Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԲԴՈՒԼ 19

բառարան (հրտ. 1887)։ Մահացել է Այթեթում։

Գրկ. Վարժապետյան Ս. Հ., Հայերը Լիբանանի մեջ, Բեյրութ, 1951։ Ե. Նաջարյան

ԱԲԳԱՐՅԱՆ Գևորգ Վարագի (ծն. 1920), հայ սովետ․ բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտ. դ֊ր (1965)։ Ծնվել է սեպտեմբերի 14-ին, Հոռոմ գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Արթիկի շրջանում)։ 1946-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1955-ից աշխատում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։ Աշխատությունները նվիրված են միջնադարյան հայերեն ձեռագրերի աղբյուրագիտական և բանասիրական ուսումնասիրությանը։

Երկ. «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը, Ե., 1965։


ԱԲԳԱՐՅԱՆ Կարլեն Արամի (ծն. 1928), հայ սովետ․ մաթեմատիկոս, ՝ տեխ. գիտ. դ֊ր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ծնվել է սեպտեմբերի 4-ին, Ամասիայում (ՀՍՍՀ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստ֊ի (ՄԱԻ) ինքնաթիռաշինական (1952) և Մոսկվայի համալսարանի մեխանիկա֊մաթեմատիկական (1964) ֆակուլտետները։ ՄԱԻ֊ի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, կիրառական մաթեմատիկայի ֆակ֊ի դեկան։ Զբաղվում է մատրիցաների տեսության, դիֆերենցիալ և ինտեգրադիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր ասպարեզներում դրանց կիրառման (շարժման կայունություն և ղեկավարվող համակարգերի դինամիկա) խնդիրներով։

Երկ. Абгарян К. А. и Рапопорт И. М. Динамика ракет, М., 1969; Абгарян К. А. Матричные и асимптотические методы в теории линейных систем, М., 1973.


ԱԲԳԱՐՅԱՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (Apcar Trust), ստեղծվել է Լոնդոնում, հնդկահայ մեծահարուստ Հովհաննես Գրիգորի Աբգարյանի (1845—1919) կտակի համաձայն, 58 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ հիմնադրամով, որի տոկոսները հատկացվում են հայկ. բարեսիրական կազմակերպություններին։


ԱԲԳԱՐՈՎԻՉ Կաետան (Սոլթան Աբգար, 1856—1909), լեհ գրող, ծագումով հայ։ Ծնվել է Ստանիսլավ քաղաքի մոտ գտնվող Չեռնյովե բնակավայրում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ Իվանո֊Ֆրանկովսկի մարզ), հայ կալվածատիրոջ ընտանիքում։ Մայրը լեհուհի էր։ 1901-ին Լվովում լեհ մտավորականների հետ հիմնադրել է «Զարյա» հանդեսը։ Առաջին վեպը՝ երկհատոր «Ամուրիների ակումբը», լույս է տեսել 1892-ին, Լվովում։ Հայտնի են նաև «Ցարական կայսրությունից» (1892), «Խաբված հույս» (1894), «Սիրային համաձայնություն» (1894), «Գյուղական բակից» (1895) երկերը։ Գրական գործունեության վերջին շրջանի գործերից են «Բավական ուշ է», «Էմիրի մահը», որոնք լույս են տեսել 1909-ին։ Ա֊ի վեպերի թեման եղել է լեհական շլյախտայի կյանքը։ Գրել է նաև տնտեսագիտական բնույթի հոդվածներ, որոնք հրապարակվել են «Հողագործ» (լեհ.) հանդեսում։ Մահացել է հուլիսի 27-ին, Տրուսկավեց քաղաքում։


ԱԲԴ ԱԼ֊ԱԶԻԶ (ծն. և մահ. թթ. անհտ.), Արմինիայի արաբ ոստիկան (706—709)՝ Վալիդ խալիֆայի օրոք։ Նախորդի՝ Աբդուլլահի վայրագությունները մեղմելու նպատակով ետ կանչեց 703-ի ապստամբությունից հետո Հայաստանից հեռացած Սմբատ Բյուրատյան Բագրատունուն և հայ նախարարներին, վերադարձրեց նրանց կալվածքները։ Վերաշինեց Դվինի պարիսպները։


ԱԲԴ ԱԼ֊ՄԱԼԻՔ (646 կամ 647—705), Օմայանների հարստության խալիֆա 685-ից։ Ճնշեց Աբդալլահ Իբն ազ֊Զուբայրի (Մեքքայում) ու նրա կողմնակիցների (Իրաքում) խռովությունը (683—692) և խալիֆայությունը վերածեց միաձույլ պետության։ 701-ին Փոքր Ասիայում հաղթեց բյուզանդացիներին, նվաճեց Հայաստանը, Վրաստանն ու Աղվանքը։ Նրա օրոք պետական լեզուն դարձավ արաբերենը (հունարենի ու պահլավերենի փոխարեն), կտրվեց արաբատառ դրամ։ Դամասկոսի ու նահանգների միջև սկսեց գործել պետական փոստը։ Հողահարկը պարտադիր դարձավ նաև մահմեդականների համար։


ԱԲԴ ԱՐ֊ՌԱԶԶԱԿ Սամարղանդի (1413—1482), միջինասիական պատմագիր, 1463-ից՝ Հերաթի շեյխ։ Երկար ժամանակ բնակվել է Սամարղանդում։ Գրել է «Երկու երանելի աստղերի ծագման և երկու ծովերի միախառնման տեղը» պարսկերեն Ժամանակագրությունը, ուր տրված է մոնղոլների և Թեմուրյանների պատմությունը (1304—1471), նկարագրված է Լենկթեմուրի արշավանքը Հայաստան և Անդրկովկաս։


ԱԲԴԵԼԱ, ամրոց Փոքր Հայքում, Եփրատ գետի միջին հոսանքի աջ կողմում, Տևրիկ քաղաքից ոչ հեռու։ Ա. եղել է պավլիկյանների հենակետերից մեկը։


ԱԲԴ ԷԼ-ԿԱԴԻՐ (1808—1883), ֆրանսիական գաղութարարների դեմ Ալժիրի ժողովրդի ազատագրական շարժման առաջնորդ։ Ա. էլ-Կ֊ի հակաֆրանսիական պայքարի բարեհաջող փուլում (1834) Ֆրանսիան ստիպված ճանաչեց նրա իշխանությունը Ալժիրի ներքին մարզերում, ուր կազմվեց ամիրայություն։ Ա. էլ-Կ. ստեղծեց կանոնավոր բանակ, կազմակերպեց ռազմ․ ուսուցում, կառուցեց ամրոցներ։ 1843-ին, երբ ֆրանս. զորքերը գրավեցին ամիրայությունը, նա փախավ Մարոկկո։ 1845-ին վերադառնալով Ալժիր՝ ղեկավարեց հակաֆրանսիական նոր ապստամբությունը, որի պարտությունից հետո գերվեց։ 1852-ից բնակվել է Դամասկոսում։ 1860-ի հուլիսին, երբ Դամասկոսում դրուզները փորձեցին կոտորել քրիստոնյաներին, Ա. էլ-Կ., օգտագործելով իր հեղինակությունն ամբոխի շրջանում և անձնական ալժիրական պահակագունդը, փրկեց մի քանի հազար քրիստոնյաների կյանքը։


ԱԲԴՈՒԼ ԱԶԻԶ (1830—1876), Թուրքիայի սուլթան 1861-ից։ Սկզբում հարկադրված էր շարունակել Թանզիմաթի քաղաքականությունը։ Հաստատեց հայերի, հույների, հրեաների և բուլղարների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ (տես Ազգային սահմանադրություն)։ Սակայն հետագայում անցավ բացահայտ հետադիմական քաղաքականության, ի պատասխան որի ճնշված ժողովուրդները ազգային֊ազատագրական պայքար ծավալեցին թուրք․ բռնապետության դեմ։ Ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում, Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Կրետեում, 1862-ին՝ Զեյթունում (տես Զեյթունի ապստամբություններ)։ Ա. Ա֊ի օրոք Թուրքիայի արտաքին փոխառությունները խիստ մեծացան, երկիրը կորցրեց ֆինանս․ անկախությունը։ «Նոր օսմանների» կազմակերպած պալատական հեղաշրջումով Ա. Ա. 1876-ի մայիսի 30-ին գահազրկվեց և հունիսի 4-ին ինքնասպան եղավ։ Ա. Փափազյան


ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴ II (1842—1918), Թուրքիայի սուլթան 1876—1909-ին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Թուրքիայի ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ 1876-ի դեկտ. 23-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, Գ․ Օտյանի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու եվրոպական պետությունների վստահությունը։ Սակայն 1878-ին Ա. Հ. ցրեց պառլամենտը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան գրաքննություն, արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց պանիսլամիզմը և պանօսմանիզմը։

Ա. Հ֊ի գահակալության շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ Անգլիան զավթեց Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877—78-ի ռուս֊թուրքական պատերազմի հետևանքով Թուրքիան կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, Ռուսաստանին անցան Կարսը, Արդահանն ու Բաթումը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878 և Բեռլինի կոնգրես 1878)։ Դրա փոխարեն Ա. Հ. թուրք զորքերով և «Համիդիե» հեծելագնդերով Օսմանյան կայսրությունում բնաջնջեց ավելի քան 300 հզ. հայ (տես Հայկական կոտորածներ 1895—96)։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպ. պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Թուրքիա։ Օսմ. կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին երիտթուրքերի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ա. Հ. ստիպված վերականգնեց 1876-ի սահմանադրությունը։ Սակայն, 1909-ի մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, ապրիլի 28-ին գահազրկվեց և բանտարկվեց Սալոնիկում, ապա փոխադրվեց Ստամբուլ, իսկ 1918-ին՝ Մանիսա (Արմ. Թուրքիա), ուր և մահացավ։ Ռ. Սահակյան