Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օղակ կազմող ածխածնի ատոմները և թթվածնի ատոմը գտնվում են նույն հարթության վրա, իսկ մյուս խմբերը՝ նրա կողմերում.

Միաշաքարների ցիկլիկ ձևերն ունեն 5, 6 կամ 7 անդամանի օղակ և համապատասխանաբար կոչվում են ֆուրանոզներ, պիրանոզներ և սեպտանոզներ։ Ցիկլիկ ձևերում կիսաացետալային՝գլյուկոզիդային հիդրօքսիլ խումբը հարթության նկատմամբ կարող է գրավել երկու դիրք (վերև կամ ներքև), որի պատճառով առաջացած իզոմերները կոչվում են անոմերներ՝ α և β ձևերով։ Հետևապես յուրաքանչյուր միաշաքար լինում է α և β անոմեր ձևով։ Օրինակ՝ αD-գլյուկոպիրանոզ, βD-գլյուկոպիրանոզ ևն։ Միաշաքարների անոմեր ձևերի օպտիկական հատկությունները միատեսակ չեն (դրանց ջրային լուծույթները բևեռացած լույսի հարթությունը պտտում են տարբեր աստիճաններով), որով և զանազանվում են միմյանցից։ Լուծույթներում (α և β ձևերը գտնվում են դինամիկ հավասարակշռության մեջ՝ α ձևը հեշտությամբ վերածվում է β–ի և հակառակը։ Միաշաքարները բյուրեղային նյութեր են, լավ լուծվում են ջրում, վատ՝ ալկոհոլում։ Եթերում չեն լուծվում։ Բյուրեղային վիճակում ունեն ցիկլիկ կառուցվածք, որը ջրային լուծույթներում հավասարակշռվում է բաց ձևի հետ։

Միաշաքարները չեն հիդրոլիզվում, մտնում են կարբոնիլ խմբին բնորոշ ռեակցիաների մեջ, ունեն վերականգնող հատկություններ։ Ալդոզների ալդեհիդ խմբի օքսիդացումից ստացվում են ալդոնաթթուներ (գլիկոնաթթու ևն), ալդեհիդ և առաջնային ալկոհոլային խմբերի օքսիդացումից՝ շաքարաթթուներ, միայն առաջնային ալկոհոլային խմբի օքսիդացումից՝ ուրոնաթթուներ (գլիկուրոնաթթու ևն)։ Միաշաքարները վերականգնելիս տալիս են բազմատոմ ալկոհոլներ։ Կիսաացետալային հիդրօքսիլ խմբի միջոցով միաշաքարները կազմում են գլիկոզիդներ, ինչպես նաև օլիգոշաքարներ և բազմաշաքարներ։ Միաշաքարները թթվային միջավայրում ռեակցիայի մեջ են մտնում ֆենիլհիդրազինի հետ և առաջացնում օգազոններ, որոնց դեղնավուն բյուրեղների ձևով էլ կարելի է միաշաքարները տարբերել միմյանցից։

Միաշաքարներից շատերը գտնվում են են բուսական և կենդանական օրգանիզմներում՝ և՛ ազատ, և՛ միացությունների ձևով։ Առավել կարևոր նշանակություն ունեն պենտոզներից՝ ռիբոզը և հեքսոզներից՝ խաղողաշաքարը (գլյուկոզ), պտղաշաքարը (ֆրուկտոզ) և գալակտոզը։ Մարդու արյան մեջ խաղողաշաքարի քանակը 80–120 մգ % է։

Բարդ Ա. բաժանվում են օլիգոշաքարների և բազմաշաքարների։ Օլիգոշաքարներից կարևոր նշանակություն ունեն երկշաքարները՝ կազմված միատեսակ կամ տարբեր միաշաքարներից, 2 տիպով՝ տրեգալոզ և մալտոզ։ Տարածված երկշաքարներ են սախարոզը (եղեգնաշաքար, ճակնդեղի շաքար), մալտոզը (ածկաշաքար), լակտոզը (կաթնաշաքար)և ցելոբիոզը, որոնց ընդհանուր բանաձևն է՝ ։ Սախարոզը կաոուցված է տրեգալոզ տիպով, որի հետևանքով վերականգնման ռեակցիաների մեջ չի մտնում, մյուսները՝ մալտոզ տիպով և մտնում են վերականգնման ռեակցիաների մեջ։ Երկշաքարներից լայնորեն կիրառվում է սախարոզը, որը կենցաղում օգտագործվող շաքարն է։

Բազմաշաքարները (գլիկոններ, բազմագլիկոզիդներ) բարձր կարգի կենսապոլիմերներ են, որոնց պոլիմերացման աստիճանը հասնում է մի քանի հազարի։ Ամորֆ են, մեծ մասամբ՝ ջրում վատ լուծվող, ոչ քաղցրահամ։ Առավել տարածված բազմաշաքարների ընդհանուր բանաձևն է՝ ։ Դրանք կարելի է դիտել որպես կոնդենսացված պոլիմերներ, որոնք առաջացել են միաշաքարներից կամ նրանց ածանցյալներից (ուրոնաթթուներ, ամինաշաքարներ)՝ ջուր անջատելու հետևանքով։ Բազմաշաքարներից կարևոր են օսլան, ցելյուլոզը (թաղանթանյութ) և գլիկոգենը։ Առաջին երկուսը գտնվում են բույսերում, երրորդը՝ կենդանիների օրգանիզմում։

Ա. խիստ անհրաժեշտ են կենդանական և բուսական օրգանիզմների կենսունակության համար։ Առաջանում են նյութափոխանակության հետևանքով և աճող օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրներն են։ Բազմաշաքարները մարսողական համակարգում ֆերմենտների միջոցով հիդրոլիզվում են մինչև միաշաքարների,ներծծվում արյան մեջ և որպես գլիկոգեն կուտակվում լյարդում, մասամբ՝ մկաններում: Ա. ընդունակ են ֆերմենտատիվ պրոցեսների հետևանքով վերածվելու ճարպերի՝ բուսական և կենդանական օրգանիզմներում։ Ա–ից շատերը (հեպարին, խոնդրիոտին ծծմբաթթու, մուկոբազմաշաքարներ, ինչպես նաև սրտային գլյուկոզիդներ, որոշ վիտամիններ, անտիբիոտիկներ) օժտված են կենսաբանական ակտիվությամբ։ Ա. ունեն արդյունաբերական նշանակություն, բամբակի, վուշի թելերը, հիմնականում կազմված լինելով թաղանթանյութից, տեքստիլ արդյունաբերության հումք են։ Փայտանյութից ստացված թաղանթանյութն օգտագործվում է թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։ Խմորման տարբեր ձևերով Ա–ից ստացվում էթիլալկոհոլ, գլիցերին, կաթնաթթու, կիտրոնաթթու, գլյուկոնաթթու ևն։ Վ. Մխիթարյան

ԱԾԽԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ, ընդգրկում է ածխի արդյունահանումը, հարստացումը և մամլումը։ Ա–ան զարգացումն սկսվել է XVIII դ. 2-րդ կեսից։ XIX դ. շոգու քարշի ուժը օգտագործելու հետ կապված՝ արդյունաբերության և տրանսպորտի շատ ճյուղեր դարձան քարածխի խոշոր սպառողներ։ XIX դ. սկզբին ածխի համաշխարհային արդյունահանումը կազմում էր 12–13 մլն., 1900-ին՝ 700 մլն., 1913-ին՝ 1225 մլն., 1966-ին՝ 2815 մլն. տ։ Նախահեղափոխական Ռուսաստանում Ա–յան զարգացման մակարդակը ցածր էր (1913-ին՝ 29,2 մլն. տ)։ Երկիրը տալիս էր ածխի համաշխարհային հանույթի 2,5%: Ռուսաստանի Ա–յան 87% բաժին էր ընկնում Դոնբասին։ ՍՍՀՄ–ում ածխի հանույթը 1928-ին կազմել է 35,5, 1937-ին՝ 128,0, 1970-ին՝ 624,0 մլն. տ։ Ածխի հանույթի ծավալով ՍՍՀՄ աշխարհում գրավում է առաջին տեղը։ Ա–յան արագ զարգացումը պայմանավորված էր երկրի արևելյան շրջաններում նոր խոշոր հանքավայրերի շահագործման, ինչպես նաև արդյունահանման պրոցեսների համալիր մեքենայացման և ավտոմատացման հետ։ Ածխի արդյունահանման նոր մեթոդները (հիդրավլիկ, բաց ևն) ապահովեցին տնտեսական բարձր արդյունավետություն (տես նաև Դոնեցկի ածխային ավազան, Կուզնեցկի ածխային ավազան, Լենայի ածխային ավազան, Մերձմոսկովյան ածխային ավազան)։ Ա. զարգացել է նաև սոցիալիստական այլ երկրներում։ 1961-ին սոցիալիզմի երկրների բաժինն ածխի համաշխարհային արդյունահանման մեջ կազմել է 52,7%: Ա. կարևոր տեղ է գրավում կապիտալիստական երկրների տնտեսության մեջ։ 1970-ին ածխի հանույթը ԱՄՆ–ում կազմել է 530, ԳՖՀ–ում՝ 111,3, Անգլիայում 144,6 մլն. տ։


ԱԾՈՒԽ (արվեստում), ծառերի (հատկապես՝ ուռենու) շյուղերից փակ այրումով ստացվող նյութ, որ օգտագործվում է նկարելու համար։ Ածխափոշին խառնելով կավի և այլ նյութերի հետ՝ պատրաստում են մամլված Ա.։ Կիրառվում է թղթի և կտավի վրա գծանկարելու, որմնանկարների և հաստոցային երփնագրերի նախապատրաստական գծանկարներ անելու համար։


ԱԾՈՒԽՆԵՐ, բուսական ծագմամբ, այրվող, կարծր օգտակար հանածոներ։ Ա–ի քիմիական կազմում մասնակցում են հիմնականում , ավելի քիչ՝ տարրերը, երբեմն՝ նաև , որոնցից այրվող են ածխածինը, ջրածինը և մասամբ՝ ծծումբը։ Ածխածինը կազմում է գորշ ածուխներում՝ 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության աճմամբ բարձրանում է հանածոյի ջերմունակությունը։ Գույնը՝ մուգ մոխրագույնից մինչև սև, փայլը՝ ճարպային կամ մետաղական։ Խտությունը՝ 1100–1760 կգ/մ³։

Ըստ ելանյութերի և ծագման, Ա. բաժանվում են հումիտների՝ բարձր դասի բույսերի նեխումից առաջացած ածուխներ (գորշ ածուխ, քարածուխ, անտրացիտ), սապրոպելիտների՝ ցածր դասի բույսերի և պլանկտոն կենդանիների քայքայումից առաջացած ածուխներ (բոգհեդ, սապրոկոլիտ) և լիպտոբիոլիտների՝ լիգինացելյուլոզային հյուսվածքների հոսող ջրով ալկալահանելու հետևանքով առաջացած ածուխներ, որոնք գրեթե ամբողջովին կազմված են կուտիկուլներից, ձյութերից և մոմից։ Նախնական նյութի բնույթով Ա. լինում են ալոխթոն և ավտոխթոն։ Մոխրի 30–35% պարունակության դեպքում Ա.