Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Սուրբ Մարկոսի հրապարակը Վենետիկում։

ներքին զարդարանքի, կահույքի, զգեստների, ոսկերչական իրերի են Ա–ային հարդարում։ Դեկորատիվ Ա–ի ծավալատարածական կոմպոզիցիան ինտերիերում մեծ մասամբ թելադրվում է շինության ճարտ. լուծումով (նրա ձևով, չափերով, համամասնություններով)։ 3. Երաժշտության մեջ՝ կատարողների (երգողներ կամ նվազողներ) ոչ մեծ կազմի համար գրված ստեղծագործություն՝ դուետ (2 մասնակից), տրիո կամ տերցետ (3), կվարտետ (4), կվինտետ (5), սեկստետ (6), սեպտետ (7), օկտետ (8), նոնետ (9) ևն։ Ա–ները նաև օպերաների, օպերետների, օրատորիաների, կանտատների մաս են կազմում։ 4. Թատերական արվեստում՝ դերասանների խաղի կուռ համաձայնեցվածություն։ Ա. ի հայտ է եկել թատրոնի ամբողջ պատմության ընթացքում՝ դերասանների բարձրարվեստ, միմյանց հետ երկարատև խաղի ժամանակ։ XIX դ. վերջի թատերական ռեալիզմն Ա. դարձրեց գեղարվեստական սկզբունք (Մայնինգենի թատրոն, Մոսկվայի գեղարվեստական թատրոն, ռեժիսորներ՝ Կ. Ս. Ստանիսլավսկի, Վ. Ի. Նեմիրովիչ–Դանչենկո, Ե. Բ. Վախթանգով, Ա. Անտուան, Օ. Բրամ և ուրիշներ): Ա–ի միջոցով լուծվեցին գեղարվեստական մի շարք բարդ խնդիրներ (միջավայրի, դարաշրջանի բնութագրում, զանգվածային խոսուն տեսարաններ, գործողության «տրամադրության» ստեղծում, ենթատեքստի բացահայտում ևն)։ Ժամանակակից թատրոնն Ա–ի թատրոն է։ 5. Արտիստների խումբ, որ հանդես է գալիս որպես միասնական գեղարվեստական կոլեկտիվ (օրինակ՝ երգի և պարի Ա., ժող. գործիքների Ա., ժող. պարի Ա. ևն)։ Հ. Իսաբեկյան

ԱՆՍԱՄԲԼ ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ (ժողովրդական երգի և պարի անսամբլներ), գեղարվեստական կոլեկտիվ, որի ելույթներում միահյուսվում են երգեցողությունը (երգչախումբ, երգիչների անսամբլ, մեներգիչներ), գործիքային երաժշտությունը (նվագախումբ կամ ժող. գործիքների անսամբլ, դաշնամուր ևն), պարը, ինչպես և գեղարվեստական խոսքը (ասմունք, երկխոսություններ ևն)։ Ծրագիրը սովորաբար թատերականացված է, կարող է ունենալ միջանցուկ թեմա կամ կազմված լինել առանձին համարներից։ Խոշոր կոլեկտիվներից են՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվ. սովետական բանակի երգի և պարի անսամբլը (1928), ՍՍՀՄ ժող. պարի անսամբլը (1937), «Բերյոզկա» ժող. պարի անսամբլը (1948), Հայկական ժողովրդական երգի–պարի վաստակավոր անսամբլը (1938), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958), Ադրբեջանական ՍՍՀ երգի և պարի պետ. վաստակավոր անսամբլը (1938), Լիտվական ՍՍՀ երգի և պարի պետ. վաստ. «Լետուվա» անսամբլը (1940), Ղազախական ՍՍՀ երգի և պարի պետ. անսամբլը (1955), Վրացական ՍՍՀ ժող. պարի անսամբլը (1945), Ուզբեկական երգի և պարի պետ. անսամբլը (1939), Ուզբեկական պարի «Բախոր» պետ. անսամբլը (1957), Դ. Դ. Վերյովկայի անվ. ուկրաինական ժող. պետ. երգչախումբը (1943), Ուկրաինական ՍՍՀ պարի պետ. վաստ. անսամբլը (1954) ևն։ Ա. ե. և պ–ի գեղարվեստական ձևերը կիրառում են բազմաթիվ երգչախմբային կոլեկտիվներ՝ Պյատնիցկու անվ. ռուս. ժող. երգչախումբը (1910), Հյուսիսային ժող. երգչախումբը (1926), Վորոնեժի ռուս. ժող. երգչախումբը (1943) ևն։ Հայկական ժող. երգի–պարի վաստակավոր անսամբլի օրինակով կոլեկտիվներ են ստեղծվել սփյուռքում (ԱՄՆ–ում, Լիբանանում, ԵԱՀ–ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Բուլղարիայում, Իրանում, Կանադայում)։


ԱՆՍԵԼՄ (Anselm) Քենտրբերացի (1033–1109), միջնադարյան աստվածաբան և փիլիսոփա, Քենտրբերիի արքեպիսկոպոս։ Հայ մատենագրության մեջ հայտնի է Անսելմոս Պիեմոնտացի անունով։ Եղել է հռոմեական եկեղեցու շահերի և սկզբունքների եռանդուն պաշտպանն Անգլիայում և դասվել է եկեղեցու հայրերի շարքը։ Ըստ Ա–ի, հավատը պետք է նախորդի ճանաչողությանը, նրա սկզբունքն էր՝ «Հավատում եմ, որպեսզի հասկանամ»։ Հարում էր ծայրահեղ ռեալիզմին։ Ա. առաջադրել է աստծո կեցության գոյաբանական ապացուցումը, որը բազմիցս քննադատվել է հետագայում: Նրա աշխատությունները լայն ճանաչում են գտել կաթոլիկական աշխարհում։ Ա–ի երկերը հայտնի են եղել նաև հայ վանական դպրոցներում։ Դրանցից մեկի հայերեն թարգմանությունը՝ «Ստածութիւնք Անսելմոսի», պահվում է Երուսաղեմի մատենադարանում (ձեռ. № 1393)։


ԱՆՍԵՌ ԲԱԶՄԱՑՈՒՄ, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Ա. բ. բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։ Ա. բ–ման հիմնական ձևերն են. կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը (տես Սպորներ), վեգետատիվ բազմացումը ևն։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից (որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից)։ Ա. բ. կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով (միաբջիջները՝ սպորներով, բազմաբջիջներից սպունգները՝ գեմուլաներով ևն), որոնք հետագայում հեռանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Ա. բ. բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։


ԱՆՍԵՌ ՍԵՐՈՒՆԴ, սպորոֆիտ, բույսերի անհատական զարգացման փուլերից մեկը (տես Սերունդների հաջորդականություն)։ Բույսերի տարբեր խմբերի Ա. ս–ի զարգացման աստիճանն ու կյանքի տևողությունը միանման չեն։ Մեզ շրջապատող բոլոր կանաչ բույսերը Ա. ս–ներ են։ Սեռական սերնդի համեմատությամբ Ա. ս–ի բջիջների կորիզի քրոմոսոմների քանակը կրկնապատկված է։


ԱՆՍՈՒՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մալաթիայի գավառում, Եփրատ գետից աջ, բլրապատ սարահարթի վրա։ 1909-ին ուներ 600 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի՝ կառուցված 1872-ին, և նախակրթական վարժարան։ Կային նաև երկու այլ եկեղեցիների ավերակներ։ Բնակիչների մի մասը զոհվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։