Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՄՈՆԻՏՆԵՐ 325

գործարք կնքեց Հայաստանի հաշվին, այլև նենգորեն դավաճանեց նրան։ «Ա. դ.» Հայաստանի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։

Շապուհ II, իրեն ազատ զգալով, 364-ին հարձակվեց Հայաստանի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց Արշակ Բ թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ Արշակունիների թագավորությանը։

Գրկ. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մանանդյան Ժ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 1, մասն 2, Ե., 1957։ Հ. Ժամկոչյան

ԱՄՈՆ, աստված հին եգիպտական դիցարանում։ Պատկերվել է ոչխարի եղջյուրներով տղամարդու կերպարանքով։ Համարվել է Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեի հովանավորը։ Սկզբում նույնացվել է պտղաբերության աստված Մինի, այնուհետև՝ արևի աստված Ռայի հետ (Ամոն–Ռա)։ Հետագայում Ա. դառնում է եգիպտական պաշտոնական դիցաբանի գլխ. աստվածը, որի շնորհիվ նրա քրմերն ունեցել են քաղաքական մեծ ազդեցություն։ Հույները նույնացրել են Զևսի հետ։


ԱՄՈՆԱԼՆԵՐ (ամոնիում + ալյումին), պայթուցիկ խառնուրդներ, ամոնիտների խմբից։ Կայուն են հարվածի և շփման նկատմամբ, պայթում են դետոնացումից։ Պարունակում են ամոնիումի նիտրատ (50–90%), ալյումինի փոշի (4–10%), ածուխ, պարաֆին և այլ նյութեր։ Ա. խոնավություն կլանելով պնդանում են և կորցնում պայթելու հատկությունը։ Տրինիտրոթոլուոլ (15%) կամ նիտրոնավթալին պարունակող Ա. ջրակայուն են։


ԱՄՈՆԻԱԿ, , ազոտի և ջրածնի պարզագույն միացությունը։ Բնորոշ սուր հոտով, անգույն, խեղդող գազ է։ Բնության մեջ զգալի քանակներով առաջանում է միզանյութի, սպիտակուցների և ազոտ պարունակող այլ օրգ. նյութերի քայքայումից։ Մոտ 1,7 անգամ թեթև է օդից։ Շատ լավ լուծվում է ջրում (1 ծավալ ջրում 700 ծավալ Ա. 20°C–ում), կլանվում ակտիվացրած ածխի կողմից։ Հեղուկանում է 1 մթն. ճնշման տակ 33, 35°C–ում և բարձր ճնշումների տակ՝ սենյակային ջերմաստիճանում։ Ա–ի անգույն բյուրեղները հալվում են -77,7°C–ում։ Հեղուկ Ա–ում մոլեկուլները ասոցված են՝ նրանց մեծ բևեռայնացվածության պատճառով։ Հեղուկ Ա–ում լուծվում են բազմաթիվ օրգ. և անօրգ. նյութեր։ Ա–ում լուծված թույլ էլեկտրոլիտները ավելի լավ են դիսոցվում, քան ջրում։ Ածխաջրերը, անգամ որոշ ածխաջրածիններ, հեղուկ Ա–ում ունեն թթվային բնույթ։ Ա. չափազանց ռեակցունակ է։ Ազատ էլեկտրոնային զույգի առկայության պատճառով հեշտությամբ մտնում է միացման ռեակցիաների մեջ՝ մեծ մասամբ իրեն միացնելով պրոտոն և առաջացնելով ամոնիում իոն () (տես Քիմիական կապ): Ա–ի մոլեկուլը իրեն պրոտոն է միացնում ջրի և թթուների հետ փոխազդելիս։ Ջրի և Ա–ի փոխազդմամբ առաջանում է ամոնիումի հիդրօքսիդ՝ , որը հայտնի է նաև անուշադրի սպիրտ ոչ ճիշտ անվամբ։ Ամոնիումի հիդրօքսիդը անկայուն է, գոյություն ունի միայն ջրային լուծույթներում, որոնք Ա–ի հոտով անգույն հեղակներ են։ Ամոնիումի հիդրօքսիդը հիմք է, առաջացնում է ջրում լավ լուծվող աղեր (տես Ամոնիումի կարբոնատ, Ամոնիումի նիտրատ, Ամոնիումի սուլֆատ, Ամոնիումի քլորիդ)։ Աղերի հետ Ա. առաջացնում է ամոնիակատներ, օրինակ՝ ։ Միանալով ածխաթթվական գազի հետ՝ առաջացնում է միզանյութ: Նրան բնորոշ են նաև տեղակալման և օքսիդացմաև ռեակցիաները։ Տաքացնելիս փոխազդում է բազմաթիվ մետաղների և ոչ մետաղների հետ։ Ալկալիական և հողալկալիական մետաղների հետ առաջացնում է նիտրիդներ կամ ամիդներ։ Ա. այրվում է թթվածնում՝ առաջացնելով ջուր և ազոտ, կատալիզատորի առկայությամբ՝ ։ Չոր Ա–ի և օդի խառնուրդը պայթուցիկ է։ Կիրառական մեծ նշանակություն ունի Ա–ի կատալիտիկ օքսիդացումը (ազոտական թթվի ստացման համար)։ Սովորական պայմաններում կայուն Ա. տաքացնելիս քայքայվում է։ Ա–ի ստացման արդ. հնագույն եղանակը քարածխի կոքսացման ժամանակ հեռացող գազերից նրա անջատումն է։ ժամանակակից արդ. ստացման հիմնական եղանակը սինթեզն է (Ֆ. Հաբեր, 1908)՝ ։ Ռեակցիան ընթանում է բարձր ճնշումների տակ (150–1000 մթն.), կատալիզատորի (սպունգակերպ երկաթ) առկայությամբ, ոչ բարձր ջերմաստիճաններում՝ քայքայումից խուսափելու համար։ Ա. տեղափոխում են հեղուկ վիճակում կամ 25%-անոց ջրային լուծույթի ձևով։ Թունավոր, խեղդող գազ. է։ Թույլատրված առավելագույն քանակն օդում 0,02 մգ/լ է։ Թունավորվածին առաջին օգնության համար տալիս են մաքուր օդ, թթվածին, արհեստական շնչառություն։ Հեղուկ Ա. այրվածքներ է առաջացնում մաշկի վրա, հատկապես վտանգավոր է աչքերի համար։ Ա. օգտագործվում է ազոտական թթվի, միզանյութի, կապտաթթվի, ազոտ պարունակող աղերի ստացման, սուպերֆոսֆատի ամոնիակացման համար, սառեցնող մեքենաներում։ Հեղուկ Ա. ե նրա ջրային լուծույթներն օգտագործվում են որպես հեղուկ պարարտանյութ։ Ա–ի 10%-անոց ջրային լուծույթն անուշադրի սպիրտ անվան տակ օգտագործվում է բժշկության մեջ։ Ս. Ավագյան


ԱՄՈՆԻԱԿԱՅԻՆ ՋՈՒՐ, տես Ազոտական պարարտանյութեր:


ԱՄՈՆԻԱԿԱՏՆԵՐ, ամոնիակի և այլ նյութերի (սովորաբար՝ աղերի) միացմամբ ստացվող կոմպլեքսային միացություններ։ Ա–ում ամոնիակի մոլեկուլը միացած է մետաղ իոնին և գտնվում է կոմպլեքսի ներքին ոլորտում, օր. ։ Մետաղների մեծ մասը (հատկապես՝ քրոմը, կոբալտը և պլատինային խմբի տարրերը) առաջացնում են կայուն Ա.։ Չափազանց անկայուն են ալկալիական և հողալկալիական մետաղների Ա.։ Տարբեր կայունություն և գույն ունենալու շնորհիվ Ա. օգտագործվում են մետաղների հայտնաբերման և բաժանման համար։ Գյուղատնտեսության մեջ ազոտական պարարտանյութերի (ամոնիումի նիտրատ, միզանյութ ևն) ջրային լուծույթները հագեցնում են ամոնիակով և ստացված Ա., որոնք չափազանց հարուստ են ազոտով (35–45%), օգտագործում որպես հեղուկ պարարտանյութ։


ԱՄՈՆԻԱԿԱՑՎԱԾ ՍՈՒՊԵՐՖՈՍՖԱՏ, համակցված պարարտանյութ։ Ստացվում է սուպերֆոսֆատն անջուր ամոնիակով, ամոնիակային ջրով կամ ամոնիակատներով հագեցնելու միջոցով։ Ամոնիակով հագեցնելիս ազոտի քանակը Ա. ս–ի մեջ կազմում է 1,5–3%, իսկ ամոնիակատներով հագեցնելիս՝ 6–7%: Եթե Ա. ս–ի ստացման համար օգտագործվում է սուպերֆոսֆատ, ֆոսֆորի քանակը կազմում է 14–18%, իսկ կրկնակի սուպերֆոսֆատ օգտագործելիս՝ մինչև 40%: Սուպերֆոսֆատի ամոնիակացումը, ազատ ֆոսֆորական թթվի չեզոքացման շնորհիվ, բարելավում է պարարտանյութի ֆիզիկական հատկությունները։ Ա. ս. խառը պարարտանյութերի լավագույն բաղադրամասն է։ Կիրառվում է բույսերի սնուցման համար։


ԱՄՈՆԻՏՆԵՐ (Ammonoidea) (հին եգիպտ. Ամոն աստծո անունով, որը պատկերվել է ոչխարի ոլորված եղջյուրներով, որոնք հիշեցնում էին բազմաթիվ ամոնիտների պարուրաձև խեցին), արտաքին–խեցիավոր գլխոտանի փափկամորթների ամոնոիդեա անհետացած խմբին տրվող ընդհանուր անվանումը։ Առաջացել են սիլուրում, առավել բազմազանության հասել մեզոզոյում և անհետացել կավճի ժամանակաշրջանի վերջում։ Խեցին սովորաբար փաթաթված է որպես հարթ պարույր, միմյանց շփվող, երբեմն էլ բացված պտույտներով։ Կավճի ժամանակաշրջանի Ա–ի շատ ձևերի խեցիները ուղիղ, կեռ կամ խխունջաձև են։ Խեցին, որի տրամագիծը լինում է 1 սմ–ից մինչև 2 մ, միջնապատերով բաժանված է բազմաթիվ խցիկների, որոնցից առաջինում (հաշված խեցաբերանից) տեղավորվել է կենդանու մարմինը, իսկ մնացածները լցված են եղել գազով և նպաստել են լողալուն։ Խեցու ներսում, ամբողջ երկարությամբ, անցնում է արյունատար անոթներ պարունակող խողովակ՝ սիֆոնը, որը կարգավորել է գազի ճնշումը խցիկներում։ Միջնապատերն ալիքաձև կեռված թիթեղների տեսք ունեն, որոնց հատվելը խեցու արտաքին պատի հետ առաջացնում է թիաբերանային գծեր։ Ա–ի Էվոլյուցիային զուգընթաց թիաբերանային գծերն աստիճանաբար բարդացել են և ունեն կարևոր կարգաբանական նշանակություն։ Պալեոզոյան ամոնոիդեաները բնութագրվում են պարզ (գոնիատիտա–