Jump to content

Գալիքի որմնադիրները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 276 ]

ԳԱԼԻՔԻ ՈՐՄՆԱԴԻՐՆԵՐԸ

         

Հարվածայիններին


Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից․
Գալիս են հանքերից,
Գործարաններից,
Գալիս են երկրի հեռավոր ծայրերից,
5 Գալիս են բոլոր վայրերից.—
Ղեկավարի կանչին, սերունդների կոչին
Գալիս են նրանք հազարներով,
Աշխատանքի այս մեծ զորակոչին
Գալիս են երկաթյա
10 Շարքերով։

Անտառների նման հոծ ու խիտ,
Օվկիանի հախուռն ալիքների նման,
Գրոհելով մի նոր, մի կամքավո՛ր ուղի,
Որ պայքարի բոցում ամրանում է հիմա,—
15 Ընդդեմ քամո՛ւն, հողմի՛ն, ընդդեմ հազա՜ր տարի
Այս ափերին խփող մակընթացության —
Ահա ելած մարտի մի վիթխարի՝
Ընթանում են հանդուգն մի վեհությամբ:

Այնտեղ, այս ուժերի
20 Ջրաբաշխման կետում,
Ակունքներում այս բարձր ոգևորության,
Ուր վերջանում է մշուշը տարիների,

[ 277 ]

Որպես մռայլ մի ամպ,—
Այնտե՜ղ, այնտե՜ղ, այնտե՜ղ,
25 Ուր կուտակած եռանդը կատարող
Եվ մի բռունցք շինած գալիքների կարոտը՝
Անշեղորեն մղվում է դեպի գրոհ
Այս մարդկային որոտը,—
Այնտե՜ղ, այնտե՜ղ, այնտե՜ղ,
30 Ուր կոփելու համար ապագայի ընթացքը
Կարծրանում է կամքը, որպես գրանիտ,—
Այնտեղ, գալիք կյանքի
Այգաբացով հղի՝
Լեռնացել է ինքը —
35 Ղեկավարը։—

Ելած համայն կյանքի
Ալեկոծվող բովից,
Պայքարներից ելած հազարամյա,—
Ելած անդուլ եփվող
40 Սոցիալական ծովից,
Որ, ալեկոծ կրկին,
Մռնչում է հիմա,—
Իր պողպատյա անթեք մկաններով.
Իր ուղեղով, որ պիրկ է, որպես մկան,—
45 Տիտանային հայացքն հառած հեռուն,
Դեպի անդասակարգ ապագան,—
Դասակարգի բոլո՜ր հերոսական
Հանճարների ուղեղը և կամքը ամբարած —
Նա վարում է այս մարտը,
50 Նա մղում է
Մեր բանակները մեծ դեպի վսեմ մի կյանք։—

Օ, դու, երկաթյա ղեկավա՛ր ,
Որ վարում եմ այս մարտը, որպես տիտան,—

[ 278 ]

Կա՞,
55 Գոյություն ունի՞ քո ընթացքի համար
Անհաղթելի մի բան...
Օ, ո՞ր, о ո՞ր առաջնորդը,
Ո՞ր ղեկավարն է արդյոք, որ մղել է մարտեր —
Եղել է կա՛րծր այսքան
60 Եվ այսքան խո՛ր,
Եվ իր մարտով այսքա՛ն ուղիներ է հարթել․..

Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից,
Գալիս են հանքերից,
Գործարաններից,
65 Գալիս են երկրի հեռավոր ծայրերից,
Գալիս են բոլոր վայրերից։
Գալիքների կանչին, Ղեկավարի կոչին
Գալիս են նրանք միլիոններով,—
Աշխատանքի այս մեծ զորակոչին,—
70 Եվ մղում է նրանց, ղեկավա՛ր,
Քո երկաթյա կամքը —
Դեպի գրո՛հ։

Անծայրածիր երկրի ստեպներից անծայր,
Ու լեռներից, ու բարձր քաղաքներից,
75 Ուղիներից, ուր դեռ մշուշը չի հնձած,
Ուր ապրում էր մարդը, որպես գերի,—
Ուր տարիներ բազում մա՛հ էր միայն ցանել
Կյանքը — ոսկեհանդերձ արքաների ձեռքով,—
Այժմ ելնում է կյա՛նք մի հանճարեղ՝
80 Խորհրդային այս բորբ արեգակի ներքո։
Եվ թող երգեմ ես այս իմ շառաչուն երգով
Լեռնացումը այս վեհ, այս չմարող
Արեգակը՝ վառված այս երեկո՝
Անեզրական կամքի անմարելի հրով։

[ 279 ]

85 Օ՜, արեգա՛կ, ելած այս երեկո՝
Մեր դաշտերում հասնող քաղաքների վրա,—
Օ՜, Արևմո՛ւտք մեռնող, ուր ցերեկով
Լուսիններ են ելնում — մահաբեր ու մռայլ...
Օ՜, Արևմո՛ւտք շռայլ, ուր արքաները ծեր,
90 Ուր արքաները կուռ ոստանների,
Շռայլության, արյան սերմանողներն անեզր.
Արքաները Ոսկու Տների
Կախաղան են ելնում ու կործանում իրենց․
Ինչպես հետին դահիճ, կամ ավազակ,—
95 Օ՜, Արևմո՛ւտք այսօր ուռճանում են քո մեջ
Փոթորիկնե՜ր, հողմե՜ր, ուրագաննե՜ր անշեջ,—
Եվ երգում է քեզ մահը — ահազանգ...
Օ՜, Արևմո՛ւտք շռայլ,— ցնցոտինե՜ր,
Ցնցոտիննե՜ր հագած բազմություններ մեռնող...
100 Օ՜, հոգևար, բայց բո՛րբ բազմություններ,
Որ կերտելու եք վաղը — մեզ պես — աշխարհ մի նոր...
Օ՜, առավո՛տ, որ հին Արևմուտքում
Ուռճանում ես՝ մեր բորբ արեգակից վառված,
Մեր պայքարի, մեր մեծ ընդվզումի հետքով
105 Արևմուտքում ծագող, о՜, արեգա՛կ անմար...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից,
Գալիս են հանքերից,
Գործարաններից,
110 Գալիս են երկրի հեռավոր ծայրերից,
Գալիս են բոլո՛ր վայրերից։—
Ղեկավարի կանչին, սերունդների կոչին
Գալիս են նրանք միլիոններով,—
Աշխատանքի այս մե՜ծ զորակոչին
115 Գալիս են երկաթյա

[ 280 ]

Շարքերով։—
Անապատ էր այստեղ, անջուր երկիր։
Մահն էր թռչում այստեղ՝ համատարած:
Ունկընդրում էր այստեղ քամիների երգին
120 Մի անօգուտ Զանգու ու մի անբեր Արաքս:
Այս խաների երկրում, այս ցարական
Ծայրամասում, ուր կար միայն քամի,
Ուր տարիներ, դարեր այս հողերի վրա
Շոգն էր միայն չոքում՝ չար հովազի նման
125 Լափլիզելով թե՛ կյանք, թե՛ աշխատանք,—
Այս անապատ երկրում բարձրանում է հիմա
Աշխատանքի, կամքի հերոսական մի կյանք:
Այս անջրդի, այս շոգ անապատում
Պիտի ելնեն էգուց ձյունապայծառ վարդեր
130 Ու ողկույզներ պիտի շողան խայտուն.—
Այս գարունքի համար ճանապարհ է հարթել,
Հարվածային ընկե՛ր, քո եռանդը արդեն,
Քո գոյամարտն անդուլ.․.
. . . . . . . . . . . .
135 Օ՜, ջուր, որ հորդառատ
Այս քարերի միջով այսօր ելար մարտի.—
Քո կարկաչում, քո այդ հորձանուտում վարար
Ես ողջունում եմ շռինդը
Մեր ընդհանո՛ւր մարտի։—
140 Ես ո՛չ թե ձայնն եմ քո — քո կարկաչում լսում,
Այլ որոտը երկաթ երակների,
Հարվածային անթիվ բանակների լեզուն,
Ոտնաձայնը բազում մեր գնդերի...
Ես լսում եմ դոփյունը բանակների ըմբոստ,
145 Որ գնդերով բազում, հազարանուն՝
Բարձրացել են կոչին դասակարգի մեր նոր,

[ 281 ]

Բարձրացել են մարտին մեր ընդհանուր...
Քո կարկաչում այսօր ես լսում եմ դոփյո՛ւնը
Արևմուտքում ելնող բանակների,
150 Որոնք փորում են հինը
Ու հարթում են հունը —
Մեզ հետ մեկտեղ — գալիք գարունների՛։—
Քո կարկաչում լսում եմ Ղեկավարի ձայնը,
Որ բոլորիս մարտի է այսօր մղում:—

155 Հարվածային ընկե՛ր,— այդ այ՛ն է, այ՛ն է.—
Մեր պայքարի որոտը՝
Անպա՜րտ ու բազմաբեղուն․..

1933․ VI․ 29