ՀՍՀ/Աբգարիոսներ
ԱԲԳԱՐԻՈՍՆԵՐ (Աբգարյաններ), արաբացած հայ գերդաստան։
1․ Հակոբ եպիսկոպոս Լյուստրացի (արաբ․ հնչմամբ՝ Յաղուբ Էփքարիոս, 1781–1845), գերդաստանի նահապետը, 1823֊ին Երուսաղեմում կարգաթող լինելուց հետո ընդունել է բողոքականություն, գաղթել Լիբանան, հաստատվել Սայդայում, ապա Բեյրութում, դարձել մեծահարուստ։ Նրա անունով Բեյրութի պարսպի դռներից մեկը կոչվել է «Բաբ Յաղուբ»։ Ունեցել է չորս զավակ, որոնցից առավել հայտնի են Աբգարիոս Իսքենդերը և Աբգարիոս Ցուհաննան։ Մահացել է Բեյրութում։
2. Աբգարիոս Իսքենդեր (1826–1885), բանաստեղծ, գրականագետ, պատմաբան։ Ծնվել է Բեյրութում (Լիբանան), սովորել տեղում, հետո՝ Անգլիայում, կարճատև պաշտոնավարել է Եգիպտոսի Իբրահիմ փաշայի պալատում, ապա նվիրվել գիտական և գրական գործունեության: Գրել է խոհական֊փիլիսոփայական բանաստեղծություններ, պատմա֊գրական աշխատություններ։ Գլուխգործոցը «Շահրիար առյուծակերպ անհաղթ արքայի պատմության մասին մտքերի բուրմունք» (1880) դյուցազներգությունն է։ Արաբ ժողովրդի պատմությանը և գրականությանն են նվիրված «Արաբների պատմության ասպարեզում ցանկությունների լրումը» (1852), «Ցանկությունների ճոխացված լրումը» (1867), «Արաբ քերթողների դասակարգման գրական ծաղկաստան» (1858) և «Հոգու ըղձանքը Անթար Աբսի քերթվածներում» (1864) աշխատությունները։ Գրական֊պատմական որոշակի հետաքրքրություն են ներկայացնում «Խըդիվ Իբրահիմի արժանիքներն ու սխրանքները» (1883) ներբողը և Լիբանանի 1860-ի արյունալի դեպքերը պատկերող «Արտասովոր անցուդարձեր Լեռնային Լիբանանի կյանքում» երկը (1869, հայեոեն հրտ., «Սարսափներու գիրքը», 1935)։ Ունի նաև քնարական բանաստեղծությունների ժողովածու՝ «Հոգու զբոսանք գեղեցկազարդ էջերում» (1883)։ Մահացել է Բեյրութում։
3. Աբգարիոս Յուհաննա (Հովհաննես, այլ հնչմամբ՝ Ջան, 1832–1886), տնտեսագետ, բանաստեղծ, լեզվաբան։ Ծնվել է Բեյրութում։ Եղել է Բեյրութի անգլ. հյուպատոսության թարգմանիչ։ Հիմնել է ժամանակին ամբողջ Արևելքում հայտնի դրամատուն։ Արաբերեն գրել է բարոյա֊խրատական պատմվածքներ և նովելներ, գիրք համաշխարհային պատմության մասին, կազմել անգլերեն֊արաբերեն բառարան (հրտ. 1887)։ Մահացել է Այթեթում։
Գրկ. Վարժապետյան Ս. Հ., Հայերը Լիբանանի մեջ, Բեյրութ, 1951։
