավրամով Էյվաս կամ Իվազ) (ծն. թ. անհտ.– 1725), XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժումների գործիչ։ Եղել է Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի հանձնակատար֊սուրհանդակների թվում, որոնք մեծ դժվարությամբ թափանցում էին Երևանի խանությունը, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի հայաբնակ վայրերը և հայերին հուսադրում Ռուսաստանից ակնկալվող օգնությամբ, նախապատրաստում զինված ելույթի։ 1707-ին Ա. ցարական արքունիքի հատուկ հանձնարարությամբ ուղարկվել է Կովկաս, Իսրայել Օրու դեսպանության՝ Պարսկաստան կատարելիք ուղևորությունը կազմակերպելու և նրա կարիքները տեղում հոգալու համար։ 1718-ին Ռուսաստան է տարել Եսայի Հասան֊Ջալալյանի երկու նամակները հասցեագրված Մինաս Վարդապետին և Պետրոս I, որտեղ խնդրվում էր արագացնել ռազմական օգնությունը հայերին։ Պետրոս I պարսկական արշավանքի ժամանակ (1722–25) Ա. շամախեցի հայերից կազմած իր ջոկատով միացել է գնդապետ Ն. Մ. Շիպովի զորքերին, նրանց հետ մասնակցել Ռեշտի գրավմանը։ Այստեղ նրա ջոկատը միավորվել է Պետրոս դի Սարգիս Գիլանենցի և Ադազար դի Խաչիկ Ախիջանենցի ջոկատների հետ (տես Հայկական էսկադրոն)։ Զոհվել է 1725-ի վերջերին, Գիլանում։
Գրկ. «Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանէնցի», «Կռունկ Հայոց աշխարհին», Թիֆլիս, 1863, №2—3։ Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898: Хачатрян А. Н, Армянские войско в XVIII в. Из истории армяно-русского военного содружество. Е., 1968.
ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ Ադոլֆ (1849-1899), լեհ դրամատուրգ։ Ծնվել է Լվովում, լեհ հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Մայրը հայուհի էր՝ Լվովի Անտոնևիչների հայտնի ընտանիքից։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Գրական գործունեությունը սկսել է 1880-ին, «Երկու զոքանչ» պիեսով։ Այնուհետև գրել է «Լրագրային հայտարարություն», «Օգնություն, նա գժվել է» (բեմ. 1881) գործերը, որոնք տպագրվել են նույն թվականին՝ «Դրամատիկական երկեր» խորագրով։ 1882-ին լույս է տեսել ևս երեք պիես՝ «Vis á vis» («Դեմ հանդիման»), «Նրա սկզբունքները», «Փոթորկից հետո»։ Ուշ շրջանի գործերից են «Նախընտրական հասարակություն», «Բաշիբոզուկ», «Բանկը սնանկացավ», «Հին նորաձևամոլները», «Չուրկևիչ կամ Ջուրկևիչ» պիեսները։ Ա֊ի երկերն աչքի են ընկնում նուրբ հումորով և սուր իրավիճակներով։ Մահացել է Ստանիսլավյան վոյեվոդության Տարգովիցե Պոլնեյ կալվածքում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ Իվանո֊Ֆրանկովսկի մարզ)։
Գրկ. Пепловский Ст., Польский театр во Львове, Львов, 1891, с. 61, 110, 145.
ԱԲՐԵԿ, վրեժխնդիր լեռնականի անվանում, որն անցյալում տարածված էր Հյուսիսային Կովկասի լեռնաբնակ ժողովուրդների մեջ։ Աբրեկությունը ցարիզմի նվաճողական գործողությունների, գաղութային շահագործման և ագրարային քաղաքականության հետևանք էր, որը նպատակ ուներ, հենվելով լեռնցիների շահագործող դասի վրա, ճնշել բնիկ ժողովուրդների ազգային֊ազատագրական պայքարը և նվաճած հողերը տրամադրել Ռուսաստանից գաղթած կազակներին։ Տեղի գյուղացիության և նորաբնակների միջև թշնամությունը տևել է մինչև ցարիզմի անկումը։ Ա֊ի ձգտումն էր՝ չենթարկվել ցարիզմին և ետ վերցնել զավթած հողերը, գործելակերպը՝ սպանությունը, տեռորը, թալանը։ Հռչակված աբրեկներ էին լեռնականների մասսայական շարժման ղեկավարներ Շամիլը և Զելիմխանը։ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների տնտեսական և կուլտուրական կյանքի սոցիալիստական վերափոխության շնորհիվ աբրեկությունը իսպառ վերացավ։
ԱԲՐՈԳԱՑԻԱ (լատ. abrogatio — վերացում, ոչնչացում), օրենքը չեղյալ հայտարարելու գործողություն։ Ա. կատարվում է գոյություն ունեցող օրենքը վերացնելով կամ նրան հակասող օրենք ընդունելով։
«ԱԲՐՍԿԻԼ», աբխազական ժողովրդական վեպ՝ դյուցազն Աբրսկիլի մասին։ Ըստ ավանդության, աստծուն չենթարկվելու համար Աբրսկիլը նետվել է վիհ և գամվել երկաթե սյունին։ Հետազոտողները նրան նմանեցնում են Արտավազդին և Պրոմեթեոսին։
ԱԲՐՈՒՑՑԻ (Abruzzi), մարզ Իտալիայում։ Գտնվում է Ապենինյան թերակղզու կենտր. մասում, Աբրուցյան Ապենիններ լեռներում։ Տարածությունը՝ 10794 կմ², բնակչությունը՝ 1202,1 հզ. մարդ (1969)։ Վարչ. կենտրոնը՝ Աքուիլա քաղաքը։ Գյուղատնտեսական շրջան է։ Ադրիատիկի ծովափում և միջլեռնային հովիտներում մշակվում է ցորեն, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, ձիթապտուղ, խաղող, բանջարեղեն։ Լեռներում զբաղվում են արոտային ոչխարաբուծությամբ։ Ունի քիմիական և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա. գբոսաշրջիկության և ալպինիզմի կենտրոն է։
ԱԲՈՒ (արաբերեն` հայր կամ օժտված դրական հատկանիշով), գործածվում է իբրև արաբական անունների մակդիր, օրինակ, Աբու֊Սաիդ, Աբու Նուվաս (գանգուր մազեր ունեցող, գանգրահեր)։
ԱԲՈՒ ԱԲԴԱԼԼԱՀ Իսա իբն Մալիք իբն Շիմր ալ-Արմանի (ծն. և մահ. թթ. անհտ.), արաբական մատենագիր֊ճանապարհորդ։ Ենթադրվում է, որ ապրել է IX դ.։ Մանուկ հասակում արաբ ասպատակների կողմից գերեվարվել է Հայաստանից և իսլամացվել։ Հյուսիսային Աֆրիկայում կատարած իր ճանապարհորդությունների մասին թողել է ուղեգրություններ։ Աշխարհագիր Յակուտ ալ֊Համավին (1178–1229) նրան համարել է ծագումով հայ արաբ. մտավորականներից ամենանշանավորը։
ԱԲՈՒ ԱԼԻ ԻԲՆ֊ՍԻՆԱ (լատինացված՝ Ավիցեննա – Avicenna, հայացված՝ Սինայի որդի) (մոտ 980–1037), միջնադարյան փիլիսոփա, բժիշկ, բնախույզ, աստղագետ, մաթեմատիկոս, բանաստեղծ, բանասեր և լեզվաբան։ Ծնվել է Աֆշանա գյուղում (Բուխարայի մոտ), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Կրթությունն ստացել է Բուխարայում։ Սամանյան իշխանության անկումից հետո (999) հալածվել է սուլթան Մահմուդից (998–1030), տեղափոխվել Խորեզմ, ապա՝ Իրան (1012), ապրել Խորասանում, Գորգանում, Ռեյում, Ղազվինում, Սպահանում, հաստատվել Համադանում (1015), դարձել պալատական բժիշկ և վեզիր։ Արաբերենով և պարսկերենով գրված մոտ 300 աշխատությունների հեղինակ է։ Հռչակվել է բազմակողմանի գիտելիքներով։ Նրա 18-հատորյա «Գիրք ապաքինության» արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա։ Տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցերը լուսաբանել է «Գիրք գիտության» պարսկերեն տրակտատում։ Ուսումնասիրել է մարմինների շարժումը, իներցիայի հատկությունը, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակների ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը։
Հայտնի են նաև Ա. Ա. ի֊Ս֊ի «Գիրք հրահանգների և խրատների», «Գիրք փրկության» աշխատությունները։ Վերջինիս ձեռագիր մի օրինակը, որ պարունակում է տրամաբանություն, բնական գիտություններ և աստվածաբանություն բաժինները, գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։ Բժշկագիտության ասպարեզում մեծ ավանդ են անտիկ բժիշկներ Գալենի և Հիպոկրատի մեկնությունն ու լրացումը և Միջին Ասիայի, Իրանի, Հնդկաստանի ու Արաբական Արևելքի բժշկության նվաճումներն ամփոփոխ