Խմբագիրը (Նար-Դոս)
Ժամը 3-ից անց էր, որ Հայրումյանը վերջացրեց աշխատանքը, ծածկեց գլխարկը, հագավ ամառվա հնամաշ վերարկուն, որը հազիվ էր պաշտպանում նրա վտիտ մարմինը աշնանային խոնավ ու ցուրտ եղանակից, և դիմեց դեպի տուն։
Սաստիկ հոգնած և քաղցած էր, բայց մոռացել էր թե՛ մեկը և թե՛ մյուսը, որովհետև այդ առավոտ խմբագրատանը տեղի ունեցած մի արտասովոր հանգամանք միանգամայն մռայլել էր նրա հոգին։
Բանն այն էր, որ առավոտ խմբագրատուն գնալիս իր վերջին կոպեկներն էր տվել կնոջը՝ ծախսելու, և հույս ուներ, թե որովհետև օրը շաբաթ է և ամսի 1-ը, գեթ մի քանի ռուբլի կստանա իր վաղուց արդեն հարյուրներն անցած ապառիկ ռոճիկի հաշվին վաղվան և մյուս օրերի ծախսերի համար. բայց խմբագրատանը նոր էր նստել աշխատանքի և խմբագիրը քնից նոր ելած (նա ապրում էր խմբագրատանը կից) դեռ փսփսում էր իր սենյակում, երբ նախասենյակում ինչ-որ արտասովոր քայլերի և խոսակցության ձայներ լսեց։
Ներս մտավ բարձրահասակ, սևազգեստ մի կին, շրթունքի վերևը շատ նկատելի սև բեղերով, և ցածրահասակ, կոկարդավոր մի պարոն՝ մի շատ հասարակ պորտֆեյլ ձախ թևի տակ։
Հայրումյանը գիտեր, որ սևազգեստ կինը այն տանտիրուհին է, ուր գտնվում էր խմբագրատունը, իսկ կոկարդավոր պարոնի համազգեստից իմացավ, որ դատական պրիստավ է, և այդ երկուսի միասին մտնելը լավ բան գուշակել չտվեց նրան։
Տանտիրուհին մտնելուն պես մի խուզարկու հայացք ձգեց գրեթե դատարկ ընդարձակ սենյակի մեջ, որտեղ սև կալենկորով ծածկված մի մեծ գրասեղանից, մի ծռված գրադարակից և մի քանի աթոռներից զատ ուրիշ բան չկար, և ինչ-որ փնթփնթաց քթի տակ, ըստ երևույթին, վերին աստիճանի դժգոհ։ Իսկ դատական պրիստավը առանց այլևայլության գնաց նստեց գրասեղանի մոտ, Հայրումյանի դիմաց, առանց նույնիսկ նայելու նրան, պորտֆեյլը դրեց գրասեղանի վրա, բաց արավ և մեջը ինչ-որ թղթեր որոնելով հարցրեց.
— Кто здесь хозяин?
— Դուք խմբագրի՞ն եք ուզում,— հարցրեց Հայրումյանը։
— Ну да! хозяина, хозяина,— ասաց պրիստավը մեղմ, քաղաքավարի եղանակով, որի մեջ, սակայն, օրենքի ներկայացուցչի տիրական-հրամայական շեշտը զգացնել տվեց իրեն շատ որոշակի։
Հայրումյանը վեր կացավ, դուրս գնաց նախասենյակ և մատով թրխկթրխկացրեց խմբագրի սենյակի դուռը։
— Ո՞վ է, ի՞նչ է,— լսվեց ներսից քնից նոր ելած խմբագրի խռպոտ ձայնը։
— Տանտիրուհին է, դատական պրիստավ է բերել, ձեզ են ուզում,— ասաց Հայրումյանը շրթունքները դռան արանքին մոտեցրած։
— Հաա՞,— լսվեց ներսից խմբագրի հայտնի չէ զարմացական, թե՞ ինքնահեգնական ձայնը, հետո քթի ուժեղ փսփսոց և ոտների շարժումը, և ապա թե խմբագիրը կանչեց ներսից հաստատուն ձայնով.— ասացեք՝ իսկույն գալիս եմ։
— Իսկույն կգա խմբագիրը,— ասաց Հայրումյանը վերադառնալով և նստեց իր տեղը։ Գրիչն առավ և, աշխատելով կատարելապես անտարբեր մնալ, ուզեց շարունակել ընդհատված աշխատանքը, տեսավ՝ չի կարողանում մտքերն ամփոփել։ Նրա ուղեղին և զգացմունքներին տիրել էր այն կաշկանդումը, որ սովորաբար ազդում է իշխանության ներկայությունը վախկոտ մարդկանց։ Իսկ սիրտը տկտկում էր ծոցի ժամացույցի պես։
Դատական պրիստավը — խունացած համազգեստով և գռեհկական դեմքով մի շեկ մարդ— շարունակում էր իր որոնումը մաշված, տեղ-տեղ կեղտից դեղնած սև պորտֆեյլի մեջ։ Իսկ տանտիրուհին, պատուհանի մոտ շիփ-շիտակ նստած, տիրական-քննական հայացքով դիտում էր սենյակի հատակը, առաստաղը, պատերը, անկյունները, պատուհանները, դռները։
Հայրումյանը գիտեր, որ նա այրի էր և իշխանուհի, սակայն նրա արտաքինի մեջ ոչ միայն իշխանազնական, այլև կանացի ոչինչ չկար, բացի միայն հագուստից, որը նույնպես նույնքան անճոռնի էր, որքան և նրա արտաքինը։ Հայրումյանին թվում էր մինչև անգամ, թե նա մի շատ տգեղ տղամարդ է կանացի շոր հագած,— այն աստիճան կոպիտ էր նրա ձայնը և այն աստիճան տգեղ տղամարդու դեմք էին հիշեցնում նրա վերին շրթունքների վրա բուսած ցանցառ սև մազերը, արտասովոր խիտ սև հոնքերը, չորացած, ոսկրոտ երեսի ծալ-ծալ կնճիռները և մանավանդ հայացքը՝ այնքան դաժան, որ կարելի էր կարծել, թե երբեք չի ժպտում։ Նայելով նրան, Հայրումյանը մտածում էր, որ եթե ինքը նկարիչ լիներ, անպատճառ կնկարեր նրան վհուկի իսկական մի տիպ ներկայացնելու համար։
Մի րոպե իշխանուհու դաժան, թափառող հայացքը կանգ առավ գրասեղանի մոտ հատակի վրա, ուր սև թանաք էր թափված և տեղը — մի բավական մեծ տեղ — սևացել էր, ըստ երևույթին, հավիտենապես։ Նա վեր կացավ, ոտը քսեց սևացած տեղին և դարձավ Հայրումյանին.
— Այս ի՞նչ է, երեխանե՞ր եք։ Բնկարանը որ ձերը չէ, զգուշություն էլ հարկավոր չէ՞,— ասաց զսպած զայրացկոտությամբ։— Եվ ձեր անունը խմբագրությո՜ւն է,— շեշտեց իշխանուհին այնքան արհամարհական և այնքան վիրավորական եղանակով, որ Հայրումյանն անպատճառ կպատասխաներ, եթե տանտիրուհու նկատողության մեջ որոշ ճշմարտություն չգտներ։
Ներս մտավ խմբագիրը, մի կարճլիկ և հաստլիկ մարդ, ժիլետը կոճկելով ուռուցիկ փորի վրա։ Երևում էր, որ լվացվել և հագնվել էր ձեռաց։ Նրա փայլուն սև մազերը, ջրից դեռևս թաց, կպել էին քունքերին, իսկ սև, խոշոր աչքերը դեռևս պղտոր էին, ինչպես քնից նոր ելած և դեռևս անոթի մարդու աչքերը։ Նա լուռ, գլխի հազիվ նկատելի շարժումով բարևեց անկոչ հյուրերին, մի տեսակ լարված-սպասողական հայացքով փոխնիփոխ նայելով տանտիրուհուն և դատական պրիստավին։
Դատական պրիստավը վեր կացավ և նույն քաղաքավարի տոնով, որի մեջ, սակայն, օրենքի ներկայացուցչի ինքնավստահության նույն առանձնահատուկ ազդու շեշտն էր զգացվում, հարցրեց.
— Вы хозяин?
Խմբագիրը, պատասխանելու տեղ, գլխով դրական շարժում արավ մեքենայաբար։
Դատական պրիստավը նրա առջևը դրեց կատարողական թերթը և ասաց, որ եթե նա հենց այժմ չվճարի բնակարանի չորս ամսվա վարձագինը, ապա ինքը պարտավորություն ունի ցուցակագրելու խմբագրատան կահ-կարասիքը աճուրդի հանելու համար։
Խմբագիրը շփեց ձեռքերը, կարծես լվանում էր, ժպտաց և նայելով տանտիրուհուն, բայց պատասխանելով դատական պրիստավին, ասաց.
— Ես կխնդրեի իշխանուհուն, որ մի երկու օր սպասեր, մինչև որ...
— Ո՛չ, — բռնկվեց հանկարծ տանտիրուհին, կարծես օդով լի մի պարկ տրաքեց։— Եվ ո՛չ մի րոպե։ Բավական է՝ որքան խաբեցիք։ Այս բնակարանը քաղաքի կենտրոնումն է և ոչ թե մի որևէ Հավլաբարում։ Երեսուն տարի է վարձու եմ տալիս և առաջին անգամն է, որ հանդիպում եմ ձեզ պես անպարտաճանաչ և անբարեխիղճ կենողի։ Չորս օր չէ, չորս շաբաթ չէ, չո՜րս ամիս է, ամբողջ չորս ամիս խաղացնում եք ինձ՝ էսօր-էգուց գցելով։ Լակեյին եմ ուղարկում, դատարկ եք ճամփու գցում, ինքս եմ գալիս իմ ոտով — տանն եք, ասում եք տանը չեք կամ հետին դռնովն եք փախչում։ Ամոթ չէ՞։
Իշխանուհին իր դաժան հայացքով շեշտակի նայում էր խմբագրի աչքերին և խոսում էր զսպած զայրույթով, խոսում էր առանց շտապելու, և խոսքերը նրա բերանից դուրս էին թռչում առանձին շեշտերով՝ մուրճի հարվածների պես ծանր ու հատու, կարծես մի վարժ ձեռք մուրճով մեխ էր ցցում փայտի մեջ, առանց հարվածները նպատակից շեղելու։
Խմբագիրը սկզբում, ինքնավստահացման ժպիտը դեմքին, մատներով ոլորում էր երկայն փարթամ բեղի ծայրը. հետո ձեռքերը դրեց անդրավարտիքի գրպանները և սկսեց խաղացնել ծնկները։ Շուտով ծնկների այդ խաղը դարձավ ինքնաբերաբար-ջղայնական, որից սկսեց ցնցվել նրա ամբողջ լիքն իրանը կարճ ոտների վրա։ Սակայն, իր հերթին նայելով տանտիրուհու աչքերին և համբերությամբ լսելով նրա շպրտած դառն խոսքերը, դեռևս շարունակում էր ժպտալ, և այդ ժպիտը կարծես ասում էր. «Կուլ տուր, կուլ տուր, հայոց ազգի խմբագիր (այդպես էր անվանել նրա մոլեռանդ երկրպագու և նրա թերթի մշտական բաժանորդներից մեկը— կիսով չափ խելքից ցնդած գավառացի մի ազգասեր — և այdպես էլ նա անվանում էր իրեն իր բարեկամների շրջանում՝ արտաքուստ հեգնորեն, բայց ներքուստ խորին համոզմունքով), կուլ տուր և ուզես-չուզես՝ մարսիր. հայոց ազգը կվարձատրի քեզ, երբ որ մեռնես»։
— Կրթված մարդ եք իբր թե, խմբագիր, հրապարակախոս, թերթ եք հրատարակում և թույլ եք տալիս ձեզ...— շարունակեց տանտիրուհին իր ծանր մուրճի հարվածները, բայց խոսքը կիսատ մնաց բերանում, որովհետև խմբագրի այն ոտը, որ ցնցվում էր ջղայնորեն, բարձրացավ և հանկարծ իջավ հատակի վրա այնպիսի ուժգին զարկով, որ դատական պրիստավն ու Հայրումյանը վեր թռան տեղներից վախեցած, կարծելով, թե մի բան պայթեց։
— Բավակա՛ն է,— գոչեց խմբագիրը կատաղության հանկարծական բռնկումի զիլ հնչյուններով։— Ես ձեր ոչ սեռին և ոչ տիտղոսին կնայեմ և դուրս կշպրտեմ ձեզ պատուհանից, եթե շարունակեք ինձ վիրավորել...
Եվ որովհետև նա կատաղի աչքերով սպառնագին մի երկու հուժկու քայլ դրեց դեպի տանտիրուհին, դատական պրիստավը և Հայրումյանն ակամա առաջ ընկան, որ բռնեն նրան։
Խմբագիրը, սակայն, կանգ առավ ինքն իրեն զսպած։ Նրա ամբողջ ջլապինդ մարմինը դողում էր զսպած կատաղությունից և սև, խոշոր աչքերից կարծես կայծեր էին դուրս ցայտում։
— Այս ի՞նչ վայրենի տեսարան է, այս ի՞նչ վայրենի տեսարան է,— շշնջաց իշխանուհին, ետ ու ետ քաշվելով, ըստ երևույթին, բավական վախեցած և զարմացած։— Համ պարտքը չվճարել, համ էլ... Ես ոչինչ չեմ հասկանում, պարոններ,— ծայրահեղորեն ապշած դիմեց նա դատական պրիստավին և Հայրումյանին, որոնք արդեն կանգնել էին նրա և խմբագրի մեջտեղը։
— Չեք հասկանում, հա՞... իսկ երբ որ ձեր քիթ ու պռունկը ջարդեմ, այն ժամանակ կհասկանաք,— աղաղակեց խմբագիրը բռունցքները ցնցելով օդի մեջ։
— Да что это такое!...— ճչաց իշխանուհին, դառնալով դատական պրիստավին, կարծես նրանից էր կախված իր պատվի պաշտպանությունը։
— Ну, господа, это...— կմկմաց դատական պրիստավը շփոթված, ըստ երևույթին, նա ամենևին չէր սպասում, թե մի կուլտուրական մարդու և խմբագրի բերանից այդպիսի կոպիտ խոսքեր կարող էին դուրս թռչել մի կնոջ հասցեին։ Խմբագիրը, ըստ երևույթին, ինքն էլ հասկացավ, որ իր խոսքերը չափազանց կոպիտ էին և անվայել, որ դրանով իշխանուհուն վիրավորելուց առաջ իր վարկը գցեց, և այդ գիտակցության տակ նրա ցասումը անմիջապես իջավ։
— Ասացեք, խնդրեմ,— դարձավ նա դատական պրիստավին ինքն իրեն արդարացնողի տոնով,— դուք օրենքի ներկայացուցիչ եք, օրենքը թո՞ւյլ է տալիս, որ պարտատերը վիրավորի պարտապանի մարդկային արժանապատվությունը։ Ես ինքս իրավագետ եմ և գիտեմ, որ աշխարհիս երեսին այդպիսի օրենք գոյություն չունի։ Ես չեմ վճարել իշխանուհուն բնակարանի վարձը, որովհետև չեմ կարողացել. գնացել գանգատ է արել, կատարողական թերթ է վերցրել և ձեզ բերել է, որ իրեղեններս ցուցակագրեք և աճուրդի հանեք։ Շատ լավ, այդ իր իրավունքն է, և ես ոչինչ չունեմ դրա դեմ։ Ես չեմ փախել...
— Միշտ փախչում էիք,— վրա բերեց իշխանուհին։ Խմբագիրը պատասխանելու տեղ աչքերը ոլորեց նրա վրա և, նորից դառնալով դատական պրիստավին, շարունակեց.
— ...Ոչինչ չեմ թաքցրել...
— Դեռ հարց է, չե՞ք թաքցրել,— նորից մեջ ընկավ իշխանուհին,— որովհետև ի՞նչ կա այստեղ։
Խմբագիրն այս անգամ ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա։
— ...Ահավասիկ,— շարունակեց նա ձեռքերը տարածելով համարյա դատարկ սենյակի մեջ,— ամեն բան, իմ բոլոր ունեցած-չունեցածը ձեր տրամադրության տակ է, ցուցակագրեցեք՝ ինչ որ կուզի և գնահատեցեք՝ ինչքան որ իր բարի կամքը կթելադրի։ Բայց վեր կենալ և շոշափել իմ անձնական պատիվը, իմ մարդկային արժանապատվությունը, արհամարհանքով խոսել իբրև խմբագրի և հրապարակախոսի կոչման մասին, ներեցեք, ես այդ թույլ չեմ տա ո՛չ ոքի։ Այս րոպեին ես նրա համար ոչ խմբագիր եմ, ոչ հրապարակախոս և ոչ ուրիշ որևէ բան. ես սոսկ պարտապան եմ նրա համար և թող իր պարտականի հետ էլ իր հաշիվը տեսնի։ Ճիշտ չե՞մ ասում։
— Да, действительно...— անորոշ արտասանեց դատական պրիստավը։
Խմբագիրն արդեն բոլորովին տիրապետել էր իրեն և խոսում էր վիրավորված մարդու հպարտությամբ։ Լսելով նրա արժանապատվությամբ լի խոսքերը, Հայրումյանին թվում էր, թե նա մի քիչ ավելի է օգտվում, ըստ երևույթին, սահմանափակ ուղեղի տեր տանտիրուհու անտակտ վարմունքից և սրտի խորքում ուրախ էր, որ այդ վարմունքն առիթ չէր տվել իրեն դուրս գալու իր նվաստացածի անհարմար դրությունից և պաշտպանողական դիրքից անցնելու հարձակողականի։ Եվ Հայրումյանը շուտով տեսավ, որ չի սխալվել այդպես կարծելով.— դատական պրիստավը, որ սկզբում խմբագրի վրա նայում էր իր իշխանության վրա վստահ պաշտոնյայի բարձրությունից, այժմ նկատելի հարգանքով էր լսում նրան և, ըստ երևույթին, ճնշվում էր նրա ազդու արտաքինի և ուժեղ խոսքերի ազդեցության տակ։ Իսկ իշխանուհին սուս էր արել, արձանացել էր կանգնած տեղը և ապուշի պես նայում էր խմբագրի վառվռուն աչքերին իր սև և խիտ հոնքերի տակից։ Երևի շատ էր զարմացել և մտածում էր, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեղադրողի դիրքից հանկարծ մեղադրյալի վիճակի մեջ է ընկել ինքը։
— Ну, господа,— կարծես հանկարծ հիշելով իր դիրքն ու դերը, ասաց դատական պրիստավը պաշտոնական չորությամբ,— այդ բոլորն ինձ չի վերաբերում և թույլ տվեք, խնդրեմ, պարտավորությունս կատարեմ։ Ուրեմն ասում եք, որ չեք կարող վճարել,— դիմեց նա խմբագրին։
Խմբագիրը ժպտաց և ուսերը վեր քաշեց։
— Ավա՜ղ, այս վայրկյանին, որ ոտներիցս կախեք, մի քոռ կոպեկ չի ընկնի գրպանիցս,— ասաց նա մի տեսակ կոմիկական ինքնահեգնանքով։
— Դո՞ւք ինչ կհրամայեք,— դիմեց տանտիրուհուն դատական պրիստավը։— Ցուցակագրե՞մ։
— Այո, իհարկե,— պատասխանեց իշխանուհին այնպիսի մի եղանակով, որ կարծես ուրիշ բան չէր կարող և չպետք է լիներ։
Ահա այդ րոպեից էր, որ տեղի ունեցավ այն, ինչ որ այնպես մռայլել էր Հայրումյանի հոգին և մոռացնել տվել հոգնածությունն էլ, քաղցն էլ.— դատական պրիստավը, առանց հոգնելու և ձանձրանալու, պաշտոնական մեթոդիկ ճշտապահությամբ սկսեց ցուցակագրել խմբագրատան մեջ գտնված բոլոր կարասիքը, գրքերն ու իրեղենները։
Իշխանուհին նորից մտել էր անողոք պահանջատիրոջ դերի մեջ, և նրա այրական դաժան դեմքի վրա մեղմության և զիջողության նշույլ անգամ չէր երևում։ Նա ինքն էր առաջնորդում դատական պրիստավին, ինքն էր գնահատում իրեղեններր և պահանջում էր, որ անպատճառ իր գնահատումներով ցուցակագրվեն։
Խմբագիրն սկզբում չէր խառնվում և, մի կողմ քաշված, մատների ծայրերով վերուվեր էր քաշում իր առատամազ a la Վիլհելմ սանրած բեղի փնջաձև ծայրերը։ Շարունակ ժպտալով դիտում էր իշխանուհուն, որի թե՛ արտաքինը և թե՛ մանավանդ հնդկահավի պես ուռած-փքված դիրքն ու քայլվածքը, ըստ երևույթին, անկեղծ զվարճություն էին պատճառում նրան։ Վերջն այնքան զվարթացավ, որ սկսեց նույնիսկ ինքն առաջնորդել իշխանուհուն և դատական պրիստավին խմբագրատան բոլոր սենյակներն ու ծակուծուկերը, շարունակ կատակներ անելով։
— Ի՞նչ եք ասում, ձերդ պայծառափայլություն,— բացականչեց նա, երբ իշխանուհին խմբագրական զամբյուղը 10 կոպեկ գնահատեց։— Գիտե՞ք, թե այս զամբյուղը ի՜նչպիսի երևելի մտքեր է պարունակել իր մեջ։ Երբ մեր գավառական թղթակիցներից մեկին պատասխանել էինք, թե իր հոդվածը զամբյուղն ենք գցել,— ա՛յ, հենց այս զամբյուղը,— նա մի նամակով խորհուրդ տվավ մեզ, որ այս զամբյուղը մեր գլխին դնենք, որպեսզի մի քիչ սովորենք, որովհետև, ասում էր, սրա մեջ ավելի խելք կա, քան մեր գլխում։ Եվ դուք չե՞ք խղճահարվում 10 կոպեկ գնահատել երևելի մտքերի այս շտեմարանը։
Բայց իշխանուհին ոչ նայում էր խմբագրին, ոչ էլ պատասխանում նրա կատակներին, և նրա կիտած հոնքերն ամենևին չէին բացվում։
— Ա՛յ, այս իսկապես որ մի անարժեք բան է,— ասաց խմբագիրն իր գրասեղանից վերցնելով և բաց անելով մի երկայն թավշապատ տուփ, որի մեջ մի ոսկե գրիչ կար սպիտակ մետաքսե դագաղի մեջ պառկած։— Մինչև օրս չգիտեի ինչ անեմ, որովհետև սովորաբար ես շատ հասարակ գրչով եմ գրում։ Վերջապես, այսօր բանի պետք եկավ։ Կարող եք 10 կոպեկից էլ պակաս գնահատել, ոչ մի պրետենզիա չեմ հայտնի։
Երբ տանտիրուհին պահանջեց ցուցակագրել, ի միջի այլոց, նաև լրագրի ահագին կույտերով մնացած հին համարները, խմբագիրը բացականչեց:
— Վերջապես կարող եմ պարծենալ և պարծանքով հայտարարել, որ թերթիս բոլոր համարները սպառված են, ինչ որ չեն կարող պարծենալ իմ հակառակորդները։ Ի դեպ, գիտե՞ք ինչ միտք ծագեց գլխումս,— ավելացրեց նա,— վատ չի լինի առհասարակ, որ խմբագրատները, բացի խուզարկությունից, տարեկան գեթ մեկ անգամ էլ աճրդախոսության ենթարկվեն պարտքերի դիմաց. դա մի բարիք կլինի, որովհետև կազատվենք, վերջապես, թղթերի այս սոսկալի կույտերից, որոնց մեջ խեղդվում ենք ուղղակի։ Ահա թե ինչու ես այժմ իմ պարտքն եմ համարում իմ առանձին շնորհակալությունը հայտնելու իշխանուհուն, որ ազատում է մեզ այս թղթերից:
Բոլոր իրեղենները ցուցակագրելուց և մինչև աճրդախոսությունը իրեն՝ խմբագրին պահ տալուց հետո, դատական պրիստավը տանտիրուհու կողմից, որ համառորեն շարունակում էր ոչ խոսել խմբագրի հետ և ոչ էլ նայել նրա երեսին, պահանջ ներկայացրեց, որով խմբագիրը պարտավորվում էր երեք օրվա ընթացքում դատարկել բնակարանը։
— Մի՞թե առանց ինձ էլ չեն դատարկելու,— հարցրեց խմբագիրը կոմիկական հանգստությամբ։
— Այո, բայց... տանտիրուհին չի կամենում, որ դուք այլևս մնաք այս բնակարանում:
— Նույնիսկ այն ժամանակ, երբ այս երեք օրվա ընթացքում վճարե՞մ պարտքս,— դիմեց խմբագիրը ավելի տանտիրուհուն, քան դատական պրիստավին։
— Այո, նույնիսկ ա՛յդ ժամանակ,— շեշտեց իշխանուհին, առանց նրան նայելու և դիմեց դեպի դուռը։
Խմբագիրն ուզում էր ինչ-որ ասել, բայց նա ետ չնայեց և դուրս գնաց։
Դատական պրիստավը լուռ գլուխ տվավ խմբագրին և հետևեց տանտիրուհուն։
Նրանց դուրս գնալուց հետո խմբագիրը մոտեցավ պատուհանին և, ձեռքերը գրպանները դրած, սկսեց մտախոհ նայել դեպի դուրս, որտեղ աշնանային հանգիստ, կապարագույն օդի մեջ փոշենման անձրև էր մաղում՝ թաց անելով փողոցի սալահատակը և հանդեպի մայթը։ Այժմ նրա դեմքին խաղում էր մի շատ հանգիստ քմծիծաղ, որի մեջ, սակայն, արտահայտվում էր հոգեկան մի խոր դառնություն։
Բայց այդ բոլորը մի քանի րոպե միայն տևեց, նա թափահարեց իր խոշոր գլուխը, կարծես դառն մտքերն իրենից վանելու համար և արագորեն մոտեցավ Հայրումյանին, որը նորից նստել էր աշխատելու։
— Ի՞նչ ունեք այսօր,— հարցրեց։
— Նյութը, երևի, կպակսի— պատասխանեց Հայրումյանը,— խնդրեմ՝ պոստը շուտով բերել տվեք։
— Այս րոպեին,— ասաց խմբագիրն և իրեն հատուկ աշխույժ քայլերով դուրս գնաց։
Թեև Հայրումյանը նստել էր աշխատելու, բայց երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում անել։ Հակառակ իր կամքին ու ջանքերին, պատահած դեպքից հետո մի տարօրինակ կաշկանդում էր տիրել նրան, և նա չէր կարողանում միտքը կենտրոնացնել անելիք գործի վրա։ Պատահած դեպքը չափազանց տարօրինակ էր և, նրա կարծիքով, անպատվաբեր այն լրագրի համար, որին նա ծառայել էր երկար տարիներ գրեթե միշտ քաղցած փորով և որի հետ կապված էր շան հավատարմությամբ։ Այդ գիտակցությունն էր, որ դառնացրել էր նրա հոգին և կաշկանդել միտքը, և նա առաջուց զգում էր, որ պատահած դեպքը երբեք չպիտի ջնջվի իր հիշողությունից։
Ու մինչդեռ նա վերին աստիճանի ճնշված դրության մեջ մեքենայի նման շարժում էր գրիչը, առանց կենտրոնանալ կարողանալու, խմբագիրն, ընդհակառակը, սովորականի նման աշխույժ ու տենդոտ, կատարում էր իր առօրյա աշխատանքը — կարգադրություններ էր անում էքսպեդիտորին ու ցրիչներին, աչքի էր անցկացնում տեղական ու մայրաքաղաքի թերթերը, գունավոր մատիտով նշան էր դնում թարգմանելիք լուրերի վրա, կարդում էր նոր ստացված թղթակցությունները, երկար ու բարակ զրույց անում այցելու բարեկամների հետ,— կարծես ոչինչ չէր պատահել կամ պատահածը նրան չէր վերաբերում։
Այժմ էլ, երբ Հայրումյանը, մի կերպ վերջացնելով իր աշխատանքը և վերջին նյութերը տպարան ուղարկելով, մռայլ հոգով վերադառնում էր տուն, առանց այլևս մտքովն անգամ անցկացնելու, որ պատահած դեպքից հետո խմբագրից փող ուզի — խմբագիրը նստել էր առաջնորդող գրելու։
«Այս տեսակ էլ մա՜րդ...»— մտածում էր նա ապշած։
1913