Ավետիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ավետիս

Նար-Դոս

1894

[ 178 ] Քրիստոսի ծննդյան ճրագալույց երեկոյին ս. Հովհաննես եկեղեցու ծերունի ժամկոչն անսովոր ուրախ տրամադրության մեջ էր. այդ այն սակավ օրերից մեկն էր, երբ գմբեթը փլած և տանիքը տախտակով ծածկված փոքրիկ եկեղեցին լցվում էր աղոթողներով, երբ երեկոյի կիսախավարից և խունկի թանձր ծխից առաջացած աղջամուղջի մեջ եկեղեցու խոնավ, մռայլ պատերի վրա ճրքճրքալով վառվում էին իրար կողքերը լիզելով և իրար վրա թեքվելով բազմաթիվ թոքախտավոր մոմեր, ծիծաղկոտ փայլ տալով մորուքավոր և անմորուս սրբոց պատկերների սևացած և տեղ-տեղ այրված ոսկեզօծ շրջանակներին։

Երեսուն տարի կլիներ, որ ծերունի ժամկոչը ծառայում էր այդ խղճուկ եկեղեցուն և այնպես էր կապված նրա հետ, [ 179 ] ինչպես զառամյալ շունը իր հինավուրց տիրոջ հետ։ Այդ եկեղեցու պատի տակ էր անցկացրել իր դառն կյանքի կեսը, այդտեղ էլ ուզում էր մեռնել։ Հավատարիմ ծառայողի սրտացավությամբ տեսնում էր, թե ի՞նչպես «աստծու տուն» կոչված այդ շենքը ժողովրդի աղքատությունից և անտարբերությունից տարեցտարի անշքանում, խարխլվում է, և թվում էր, թե՝ եթե մի օր ձյունի ծանրությունից կամ գարնան անձրևներից վերջնականապես փլվեր, ուրախությամբ կնետեր իրեն նրա փլատակների տակ, որպեսզի ավանդեր իր ծեր հոգին նրա հետ միասին։

Ծերունին միայն ժամկոչի դեր չէր կատարում, այլև տիրացություն էր անում։ Եկեղեցին ուներ մի շիլ տերտեր և մեկ էլ այդ ծեր ժամկոչ-տիրացուն։

Կեսգիշերին, երբ դեռ մութ արևելքում աստղերր հուրհրատում էին ահագին շողակների պայծառ երանգներով, երբ աքաղաղները դեռևս վաղաժամ էին համարում կանչելու իրենց վաղորդյան ծուղրուղուն, ծերունի ժամկոչը քնաթաթախ դուրս էր գալիս եկեղեցու բակում գտնված իր տնակից, ուր ապրում էր իր փոքրիկ թոռան հետ, երկու անգամ ծլնգացնում էր «հիվանդների զանգը»[1], հետո նորից մտնում էր տնակը, նորից քնում և ապա, երբ լույսը նոր-նոր սկսում էր բացվել, դարձյալ դուրս էր գալիս և ծլնգացնում «երրորդը»՝ առանց, սակայն, մտածելու, թե դրանով որևէ մարդ պիտի զարթնի ժամ գալու համար։ Այնուհետև դանդաղորեն բաց էր անում եկեղեցու ծանր դռները, մի կիսայրված մոմ էր վառում ս. Հովհաննու պատկերի առջև, քառասուն անգամ ծունր էր դնում, սովորական աղոթքը մրմնջալով, հետո մեկ-մեկ դուրս էր բերում ցեցակեր կապերտները, թափ տալիս՝ փոշու ահագին ամպեր բարձրացնելով, և սկսում սրբել սպասների վրա նստած փոշին։ Մինչև որ այս բոլորը վերջացներ, օրն արդեն լուսացած էր լինում։ Այնուհետև ածում էր «հասարակը», փոխնիփոխ ծլնգացնելով ջուխտակ [ 180 ] զանգակները, և սպասում քահանային։ Շատ ժամանակ չէր անցնում, գալիս էր շիլ տերտերը։ Ծերունի ժամկոչն առանց շտապելու շուրջառը գցում էր նրա ուսերին, և սկսվում էր ժամասացությունը։ Եկեղեցու չորս պատերի մեջ խուլ արձագանք տալով լսվում էին քահանայի և ժամկոչի անճոռնի ձայները մեքենական միալար և միանման հնչյուններով, կարծես նրանք ոչ թե ժամ էին ասում, այլ, իրարից նեղացած, վիճում էին իրար հետ անտարբեր և հանգիստ դժգոհությամբ։ Եկեղեցում սովորաբար մարդ չէր լինում։ Երբեմն միայն մոտիկ ապրող մի որևէ պառավ կին թառամած, կուչ եկած, չուստերը քսմսելով հատակի ճաքճքած աղյուսներին, ներս էր մտնում, անկանոն կերպով խաչակնքում երեսը, կանգնում ժամկոչի սեղանի առջև և ձեռքը գրպանը կոխած՝ երկար ժամանակ մատների ծայրերով պրպտում բռնոթու տուփի, թաշկինակի, թելի կծիկի և ո՜վ գիտե ուրիշ ի՛նչ բաների արանքում կորած կոպեկանոցը։ Ժամկոչը, անգիր սերտած փոխերը ջրի նման իրար վրա տալով, գալիս մոմ էր տալիս նրան, նրա տված կոպեկանոցը ծլնգալի ցած էր գցում սեղանի վրա բացված ծակից և, փոխասացությունը շարունակելով, գնում կանգնում նորից բեմի առջև։ Ասենք՝ նրա պաշտոնն այնպես էր, որ ժամ ասելիս շարունակ ճանապարհորդություն էր կատարում եկեղեցում. նայելով օրվան և ժամավորների քանակության, փոխեր ասելիս կամ մոմ էր ծախում, կամ սրբապատկերի առջև կիսայրված մոմը պոկում ու հանգցնում, կամ առաստաղից կախված ջահը վառում երկայն եղեգնափայտի ծայրին վառած մոմով, կամ այդ ջահի վրա կիսայրված մոմերը հանգցնում նույն եղեգնափայտի ծակից փչելով, կամ բուրվառի մեջ մանղալից կրակ գցում, կամ փոխասացությունն ընդհատելով՝ տերտերի հետ փսփսում։

Այս երեկո, ծննդյան ճրագալույցին, շատ կոպեկներ էին ցած ընկել մոմի սեղանի ծակից։ Այլև կոպեկներ էին, որ հազարից մի անգամ, այդպիսի տոն օրերին, ժամ մտնող աղքատ ժողովուրդը ձգտում էր գանձանակի թաբախը։ Ուրախ էր ծերունի ժամկոչը, որ այդ երեկո թերևս մի մանեթ բաժին կհասներ իրեն։ Բացի դրանից, նա, ըստ իր հին սովորության, «ավետիս» պիտի ման գար իր թոռան հետ, որը [ 181 ] այդ երեկո պատարագին օգնում էր նրան ժամաշապիկ հագած։ Դրանից էլ բացի, վաղը, խաչը ջուրը գցելուց հետո և հետևյալ օրերը տերտերի շուրջառը թևին գցած և բուրվառը ձեռքին, իր ծեր ոտներով պիտի քարշ գար նրա հետևից տնօրհնեքի։ Իսկ «ավետիսն» ու տնօրհնեքը, մեկ էլ հարսանիքն ու մեռելաթաղը եկամուտի ամենալավ աղբյուրներն էին տերտերի հետ միասին ծերունի ժամկոչի համար ևս։

Պատարագը վերջացավ։ Աղոթողները, համբուրելով եկեղեցու խաչերն ու դուռը և իրար ավետելով Քրիստոսի ծնունդը, կամաց-կամաց ցրվեցին իրենց տները շաբաթվա պասը և օրվա ծոմը բաց անելու։ Տերտերը շշի մեջ մնացած կարմիր գինին դատարկեց պատարագի ժամանակ արդեն մաքրազարդված սկիհի մեջ, գլխին քաշեց, ներքին շրթունքով բերանը հավաքեց բեղի կարմրած ծայրերը, ծծեց, զգեստը հանեց, հաշվեց իր գանձանակը և, գումարից դժգոհ, գրպանն ածեց ու քաշվեց իր տուն։ Ծերունի ժամկոչը մոմերը հանգցրեց, բուրվառի կրակը թափեց մանղալի մեջ, կողպեց եկեղեցու դռները և, ժամաշապիկները թոռանը տալով, նրա հետ գնաց «ավետիս» ման գալու։

* * *

Գիշերը շատ ցուրտ էր, երկինքը՝ պարզ։ Ձյունը քարացել կպել էր գետնին և ոտների տակ տրորված հողի գույն էր ստացել։ Անսովոր թափանցիկ օդի մեջ երկինքը մուգ փիրուզի գույնի էր խփում։ Աստղերը սովորականից մեծ էին երևում և, կարծես սառնամանիքից մրսելով, կապտել էին։

Փողոցներում անցուդարձը գրեթե դադարել էր, չնայելով, որ դեռ շատ վաղ էր։ Տների պատուհանները պայծառ լուսավորված՝ ծիծաղում էին կարծես։ Օդի մեջ կանգնած էր խունկի, փլավի և ձկան հոտ։

Ծերունի ժամկոչը փոքրիկ թոռան հետ, սպիտակ ժամաշապիկը հագած, ահագին ոտնամանները սառած գետնին քրթքրթացնելով, մտնում էր բակերը տնե-տուն, փողոցե- փողոց և իր ճաթած ձայնով ավետում հավատացյալներին Քրիստոսի ծնունդն իր պատանի ընկերոջ ձայնակցությամբ։ [ 182 ] Եվ ամեն մի տուն մտած ժամանակ նրա գրպանը ծանրաբեռնվում էր նորանոր սև ու սպիտակ դրամներով։

Ահա նա կանգ առավ մի դռան առջև և ծեծեց։ Ներսից լսվում էր տղամարդկանց, կանանց և մանավանդ երեխաների խառն ձայների մի կատարյալ ժխոր, որի շնորհիվ ներսը երևի չլսեցին, թե դուռը ծեծում են։ Ժամկոչը մի քիչ սպասեց և նորից ծեծեց։

Դուռը բաց արեց մի երիտասարդ արխալուղով և արծաթե գոտիով։ Դեռ ներս չմտած՝ ժամկոչի և նրա թոռան երեսին ներսից տաք օդի այնպիսի մի խոնավ հոսանք խփեց, որ կարծես բաղնիսի դուռ բաց արին նրանց առջև։

Ժամկոչը թոռանն առաջ գցեց և ինքն էլ մտավ նրա հետևից։

Հին նահապետական մեծ սենյակ էր մեկ պատից մինչև մյուս պատը կապած երկայն ու լայն թախտով։ Թախտի վրա ձգված էր մի ծայրից մինչև մյուսը կապույտ սփռոց, որի վրա ներկարարը թափել էր իր արհեստի բոլոր հմտությունը.— սփռոցի կապույտ ֆոնի վրա սպիտակ ճամուկով նկարահանել էր ճաշին վայել բոլոր պարագաները— դանակ, պատառաքաղ, գդալ, աղաման, ձուկ և այլն, բայց հայտնի չէ, թե ինչու այդ բոլոր սազական բաների մեջ իր ճյուղավոր պոզերն էր ցցել և եղջերուն։ Սփռոցի վրա կար միմիայն ձկնեղեն, իսկ մսեղեն՝ ոչ. նավակատիկ էր։ Կերակուրների պսակը կազմում էր փլավը, որի բարձրացրած ախորժահոտ գոլորշին բռնել էր ամբողջ սենյակը։ Սփռոցի գլխին նստած էր ընտանիքի հայրն ու պապը— մի աշխույժ, ուրախ ծերունի, թրաշած երեսով և դեռևս սև մազերով։ Նրա աջ ու ձախ կողմը շարված էին հինգ-վեց երեխա տղա ու աղջիկ։ Սփռոցի մի ծայրին նստած էր մեծ մայրը, մյուս ծայրին երկու հարս, որոնցից մեկը համ ծիծ էր տալիս օրորոցի մեջ պառկած երեխային, համ հաց էր ուտում։ Այնուհետև թախտի երկայնքով մի երկայն նստարանի վրա իրար կողքի նստոտած էին չորս եղբայր՝ մեկը մյուսից թիկնավետ, կարմրաթուշ, ուտող-խմող, քեֆ սիրող։ Ամեն մեկի առջև մի-մի ափսե փլավ կար դրած գլուխը սարի պես վեր ցցած, իսկ տակը յուղը գուբ էր կապել։

«Ավետիս» ասողների մտնելուն պես սենյակում տիրող [ 183 ] ժխորը մեկեն դադարեց։ Երիտասարդները շտապով կոնծեցին իրենց գինու բաժակները և բերանները սրբելով ոտի կանգնհցին սպասողական դրության մեջ։ Մյուսները դադարեցին ծամելուց։ Ծերունի ժամկոչն ու թոռը դռան մոտ կանգնած՝ մի-մի մոմ վառեցին, գլխարկները վերցրին և սկսեցին երգել.

Այսօր տոն է ծննդյան, ավետիս,
Տյառն մերո և հայտնության, ավետիս...

Երգում էին առանց շտապելու, առանձին հանդիսավորությամբ, ժամկոչն իր ճաթած ձայնով, պատանի տիրացուն իր զիլ ձայնով, և այդ երկու ներհակ ձայների հնչյունները ոչ մի կերպ չէին ներդաշնակվում, չէին հյուսվում իրար հետ։

Վերջացավ «ավետիսը», վերջացավ և «Խորհուրդ մեծը», որը երգվեց ավելի արագ տեմպերով, քան առաջինը։

— Շնորհավոր ծնունդ և հայտնություն,— ասաց ծերունի ժամկոչը և հանգցրեց ձեռքի մոմը։

— Շնորհավոր կենաս, մղդսի ջան,— կանչեց տան նահապետը։— Դե՛հ, տղերք,— դարձավ նա երիտասարդներին՝ ձեռքը արխալուղի գրպանը կոխելով,— հանեցեք մի-մի աբասի տվեք մեր մղդսուն։ Ըհը՛, էս էլ իմ աբասին։

Եվ հինգ աբասին մեկը մյուսի հետևից մտավ ծեր ժամկոչի բուռը։

— Ա՛ կնիկ, վեր կաց էն ըրեխին կոզինախ տուր, կանֆետ տուր,— դիմեց կնոջը տան նահապետը։— Մղդսի ջան, բա որ եկար մեզ հմար «ավետիս» ասացիր, արի մի թաս գինի խմի։ Ածա, այ տղա, տուր օխնի։

Ծերունի ժամկոչը մի թաս գինին շպրտեց երկար ու բարակ օրհնանքներից հետո։

— Փլավից-զատից անուշ արա, մղդսի ջան։ Բեր էդ ըրեխին դեսը, թող դա էլ ուտի։ Տղերք, տեղ տվեք՝ նըստեն։

Փլավը և ձկնեղենն ուտելու ժամանակ նույն երկար ու բարակ օրհնանքներով ժամկոչը ծրծոփեց երկրորդ թաս գինին. հետո երրորդը, հետո չորրորդը, բայց հինգերորդից վճռապես հրաժարվեց, ասելով, որ դեռ շատ տներ ունի ման [ 184 ] գալու, և նորանոր օրհնանքներով դուրս գնաց թոռան հետ։

— Պապի, լավ խալխ էին, չէ՞,— ասաց թոռը ստացած կանֆետներից մեկը բերանը գցելով։

— Շատ լավ,— պատասխանեց պապը, որի գլուխը տաքացել էր խմած գինուց։— Մեր լավ ծխերից են։ Էգուց, որ գանք տունը օրհնելու, տերտերին մի մանեթ կտան, ինձ էլ տասը շահի։ Լավ խալխ են, շատ լավ։

— Տունն էլ ինչքան տա՜ք էր,— ասաց թոռը, կանֆետը կրկտացնելով։

— Հա, շատ տաք էր. ջաններս տեղն ընկավ։

— Բա փլավը, պապի, մեկ էլ որ տային, է՜, էլի կուտեի, էնքան քաղցած էի, և համով էր։

— Հա, շատ համով էր... Ձուկն էլ։ Ես էլ էի քաղցած,— ասաց պապը:

Իրենց շրջագայած տների մեջ այս միակ տունն էր, որ իր սիրալիր ընդունելությամբ այսպիսի բարձր տրամադրություն էր առաջ բերել ծերունի ժամկոչի և նրա թոռան մեջ: Շատ տներ նրանց ընդունում էին նկատելի դժգոհությամբ և, մի քանի կոպեկներ դնելով ծերունու բուռը, ճամփու դնում։ Իսկ մի դուռ ամենևին չբացվեց նրանց առջև, ինչքան էլ թակեցին։ Մի դուռ էլ թեև բացվեց, բայց բացողը նրանց սպիտակ ժամաշապիկներից տեսնելով, թե ովքեր են, իսկույն էլ ետ դրեց դուռը սրտալի հայհոյանքով՝

— Ձեր հե՛րն անիծած, չպրծա՞նք, զահլա տարան, էլի։

Ծերունին բնավ չնեղացավ այդ անհյուրընկալ ընդունելությունից, որովհետև գիտեր, որ քաղաքում ինչքան որ ժամ կար, բոլորի տիրացուներն էլ, մեծ թե փոքր, այդ երեկո փողոցներն ընկած՝ զույգ-զույգ «այսօր տոն է» էին ման գալի և իսկապես որ զահլա պիտի լինեին տարած ամեն մի տուն մի քանի զույգ մտնելով։

Վերջը պապ ու թոռ կանգ առան երկհարկանի մի լավ տան բակի դռան առջև։ Մտածում էին՝ մտնե՞ն, թե չմտնեն։ Վճռեցին մտնել և դրանով վերջ տալ իրենց շրջագայությանը. որովհետև արդեն ուշ էր։ Մտան։

Բակի մեջտեղը քերած ձյունի շեղջակույտերով շրջապատված սյունի վրա վառվում էր լապտերը, որը պղտոր [ 185 ] ապակիների միջից այնքան լույս չէր տարածում, որքան շեշտում էր շուրջը տիրող խավարը։

Ծերունին գիտեր, որ ներքին հարկում բնակվում էին հրեա ընտանիքներ, իսկ վերին հարկը բռնած էր ինքը տանտերը, որը հարուստ հայ չինովնիկ էր։ «Մի մանեթ չէ, երեք մանեթ էլ չի խնայի»,— մտածեց նա և թոռան հետ սանդուղքով բարձրացավ դեպի ընդարձակ պատշգամբը։ Չնայելով, որ այստեղ չորս դուռ կար և մի շարք պատուհաններ, բայց ոչ մի տեղից ոչ լույս էր երևում և ոչ որևէ ձայն լսվում։

Ծերունին թոռան հետ անհամարձակորեն կանգ առավ սանդուղքի գլխին, չիմանալով ո՛ր դուռը ծեծի։

Այդ երերման մեջ էր, որ դռներից մեկը բացվեց, և դուրս եկավ մի կին՝ ուսերին մի հաստ շալ գցած։ Կինը դուրս եկավ ցրտից սարսռալով և ուզում էր ուր-որ գնալ շտապով։ Բայց մի քանի քայլ չարած՝ հենց որ մթության մեջ տեսավ երկու սպիտակ ժամաշապիկներ, կանգ առավ սոսկումով. նրան թվաց, թե երկու մեռել, մեկը մեծ, մյուսը փոքր, ելել են գերեզմաններից իրենց պատանքներով և եկել են ցից կանգնել սանդուղքի գլխին։ Ու հանկարծ մի սարսափելի ճիչ արձակելով ներս ընկավ լեղաճաք։

Ներսից լսվեց ինչ-որ ոտների դմբդմբոց և տղամարդի մի ձայն, որ հարցնում էր վախեցած.

— Ի՞նչ է... Ի՞նչ պատահեց...

Դրան հետևեց կնոջ ձայնը, նրա արտասանած խոսքերն անորոշ էին, ըստ երևույթին, լեզուն ղլղլացնում էր։

Նորից ինչ-որ ոտների դմբդմբոց և ուրիշ խառն ձայներ, որից հետո աղմուկով բացվեց նույն դուռը, և դուրս թռավ մի պարոն՝ ճաղատ գլխով, սրածայր բեղերով և խալաթով։ Դուրս թռավ, բայց հանկարծ սպիտակ ժամաշապիկները որ տեսավ, տեղնուտեղը քարացավ։

— Ո՞վ եք,— բղավեց նա այնպիսի մի տարօրինակ ձայնով, որի մեջ ավելի շատ վախի հնչյուններ կային, քան թե քաջության։

— Ավետիս, աղա՛,— ասաց ծերունի ժամկոչը, ինքը ևս վախեցած այդ անսպասելի դիպվածքից։

— Ի՞նչ,— հարցրեց ճաղատ պարոնը։ [ 186 ]

— Ավետիս,— կրկնեց ժամկոչը։

— Ի՞նչ Ավետիս... ո՞վ է Ավետիսը։

— Ավետիս ասելու ենք եկել, աղա։

Ճաղատ պարոնը նոր հասկացավ բանը։ Եվ նրա վախը տեղի տվեց կատաղի զայրույթի։ Ու այնպիսի հայհոյանքներով, որպիսին չէր կարելի սպասել այդպիսի մի աղա մարդուց, վազ տվեց դեպի սպիտակ ժամաշապիկները։ Մինչև նա կհասներ իրենց, փոքրիկ տիրացուն իր արագավազ ճարպիկ ոտներով ներքև վազեց։ Բայց դեռ բակը չհասած՝ լսեց ինչ-որ ծանր թրխկոց։ Հետո, որ կանգ առավ և նայեց վերև, տեսավ մի բան, մեծ ու սպիտակ, գլորվում է սանդուղքով վերևից ներքև, տարօրինակ խուլ դղրդյունով։

Միևնույն ժամանակ ճաղատ պարոնը, սանդուղքի գլխին կանգնած, ճաքում էր բղավելուց.

— Սիմո՜ն... Սիմո՜ն...

Բղավում էր այնպես, կարծես մորթում էին իրեն։

Բակի հայտնի չէ ո՛ր անկյունից՝ գլխապատառ դուրս թռավ Սիմոն կոչվածը։ Դռնապանն էր։

— Ո՞ր ջհաննամն ես կորել, շո՛ւն շան որդի,— բղավեց նրա վրա ճաղատ պարոնը։— Էդպես ես պահում, հա՞, տունը։ Որ գան թալանեն, մեզ էլ մորթեն, խո չես իմանալ։ Ինչո՞ւ ես դուռը բաց թողել, որ էդ գողերն ու ավազակները ազատ-համարձակ մտել են։ Էս րոպեիս բռնիր դրանց և տար պալիցիա։ Թող էնտեղ տեսնեն, թե ո՛րտեղ է Ավետիսը։

Մինչ այդ ծերունի ժամկոչը թոռան օգնությամբ վեր էր կացել և տնքալով շտկում էր ջարդված կողերը։

Դռնապանը հանել տվեք նրանց ժամաշապիկները, մի ձեռքով առավ ծերունու թևը, մյուսով նրա թոռան ձեռքը և դուրս տարավ բակից։ Փողոցում նրանք հանձնեց գարադավոյի ձեռքը, որը ցրտից սառած մարմինը մի քիչ տաքացնելու համար ձեռաց մտել էր մոտակա պադվալը, մի երկու բաժակ օղի կոնծել և հենց նոր դուրս էր դալիս այնտեղից ինչ-որ ծամելով։

Սակայն գարադավոյը այնքան բարի մարդ էր, որ նրանց չհասցրեց ոստիկանատուն, այլ կիսաճանապարհից բաց [ 187 ] թողեց, խորհուրդ տալով, որ այլևս «ավետիս» ման չգան, որովհետև «строго воспрещено»։

Բայց այս բարի խորհուրդը տալուց առաջ չմոռացավ ծերունու գրպանը մի քիչ թեթևացնել այդ երեկոյի վաստակից։

1894

  1. Հայկական եկեղեցու մեջ մի հնավանդ սովորություն կար, որի համաձայն կեսգիշերին երկու անգամ զանգահարում էին, որպեսզի ծանր հիվանդներն ուրախանան, կարծելով թե լուսադեմը մոտ է։ Այդ զանգահարումը կոչվում է «հիվանդների զանգ»։