Ասատուր և Կլեոպատրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ասատուր և Կլեոպատրա

Վահան Թոթովենց

[ 1 ]
ԱՍԱՏՈԻՐ ԵՎ ԿԼԵՈՊԱՏՐԱ

«Նյու-Յորք Պոստ»-ի մի հավելված գնեցի և կարդալով շարունակեցի քայլել։

«Պոստ»-ը կարդալով՝ հասա «Constantinople» արևելյան ճաշարանի առաջ։ Ճաշարանի աստիճանների վրա ինձ դիմավորեց իմ ծննդավայրի մանկության ընկերներից մեկը։

― Ասատո՜ւր...― գոչեցի։

Նա ինձ փաթաթվեց առանց խոսք ասելու: Նա ինձ էր սպասում: Երկա՜ր, երկա՜ր համբուրեց նա ինձ, և աչքերից մի քանի կաթիլ արցունք գլորվեց թշերից վար։

***

Ասատուրը հին երկրում բնակվում էր մեր տան ետևի փողոցում. հայրը հացթուխ էր, մայրը` կար անող կին։

Նա գրեթե ցնցոտիներով էր ծածկել իր մերկությունը:

Դեմքի վրա տանջանքի խոր հետքեր կային։ Թևից բռնեցի, գնացինք ներս և գրավեցինք առանձին մի սեղան։ Ւմ մանկության՝ Ասատուրն ինձ թվում էր առասպելական մի հուժկու էակ, թիկնեղ, բարձրահասակ, առողջ, վառվող, խոշոր աչքերով, կարմիր մազերով և կարմիր հոնքերով։ Նա պահել էր առասպելական էակի բոլոր հատկությունները, միայն աչքերում հուսահատություն կար. նա մի տեսակ մխրճվող, թաղվող հայացք ուներ, բայց երբ ինձ նայում էր՝ ժպտում էր, նրա աչքերը ինձ նայելիս վճիտանում էին ինչպես երիտասարդ ձիու աչքեր։

Լսել էի, որ Ասատուրը եկել է Ամերիկա, Եգիպտոսում. [ 2 ] երկար բնակվելուց հետո, բայց առաջին անգամն էր, որ պատահում էի նրան։

--Ես չէի իմանում, որ դու Նյու-Յորքումն ես, երեկ եմ իմացել,- ասաց Ասատուրը,- եթե գիտենայի, որ դու այս քաղաքումն ես, գուցե այսքան թշվառություն չքաշեյի,- ասաց և իր վիթխարի մարմինն հանգստացրեց աթոռի վրա։

--Ինչպե՞ս եղավ, որ մինչև հիմա ինձ չես գտել։

--Եգիպտոսում կորցրի թե՝ քո և թե՝ եղբորդ հասցեն, այս անպիտան քաղաքն էլ այնքան մեծ է, որ․․․

--Ի՞նչ էիր անում մինչև հիմա:

--Տեսնում ես, ի՞նչ պետք է անեի, ուսումնասիրում էի թշվառությունը, սովորում էի, թե ինչպես մարդիկ հասնում են դառնության գագաթնակետին և կորցնում իրենց։

--Դառնության գագաթնակետին, ընդհակառակն, մադիկ գտնում են իրենց և ոչ թե կորցնում։ Թշվառությունը դպրոց է։

--Անտանելի դպրոց է,- ընդմիջեց Ասատուրը։

--Ի՞նչու ես այդպես ասում, ես կարծում եմ որ պետք է պատվով տանել թշվառությունը։

--Այդ մեկը ճիշտ է, տարել եմ պատվով, բայց չգիտեմ, թե ի՜նչ կպատահի սրանից հետո։

Ես շեշտակի նայեցի նրա աչքերի խորքը, կածես նրա նայվածքը այրվեց իմ նայվածքից, հանկարծակի շուռ եկավ ու սկսեց դիտել հատակը։

--Մենք երբեք չպետք է կորցնենք պատիվը,- ասացի,- ես ինքս թշվռություն շատ եմ տեսել, հիմա էլ նեղ եմ ապրում, բայց ինչ որ կա լավ՝ մարդկային հոգում, աշխատում եմ չկորցնել:

Ասատուրը այս խոսքից ընդոստ ուղղվեց և կիսագոռալով՝ --Ի՞նչ պատիվ, ի՞նչ բան, աշխարհի վայեողները լրբերն են, նրանք, ովքեր կողոպտում են, շորթում, կեղեքում։

--Այո, այո, ճիշտ ես, աշխարհի վայելողները նրանք են, բայց մենք այդ լրբերից չենք, մենք աշխատավորներ ենք, մենք պատկանում ենք աշխատանքի բանակին։

--Աշխատանք, հա՜, հա՜, հա՜, մենք աշխատելու իրավունք չունենք, ես պահանջում են աշխատելու իրավունք։ [ 3 ] Ասատուրը թշվառության մեջ դառնացել էր:

Որոշեցի նրան տանել իմ սենյակը, տալ նրան տարրական հարմարություններ մեղմացնելու նրա դառնությունը:

Ճաշելուց հետո --Ասատուր, գնանք ինձ մոտ, կապրես ինձ հետ մինչև մի գործ ճարես:

--Ախ, այդ գործը... Այս վիթխարի քաղաքում գործ չկա, եթե ինքնաշարժներ չլինեին, ես ինքս կառք կքաշեի և կապրեի, այս մարմինը ձիու մարմնի պես կարող է դիմանալ, բայց մեքենան խլել է մարդու բոլոր իրավունքները:

--Մի մտածի,գործ կգտնես, միայն թե հարկավոր է ապրելու հնարավորություն ունենալ, ինձ մոտ կապրես, և կստեղծվի այդ հնարավորությունը, մի մտածիր:

--Վաղուց էի քեզ փնտրում,ես համոզված էի,որ դու ինձ համար կանես այն, ինչ մանկությունն է պարտադրում:

--Տունը ինչ վիճակի մեջ է, հայրդ, մայրդ:

--Մայրս մեռավ,հայրս փուռը ծախել է և հիմա ուրիշի համար է աշխատում, պարտքի տակ խեղդված է:

--Ես քեզ փող տամ, ուղարկիր հորդ,- ասացիր:

Ասատուրը չկարողացավ իրան զսպել, վեր կացավ,փաթաթվեց վզովս ու համբւրեց ինձ:

Ասատուրի համբույրն անկեղծ էր ինչպես սեփական որդու համբույրը:

Ուղևորվեցինք տուն :

Առաջարկեցի տաքսիով գնալ:

--Ավելի լավ է գետնի տակով գնանք,- պատասխանեց Աատուրը:

Ես արդեն տաքսին կանչել էի, մտանք ներս:

Ասատուրը ճանապարհին գլուխը կախ արել, նա պատասխանեց:

--Ատում եմ ես այդ քաղաքի լույսերը:

--Ճիշտ է, հարուստ,ճոխ,շռայլ քաղաք է, բայց անհրապույր, սառը:

--Կյանքումս այսքան չեմ ատել հարստությունը -ասաց Ասատուրը,-դու գիտես, որ երկրում էլ եղել եմ կես աղքատ, բայց կարծես հիմա եմ զգում, թե ինչ է աղքատությունը և ինչ է հարստությունը: [ 4 ] Հասանք Բրուկլինի իմ բնակարանը, վառեցինք սենյակի պատի օջախը և նստեցինք դիմաց։ Օջախի վառվող քարածուխի կարմիր լույսի տակ Ասատուրի նայվածքը ամբողջովին պայծառացավ։

--Ախ, ախ, --հառաչեց Ասատուրը, -- Եգիպտոսում ես ապրեցի իմ կյանքի լավագույն օրերը։

--Ինչու Եգիպտոսում այդքան երկար մնացիր, չէ՞ որ Ամերիկա էիր գալու։

--Եգիպտոսում ես պատահաբար մնացի, բայց ցանկանում էի ամբողջ կյանքս այնտեղ անցկացնել։

--Գործդ լա՞վ էր։

--Շատ լավ։

Ալեքսանդրիայում պետք էր նավի սպասեի գալու համար, --պատմեց Ասատուրը, -- գնացի մի տուն սենյակ վարձելու, որպեսզի շատ չվճարեմ։ Պանդոկները թանկ էին։ Վարձեցի մի սենյակ և մնացի այնտեղ ամբողջ երեք տարի, որովհետև կապեր ստեղծվեցին իմ և տանտիրուհու միջև։ Եգիպտուհի էր իմ տանտիրուհին, թուխ, խոսում էր արաբերեն։ Ես նրան առաջին իսկ օրից սկսեցի Կլեոպատրա կոչել: Նա չէր ճանաչում պատմական Կլեոպատրային, բայց երբ պատմեցի նրան Կլեոպատրային պատմությունը, ասաց.

--Ես ինչո՞վ նման եմ իմ հինավուրց հայրենակցին։

--Դու շատ ես նման նրան, թեև նա սպիտակ էր, բայց հոգով թուխ էր, արևակեզ՝ ինչպես դու:

Կլեոպատրան ամուսնացած էր մի հույնի հետ, որը սուրճի վաճառական էր: Հույնը մեծ փոր ունոր և վիթխարի ախորժակ, միշտ զբաղված էր իր սուրճի հաճախորդներով: Նախքան իմ այդ տունը մտնելը՝ Կլեոպատրան մենակ էր ապրում, մենակ՝ ինչպես մենավոր ծառը հեռավոր հովտում: Նրա ամուսինը գրեթե անկապ մի մասնիկ էր տան մեջ: Երբ առաջին անգամ մտա այդ տունը և սենյակ խնդրեցի Կլեոպատրայից, ժպտացին նրա հարավի սև աչքերը: Ժպտալիս կարծես սպիտակ ծաղկի թերթեր թափվեցին նրա աչքերից, այդ ժպիտը նման էր մթում հանկարծ երևացող լույսի:

--Թեև վարձու սենյակ չենք տալիս, բայց ձեզ համար կարելի է սենյակ տրամադրել,-- ասաց Կլեոպատրան: [ 5 ] Նրա ատամների վանդակներում ճռվողում էր արաբական լեզուն` ինչպես կանաչ թփերի տակից վազող ջրերը:

Այդ օրվանից ես մնացի այդ տանն ամբողջ երեք տարի, շատ նավեր եկան ու գնացին, բայց դրանցից և ոչ մեկը չկարողացավ գրավել ինձ:

Երեք տարի ես մնացի թուխ և արևի պես այրող կնոջ մոտ: Կլեոպատրայի մեջքը գալարուն էր, ինչպես Նեղոսի վազքը, նրա ատամների սպիտակությունը և լինդերի կարմրությունը նման էր սպիտակ և կարմիր վարդերի փնջին: Կլեոպատրան գրկում էր ինձ, ինչպես բոցն է փաթաթվում օջախի մեջ նետված չոր փայտի կտորին: Ես նրա շրթների մեջ գտա մեղրածոր երջանկությունը: Երբ առաջին անգամ նա իմ սենյակը մտավ, ես զգացի, որ կյանքս լցվում է, լցվում է այնպես` ինչպես լույսն է լցվում սենյակում արևածագին: Նա սիրում էր ինձ լուռ նայվածքներով, շրթունքներով և հոգով, այդ լռությունը հազարավոր երգերի բովանդակությունն ուներ: Ամեն օր, երբ իր ամուսնու վերադարձի ժամանակն էր գալիս, հեռանում էր նա ինձանից արցունքոտ աչքերով, աղերսական նայվածքներով: Գիշերները, մթնում, երբ նա մտնում էր սենյակ, ես զգում էի նրա հոգու ուրախ դողը, կարծես իմ սենյակը մտնում էր մի սիմֆոնիա:

Ասատուրը երկար չշարունակեց, նրա աչքերը մռայլվեցին, գլուխը դարձրեց օջախի շիկացած կրակին և հառաչեց.

-- Բայց դու ինչո՞ւ եկար Ամերիկա, այստեղ կանայք այդպես չեն կարող սիրել, այստեղ կանայք չափով և կանոնով են սիրում, այս երկրում շատ երկաթ կա, երկաթի օրենքն է տիրում այստեղ:

-- Արև էլ չկա այս երկրում. ո՞ւր է այս երկրի արևը, - մեղմորեն հարցրեց Ասատուրը:

-- Արև շատ կա այս երկրում, - պատասխանեցի, - միայն հարմարություն պետք է ունենաս տեսնելու, եթե կարողանաս բարձրաբերձ պատերից ազատվել և գնալ դուրս, քաղաքից դուրս, այնքան արև կգտնես, որքան արաբական ավազուտներում, այս հսկա պատերն են խանգարում արևը:

-- Աստղերն էլ քիչ են, աստղեր կապույտ երկնքում... Բայց ավելի լավ է խոսել հացի մասին, ավելի շատ հացին եմ կարոտել, Եգիպտոսում այնքան հաց և աստղ կար: [ 6 ] --Չասացիր թե ինչո՜ւ եկար Ամերիկա,- հարցրի կարճ լռությունից հետո։

--Ի՞նչ անեի, Կլեոպատրայի հաստափոր ամուսինը իմացավ մեր հարաբերությունները և կառավարության միջոցով աքսորել տվեց ինձ պիրամիդներից։ Հաստափորը բանտարկեց Կլեոպատրային տանը։ Ես նրան չկարողացա տեսնել վերջին անգամ։ Ախ, հիմա, մինչև անգամ հիմա էլ զգում եմ նրա հրավառ բազուկները, որ գրկում էին ինձ, տեսնում եմ նրա աչքերը, որոնց մեջ ավելի պատմություն կար, քան Եգիպտոսի հնադարյան քարերի վրա։

Երկար ու ճնշող լռությունից հետո՝ Ասատուրը բարձրացրեց իր ահագնատեսիլ բազուկները և ասաց.

--Միայն այս բազուկները արժեք ունենան, գնամ, ֆիզիկական աշխատանք կատարեմ, ապրեմ և ազատվեմ մուրացկանությունից, էլ ուրիշ ոչինչ չեմ խնդրում այս թունալից աշխարհում. ինձ համար ամեն ինչ արդեն դարձել է հիշատակ։ Կլեոպատրան ապրել ու սիրել է դարեր առաջ, ես ապրել եմ միայն նրա տեսիլը։

Ասատուրը պատմելիս կծում էր իր կարմրած շրթունքները, վավաշոտությունը, ցոփությունը կուլ էին տվել նրան։

Նրա ամբողջ էությունը ճնշվում էր ինչ-որ ահավոր ծանրության տակ։ Երբ նա սկսում էր խոսել եգիպտուհու մասին, ինձ թվում էր, որ թունավոր մի բոց վառում էր նրան, լափում նրա հոգին։

-- Սթափվիր հարավի կոշմարից,– ասում էի նրան։ Բայց Ասատուրը, կամազուրկ, կրքի ստրուկ այդ հսկան, նայում էր ինձ ապուշացած աչքերով։ Նրա հոգին աղճատված էր, ես պատկերացնում էի նրան ջախջախված, փշրված մի արձան։

Բայց որոշեցի իրար բերել փշրված այդ արձանի բեկորները և տալ նրան մարդկային կերպարանք։

Անցան տարիներ։ Ասատուրին չհաջողվեց գործ ճարել։ Ես ամեն կերպ աշխատում էի անհոգություն ներշնչել նրա անհաջողությունների համար, բայց Ասատուրը գնալով ջղայնանում էր և դառնում հոռետես։ [ 7 ] --Պետք է որդեգրել շողոքորթության և ստի մեթոդները այս աշխարհում,- ասում էր Ասատուրը,- եթե ոչ` ուրիշ ելք չկա։

Ես ծիծաղում էի, որ այդ ողորմելին ուրիշ ելք չէր գտնում։

Ճակատագրականորեն ես չկարողացա նրան մի պաշտոն գտնել։ Իմ բոլոր ամերիկացի բարեկամներից խնդրեցի նրա համար մի ծառայություն գտնել, մինչև անգամ մի անհարմար պաշտոն, բայց ոչ մի դրական հետևանքի չհասա։ Երբ նրան տեսնում էին, վախենում էին նրա աչքերից: Նրա հսկայությունից։ Ամերիկացիներից մեկը մինչև անգամ մի օր ինձ ասաց.

--Նա անպայման անարխիստ է։

Ասատուրի վրա չափազանց ազդեցին անհաջողությունները, նա իրան մատնեց լռության, այնպիսի լռության, որ ակտիվ էր, որովհետև հայտնի էր, որ նա մի բան էր մտածում, մինչև անգամ այդ մտածմունքը նրան տանջում էր։

--Ւմ մասին էլ մի մտածի,- մի օր ասաց ինձ Ասատուրը,- մի քանի օրից ես դուրս կգամ այս դժվարություններից։

--Ի՞նչ պետք է անես։

--Կտեսնես, ես մտածել եմ մի շատ հեշտ ճանապարհ, կտեսնես մի քանի օրից հետո։

Ես ոչ միայն զարմացա, այլև մինչև անգամ հեգնորեն ծիծաղեցի Ասատուրի վրա։

--Եթե կար այդպիսի հեշտ ճանապարհ, ինչո՞ւ մինչև հիմա ձեռք չառար և հասար ծայրահեղ աղքատության ու աղքատությունից բխող հոռետեսության։ Ասատուրը, ատամները կրճտացնելով, կրկնեց.

--Իմ ճանապարհը հեշտ ճանապարհ է գտնելուց հետո միայն, գտնելն էր դժվար: Շուտով դուրս կգամ այս դժվարություններից, կտեսնես,- կրկնեց Ասատուրը։

***

Եվ իսկապես, մի քանի օր հետո Ասատուրը տուն եկավ եկեղեցական տարազով, բարձր ցիլինդր գլխին, սափրված, մաքրված և մինչև անգամ ձևերի մեջ որոշ չափով փոխված։

--Սա ի՞նչ է։ [ 8 ] -- Քարիոզիչ դարձա, - պատասխանեց Ասատուրը կտրուկ ցիլինդրը դնելով սեղանի վրա, - սրանից հետո քարոզելու եմ քրիստոնեություն:

Առանց պատասխանելու, ես սկսեցի նայել նրա աչքերի մեջ: Նրա աչքերի մեջ կուտակվել էր պղտորություն, կորցրել էր Ասատուրը գավառացի միամիտ մարդու աչքերի ամբողջ թովչանքը. նրա նայվածքը նման էր այն վճիտ ջրին, որի մեջ սպիտակ փոշի են խառնում:

-- Հավատու՞մ ես դու քրիստոնեության, - հարց տվի երկար լռությունից հետո:

-- Հավատում եմ ոչ մի բանի, - պատասխանեց Ասատուրը, - միայն հավատում եմ, որ պետք է ապրել առանց մուրացկանության:

-- Բայց չէ՞ որ ինձ մոտ էիր ապրում, դա մուրացկանությու՞ն էր:

-- Ոչ, դա մուրացկանություն չէր, երբեք, բայց չէ՞ որ մի օր այլևս ինձ համար անհանդուրժելի պիտի դառնար քո վրա բեռ լինելը: Պիտի խարդախեմ, պիտի ստեմ, իմ չհավատացած բաներով պիտի ոգևորեմ այս կեղծ ժողովրդին, - եզրակացրեց Ասատուրը:

-- Ժողովուրդը մի ամբողջություն չէ, ժողովրդի մեջ շատ խավեր կան, պետք է իրարից զանազանել այդ խավերը:

Մի քանի օրից հետո Ասատուրն ինձ վերադարձրեց այն բոլորը, ինչ ես նրա համար ծախսել էի: Եկեղեցուց նա մեծ ավանս էր ստացել: Փոխադրվեց նա մի նոր բնակարան` բաղնիքով, հյուրասրահով, առանձին ննջասենյակով և առանձին աշխատանոցով:

Ես երկար ժամանակ չհանդիպեցի Ասատուրին, որովհետև չգնացի նրա եկեղեցին, բայց եկա այն եզրակացության, որ Ասատուրը մղվեց հոգու առևտրի, դարձավ քրիստոնյա եկեղեցու ամենակեղծավոր սպասավորը: Մի քանի ամիս հետո Ասատուրը հայտնվեց իմ սենյակում: Նա այնպես էր լավացել, լցվել, առողջ գույն ստացել, որ իմ վրա թողեց ջահել ցուլի տպավորություն. նրա [ 9 ] արտաքին տեսքը ամբողջովին արտահայտում էր սեռային մոլուցքը, շրթները ուռած էին, կոպերի մեջ արյուն էր հավաքվել, ամբողջ հագուստը անուշահոտություն էր բուրում, մի անուշահոտություն, որի չափազանցը տղամարդուց, հասնում է զզվելի գարշահոտության:

-- Ինչո՞վ ես զբաղված, Ասատուր, - հարցրի մի քանի սովորական խոսքեր փոխանակելուց հետո:

-- Սուրբ գրքով և կանանցով, - պատասխանեց Ասատուրը:

-- Ի՞նչ կապ այդ երկուսի միջև:

-- Հը, - ծիծաղեց Ասատուրը, - ուժեղ կապ, քարոզում եմ` «սիրեցեք միմյանց», այս երկրի հարուստ կանայք շատ լավ են ըմբռնել այդ խոսքերի իմաստը. նրանք այնքան հարուստ են, որ պարտական են զվարճանալ, շաբաթական մի քանի ժամ քարոզում եմ երկնայինը և ման եմ գալիս տները` զբաղվելով երկրային խնդիրներով, երկիրը սիրողները պետք է զբաղվեն երկնքով, - վերջացրեց Ասատուրը:

--Երկրի վրա միայն կանա՞յք կան, ինչ է:

-- Այո:

-- Ավելի ճիշտ է ասել` երկրի վրա կան կովեր և եզներ, - հայտարարեցի զսպված ցասումով:

-- Այ, ճիշտ բնորոշվեցիր, ես ստանձնել եմ եզան դերը: Ես լռեցի:

Ցինիզմը ինձ զզվեցնում է: Որոշեցի երբեք չխոսել, որպեսզի Ասատուրը բարի լինի ինձ մենակ թողնելու, բայց նա շարունակեց.

-- Կարոտել եմ Կլեոպատրային, կարծես ծարավել եմ ես Կլեոպատրային` ինչպես անապատի անցորդն է ծարավում ջրին: Կանանց այս առատության մեջ չկա մեկը, որ կարողանա նրա մի կաթիլի զովությունը տալ իմ հոգուն: Ես զգում եմ, որ դու բարկացած ես ինձ վրա, ես զգում եմ, որ դու գարշում ես ինձանից, իրավունք ունես. ապրում եմ զզվելի իրականության մեջ, իմ մեջ մարդկային շատ քիչ լավ բան է մնացել, բայց սիրում եմ ես Կլեոպատրային: Ես պետք է գնամ, թեկուզ նրա ամուսինը կախել տա ինձ, ես պետք է գնամ Եգիպտոս, եթե մինչև անգամ չկարողանամ տեսնել [ 10 ] Կլեոպատրային, բավական է, որ ապրեմ այն միևնույն քաղաքում, ուր նա է ապրում, այն ժամանակ միայն ես կսրբվեմ իմ մեղքերից:

Ես տեսա, որ Ասատուրի` այդ հսկա տղամարդու աչքերը, որոնցից քիչ առաջ ցինիզմ էր կաթկթում, բոցավառվել էին մանկական աչքերի նման: Մոտեցա ես նրան:

-- Ինչքա՞ն ես սիրում դու այդ եգիպտուհուն, - հարցրի: Ասատուրը չկարողացավ պատասխանել և սկսեց լաց լինել:

Մի ամիս անց` Ասատուրը նորից հայտնվեց իմ սենյակում: Երեխայի նման ոստոստում էր նա, անհարկի շարժումներ անում, նման այն մարդուն, որ կամ խելագարվել է և կամ արտակարգ, ցնորեցուցիչ ուրախության մեջ է գտնվում:

-- Ի՞նչ կա, պարոն քարոզիչ, - հարցրի հեգնությամբ: Ասատուրը կանգ առավ: Լռություն: Ապա նա աչքերը հառեց իմ աչքերին, փաթաթվեց ինձ ու հեկեկաց.

-- Մի ծաղրի ինձ, մի ապտակի ինձ, իմ հոգում դառնություն շատ կա, մի բարձրացնի իմ հոգին խարույկի վրա, կյանքի չարությունից ես քարոզիչ դարձա:

-- Ո՞վ հանցանք կգործի, եթե պատճառներ չլինեն, - պատասխանեցի, - եթե պատճառներ չլինեն, ո՞վ իրան կգցի ցեխի և ամոթի մեջ:

-- Ես շուտով կազատվեմ այս բոլորից, - ասաց Ասատուրը, - շուտով գնալու եմ,-ավելացրեց:

-- Ո՞ւր:

-- Եգիպտոս, - բացականչեց Ասատուրը:

-- Ընդմի՞շտ:

-- Ո՞վ է իմանում, գուցե… Ուզում եմ ընդմիշտ գնացած լինեմ, տեսնենք:

Լռություն:

Ասատուրն ինքը խզեց լռությունը:

-- Գնում եմ եկեղեցու կողմից: Ճիշտն ասած` Եգիպտոս չեմ գնում, գնում եմ Երուսաղեմ, սուրբ վայրերը: [ 11 ] -Եկեղեցի՞ն է ուղարկում քեզ:

-Այո:

-Ինչու՞:

-Ուղարկում է, որպեսզի սուրբ վայրերը տեսնելով՝ ավելի ոգևորվեմ իմ կրոնական քարողչությամբ, գտնում են, որ ամեն մի քարոզչի համար հարկավոր է տեսնել այդ վայրերը, որտեղ ինքը Քրիստոսն է ման եկել, իսկ ես աճապարում եմ, որովհետև Եգիպտոս եմ գնալու:

-Երուսաղեմ չպե՞տք է գնաս:

-Տեսնենք, ո՜վ է իմանում:

Լռություն:

Այլևս խոսելու բան չէր մնացել:

-Երևի ես կմնամ Եգիպտոսում, եթե վերադառնամ, կասեմ, որ գնացի, տեսա, ման եկա, իսկ եթե չգամ, էլ ինչ:

-Մի հատ սիգար կծխե՞ս,-հարցրի:

-Շնորհակալ եմ,- ասաց Ասատուրը և մի սիգար վերցրեց տուփից:

Ասատուրը թաղվեց թիկնաթոռում, սկսեց քաշել սիգարը և մրթմրթալ.

-Կգնամ, կտեսնեմ Կլեոպատրային, ման կգամ նրա ման եկած փողոցներում, դա ինձ ավելի կոգևորվի, ավելի կներշնչի, քան բոլոր սրբերը երկնքում կամ բոլոր սուրբ վայրերը երկնքում և երկրի վրա: Եթե իմ կեղծավորությունն այդքան երջանկություն չպիտի կարող լինի պատճառել ինձ, թքել եմ կեղծավորության էլ վրա:

Մի քիչ դադարից հետո վերսկսեց Ասատուրը.

-Հիմա լույս է այնտեղ, Կլեոպատրան զարթնեց, օրորվում է իր անկողնում, մազերը ճառագայթների առատությամբ թափվել են նրա ուսերի վրա, աչքերից դեռ չեն փախել գիշերվա երազները: Սրիկա՜, հեռացի՜ր... -Ոտքի ցատկեց Ասատուրը և սկսեց ապուշի նման նայել տարածության մեջ:

-Ի՞նչ կա, ի՞նչ պատահեց,- հարցրի գլուխս վեր բարձրացնելով լրագրի ընթերցումից:

-Ոչինչ, մտածում էի Կլեոպատրայի մասին, ինձ այնպես երևաց, որ ամուսինը...

-Հա՛, հա՜, հա՜, հա՜, ուզում ես Ամերիկայից մինչև Եգիպտոս պաշտպանե՞լ նրան, ինչ է: [ 12 ] --Դու չես ճանաչում նրան, Կլեոպատրայի ամուսնուն նա ճիվաղ է:

--Ոչ, նա իսկապես ճիվաղ է:

Ասատուրի աչքերը կատաղությունից այրունակալեցին:

--Պետք է գնամ, ես պետք է ստիպեմ եկեղեցու հոգաբարձրության, որ ավելի շուտ ուղարկեն ինձ, քան ծրագրում են, պետք է գնամ և այստեղ փոխադրեմ Կլեոպատրային:

--Ասատուր,- գոչեցի խիստ տոնով:

--Ես իմանում եմ ինչ պետք է ասես, մի ասի, դու մեղադրում ես ինձ,իրավունք ունես նրա համար, որ չես տեսել դու Կլեոպատրային, դու չես իմանում,թե այդ հարավուհին ինչ աչքեր ունի: Հավատացնում եմ քեզ նա արևից մի մասնիկ է,այրում է, այրում է նա ինձ ինչպես հարավի արևն է այրում ավազների վրաընկած խեփորը: Ես նրանից եգիպտական հեքիաթ եմ լսել, պետմեմ քեզ լսիր. այդ հեքիաթը հենց ինքն է Կլեոպատրան: Չեմ կարծում,որ այդպիսի հեքիաթ երբևիցե գոյություն ունեցել է եգիպտական ժողովուրդների մեջ բայց նս պստմել է, այդ հեքիաթը հենց ինքն է, հարավի հրավառ այդ կինը:

Ասատուրը սիգարը մինչև իր հոգու խորքը քաշելուց և քուլաները դուրս տալուց հետո սկսեց.

--Մի աղջիկ է եղել, որ ծնվել և մեծացել Նեղոսի աափին: Նա ունեցել է դեղին աչքեր, վառվռուն ինչպես այրվող նարինջներ, տեսել ես դու նարինջը եգեական կղզիներում: Նրա հասակը ճկուն և գալուրուն է եղել ինչպես ծովառույծի մարմինի հյուսիսի ջրերում, մազերը սև և փայլուն են եղել ինչպես սև ադամանդը,նրա մարմինը եղել է թուխ, այնպիսի թխություն ինչպիսիս թխություն ստացվում է շաքարափոշու և սրճափոշու խառնուրդից: Տասնվեց տարեկան հասկաում նրա շրթերը կարմրել են ինչպես կեռասը մեր երկրեում, ստինքները հասունացել են, դողով բռնվել: Եվ մի օր էլ մորուսավոր, կնոջ և երեխաներին լքած անապատի մի ավազակ, հափշտակել է նրան, դրել ձիու վրա և տարել հեռուները: Առաջին անգամ նա ժպտացել է հարավի գաղջքամու դեմ: [ 13 ] սուրալիս, բայց երբ ավազակի մորուսը հպել է շրթներին, աղջիկը ճչացել է ազատվել նրա ձեռքերից և թռել դեպի Նեղոսը: Նեղոսի ալիքները նրան գրկել են բարձր, տարել, հանձնել են ծովուն: Ծովից մի թևավոր կապուտաչյա տղա է դուրս եկել, գրկել նրան, բարձրացրել վեր, նրա սև մազերը խառնվել են ծովի կաթնամաքուր փրփուրներին, գնացել են, գնացե՜լ, գնացե՜լ, մինչև հասել են մարդկանց անծանոթ մի կղզի: Տղամարդը փարվել է նրա շրթունքներին, ու դարեր են անցել, դարե՜ր, դարե՜ր, իսկ նրանցից և ոչ մեկը չի ցանկացել պոկ գալ: Գիտե՞ս, - շարունակեց Ասատուրը, - Կլեոպատրան ինձ պատմեց այդ հեքիաթն այն առավոտյան, երբ զարթնեց և տեսավ, որ իմ շրթունքները իր շրթունքներից չէին հեռացել կես-գիշերից մինչև առավոտ: Իսկապես, դարեր բավական չեն մի համբույրի համար, - գոչեց Ասատուրը և լռեց:

Իմ սենյակում տիրեց լայնատարած լռություն, միայն հարավի ինչ-որ շունչ դողդողում էր իմ շուրջը` դրսից լսվեց երկաթի մի ճռնչյուն, կարծես մի վիթխարի մեքենա ողբում էր հոգնածությունից, կարծես ամբողջ Նյու-Յորքը իր ահարկու աղմուկով լցվեց իմ հոգում:

Երկաթի այդ առասպելական քաղաքում Ասատուրն ինձ թվաց մի առասպելական հեքիաթ:

-- Վերջ ի վերջո ի՞նչ գործ ունես դու այս քաղաքում, - ասացի Ասատուրին:

-- Այո, ի՞նչ գործ ունեմ ես այս քաղաքում, ի՞նչ գործ ունեմ այս երկրում. այստեղ մարդիկ քար են, սառած արձաններ, - գոչեց Ասատուրը և սկսեց հեկեկալ:

Հեկեկում էր քարոզիչի սև օձիք դրած վիթխարի այս տղամարդը, հեկեկում էր այնպես` ինչպես մանուկն է հեկեկում, երբ ձեռքից խլում են նրա խաղալիքը:

-- Դու խաբում ես մարդկանց, դու գարշելի ստախոս ես, հագնում ես եկեղեցական տարազ, քարոզում ես քրիստոնեություն, վերջապես զբաղված ես լայնատարած կեղծավորությամբ:

-- Քրիստոնյաները դարեր խաբել են մարդկությունը, շա՞տ ես գտնում, որ մի քիչ ես խաբեմ քրիստոնյաներին:

Չպատասխանեցի: [ 14 ] -- Մի քիչ էլ համբերիր, կմտնեմ նավը, և էլ ո՛չ մի եկեղեցական տարազ, ո՛չ մի քարոզ:

Էլի լռություն:

Այս անգամ ես խզեցի լռությունը:

-- Գնանք մի քանի բաժակ գարեջուր խմենք:

-- Գնանք, - պատասխանեց Ասատուրը, վզից պոկեց օձիքը, փոխեց գլխարկը և դուրս եկանք:

Դուրսը մարդկային հոսանքը շարժվում էր Ատլանտյան օվկիանոսի նման, դանդաղ, ահավոր:

Գինետան սեղանի շուրջը մի քանի բաժակ գարեջուր խմելուց հետո ես առաջարկեցի Ասատուրին գնալ և երաժշտություն լսել:

-- Բրոդուեյի վրա Բեթհովեն են նվագում, գնանք:

-- Ուրախությամբ կգամ, զզվել եմ կրոնական երաժշտությունից: Ի՞նչ են նվագում Բեթհովենից, - հարց տվեց Ասատուրը:

-- Ծրագիրը չգիտեմ, բայց Բեթհովենից ինչ ուզում են նվագեն, կարելի է լսել ամբողջական հոգով:

Գնացինք Բրոդուեյ:

Նվագում էին Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան:

Հանկարծ Ասատուրը մրթմրթաց.

-- Հանճարը բախում է ճակատագրի դռները: -- Նա խորունկ հոգոց հանեց:

-- Ճակատագրի դռները բխում է ամեն մարդ, դու էլ ես բխում ճակատագրի դռները:

-- Այո, - հազիվ պատասխանեց Ասատուրը:

Երբ համերգից դուրս եկանք, Ասատուրը չէր խոսում, լուռ էր:

-- Էլի՞ մտածում ես Կլեոպատրայի մասին:

-- Ոչ, մտածում եմ ճակատագրի մասին, - պատասխանեց Ասատուրը:

Այդ երեկո, Ասատուրից բաժանվելուց հետո, ես ունեցա մի հեռավոր հույս, որ նա շուտով պետք է ազատվի կեղծավորության անագորյուն ճիրաններից. ունեցա մի հեռավոր [ 15 ] հույս, որ նա պետք է վերադառնա դեպի դժվարություններով, դժբախտություններով և զրկանքներով լեցուն, բայց պարզ, վճիտ կյանքը, որտեղ երջանկությունը քիչ է, բայց խորն է:

Ասատուրն էլ չեկավ իմ սենյակը: Գուշակեցի, որ նա մեկնել է արևելք, բայց երբեմն մտածում էի, որ եթե գնար, գեթ կհեռախոսեր ինձ: Մի քանի շաբաթ անցնելուց հետո որոշեցի գնալ եկեղեցի և իմանալ:

Մի կիրակի առավոտյան գնացի: Ասատուրը եկեղեցում չէր կողքիս նստողից հարցուփորձ արի, նա հայտնեց, որ «երիտասարդ քարոզիչը մեկնել է արևելք, սուրբ վայրերը»: Եկեղեցական պաշտամունքից հետո ես ծանոթացա այդ եկեղեցու մի շարք մշտական հաճախորդների հետ:

Ասատուրն այդ եկեղեցու հաճախորդների համար արևելքի այն միակ առաքյալն էր, որ ոտ էր կոխել նոր աշխարհի վրա: Ասատուրի քրիստոնեական ջերմեռանդության և էնտուզիազմի համբավը համատարած էր այդ եկեղեցու շրջապատում: Նրանք գտնում էին, որ Ասատուրի ապագան ավելի փայլուն կլինի, քան Բիլի Սընդիի [1] ներկան:

Ես այդ «Հավատացյալներին» ոչինչ չհայտնեցի, բայց արդեն համոզված էի, որ երիտասարդ քարոզիչը չի վերադառնա արևելքից: Նա ամբողջ հոգով արևելքցի էր, արևելքում էլ կմնար:

Ամբողջ եկեղեցին մեծ հույսեր էր կապել Ասատուրի` սուրբ վայրերը տեսնելու հետ: Այդ եկեղեցու հավատացյալները երևակայում էին երիտասարդ քարոզին սուրբ վայրերի դողով բռնված, այդ քրիստոնյաներին այնպես էր թվում, որ Երուսաղեմ քաղաքից երկինքը ավելի մոտ է, քան Ամերիկայի որևէ քաղաքից;

-- Այնտեղ նա կհանդիպի սուրբ հոգուն, կտեսնի հենց [ 16 ] իրան՝ Հիսուս Քրիստոսին,-ասում էր չոքած մի պառավ կափկափում էր, երբ «Հիսուս Քրիստոս» էր արտասանում:

--Երիտասարդ քարոզիչն իսկապես սուրբ է,- ասում էր մի լեյդի:

Այս լեյդին երբ իմացավ, որ ես երիտասարդ քարոզիչն ճանաչում եմ մանկուց, քիչ մնաց, որ ինձ էլ սուրբ ընդուներ:

--Երանի ձեզ,որ դուք նրա հայրենակիցն եք, երանի ձեզ, որ տեսել եք ծննդավայրը: Ասատուրին միայն պակասում էր մի առասպել իր ծննդի շուրջը: Դա շատ հեշտ էր: Քրիստոսի «Հայրը» եղել էր հյուսն, իսկ Ասատուրի հայրը հացթուխ էր:

Լեգենդան արդեն հյուսվում էր:

Եկեղեցուց դուրս գալուց հետո ես եզրակացրի Ասատուրի այդ «քրիստոնյաներին» է խաբում, և այդ «քրիստոնյաները» Ասատուրկն էին խաբում:

Եկա և այն եզրակացության, որ վերջ ի վերջո այդ եկեղեցին և Ամերիկայի բուրժուական կարգերն էին, որ Ասատուրին սովորեցրին կեղծավորություն և ուրախություն, իսկ Ասատուրն էլ հանդիսացավ ստի և կեղծիքի հերոսական ասպետ: Ասատուրը խաբում էր իրան և նրանց, նրանք խաբում էին Ասատուրին և իրենց:

Երեք ամիս անց Ասատուից ես մի նամակ ստացա: Կարճ էր:

«Եգիպտոսում եմ: Շատ դժվարություններով ամեն օր տեսնում եմ Կլեոպատրային: Թուրքերը վիզե չեն տալիս պազեստու գնալու: Ուրախ եմ, որ Թուրքերը համառում են»:

Ես չպատասխանեցի Ասատուրին:

Անցավ ութ ամիս, և մի օր էլ Ասատուրը հայտնվեց իմ սենյակում:

Նա նիհարել էր, մի քիչ դժգունել և կորցրել էր չափով իր աչքերի բոցավառությունը: [ 17 ] -Հը՛, ի՞նչ կա, ես կարծում էի չես գա:

—-Ուզում էի չգալ, բայց Կլեոպատրան չբաժանվեց իր ամուսնուց, չբաժանվեց ոչ մի գնով, ո՛չ Եգիպտոսում ապրելու և ո՛չ էլ Ամերիկա գալու գնով: Ամեն օր գալիս էր նա ինձ մոտ, բայց չէր ուզում բաժանվել այդ մարդուց: Շատ աշխատեցի պատճառը հասկանալ, քանի որ ինձ սիրում էր և ամուսնուն ատում, երկար համառեց, բայց մի օր էլ ասաց.

— Ես գիտեմ, դու շուտ կայրվես և մոխիր կդաոնաս, դու շատ ես սիրում, շուտ կայրվես։

Ասատուրը լոեց։ Ընկճված էր նա։ Ես զգացի, որ նրա հոգին ողբում է արդեն դիզված մոխիրների վրա։

— Ի՞նչ պետք է անես հիմա,— հարցրի։

— Հիմա արդեն պետք է բազմապատկեմ կեղծավորությունս, հրի նման պիտի արծարծեմ սուտը։

Լռություն։

— Կիրակի,— շարունակեց Ասատուրը,— իմ տպավորություններն եմ հաղորդելու եկեղեցու հավատացյալներին, սուրբ վայրերն եմ նկարագրելու, չէ՞ որ Քրիստոսին մոտիկ եմ եղել։

— Բայց չէ՞ որ դու չկարողացար Պաղեստին գնալ,— բացականչեցի։

— Սսս՜... Այդ միայն քեզ եմ գրել, ես նրանց ասելու եմ, որ գնացել եմ Երուսաղեմ, ման եմ եկել Հորդանանի ափերին, Սողոմոնի տաճարը, Հակոբի ջրհորը, Գեթսեմանիի պարտեզը և այլն, և այլն։ Մի ամբողջ տուփ սուրբ վայրերի բացիկներ եմ բերել հետս, խաչեր և զանազան այլ իրեր: Եգիպտոսում վաճառում են այդ իրերը։

Կիրակի օրը ես նրան լսեցի։

«Ով որ մանանեխի հատի չափ հավատք ունենա և լեռան ասի՝ ե՛լ և ծովն ընկիր, լեռը կելնի ու ծովը կընկնի»:

Այսպես սկսեց նա իր քարոզը։

Ո՞վ կհամարձակվեր չունենալ մանանեխի հատիկի չափ հավատք։ [ 18 ] Երիտասարդ քարոզիչը բռնեց մարդկային ամենաթույլ ջղերից՝ ունենալ մանանեխի հատիկի չափ հավատք։

Քարոզի կեսից` Ասատուրի ձայնը խորացավ, հնչում էր դողդոջուն, դեմքը այլակերպվեց։ Նա երկար էր նկարագրել սուրբ վայրերը՝ զարմանալի մանրամասնություններով։ Ես կարծեցի, որ Ասատուրը խղճահարվում է, ստի ալիքները խեղդում են նրան, բայց նա շարունակեց.

«...Մի օր ես բարձրացա Գողգոթայի բարձունքը։ ճշմարիտ քրիստոնյաները բարձրանում են էշերի վրա նստած, որպեսզի չնմանվեն Տիրոջը, ինչպես Պետրոս առաքյալը գլխիվայր խաչվեց, որովհետև արժանի չէր Տիրոջ նմանվելու։ Ւմ առաջ ցցվեց մի ահավոր միտք — բարձրանալ ոտով` զգալու համար այն հոգնածությունը, որը մեր Տերը զգաց Գողգոթա բարձրանալիս, ուստի ես ծնկի եկա և աղոթեցի երկյուղածությամբ, որ ինքը՝ Քրիստոսը, ների ինձ։ Աղոթեցի երկար և արցունքներով ողողեցի Գողգոթայի ստորոտը ու հանկարծ զգացի, որ Հիսուս Քրիստոսը ինձ ներեց, և ես ոտով բարձրացա։

Բարձունքի կեսին հասած՝ իմ հոգին լաց եղավ, ես խորունկ կերպով զգացի այն տանջանքը, որ կրեց որդին մարդու։ Մինչև բարձունքը հասնելը` ես թունավոր ատելությամբ լցվեցի դեպի մարդկությունը, որ երկնքից միայն մի անգամ աստված իր որդին էր ուղարկել, և մարդկությունը նրան ցույց տվեց իր ստորությունը, բայց Գողգոթայի բարձունքի վրա իմ հոգին լցվեց աստվածային ներողամտությամբ, որովհետև դարերի միջից ես զգացի այդ բարձունքի վրա Հիսուս Քրիստոսի ավանդած հոգու ամբողջ ջերմությունը...»։

Եկեղեցում լռությունը գնալով խորացավ, մարդիկ իրենց վերացած էին զգում։

Ասատուրը դեռ չէր վերջացրել, նա շարունակեց.

— Մի օր ես Բեթղեհեմի ճանապարհին հանդիպեցի մի աղքատի...

Այլևս չուզեցի մնալ եկեղեցում և դուրս եկա, որպեսզի չշարունակեմ լսել Ասատուրի ոռնոցը...

1929 թ.

  1. Բիլի Սընդին Ամերիկայի քրիստոնեական պրոպագանդայի հայտնի ներկայացուցիչներից էր