Պատվերը կատարված է․ սպասենք շքանշաններին
ՊԱՏՎԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է. ՍՊԱՍԵՔ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՆ
[խմբագրել]«Խորհրդային Հայաստան» թերթի ս.թ. ապրիլի 21-ի համարում տպագրված է հայ մտավորականների համաստեղության հայտարարությունը, որում հանրապետության ողբալի վիճակը նկարագրելուց հետո արված է մի չափազանց կարեւոր հետեւություն, այն է. «Մենքառաջարկում ենք ամենամոտ ժամանակներում հրավիրել հանրապետության հասարակայնության, ինչպես նաեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական կազմակերպությունների ու իշխանության ներկայացուցիչների ժողով՝ ազգային համաձայնության գալու, մեր հայրենիքը կրկին ոտքի կանգնեցնելու ընդհանուր ծրագիր մշակելու համար։ Հայրենիք, որը միայն մերը չէ, այլ համայն հայությանը։ Մենք պաշտպանում ենք Հայրենիքի եւ Սփյուռքի բոլոր ուժերի մասնակցությամբ ազգային համաժողով հրավիրելու առաջարկը»։
Փայլուն, մանավանդ ինքնատիպ, մտահղացում, որը սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս պատահաբար համընկել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի, ավելի ճիշտ՝ նրա առաջին քարտուղարի տեսակետին։ Քավ լիցի, ես չեմ ուզում հայտարարությունն ստորագրած հարգարժան մտավորականներին մեղադրել գրագողության մեջ, բայց չեմ կարող չնկատել, որ այդ փայլուն մի տքը ծնվել է ոչ թե նրանց ուղեղներում, այլ կենտկոմի ակտիվի ժողովում։ Չեմ կարող չնկատել մանավանդ այն պատճառով, որ այդ ժողովի արձանագրությունը տպագրված է նույն թերթի նախորդ համարում։ Կենտկոմի նորընտիր քարտուղար Վ. Մովսիսյանի ելույթում ասված է բառացիորեն հետեւյալը. «Ճգնաժամից դուրս գալու ելք որոնելու, ազգի բոլոր կենսական ուժերը հա մախմբելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ազգային համաձայնության խորհուրդ։ Նրանում պետք է ընդգրկվեն մեր անվանի մարդիկ, բոլոր շարժումների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դուք գիտեք, որ ծրագրվում է հրավիրել նաեւ համազգային խորհրդաժողով՝ Հայաստանի, Արցախի, ներքին եւ արտաքին սփյուռքի բարձր ներկայացուցչական կազմով։ Այդ խորհրդաժողովը կքննարկի, կձեւավորի ազգային վերածնության ու գոյատեւման ծրագիր»։
Ինչպես տեսնում ենք, այս անգամ եւս ամեն ինչ կարգին է. պատվերն իջեցված է, կատարողները գտնված են։ Ասենք, գտնելու կարիք էլ չկար, քանի որ բոլոր ստորագրյալներն էլ, առնվազն նրանք, որոնց ճանաչում եմ, վաղուց մասնագիտացած են՝ կատարելու իշխանությունների պատվերը։
Այնուամենայնիվ զարմանալու, կամ առավել եւս վշտանալու կարիք չկա, քանի որ մեր անվանի մտավորականները բարեխիղճ կերպով կատարել են իրենց հասարակական դերը։ Փույթ չէ, թե դրա համար նրանք արժանացել են պարգեւների ու տիտղոսների, օգտվել իշխանություններին վերապահված որոշ արտոնություններից ու բարիքներից։ Նրանք չարժանանային, ուրիշ նմանները պետք է արժանանային, քանի որ նրանց տեղը երբեք թափուր մնալ չէր կարող։ Բոլոր ժամանակներում իշխանությունները կարիք են ունեցել արքունի ներբողագիրների՝ կոչված հլու հնազանդ ծառայելու այդ իշխանություններին, ամրապնդելու նրանց դիրքերը։ Մեր օրերում արքունի ներբողագիրների դերը կատարում է նոմենկլատուրային մտավորականությունը, որի ամենակարեւոր արժանիքը կոնյունկտուրային արագ հարմարվելու հատկությունն է։ Տարակույս չկա, որ վաղը նույն անվանի մտավորականները իրենց անառարկելի տաղանդը կներդնեն ամրապնդելու համար մեր ապագա ազգային-ժողովրդավարական իշխանությունը։ Այսօր արդեն նրանց ելույթներում հայտնվել են Արցախ, Մայիսի 28, Եռագույն դրոշ, պահանջատիրություն, ժողովրդավարություն, ազգային ծրագիր բառերը, որոնք լիովին բացակայում էին նրանց բառապաշարում մինչեւ 1988 թվականի փետրվարը։
Այնպես որ, արքունի ներբողագիրների կամ այլ կերպ ասած՝ նոմենկլատուրային մտավորականների հասարակական դերի անհրաժեշտությունը միանգամայն ակնհայտ եւ անժխտելի է։ Միակ կշտամբանքը, որ կարելի է նրանց ներկայացնել՝ քաղաքականությամբ զբաղվելու հավակնությունն է։ Այս առիթով ստիպված եմ արտահայտել մի գռեհիկ ճշմարտություն. քաղաքականությունը ոչ թե խոսք, ոչ թե գաղափար, ոչ թե ծրագիր է, այլ նախ եւ առաջ գործ, այն էլ՝ թույլատրվածի սահմանն անցնելու միտումով։ Իսկ նոմենկլատուրային մտավորականությունն իր էությամբ ընդունակ է գործելու միայն թույլատրվածի (հաճախ հանձնարարվածի) սահմաններում, միայն նվաճված բնագծերում։ Եթե նրա բառապաշարում այսօր հայտնվել են Արցախ, Մայիսի 28, Եռագույն դրոշ, պահանջատիրություն, ժողովրդավարություն, ազգային ծրագիր բառերը, ապա միայն ու միայն այն պատճառով, որ ժողովրդական հուժկու շարժումն արդեն նվաճել է այդ բնագծերը։ Մեր անվանի մտավորականներին վերապահված է այդ բնագծերն ամրապնդելու շնորհակալ գործը, ինչը եւ հաջողությամբ կատարում են նրանք։
Նկատի ունենալով ասվածը, ինձ թվում է, այլեւս տարօրինակ չպիտի թվա այն հարցը, թե ինչո՞ւ վերջին երկու տարիներին մեր անվանի մտավորականությանը չհաջողվեց ժողովրդին տանել իր հետեւից, այլ եկան ինչ-որ «արկածախնդիրներ», որոնք մեր հանրապետությունը հասցրին կործանման եզրին։ Մի՞թե հայ մտավորականության համաստեղության համար հեշտ չէր հրապարակից հեռացնել այդ «արկածախնդիրներին» եւ հմտորեն գլխավորել ժողովրդական շարժումը։
Պարզվում է, որ հեշտ չէր, քանի որ Շարժումը գլխավորելու համար միայն գեղեցիկ ճառերը քիչ էին, անհրաժեշտ էր կազմակերպել միտինգներ, բողոքի ցույցեր, գործադուլներ, ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք դուրս էին թույլատրվածի՝ հետեւաբար նոմենկլատուրային մտավորականության կարողության սահմաններից։
Քաղաքական նման գործողություններ ձեռնարկելու փոխարեն երկու տարի շարունակ մեր անվանի մտավորականները զբաղված էին այդ գործողությունները դատապարտելով, ժողովներ, համագումարներ հրավիրելով, տասնյակ կազմակերպություններ, ճակատներ ստեղծելով, ազգային ծրագրեր մշակելով, փրկության դեղատոմսեր առաջարկելով՝ մոռացած այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքականության մեջ անհեթեթություն է, երբ մարդկանց մի խումբ ծրագրեր է մշակում, իսկ մի այլ խումբ՝ իրականացնում դրանք։ Քաղաքական ծրագրերն իրակա նացնում են այն մարդիկ, ովքեր եւ մշակում են դրանք։ Մարքսիստ Լենինը Ռուսաստանում իրագործեց ոչ թե Մարքսի, այլ իր ծրագիրը։
Վերադառնալով մի խումբ հայ մտավորականների խնդրո առարկա հայտարարությանը, որն, ինչպես պարզվեց, պատվիրված է Հայաստանի կոմկուսի կենտկոմի կողմից, պետք է անհրաժեշտաբար պատասխանել այն հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում «ազգային համաձայնության գալու» ծրագիրը, եւ ինչո՞ւ է այդ ծրագիրը հրամցվում հենց այս պահին։ Մտավորականների իսկ վկայությամբ՝ «Իշխանության մարմինները գտնվում են յուրատեսակ կաթվածահար վիճակում, բյուրոկրատական ապարատն առաջնորդվում է ավելի շատ հասարակության մեջ իր զբաղեցրած տեղը փրկելու, քան հանրապետության առջեւ կանգնած անհետաձգելի խնդիրները լուծելու մտահոգությամբ»։ Եթե, ուրեմն, մտավորականներն այս ծրագիրն առաջ են քաշում կաթվածահար իշխանության պատվերով, ապա դա արվում է միայն ու միայն այդ իշխանությունը փրկելու նպատակով։ Եւ բոլորովին պատահական չէ, որ պաշտոնական իշխանություններն ու նոմենկլատուրային մտավորականությունն այս ծրագրով հանդես են գալիս ընտրությունների նախօրյակին, չթաքցնելով անգամ իրենց հապճեպությունը։ Նպատակը պարզից էլ պարզ է. ազգային համերաշխության ցանկալի գաղափարով մոլորեցնել ժողովրդին, ստեղծել այն պատրանքը, թե կոմկուսը, բյուրոկրատական ապարատը, նոմենկլատուրային մտավորականությունը նույնքան մտահոգված են ազգային շահերով, որքան ինքը՝ ժողովուրդը, եւ դրանով ապահովել իրենց տեղերը ապագա խորհրդարանում։ Ավելին, դրանով փորձ է արվում վերականգնել սնանկության մատնված կոմունիստական կուսակցության քաղաքական վարկը եւ, նրա նորընտիր ղեկավարին ազգային հերոսի դիմակ հագցնելով, ապահովել նրա ընտրությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում, որով կողմնակի կերպով կապահովվի նաեւ կուսակցության հսկողությունը հանրապետության գերագույն իշխանության վրա։
Հայտարարության հեղինակներն իրավացիորեն նշում են. «Մեր ժողովրդի պայքարը ղեկավարելու համար իշխանության բարձրագույն մարմնում պետք է ընտրել կորովի մարդկանց, որոնք օժտված լինեն կազմակերպչական տաղանդով, մտքի հստակությամբ եւ կարողանան հիմնովին փոխել գործերի ներկա ընթացքը հանրապետությունում… Մենք ժողովրդին կոչ ենք անում շահագրգիռ վերաբերմունք ցույց տալ ընտրարշավին, մերժել իրենց արատավորած պաշտոնյաների, զանազան պատեհապաշտ մարդկանց, անպատասխանատու, արկածախնդրության հակված, դեմոկրատիայի անունից խոսող, բայց դեմոկրատիայի սկզբունքները ոտնահարող գործիչների թեկնածությունները»։ Թվում է, թե ասված է ամեն ինչ, բայց իրականում անտեսված է ամենակարեւորը. երեսփոխանի հիմնական արժանիքը պետք է լինի քաղաքական գործչի անկախ դիրքորոշումը։ Եւ անտեսված է բոլորովին ոչ պատահաբար, քանի որ նոմենկլատուրային մտավորականությանը պակասում է հենց այդ հատկանիշը։ Ամբոխավարական հմտություն ունենալու դեպքում հայտարարության հեղինակները չէին մոռանա նշել նաեւ այդ հատկանիշը, բայց միեւնույն է, դրանից նոմենկլատուրային մտավորականության էությունը, այն է՝ կախվածությունը, չէր փոխվի։
Ինչեւէ, մեր անվանի մտավորականները հերթական անգամ կատարել են պաշտոնական իշխանությունների պատվերը, եւ հերթական անգամ շքանշանները չեն ուշանա։ Սակայն ժամանակն է արդեն հասկանալու, որ իրական շքանշանները շնորհվում են ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի կողմից։
Ինչ վերաբերում է «ազգային համաձայնության» ծրագրին, ապա այն կարող է գոյանալ ոչ թե հայության բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների խորհրդաժողովներով, այլ Հայաստանի եւ Սփյուռքի ռեալ քաղաքական ուժերի համագործակցությամբ։ Մեր ժողովրդի ճիշտ կողմնորոշման դեպքում այդպիսի համաձայնության իրական հիմք կարող է լինել իսկապես ազգային-ժողովրդավարական խորհրդարանի ստեղծումը։
- «Հայք», 6 մայիսի, 1990 թ.։
- ՀՀԱՆԱ, 28/06.05.90։ Բնագիր։ Ինքնագիր։
- «Հայք», 6 մայիսի, 1990 թ.։