Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

24 ԱԲԵՂՅԱՆ

ԱԲԵՂՅԱՆ Մհեր (Մեհեր) Մանուկի (ծն. 1909), հայ սովետական նկարիչ։ Մ. Աբեղյանի որդին։ ՀՍՍՀ ժող. նկարիչ (1960)։ Ծնվել է հունվ. 13 (26)-ին, Վաղարշապատում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունարերական տեխնիկումում (1922–1927), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստ-ում (1927–30) և Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստ-ում (1930–31), աշակերտել Ս. Աղաջանյանին, Ս. Առաքելյանին, Ս. Վ. Գերասիմովին։ 1937–45-ին Ա. դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանում, 1954–59-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստ-ում։ 1967–68-ին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահը։ 1932-ից Ա-ի աշխատանքները ցուցադրվում են հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում։ Ա-ի ռեալիստական ինքնատիպ արվեստը ձևավորվել է 1940-ական թթ. հայ կերպարվեստի ազգային ավանդույթների և Մ. Սարյանի գեղանկարչական սկզբունքների ազդեցությամբ։ Ստեղծագործում է տարբեր ժանրերով (թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներ, դիմանկար, բայց գերազանցապես՝ բնանկար և նատյուրմորտ)։ Ա-ի արվեստում առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանն իր բնությամբ, մարդկանցով, բարիքներով. «Մրգահավաք» (1933, ՀՊՊ), «Դեղձեր և խաղող» (1945), «Երևանյան նատյուրմորտ» (1946), «Լուսիկ Աբեղյանի դիմանկարը» (1947), «Կիրովականի լեռները» (1955, Տրետյակովյան պատկերասրահ), «Նռներով նատյուրմորտ» (1956, Լենինգրադի ռուսական պետ. թանգարան), «Լեռնաշղթա։ Կիրովական» (1956, ՀՊՊ), «Բյուրականի սարերում» (1957, Մոսկվայի՝ Արևելքի ժող. արվեստների պետ. թանգարան), «Բջնի» (1958, Լենինգրադի ռուսական պետ. թանգարան), «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ), «Դեղձահավաք» (1960), «Զովունի» (1965) ևն։ Ա-ի բնանկարներին հատուկ է լուսավոր բներանգը, նատյուրմորտներին՝ պլաստիկ շոշափելիությունը և ընդգծված գունեղությունը։

Գրաֆիկայում Ա. առաջինը պատկերեց Հայաստանը՝ թեմատիկ լայն ընդգրկումով։ Հեղինակ է օֆորտների, ասեղնափոր գործերի ևն։ Լինոփորագրություններում, վարպետորեն օգտագործելով պատկերման տարբեր հնարավորությունները, հասնում է լայն ընդհանրացումների։ Հայտնի են՝ «Նորքի ճանապարհը» (1932–36), «Հերոս քաղաք» (1943–64), «Խաղաղություն և պատերազմ» (1967–68), «Երևանյան սյուիտ» (1968), «Հայաստանն այսօր» (1968–69) նկարաշարքերը։

Գրկ. Каменский А., Мегер Манукович Абегян, М., 1966. Ռ. Դրամբյան


ԱԲԵՂՅԱՆԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրում քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ XX դ. սկզբին ուներ 150 հայ բնակիչ (30 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա. ամայացավ։


ԱԲԵՂՅԱՆՆԵՐ, Աբեղեանք, Աբեղունիք, հայ նախարարական տոհմ Աբեղյանք գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Ա-ի նախարարությունը հիմնել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ տոհմի նահապետ Աբեղին արքունիքի սպասարար և գահավոր կարգելով։ Խորենացին Արտաշես Բ-ի մահվան կապակցությամբ հիշատակում է Ա-ի տոհմից ոմն Աբեղի՝ առաքված Երիզայի (Եկեղյաց գավառ) Արտեմիսի մեհյանը՝ կուռքերից արքայի համար բժշկություն և արևշատություն խնդրելու։ Ա. Հայոց արքունիքում զբաղեցրել են երկու բարձ (տես Գահնամակ), որը տոհմի մեծության և երկրի քաղաքական կյանքում խաղացած կարևոր դերի ապացույց է։ Ա-ի զորքը բաղկացած էր 300 հեծյալից (տես Զորանամակ)։ IV դարից Ա. կորցնում են իրենց քաղաքական դերը։ Ա-ի նահապետ Գազրիկը հիշվում է որպես Վարդանանց պատերազմի մասնակից, իսկ Գրիգոր Աբեղյան իշխանը՝ 544-ի Դվինի ժողովի մասնակից։ Ա-ի մասին այլ հիշատակություն մեզ չի հասել։

Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890։


ԱԲԵՂՅԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Ուրարտական Սարդուրի Բ թագավորի արձանագրության մեջ հիշատակվում է Աբիլիանիխի ձևով։ Տեղադրվում է Երասխ (Արաքս) գետի ձախ ափին՝ Մեծրաց լեռներից հվ.։ Ա-ին ժառանգաբար տիրում էին Աբեղյանները։ Կենտրոնն էր Մժնկերտ բերդաքաղաքը, այստեղից էլ՝ Ա-ի նաև Մժնկերտ անվանումը։


ԱԲԵՆԴՐՈԹ (Abendroth) Հերման (1883–1956), գերմանացի դիրիժոր, Գերմանական արվեստի ակադեմիայի անդամ։ ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիր (1949)։ Ծնվել է հունվարի 19-ին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Լայպցիգի կոնսերվատորիայի դիրեկտորն էր և Գեվանդհաուզի դիրիժորը (1934–45)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գլխ. երաժշտական դիրեկտոր և բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր Վայմարում (1946-ից)։ Ա. գերմանական դասական երաժշտության ականավոր մեկնաբան էր։ Մահացել է մայիսի 29-ին։


ԱԲԵՌԱՑԻԱ (լատ. aberratio – շեղում, մոլորում), 1. աստղագիտության մեջ, երկնոլորտում լուսատուի թվացող տեղաշարժ, որ հետևանք է լույսի տարածման վերջավոր արագության և Երկրի շարժման։ Ա. լինում է օրական՝ պայմանավորված Երկրի օրական պտույտով, տարեկան՝ Արեգակի շուրջը Երկրի շարժմամբ և դարավոր՝ Տիեզերքում Արեգակնային համակարգության տեղաշարժմամբ։ Ա. հայտնաբերել է Ջ. Բրադլեյը 1725-ին։

Ընդունենք, որ CB (տես գծ.) դիտորդ-լուսատու ուղղությունն է, A՝ ապեքսը։ Անշարժ դիտակով լուսատուն տեսնելու համար դիտափողը պետք է ուղղել CB-ով։ Բայց քանի որ դիտորդը Երկրի հետ շարժվում է, ապա t ժամանակում, երբ լույսը B-ից անցնի C, դիտորդը C-ից կհասնի C՛։ Ուստի, լուսատուն տեսնելու համար դիտափողն անհրաժեշտ է ուղղել CB՛-ով, այսինքն՝